Հայաստանում,
որտեղ հասարակական վայրերում հաշմանդամային սայլակով
մարդ հանդիպելը մինչ այժմ բավականին հազվադեպ երևույթ
է, փետրվարի 19-ին ավելի քան 50 հաշմանդամներ սայլակներով
այցելեցին ընտրատեղամասեր:
«Մեր և մի քանի այլ հասարակական կազմակերպություններ
(ՀԿ) ապահովեցին հաշմանդամներին սայլակներով, -
ասում է «Փյունիկ» հաշմանդամների միության տնօրեն
Հակոբ Աբրահամյանը, - Դժբախտաբար, այնքան միջոցներ
չունեինք, որպեսզի օգնեինք բոլոր նրանց, ովքեր ցանկանում
էին օգտվել իրենց քաղաքացիական իրավունքից»:
Աբրահամյանն ասում է, որ ֆիզիկական խնդիրներ ունեցող
շատ ավելի մեծ թվով մարդիկ կարող էին իրականացնել
քվեարկելու իրենց իրավունքը, եթե լիներ իշխանությունների
օգնությունը:
«Ընտրություններից դեռ շատ առաջ մենք դիմել էինք
տարբեր կազմակերպությունների, ինչպես նաև Կենտրոնական
ընտրական հանձնաժողովին՝ խնդրելով սայլակներ տրամադրել,
սակայն ոչ մի պատասխան չստացանք», - ասում է Աբրահամյանը:
Խորհրդային Միության օրոք գոյություն ունեին շարժական
ընտրատեղամասեր, որոնք այցելում էին հաշմանդամների
տները, սակայն այդ ավանդույթը մոռացվեց Խորհրդային
Միության փլուզման հետ:
Այնուամենայնիվ, Աբրահամյանը նշեց, որ ընտրություններին
մասնակցած հաշմանդամների նույնիսկ սահմանափակ քանակն
արդեն առաջընթաց է, համեմատած նախորդ ընտրությունների
հետ, երբ ոչ մի ՀԿ նման ակցիա չէր կազմակերպել:
Մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող հաշմանդամների
ընդհանուր թիվը Հայաստանում 110000 է, ներառյալ՝
Աֆղանստանի և Ղարաբաղի պատերազմների վետերանները:
«Փյունիկը», որի կենտրոնակայանը գտնվում է «Հրազդան»
մարզադաշտի մոտ, հիմնադրվել է 1988 թվականի Հայաստանի
երկրաշարժից հետո:
Կենտրոնակայանը բավականաչափ տարածք ունի իր բոլոր
անդամների, մարզադահլիճի և արհեստանոցների համար,
թեև ունի նաև կահավորման և վերանորոգման կարիք:
Կազմակերպության անվանումը՝ մահից վերակենդանացող
առասպելական թռչուն փյունիկը, առաջարկել է հաշմանդամներից
մեկը, և այն դարձել հույսի խորհրդանիշ նրա 3000
անդամների համար:
«Հասարակության վերաբերմունքը հաշմանդամների նկատմամբ
փոխվում է տարեց-տարի», - ասում է Հայկ Աբրահամյանը,
որը «Փյունիկի» անդամ է դարձել դժբախտ պատահարում
ոտքը կորցնելուց հետո:
«Նախկինում մարդիկ սևեռում էին ինձ, օրինակ՝ լողավազանում,
սակայն հիմա ես տեսնում եմ, որ մարդիկ սովորել են
հաշմանդամների ներկայությանը: Սակայն քաղաքում քիչ
տեղեր կան, որոնք հարմարեցված են հաշմանդամներին:
Ոչ մի սրճարան կամ կինոթատրոն հատուկ տեղ կամ վերելակ
չունի սայլակների համար»:
Այսօր Հայկը զբաղվում է սպորտի մի քանի տեսակներով,
այդ թվում՝ առագաստանավային սպորտով, և որպես կամավոր
օգնում է «Փյունիկին»:
Այս տարի սայլակին գամված նրա ընկերները քվեարկելու
հնարավորություն են ստացել, որից կօգտվեն նաև հաջորդ
չորեքշաբթի օրը նախագահական ընտրությունների երկրորդ
փուլում:
Հայաստանում նման մարդկանց նկատմամբ ամենուրեք
օգտագործվում է «հաշմանդամ» հնացած պիտակը: Նրանք
ասում են, որ գրեթե նույնքան վատ է հնչում «հատուկ
կարիքներ ունեցող մարդիկ» արտահայտությունը:
Նրանք պնդում են, որ իրենց մի փոքր աջակցություն
է պետք միայն՝ կազմակերպության անվանումն արդարացնելու
համար:
Եվ ավելի շատ մարդիկ հնարավորություն կունենան
քվեարկել իրենց երկրի նախագահի համար:
|