Ֆուտբոլ (Հայաստանի բարձրագույն խումբ)
Հայաստանի ֆուտբոլի ամենահայտնի ակումբը հեռացվել
է բարձրագույն խմբից և զրկվել բոլոր մրցումներին
մասնակցելու իրավունքից:
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կարգապահական
հանձնաժողովը պատժել է Երևանի «Արարատին» Իսրայելի
հետ ընկերական հանդիպման համար թիմից հինգ խաղացողներ
չտրամադրելու համար: Անցյալ շաբաթ Հայաստանի ազգային
և երիտասարդական հավաքականները հանդես եկան Թել
Ավիվում: Դրանք Իսրայելում վերջին ավելի քան մեկ
տարվա ընթացքում կայացած առաջին միջազգային խաղերն
էին:
Ըստ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կանոնադրության,
ցանկացած ակումբ, որ հրաժարվում է միաժամանակ երկուսից
ավելի խաղացողներ տրամադրել երիտասարդական կամ ազգային
հավաքականների ընկերական հանդիպումների համար, զրկվում
է բարձրագույն խմբում խաղալու իրավունքից: «Արարատի»
դեմ ուղղված որոշման հետևանքով բարձրագույն խմբի
մասնակիցների քանակը նվազեց մինչև 9 ակումբ:
«Արարատը» միակ հայկական ակումբն էր, որ 1973
թվին դարձավ Խորհրդային Միության չեմպիոն՝ նվաճելով
նաև գավաթը: Կարծիք կար, որ իր կազմում մի քանի
արտասահմանյան խաղացողներ ընդգրկելուց հետո Հայաստանի
այս տարվա առաջնությունում այն ուժեղ մրցակից էր
դարձել չեմպիոնի կոչումը կրող «Փյունիկի» համար:
«Արարատի» որակազրկման որոշումը պետք է հաստատվի
ՀՖՖ-ի գործադիր հանձնաժողովի նիստում, որը պետք
է կայանա մինչև մրցաշրջանի սկիզբը՝ մարտի 9-ը:
ՀՖՖ-ն արդեն հաստատել է բարձրագույն խմբի ֆորմատի
կարևոր փոփոխությունը՝ նվազեցնելով ակումբների քանակը
12 մինչև 10 և ավելացնելով խաղերի քանակը, որպեսզի
թիմերը մրցաշրջանի ընթացքում ավելի ակտիվ լինեն:
Սկզբում ակումբները երկուական խաղ կանցկացնեն
իրար հետ, որից հետո թիմերը կբաժանվեն երկու խմբի:
Լավագուն վեց թիմերը ևս երկու անգամ կհանդիպեն իրար
հետ, իսկ մնացած չորսը կպայքարեն իրար հետ՝ որոշելու,
թե որ թիմն է լքելու բարձրագույն խումբը:
Եթե մինչ այժմ տասներկու ակումբներից յուրաքանչուրը
22 խաղ էր անցկացնում, ապա ըստ նոր համակարգի, լավագույն
վեց թիմերը կանցկացնեն 28, իսկ մյուս չորսը՝ 24
խաղ:
«Զվարթնոց» ֆուտբոլային ակումբը, որը ներկայացնում
էր Հայաստանը ՈւԵՖԱ-2002-ի գավաթի մրցաշարում, հեռացվել
է բարձրագույն խմբից ֆինանսական խնդիրների պատճառով
գրանցման անդամավճարը չմուծելու համար:
Միայն այս տարի բարձրագույն խումբ տեղափոխված
«Արմավիր» ֆուտբոլային ակումբը նույնպես դուրս մնաց
առաջնությունից նման ֆինանսական խնդիրների պատճառով:
«Սպարտակ» ֆուտբոլային ակումբը միաձուլվել է «Բանանցին»,
և ՀՖՖ-ն հատկացրել է դրա հետևանքով ազատված տեղն
Արարատի «Արաքսին»:
Թենիս (ՊԹԱ մրցաշար)
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը մասնակցում
է փետրվարի 15-23-ն Արգենտինայի մայրաքաղաք Բուենես
Այրեսում ընթացող «Copa AT&T» միջազգային մրցաշարին:
Խաղալով գրունտային ծածկույթի վրա՝ երկրորդ համարի
տակ ցանված Նալբանդյանն արդեն անցել է առաջին երկու
փուլերը և հասել է քառորդ եզրափակիչ:
Առաջին փուլում նա հաղթել է իսպանացի Ֆերնանդո
Վիսենտեին՝ 6-3, 7-5, որից հետո երկրորդ փուլում
պարտության է մատնել համերկրացի Ֆրանկո Սկուիլարիին՝
6-1, 6-3:
Մրցաշարում հաղթելու դեպքում Նալբանդյանը կստանա
52000 դոլար և 35 միավոր: Ըստ ՊԹԱ դասակարգման,
նա 12-րդն է երկու մրցաշարերում ձեռք բերած 51 միավորով:
Նալբանդյանը 50 միավոր է ստացել Ավստրալիայի բաց
առաջնությունում քառորդ եզրափակիչ դուրս գալու համար,
սակայն դուրս է մնացել Նոր Զելանդիայի Օքլենդի միջազգային
մրցաշարի առաջին փուլից՝ ստանալով մեկ միավոր:
Սարգիս Սարգսյանը տանուլ է տվել ԱՄՆ Մեմֆիս քաղաքում
փետրվարի 17-23-ը կոշտ ծածկույթի վրա կայացած Միջազգային
«Գոլդ» մրցաշարում: Նա պարտվել է 3-6, 4-6 հաշվով
ամերիկացի Ռոբի Ջինեփրին:
Այժմ Սարգսյանը 39 միավորով զբաղեցնում է 22-րդ
տեղը (չհաշված Մեմֆիսի մրցաշարը, քանի որ այն դեռ
չի ավարտվել): ՊԹԱ-ում Հայաստանը ներկայացնող միակ
թենիսիստը մասնակցել է նաև Լեհաստանի Վրոցլավ քաղաքի
մրցաշարին, որտեղ հասել է քառորդ եզրափակիչ:
Ամերիկահայ Անդրե Ագասին գլխավորում է մրցարշավը
235 միավորով: Ավստրալիայի բաց առաջնությունում
հաղթելուց հետո նա կրկին հաղթեց ամերիկյան Սան Խոսե
քաղաքում փետրվարի 16-ին ավարտված «Սիբել» միջազգային
բաց մրցաշարում:
Այս տարվա ՊԹԱ մրցաշրջանում նա դարձավ առաջին
թենիսիստը, որ հաղթել է երկու մրցաշարում:
|