ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 21, 2003 




Ընտրարշավ 2003. Ընտրությունների օրը որոշ ընտրամասերում արդարությունը փոխարինվել է խախտումներով


Ընտրությունների օրը՝ չորեքշաբթի, Երևանի Արաբկիր թաղամասի բնակչուհի Լուիզայի դուռը թակեցին և առաջարկեցին 5000 դրամ (մոտ 8,6 դոլար), եթե նա ստորագրի համաձայնագիր, որ քվեարկելու է նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին:

Հյուրերը գրանցեցին Լուիզայի անունը և անձնագրի համարը: Լուիզան վերցրեց գումարը և նրան մեքենայով տարան ընտրատեղամաս:

«Այսպես թե այնպես, պատրաստվում էի քվեարկել Քոչարյանի օգտին, - ասաց նա ավելի ուշ, - իսկ փողը ոչ մեկին չի խանգարի»:

Քվեների դիմաց գումար առաջարկելն օտարերկրյա դիտորդների գրանցած խախտումների թվում են: Հաշվի առնելով այդ խախտումները, դիտորդները եզրակացրին, որ 2003 թվականի նախագահական ընտրությունների առաջին փուլը չի համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին:

Ստեփան Դեմիրճյանի վստահված անձը բողոքել է, որ Էջմիածնի թիվ 26/0710 ընտրատեղամասում առավորտյան ժամը 8:30-ի մոտ, երբ արդեն քվեարկել էին շուրջ 30 ընտրողներ, հայտնվեց մի խումբ և տուփի մեջ լցրեց 80-ից ավելի նախապես լրացված քվեաթերթիկներ:

Մեղադրանքը տեղում գրանցել է օտարերկրյա դիտորդների խումբը: Նմանատիպ խախտումների մասին են հայտնել Էջմիածնի երեք այլ ընտրատեղամասերից երեկոյան ժամը 6:30-ի շրջանում:

Էջմիածնի թիվ 2 դպրոցի ընտրատեղամասում Հայաստանի կոմունիստական կուսակցության կողմից դիտորդ Ելենա Պարոնյանը հայտնել է, որ մի խումբ մարդիկ, այդ թվում Էջմիածնի քաղաքապետ Հակոբ Հակոբյանը և Ռոբերտ Քոչարյանի ընտրարշավի տեղական շտաբի ղեկավար Հրաչիկ Աբգարյանը, «շրջապատեցին քվեատուփը: Ու՞մ բողոքես, բոլորի բերանները փակում են: Ծիծաղելով իրենց գործն արեցին՝ գնացին»:

Մեկ այլ տեղամասի մի վստահված անձ, որը ցանկացավ անանուն մնալ, ասում է, որ շուրջ 30 «թիկնեղ տղամարդիկ» երեք շարքով շրջափակել են քվեատուփը, և «նրանց գցած քվեաթերթիկների քանակը համապատասխանում է այն մարդկանց թվին, որոնք գրանցված են Հայաստանում, բայց ապրում են այլ երկրներում: Նրանք նախապես են իրենց հաշվարկներն անում»:

Բողոքներն ուղղվել են ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Մելքոնյանին, որն ասել է. - «Նրանք դուրս եկան՝ գնացին առանց որևէ բան ասելու: Ես էլ չեմ կանխել: Ես ի՞նչ կարող էի անել»:

«ԱրմենիաՆաուի» խմբագրությունն ահազանգ է ստացել Երևանի թիվ 172 դպրոցից, որտեղ անհայտ մի տղամարդ վերարկուի տակից հանել է մի խուրձ քվեաթերթիկներ և լցրել քվեատուփի մեջ:

Այս տեղամասում Դեմիրճյանի վստաված անձ Կամո Ավետիսյանի վկայությամբ, քվեատուփ են լցրել մոտ 200 կեղծ քվեաթերթիկներ:

«Ընտրությունը քոնն է» Հասարակական կազմակերպության դիտորդ Աննա Արզաքանյանն ասաց, թե ականատես է եղել քվեատուփը լցոնելուն: Իսկ տեղում գտնվող ոստիկանությունը չի միջամտել, չնայած այդ իրավուքն ուներ: Հանձնաժողովի նախագահ Լիաննա Մկրտչյանն ասում է, որ ինքը զրուցում էր և ոչ մի բան չի տեսել:

Ընդդիմության հինգ թեկնածուներ նամակ են ուղղել Ընտրական հանձնաժողովին, որում նշված են 10 խախտումներ, այդ թվում՝ մահացած մարդկանց անունները քվեացուցակներում ընդգրկելու մեղադրանքներ:

Նամակում նաև նշվում է, որ Օհանավան գյուղում մի խումբ երիտասարդներ փորձել են քվեաթերթիկներ լցոնել քվեատուփի մեջ, իսկ երբ դա նրանց չի հաջողվել՝ գողացել են տուփը:

Թեկնածու Վազգեն Մանուկյանը գնահատել է ընտրությունների ընթացքը 2003 թվականին որպես ավելի վատ, քան 1996-ին և 1998-ին: «Ես շատ տեղեկություններ ունեմ, - ասել է նախկին վարչապետը, - 1996-ին հավանաբար խախտումներ կային՝ քվեատուփերը լցոնում էին, սակայն այն ժամանակ խախտումները հիմնականում կատարվեցին արձանագրությունների միջոցով: Սա կազմակերպվում է իշխանությունների կողմից միտումնավոր՝ տոկոս ապահովելու համար»:

Թիվ 40 ընտրատեղամասում Մանուկյանի վստահված անձ 27-ամյա Ադրինե Ավագյանն ասում է, որ հարձակման է ենթարկվել, երբ փորձել է մի մարդու թույլ չտալ բազմաթիվ քվեաթերթիկներ լցոնել քվեատուփի մեջ:

«Այդպես էլ չկարողացա նրա ձեռքից պոկել քվեաթերթիկները, - ասում է Ավագյանը, - Նա ինձ գցեց գետնին և շարունակում էր հայհոյանքներ տալ և հարվածներ հասցնել»:

Ընտրական հանձնաժողովի անդամ Վեներա Ստեփանյանն ասում է, որ Նաիրի Զարյանի անվան դպրոցում տեղակայված իր ընտրատեղամասում ընտրությունները խաղաղ են ընթացել միչև այն պահը, երբ փակմանը մնացել էր կես ժամ:

Երեկոյան 7:30-ի մոտ «լցվեցին մոտ 20 հոգի ու իրարանցում առաջացրին՝ կանգնում էին քվեատուփի մոտ, ասում էինք հեռացեք, չէին հեռանում: Հետո լույսը հանգեց և աղմուկ բարձրացավ»:

Նուբար Գևորգյանը, որի պարտականությունն էր հետևել քվեատուփին, ասում է, որ տղամարդիկ փորձում էին խլել քվեատուփը:

«Որ լույսն անջատվեց, ձեռքս դրեցի տուփի վրա, որ հրեցին էն կողմ, էլ չտեսա ինչ կատարվեց», - ասաց Գևորգյանը ցույց տալով վնասված ձեռքը:

(Նույն դպրոցի երկրորդ հարկում գտնվող մեկ այլ տեղամասում ժամը 4-ի մոտ վստահված անձանցից մեկը հետապնդել է, սակայն չի կարողացել բռնել մի երիտասարդի, որն, ինչպես ասում են, մի քանի քվեաթերթիկ է լցրել քվեատուփի մեջ:)

Հայոց լեզվի ուսուցչուհի և «Ընտրությունը քոնն է» կազմակերպության դիտորդ Սոֆելյա Վարդանյանին լցոնողները մի կողմ են հրել: Միջադեպից հետո նա լալիս էր վիրավորանքից և դողում վախից:

«Ես մինչև հիմա հարգում էի Քոչարյանին, - ասում է նա, - Հիմա զզվում եմ: Ո՞նց պիտի Էս կեղծիքներն արձանագրեմ: Սուտ չեմ կարող գրել, իսկ ճիշտն ասելուց վախենում եմ: Ո՞վ իմանա, ով ով է: Որդիս այս դպրոցն է հաճախում, հանկարծ նրան վնաս չտան»:

Վստահված անձինք և հանձնաժողովի անդամները բացել են տուփը, որպեսզի ուսումնասիրեն ճմրթված քվեաթերթիկները, և պարզել են, որ դրանք հօգուտ Քոչարյանի են: Պարզվել է, որ թեև քվեաթերթիկների վրա կային հանձնաժողովի անդմաների ստորագրությունները, քվեաթերթիկները հաստատող կնիքը ուրիշ տեղամասի եղել:

(Ընտրությունների նախորդ գիշերը հանձնաժողովի անդամները ստորագրում են քվեաթերթիկները, որոնք այնուհետև տեղադրվում են սեյֆի մեջ: Քվեարկության ժամանակ հանձնաժողովի մեկ այլ անդամ, և ոչ թե նա, ով ստորագրել է քվեաթերթիկները, կնքում է թերթիկը քվեարկողի ներկայությամբ, որը գցում է այն քվեատուփի մեջ: Հնարավոր է, որ ինչ-որ մեկը գիշերը վերցրել է ստորագրված քվեաթերթիկները, հուսալով, որ հանձնաժողովի անդամները կնայեն միայն ստորագրություններին, և ոչ թե կնիքներին: Ինչևէ, սխալ կնիքով 150 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել):

Ժաննա Անտոնյանը Երևանից ասում է, որ ոչ իր, ոչ էլ իր 25-ամյա դստեր անունները ցուցակներում չկային, իսկ իր 7 տարի առաջ մահացած ամուսնու անունը կար: Նա ասաց, որ չի գնալու դատարան իր անունը վերականգնելու համար:

«Ես իսկապես հոգնել եմ անել դա բոլոր ընտրությունների ժամանակ, - ասում է նա, - Ինչ ուզում են, թող իմ քվեի հետ անեն»:


  Inside
 

Observers say elections fall short of international standards

Full story

 
 
 
 

Voting day turned from fair to foul at some precincts

Full story

 
 
 
 

The son also rises

Full story

 
 
 
 

Geghamyan Goes from Candidate to Kingmaker

Full story

 

  Photos of the week
  Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge

Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Hope and Assurance

It has been a season of many emotions, Decision 2003. Doves of peace were offered and officers to enforce that peace were stationed around the Central Elections Commission.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.