Նախագահական
ընտրությունները դիտարկելու համար Հայաստան հրավիրված
օտարերկրյա դիտորդները երեկ հայտարարեցին, որ քվեարկությունն
«ընդհանուր առմամբ հանգիստ և լավ կազմակերպված էր,
սակայն հաշվարկման գործընթացում կային թերություններ,
և ընտրություններն ամբողջությամբ չէին համապատասխանում
միջազգային որոշ առանցքային չափանիշներին»:
«Արմենիա» հյուրանոցի նիստերի դահլիճում հավաքված
լրագրողներին դիտորդների արված հայտարարության մեջ
նշվում է. «լուրջ թերությունները թույլ չեն տալիս
մեզ տալ ընդհանուր դրական գնահատական»:
Այս համատեղ հայտարարությունը հինվում է Եվրոպայի
անվտանգության և համագործակցության կազմակերպության
(ԵԱՀԿ), Ժողովրդավարական հաստատությունների և մարդու
իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) և Եվրոպայի խորհրդի
խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 200 միջազգային
դիտորդներից բաղկացած առաքելության զեկույցների
վրա:
Դիտորդները նշեցին, որ քվեարկության գործընթացն,
ընդհանուր առմամբ, լավ էր կազմակերպված, թեև եղել
են քվեատուփերի լցոնման և թեկնածուների վստահված
անձանց նկատմամբ սպառնալիքների դեպքեր: Դիտորդները
նշեցին, որ ամբողջ երկրում ընտրարշավն անցել է հանրության
ակտիվ ու խանդավառ մասնակցությամբ:
Սակայն զեկույցը նշում է, որ միջազգային դիտորդների
այցելած մի շարք ընտրատեղամասերում հաշվարկման ընթացքում
տեղ են գտել լուրջ խախտումներ:
«Թեև մենք գոհ էինք ակտիվ ու աշխույժ ընտրարշավից,
սակայն մենք մտահոգված ենք այն լուրջ թերություններով,
որոնք ակնհայտ էին նախընտրական փուլում», - ասաց
ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար
Պիտեր Այքերը:
ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար լորդ Ռասել-Ջոնսթոնը
նշել է, որ այցելել է 11 ընտրատեղամասեր, և իր տպավորությունը,
ընդհանուր առմամբ, դրական է, որովհետև տեսել է բարեկամաբար
տրամադրված մարդկանց և բարյացակամ մթնոլորտ:
«Սակայն քվեների հաշվարկներին ներկա գտնված դիտորդների
կարծիքն ավելի քննադատական է: Հաշվարկման ընթացքում
ի հայտ եկած խնդիրները դժվարացնում են դրական գնահատական
տալը», - ասում է Ռասել-Ջոնսթոնը:
Փետրվարի 19-ի ընտրությունները չորրորդ նախագահական
ընտրություններն էին 1991 թվականին Հայաստանի անկախացումից
հետո և առաջինը՝ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցելուց
հետո:
Իրենց նախնական եզրակացության մեջ դիտորդները
նշել են, որ նախորդ նախագահական ընտրությունները
բնորոշվել են լուրջ թերություններով և, ընդհանուր
առմամբ, չեն համապատասխանել միջազգային չափանիշներին:
Այս առումով, ներկա ընտրությունները Հայաստանում
ժողովրդավարության առաջընթացի կարևոր փորձաքար են
հանդիսանում:
Երբ Այքերին հարցրեցին, արդյոք այս ընտրությունները
որևէ առաջընթաց գրանցել են նախորդ ընտրությունների
համեմատ, նա պատասխանեց, որ դիտորդները ժամանել
են Հայաստան, որպեսզի համեմատեն ընտրությունները
միջազգային չափանիշների, այլ ոչ թե նախորդ ընտրությունների
հետ:
Այքերին ու Ռասել-Ջոնսթոնին հարցրեցին, արդյոք
կարելի է եզրակացնել, որ ընտրությունների արդյունքները
օրինական են՝ հաշվի առնելով դիտորդներից ստացված
տեղեկությունները: Այքերը պատասխանեց, որ դիտորդների
առաքելությունը միայն գործընթացին հետևելն էր, իսկ
Ռասել-Ջոնսթոնը խուսափեց պատասխանից:
Ընտրությունների ակնհայտ դրական կողմերի շարքում
դիտորդները նշեցին ինը թեկնածուների մասնակցությունը,
ինչն ընտրողներին իրական ընտրության հնարավորություն
էր տալիս, ակտիվ ընտրարշավն ամբողջ հանրապետությունում,
վերջերս փոփոխված ընտրական օրենքը, որը հիմք է ստեղծում
ժողովրդավարական ընտրությունների համար, և ընդհանուր
առմամբ թափանցիկ քվեարկության, հաշվարկման և արդյունքների
գրանցման գործընթացները:
Ինչ վերաբերում է միջազգային չափանիշներով էական
թերություններին, դիտորդների զեկույցում նշվում
է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում
- գրանցվեցին ահաբեկման և քարոզարշավը խանգարելու
դեպքեր, այդ թվում՝ բռնության լուրջ դեպք:
- Հանրային հեռուստատեսությանը չհաջողվեց կատարել
թեկնածուների վերաբերյալ հավասարակշիռ և անկողմնակալ
տեղեկություններ տրամադրելու իր պարտականությունը՝
խախտելով բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ
ստեղծելու սկզբունքը:
- Գ րանցվել են նախընտրական մեքենայությունների
դեպքեր, այդ թվում՝ ուրիշների փոխարեն քվեարկելու
և ընտրողներին «շահագրգռելու» դեպքեր:
- Հանրային ռեսուրսներն ակտիվորեն օգտագործվել
են հօգուտ գործող նախագահի, ինչը թեկնածուներին
անհավասար հնարավորություններ տրամադրելու օրինակ
է:
Մեկ այլ դիտորդական խումբ՝ ԱՊՀ առաքելությունը,
չորեքշաբթի օրվա մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց,
որ ընտրություններն ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական
էին:
ԱՊՀ գործադիր քարտուղար Յուրի Յարովը հայտարարեց,
որ ընտրութուններն անցել են Ընտրական օրենսդրության
շրջանակներում:
Համաձայն ԱՊՀ առաքելության հայտարարությանը, Հայաստանում
ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի
նախագահական ընտրություններն անցնեն միջազգային
չափանիշների համաձայն: ԱՊՀ զեկույցում նաև ասվում
է, որ վեց ընդդիմադիր թեկնածուների հայտարարությունը,
որով միջազգային դիտորդներին կոչ է արվում ոչ-լեգիտիմ
ճանաչել ընտրությունները, հիմնավորված չէ որևէ կոնկրետ
փաստարկով:
|