Արտաշես
Գեղամյանը՝ խորհրդային Երևանի վերջին քաղաքապետը,
նախկին կոմունիստական քաղաքական գործիչների նկատմամբ
համաժողովրդական կարոտի ալիքի խորհրդանիշերից է:
Աղքատությունը, սոցիալական բևեռացումը և անապահովությունը
մարդկանց մոտ կարոտի զգացում են առաջ բերել ապահով
խորհրդային ժամանակների նկատմամբ: Այս երևույթն
առաջին անգամ իր արտահայտությունը գտավ Կարեն Դեմիրճյանի
1998 թվականի ընտրարշավի ժամանակ: Նրա սպանությունից
հետո ստեղծված վակուումը ներկայումս լրացրել են
նրա որդի Ստեփանը և Գեղամյանը:
Գեղամյանի վստահված անձ Հմայակ Հովհաննիսյանը
եթերով մի քանի անգամ հայտարարել է, որ Ստեփան Դեմիրճյանն
իր հոր միայն կենսաբանական ժառանգորդն է, իսկ Արտաշես
Գեղամյանն անցել է նույն կառավարման դպրոցը, ինչ
որ նախկին խորհրդային կուսակցական ղեկավարը։
53-ամյա Արտաշես Գեղամյանը ծնվել է Երևանում և
իր ելույթներում հաճախակի է անդրադառնում երևանյան
ավանդույթներին՝ ակնարկելով նախագահ Ռոբերտ Քոչարյանի
ղարաբաղյան ծագումը։ Մարդկանց զգացմունքների վրա
խաղալու մեթոդների համար, հակառակորդները Գեղամյանին
պոպուլիստ են անվանում։
Գեղամյանը 1971 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական
ինստիտուտը և անմիջապես սկսել է իր քաղաքական-կուսակցական
կարիերան: 1972-1978 թթ. գրավել է առաջատար կոմերիտական
պաշտոններ, իսկ հետո հետևել է հոր՝ Մամիկոն Գեղամյանի
ուղուն Հայաստանի կոմունիստական կուսակցության շարքերում։
1987 թվին դարձել է Երևանի Մաշտոցի կուսշրջկոմի
առաջին քարտուղարը, իսկ երկու տարի անց նշանակվել
է Երևանի քաղխորհրդի նախագահ (քաղաքապետ)։
Գեղամյանի
քաղաքական վերելքը համընկավ ղարաբաղյան շարժման
հետ։ Ի տարբերություն բազմաթիվ խորհրդային բարձրաստիճան
պաշտոնյաների, նա չհարեց նոր իշխանություններին
և լքեց քաղաքական դաշտը: Դա այսօր ընտրողների մեջ
նրա ժողովրդականության գործոններից մեկն է:
Գեղամյանը մի քանի տարի զբաղվում է բիզնեսով և
վերադառնում է քաղաքականություն 1995 թվին՝ ընտրվելով
Ազգային Ժողովի պատգամավոր։ 1997 թվին նա հիմնում
է «Ազգային միաբանություն» կուսակցությունը, իսկ
1999 թվից գլխավորում է «Օրենք և միաբանություն»
խորհրդարանական ֆրակցիան։
1998 թվին Գեղամյանն առաջադրում է իր թեկնածությունը
նախագահական ընտրություններում և երկրորդ փուլում
սատարում է Քոչարյանին ընդդեմ Կարեն Դեմիրճյանի։
Հետագայում՝ 2000 թվին, երբ նախագահի իշխանությունը
թուլացել էր, նա կրկին իր համերաշխությունն է հայտնում
Քոչարյանին։ Այս փաստերը սիրում է հիշեցնել ընտրողներին
Քոչարյանի նախընտրական թիմը, որոնց Գեղամյանը պատասխանում
է, թե ինքը փորձել է երկիրը փրկել «եղբայրասպան
պատերազմից»։
Գեղամյանն անցել է անհաշտ ընդդիմության շարքերը
2000 թվի մայիսից հետո, երբ հօդս ցնդեցին նոր կառավարությունում
վարչապետի պաշտոնը ստանալու նրա հույսերը: Նա նույնիսկ
մեղադրել է Քոչարյանին քաղաքական սպանություններին
տեղյակ լինելու մեջ: Գեղամյանը հայտարարում է, որ
քանի որ չեն ձերբակալել վերջին տարիներին տասից
ավել պաշտոնյաների սպանություններ կատարողներին,
հետևաբար «Քոչարյանը չի թոթափում այդ սպանությունների
կասկածանքի բեռը»։
Գեղամյանը խոստանում է 1 տարվա մեջ բարձրացնել
թոշակները և բյուջետային հիմնարկների աշխատողների
աշխատավարձերը: «Տնտեսության 40-60 տոկոսը ստվերում
է։ Ստվերը վերացնելով ու կրկնապատկելով բյուջեի
եկամուտները, կեռապատկվեն աշխատավարձները», - հայտարարում
է նա։
Նա խոստանում է պայքարել կոռուպցված մենաշնորհային
բիզնեսի դեմ և ստեղծել ազատ մրցակցության հնարավորություն:
Նա պնդում է, որ եթ Գեղամյաեկ գործարարի փոխարեն
հնարավորություններ ստեղծվեն հարյուրավորների համար,
ապա կձևավորվի միջին խավ, որը կսատարի իրեն:
Գեղամյանն ամուսնացած է և ունի երկու որդի: Նա
իրեն համարում է քաղաքական ցենտրիստ, որը ձախ կողմնորոշում
ունի ներկա սոցիալական պայմանների պատճառով: Նրան
աջակցում են կոմունիստներն ու Պարույր Հայրիկյանը,
որը 17 տարի անց է կացրել խորհրդային ճամբարներում
որպես քաղաքական բանտարկյալ: Գեղամյանը համարում
է այս աջակցությունն իր հաղթաթղթերից մեկը, որը
ցույց է տալիս, որ գաղափարական տարաձայնությունները
կարող են մի կողմ դրվել հանուն երկրի բարօրության:
«Ազգային միաբանություն» կուսակցություն
www.amiab.am
|