ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 21, 2003 




Լիակատար արտոնություններ. նախկին փախստականները ստանում են քաղաքացիություն և ընտրելու իրավունք


Այս շաբաթվա նախագահական ընտրությունները ևս մեկ հնարավորություն հանդիսացան մի քանի հազար քաղաքացիների համար իրականացնելու Հայաստանի քաղաքացիների իրենց իրավունքները:

Ավելի քան 50000 հոգի փոխեցին իրենց փախստականի կարգավիճակը՝ դառնալով Հայաստանի քաղաքացիներ, և այդպիսով ձայնի իրավունք ստացան:

1990-ականների սկզբից Հայաստանն ընդունել է մոտ 311000 հայ փախստական, որոնք փախել են Ադրբեջանից, հիմնականում Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից և Շահումյանի շրջանից:

1995 թվին Ազգային Ժողովն ընդունեց օրենք փախստականների քաղաքացիության վերաբերյալ, որը թույլ է տալիս Հայաստանի մշտական բնակիչ հանդիսացող բոլոր փախստականներին քաղաքացիություն ստանալ:

Սակայն նրանց ինտեգրացման և քաղաքացիության խնդիրը դեռևս սուր է մնում Հայաստանի կառավարության համար: Շարունակական տնտեսական լճացումը, գործազրկության բարձր մակարդակը և բնակարանային ծանր պայմանները դժվարացնում են փախստականների կյանքը:

Չնայած կառավարության և տարբեր միջազգային կազմակերպությունների ջանքերին, փախստականների միայն 16 տոկոսն է ընդունել Հայաստանի քաղաքացիություն:

Հայաստանի նոր քաղաքացիներ դարձածների մեծամասնությունը կազմում են նրանք, ովքեր Հայաստանում աշխատանք են գտել կամ անշարժ գույք են ձեռք բերել:

Իրինա Մաթևոսյանի ընտանիքն այդպիսիներից մեկն է: Ութ տարի շարունակ նրա ընտանիքն ապրել է տարբեր հանրակացարաններում: Սակայն երկու տարի առաջ ընտանիքը տեղափոխվեց նոր տուն, ինչը հնարավոր դարձավ շնորհիվ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձրագույն հանձնաժողովի (UNHCR):

Անցյալ տարի չորս անդամից բաղկացած ընտանիքն ընդունեց Հայաստանի քաղաքացիություն:

«Երբ տուն չունեինք՝ չգիտեինք, ուզում ենք արդյոք լինել այս երկրի քաղաքացիները: Դա չի նշանակում, որ մենք ցանկանում էինք այստեղ մնալ որպես փախստականներ, մենք նույնիսկ վստահ չէինք, որ ուզում ենք այստեղ մնալ», - ասում է Մաթևոսյանը:

«Այժմ, երբ օթևան ունենք, ավելի վստահ ենք զգում մեզ, չնայած այն բանի, որ ես և ամուսինս գործազուրկ ենք: Կարծում եմ, որ բոլոր փախստականներն էլ կընդունեն քաղաքացիություն, եթե կառավարությունը նրանց գոնե բնակարանով ապահովի: Մեր շենքում բնակվող ավելի քան 50 ընտանիքներ փախստականներ են: Ես գիտեմ, որ նրանցից շատերը քաղաքացիություն են ընդունել միայն այն պատճառով, որ տուն են ստացել»:

Ի տարբերություն Մաթևոսյանի, փախստականների մեկ այլ ընտանիք ասում է, որ չի ցանկանում Հայաստանի քաղաքացություն ստանալ: Փախստական Արթուր Ապրեսյանն ապրել է «ՀայԷլեկտրո» գործարանի հանրակացարանում 13 տարի: Նա ունի փախստականի կարգավիճակ, որը, ինչպես ինքն է ասում, «միևնույն է, ոչ մի արժեք չունի»: Այնուամենայնիվ, 45-ամյա Ապրեսյանը և Ադրբեջանում թողած 92000 տների տերերը հույս ունեն, որ փոխհատուցում կստանան այն գույքի համար, որ թողել են այնտեղ, երբ սկսվել է պատերազմը:

Էմիլ Սահակյանը՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձրագույն հանձնաժողովի հասարակական տեղեկատվության բաժնից, ասում է, որ շատ փախստականներ Ապրեսյանի նման վախենում են, որ եթե դառնան քաղաքացիներ, կկորցնեն Ադբեջանում թողած գույքի համար փոխատուցում ստանալու հնարավորությունը: Նրանք նաև վախենում են կորցնել մարդասիրական կազմակերպություններից ստացվող նպաստները:

«Սա է հիմնական պատճառը, որ միայն 16-17 տոկոսն է դարձել Հայաստանի քաղաքացի, - ասում է Սահակյանը, - Սակայն փախստականների մասին օրենքի համաձայն, քաղաքացիություն ստանալուց հետո նրանք պահպանում են բոլոր արտոնությունները»:

Ինչ վերաբերում է մարդասիրական կազմակերպություններից ստացվող նպաստներին, փախստականը ստանում է դա ոչ այն պատճառով, որ փախստական է:

Սահակյանն ասում է, որ Հայաստանում նպաստների համակարգը հիմնվում է անապահովության աստիճանի վրա, որը կապ չունի անձնավորության կամ ընտանիքի փախստականի կարգավիճակի հետ:

Արտագաղթի և փախստականների վարչության աշխատակիցներն ասում են, որ գրանցում են այն մարդկանց, ովքեր պաշտոնապես փախստականի կարգավիճակ ունեն: Անհրաժեշտության դեպքում փախստականները կարող են ստանալ իրենց կարգավիճակը հաստատող պաշտոնական փաստաթուղթ:

Մինչ այժմ շատ փախստականներ Հայաստանի անձնագրի փոխարեն ստանում են Կոնվենցիայի ճանապարհորդական փաստաթուղթ (ԿՃՓ): Համաձայն 1915 թվի Ժնևյան կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության փախստականների մասին օրենքի, ԿՃՓ-ն հաստատում է նրանց անձը Հայաստանից դուրս: Շատ փախստականներ համարում են այն Հայաստանը լքելու և նոր երկրում նոր կյանք սկսելու հնարավորություն:

Նրանց այլ երկրում անօրինական կերպով մնալու հնարավորությունը բավականին բարձր է: ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատները հայտարարել են, որ թեև իրենց երկրներն ընդունում են ԿՃՓ-ն, փախստականները կարող են լուրջ դժվարություններ ունենալ վիզա ստանալու հարցում: Ռուսաստան մեկնող փախստականները պետք է ունենան Ռւսաստանի վիզա, որը պարտադիր չէ Հայաստանի քաղաքացիների համար:

Համաձայն ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձրագույն հանձնաժողովի տվյալների, ավելի քան 40000 փախստականներ աղքատ են և ապրում են շատ վատ բնակարանային պայմաններում:

Սահակյանն ասում է, որ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձրագույն հանձնաժողովի բյուջեն ամեն տարի կրճատվում է: Երկու տարի առաջ բյուջեն կազմում էր մոտ 2 միլիոն դոլար: Այս տարի այն 1 միլիոն դոլարից պակաս է: Այդ գումարի կեսը հատկացվելու է բնակարանների կառուցմանը (Հայաստանում փախստականները գտնվում են «երկարաձգված» իրավիճակում, մինչդեռ ՄԱԿ-ն ուղղում է իր միջոցներն այն երկրներ, որտեղ փախստականները հետևանք են վերջերս տեղի ունեցած հակամարտությունների):

«Համաձայն շատ մոտավոր հաշվարկների, Հայաստանում ներկայումս կա 120000-130000 փախստական, - ասում է Սահակյանը, - Փախստականների ճշգրիտ քանակը հայտնի կդառնա, երբ հրապարակվեն վերջին մարդահամարի արդյունքները»:

Ակնկալվում է, որ 2001 թվի հոկտեմբերին անցկացված մարդահամարի տվյալները կհրապարակվեն այս ամռանը:


  Inside
 

Observers say elections fall short of international standards

Full story

 
 
 
 

Voting day turned from fair to foul at some precincts

Full story

 
 
 
 

The son also rises

Full story

 
 
 
 

Geghamyan Goes from Candidate to Kingmaker

Full story

 

  Photos of the week
  Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge

Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Hope and Assurance

It has been a season of many emotions, Decision 2003. Doves of peace were offered and officers to enforce that peace were stationed around the Central Elections Commission.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.