Երբ
Լիլիթ Հակոբյանն իր հիվանդ աղջկա համար անանուն
ու փոքրիկ մի դեղատնից Գենտամիցին գնեց, նա չէր
էլ պատկերացնում, որ սրվակներն իրեն խնդրի առաջ
են կանգնեցնելու:
Պարզվեց, որ ներարկման համար նախատեսված արդյունավետ
հակաբիոտիկները, որոնք պետք է օգնեին աղջկա շուտ
ապաքինմանը, ոչ մի ազդեցություն էլ չունեն: Դեղը
կեղծված էր, իսկ սրվակներում ինչ-որ անհայտ խառնուրդ
էր կամ էլ՝ ջուր:
«Մինչ այդ դեպքը, իմ մտքով չէր էլ անցնում, որ
նման երևույթ գոյություն ունի, իսկ այսօր ես արդեն
սկսել եմ ամեն ինչին կասկածամտորեն վերաբերվել,
- ասում է Հակոբյանը, - Ես չգիտեմ, ինչպես կարող
եմ պաշտպանվել այդ ամենից ու չկեղծված դեղորայք
գնել: Իսկական խառնաշփոթ է»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության
գնահատականներով, զարգացող երկրների շուկաներում
վաճառվող դեղորայքի մինչև 60 տոկոսը կարող է կեղծված
լինել:
«Մեր օրերում, երբ անընդհատ խոսք է գնում բիոտեռորիզմի
մասին, այսօր արդեն ձևավորվել է բիոտեռորիզմի մասնավոր
տարատեսակը՝ ֆարմակոտեռորիզմը, այսինքն՝ ահաբեկչություն
դեղերի միջոցով, - ասում է բժշկական գիտությունների
թեկնածու, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության
փոխտնօրեն Սամվել Ազատյանը, - Սա լուրջ խնդիր է
ամբողջ աշխարհում և, հատկապես, զարգացող երկրների
և, ինչ խոսք, նաև Հայաստանի համար»:
Մասնագետի հավաստմամբ, օրինական ճանապարհով Հայաստան
ներուծվող դեղորայքն անհրաժեշտ որակ ունի և ստուգվում
է տարբեր մակարդակներում, ինչը չի կարելի ասել մաքսանենգ
ճանապարհով հանրապետություն ներմուծվող դեղերի մասին,
որոնք ներմուծվում են առավելապես ԱՊՀ երկրներից՝
ճամպրուկներով, պայուսակներով և հիմնականում կեղծված
և, հետևաբար, էժան են: Եվ քանի որ նման դեղորայքի
մուտքն անօրինական է, որակի վերահսկումն անհնար
է:
«Դեղերը, նախ և առաջ, չափազանց շահութաբեր ապրանք
են, և, բնականաբար, շատ մեծ գայթակղություն է առաջանում
կեղծել դրանք շահույթ ստանալու համար, - ասում է
Ազատյանը, - Բնականաբար, հիմնականում կեղծում են
այն դեղերը, որոնք մեծ պահանջարկ և մեծ շրջանառություն
ունեն: Դրանք են հակաբիոտիկները, ցավազրկող, հակաբորբոքիչ
դեղերը, ներերակային հեղուկ դեղորայքը և այլն»:
«Հաճախ է պատահում, որ մեզ առաջարկում են դեղորայք
չափազանց ցածր գներով, սակայն մենք աշխատում ենք
ֆիրմաների հետ և նման առաջարկներով չենք գայթակղվում,
- ասում է Անդրանիկի թաղամասի մեծ դեղատներից մեկի
համատնօրեն Սիլվան, - Շատերին գրավում են ցածր գները,
վերցնում են այդ դեղերը, հետո էլ պատմությունների
մեջ են ընկնում: Հենց այդ ճանապարհով էլ տարածվում
են կեղծված դեղերը»:
Սամվել Ազատյանն ասում է, որ դեղորայքը կարող
են կեղծել տարբեր ձևերով: Օրինակ, լինում են դեպքեր,
երբ դեղն ուղղակի չի պարունակում այն ակտիվ նյութը,
որը պետք է պարունակի, ու ցածր արդյունավետություն
ունի: Երբեմն պատահում է, որ կեղծված դեղը չի պարունակում
ոչ մի ակտիվ նյութ, պարունակում է ինչ որ չեզոք
նյութ: Իսկական դեղորայքի արտաքին տեսքն ու ձևը
կեղծվում են՝ անհնար դարձնելով կեղծված դեղերի հայտնաբերումն
առանց քիմիական ստուգման:
«Կարող
է այնպես պատահել, որ դեղը պարունակի վտանգավոր
թունավոր նյութեր: Սա, ինչ խոսք, ամենավտանգավոր
տարբերակն է, և նման դեպքերը վերջին տարիներին մեզ
մոտ ավելի հաճախ են դարձել, - ասում է Ազատյանը,
- Մեր շուկայում հայտնաբերվել են դեղեր, երբ, ասենք,
հակաբիոտիկի փոխարեն վաճառքում առկա դեղը պարունակել
է մանրէներով վարակված հաբ, կամ էլ, ասենք, ներերակային
ներարկման համար նախատեսված լուծույթի անվան տակ
վաճառվում է հեղուկ, որը պարունակում է ջուր կամ
ինչ-որ աղտոտված խառնուրդներ, որոնց ուղղակի համապատասխան
գույն է տրված: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ
այսօր չի կիրառվի ինչ-որ մի կեղծված դեղ, որպեսզի
մարդկանց լայն զանգվածներին մեծ վնաս հասցվի, այսինքն,
դա այսօր բժշկական խնդրից դարձել է ազգային անվտանգության
խնդիր՝ ինչ-որ չափով»:
Կեղծված դեղորայքը Հայաստանում հայտնաբերվում
է հիմնականում ահազանգերի և շատ քիչ դեպքերում ստուգայցերի
արդյունքում: Կամ բողոքում են անհատ քաղաքացիներ,
կամ էլ, հիմնականում, ահազանգում են բժիշկներ, որոնք
տարիներ շարունակ ինչ-որ դեղ օգտագործելով, օրերից
մի օր հայտանբերում են, որ դեղն ինչ-որ տարօրինակ
տեսք ունի, կամ էլ ընդհանրապես արդյունավետ չէ:
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալությունը,
որը 1992 թվականին իր ստեղծումից ի վեր զբաղվում
է այս հարցով և լաբորատոր հետազոտություններ է կատարում
այս ոլորտում, յուրաքանչյուր նմանօրինակ դեպքից
հետո հայտարարություն է տալիս իր պարբերականում
կեղծված դեղերի մասին և թե ինչպես խուսափել դրանցից:
Սակայն այս մեթոդները բնակչության լայն զանգվածներ
չեն ընդգրկում:
«Հայաստանի շուկայում արդեն իսկ բավականին մեծ
թվով կեղծված դեղորայք է հայտնաբերվել, բայց չի
կարելի ասել, որ կատարված աշխատանքը բավարար է,
որովհետև կարող ենք համոզված լինել, որ կեղծված
դեղերի թիվը շուկայում անհամեմատ մեծ է հայտնաբերվածից,
և քանի որ ներկայումս հայտնաբերման խնդիր կա, ուստի
և բնակչությունը պետք է ավելի զգոն լինի և ճիշտ
ընտրություն կատարի», - ասում է Ազատյանը:
Մասնագետները խորհուրդ են տալիս դեղորայք գնել
միայն նորմալ դեղատներից և ոչ թե անհայտ շուկաներից,
իսկ դեղ գնելիս կասկած ունենալու դեպքում, պահանջել
տվյալ դեղի օրինականությունը հաստատող փաստաթուղթ:
Առողջապահության նախարարության լրատվության վարչության
բաժնի պետ Ռուսլանա Գևորգյանը հավաստում է, որ մոտ
ժամանակներս նախարարությունը ստեղծելու է վերահսկիչ
հանձնաժողով՝ դեղորայքի ներմուծման և դեղերի ստուգման
վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով:
«Առավել խիստ պայքարի համար անհրաժեշտ է մեծ աշխատանք
կատարել և սերտորեն համագործակցել իրավապահ, մաքսային
և շատ այլ մարմինների հետ, - ասում է Ազատյանը,
- Եվ առաջին հերթին, պետք է սահմանը շատ խիստ վերահսկվի,
քանի որ մաքսանենգ ճանապարհով հանրապետություն ներմուծված
դեղորայքի մեկ ճամպրուկով կարելի է հեղեղել ողջ
հանրապետությունը»:
|