ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 21, 2003 




Կյանք արևի տակ. Սարյանի ցուցահանդեսը Ֆրանսիայում կլինի ամենամեծը վերջին 17 տարում


Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի պատերից կախված նկարները ճառագում են արևի այն կիզիչ ջերմությունը, որ միայն Հայաստանին է հատուկ: Կյանքի թովչանք ու թրթիռ կա այս կտավներում, որ համակում է դիտողին կենսասիրությամբ:

Այսպիսի զգացողություն է ապրում նաև Պիկասոյի թանգարանի տնօրեն Ժան Լյուի Անդրալը, երբ 2001 թվին այցելում է Բորդոյում կազմակերպված ռուսական մի ցուցահանդես: Ցուցադրված են լինում նաև Սարյանի գործերից մի քանիսը: Անդրալը բացականչում է. - «Այս ինչ՞ կրակ է թափվում կտավից, ո՞վ է հեղինակը»:

Սարյանական արևային գույներից ապշած Ժան Լյուի Անդրալն անմիջապես կապվում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ Երևանում:

«Անցյալ տարի հանդիպեցինք, ծանոթացանք: Դիտեց բոլոր Սարյանները: Ցնցված էր: Արդյունքում կնքվեց պայմանագիր՝ կազմակերպել Սարյանի ցուցահանդեսը Ֆրանսիայի հարավում գտնվող Անտիբ քաղաքի Պիկասոյի թանգարանում», - ասում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ 67-ամյա Շահեն Խաչատրյանը:

«Թռչող արևի երկրում» ցուցահանդեսի պաստառները կփակցվեն ամենուր, և Հայաստանը կճանաչեն նաև Սարյանով: Ցուցահանդեսը կբացվի հունիսի 27-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 5-ը:

Խաչատրյանն ասում է. - «Մեր նպատակն է ներկայացնել երիտասարդ Սարյանին: Ինչպես է նա աճել, որ ճանապարհով է գնացել: Նրա գործերով բացահայտել նրա վառ անհատականությունը»:

Ֆրանսիա կուղարկվեն 80 աշխատանքներ, որոնցից 66-ը գունանկարներ են, իսկ 14-ը՝ գծանկարներ: Սարյանի թանգարանը տրամադրում է 40 նկար, ևս 12-ը՝ Հայաստանի ազգային պատկերասրահը: Վեց նկար կներկայացվի Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահից և երեքը՝ Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանից: Մեկական գործեր կուղարկվեն Լոնդոնից և Փարիզից:

«Հավաքված աշխատանքները ներկայացնելու են վարպետին ամբողջությամբ: Հատկապես կլինեն նրա վաղ շրջանի գործերը, որոնք էլ կազմում են Սարյանի արվեստի գագաթնակետը», - նշում է Խաչատրյանը:

Վարպետի աշխատանքները բաժանվում են երեք շրջանի: Առաջինը 1903-1909 թվականներն են, որ Սարյանն անվանել է «Հեքիաթներ և երազներ»: Երկրորդն ընդգրկում է մինչև 1920 թվականն ընկած ժամանակաշրջանը, որտեղ գերիշխում են նկարչի զգացմունքային արձագանքները 1915 թ. հայկական ցեղասպանությանը: Վերջին շրջանը տևում է 1921 թվականից մինչև նրա մահը 1972 թվականին:

Խաչատրյանն ասում է, որ Սարյանը համաշխարհային նկարչության մեջ է մտել իր երիտասարդ տարիների գործերով: «Նա ոչ միայն ազգային նկարչության ակունքներին վերադառնալու խնդիրներ էր դնում իր առաջ, այլև ազգայինը հասցրեց եվրոպական չափանիշների»:

Վերջին անգամ Սարյանի անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է 1986 թվականին Գերմանիայում, իսկ դրանից առաջ 1980-ին՝ Փարիզի Պոմպիդուի կենտրոնում: Հիմնականում ներկայացվել են նախա և հետհեղափոխական շրջանի նկարները, այդ թվում՝ խորհրդային շրջանի շատ գործեր:

Խաչատրյանը նշում է, որ արտասահման ցուցադրվելու էին ուղարկում հիմնականում խորհրդային շրջանի նկարները: Շատ ազատախոհ աշխատանքների ցուցադրումը սահմանափակված էր:

«1962 թվականին, երբ Ազգային պատկերասրահում էի աշխատում, Սարյանի կտավներից մեկն օգտագործել էի ցուցադրության մեջ: Տնօրինությունը շանթահար էր եղել: Ասացին՝ «հանել»: Ես լաց էի լինում այդ դաժան արգելքի պատճառով», - պատմում է Խաչատրյանը:

Սարյանն՝ ինքը, համբերատար էր, սակայն նրա կյանքի ճանապարհը բավականին դաժան է եղել: Նա անցել է ցեղասպանության, պատերազմի, ստալինյան հետապնդումների, քննադատությունների, սպառնալիքների թոհ ու բոհով: Թանգարանի տնօրենը հիշում է. - «Իշխանություններն ասում էին. - «Մենք նրան ռուբլով կխեղդենք»: Սակայն վարպետը լավատես էր, և նրա արվեստը երբեք չարտացոլեց դաժան իրականությունը»:

Մարտիրոս Սարյանի անձի մեջ պարփակված էր երկու նկարիչ, որոնք մինչև նրա կյանքի վերջը սերտորեն կապված էին միմյանց: Մեկը երկնքում ճախրող արծիվ էր, մյուսը՝ հայրենի հողի վրա կանգնած, հայրենիքի գարունը երազող նկարիչ: Այսպես է ներկայացնում Սարյանին Շահեն Խաչատրյանը: Նա աշխատում է թանգարանում հիմնադրման օրվանից (1967 թ.) մեծ վարպետի խնդրանքով: Տնօրենը նշում է, որ 35 տարի շարունակ երազել է այսպիսի ցուցահանդես կազմակերպել:

«Մեր ուժերով այսպիսի բան չէինք կարող անել՝ Հայաստանն աշխարհին ավելի հայտնի դարձնելու համար: Ես երջանիկ եմ, որ իմ կյանքի օրոք վերջապես Սարյանը ներկայացվելու է բյուրեղացած, մաքուր: Եթե չլիներ այդ պատահականությունը, իմ տարիների աշխատանքը կմնար նեղ, ազգային», - հպարտությամբ ասում է Խաչատրյանը:

Ցուցահանդեսի բոլոր ծախսերը հոգում է ֆրանսիական կողմը: Նկարներն ապահովագրելու վրա ծախսվելու է 18-20 միլիոն դոլար: 150-200 հազար դոլար կհատկացվի գովազդային միջոցառումներին, այդ թվում՝ ցուցահանդեսի կատալոգներին, պաստառներին և հեռուստառադիոհաղորդումներին:

47-ամյա նկարիչ Գևորգ Գյարաքյանն ասում է. - «Հայաստանը դրսում ներկայացնելու համար մի քանի տիտաներ կան: Նրանցից մեկն էլ Մարտիրոս Սարյանն է: Նրա գույնն ու լույսն այնքան շատ են, որ բոլոր ժամանակներում էլ զարմացնում են»:

Սարյանական նկարչական լեզուն ծայրաստիճան հնչեղ է: Նրա կառուցողական գաղտնիքների միջից հառնում է այն տաք լույսը, որը բնորոշում է արևելքը:

«Սարյանը արևելքի ֆովիստն է, արևելքի էքսպրեսիոնիստը: Ցուցահանդեսի յուրաքանչյուր այցելու վարպետին անմիջապես համեմատելու է իրեն հայտնի նկարիչների հետ», - նշում է Խաչատրյանը:

Նրա կարծիքով ֆրանսիացի նկարիչներից Սարյանին մոտ է Մատիսը: Սակայն նա ասում է, որ Մատիսը սերը բաժանեց կաթից, իսկ Սարյանը երկուսն էլ թողեց միախառնված: Վարպետն ամեն ինչ որոշեց լույսով: Ուժեղ է լույսը՝ ուժեղ է գույնը:

Սարյանի կտավները վառվռուն հեքիաթներ են, որտեղ ամեն ինչ կատարյալ է՝ գիծը, գույնը, երանգը, կառուցվածքը: Նա իր պրոֆեսիոնալիզմին հանգուցել է իր ներքին աշխարհը, ապրումները:


  Inside
 

Observers say elections fall short of international standards

Full story

 
 
 
 

Voting day turned from fair to foul at some precincts

Full story

 
 
 
 

The son also rises

Full story

 
 
 
 

Geghamyan Goes from Candidate to Kingmaker

Full story

 

  Photos of the week
  Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge

Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Hope and Assurance

It has been a season of many emotions, Decision 2003. Doves of peace were offered and officers to enforce that peace were stationed around the Central Elections Commission.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.