Մարտիրոս
Սարյանի տուն-թանգարանի պատերից կախված նկարները
ճառագում են արևի այն կիզիչ ջերմությունը, որ միայն
Հայաստանին է հատուկ: Կյանքի թովչանք ու թրթիռ կա
այս կտավներում, որ համակում է դիտողին կենսասիրությամբ:
Այսպիսի զգացողություն է ապրում նաև Պիկասոյի
թանգարանի տնօրեն Ժան Լյուի Անդրալը, երբ 2001 թվին
այցելում է Բորդոյում կազմակերպված ռուսական մի
ցուցահանդես: Ցուցադրված են լինում նաև Սարյանի
գործերից մի քանիսը: Անդրալը բացականչում է. - «Այս
ինչ՞ կրակ է թափվում կտավից, ո՞վ է հեղինակը»:
Սարյանական արևային գույներից ապշած Ժան Լյուի
Անդրալն անմիջապես կապվում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի
հետ Երևանում:
«Անցյալ տարի հանդիպեցինք, ծանոթացանք: Դիտեց
բոլոր Սարյանները: Ցնցված էր: Արդյունքում կնքվեց
պայմանագիր՝ կազմակերպել Սարյանի ցուցահանդեսը Ֆրանսիայի
հարավում գտնվող Անտիբ քաղաքի Պիկասոյի թանգարանում»,
- ասում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն,
արվեստի վաստակավոր գործիչ 67-ամյա Շահեն Խաչատրյանը:
«Թռչող արևի երկրում» ցուցահանդեսի պաստառները
կփակցվեն ամենուր, և Հայաստանը կճանաչեն նաև Սարյանով:
Ցուցահանդեսը կբացվի հունիսի 27-ին և կշարունակվի
մինչև հոկտեմբերի 5-ը:
Խաչատրյանն ասում է. - «Մեր նպատակն է ներկայացնել
երիտասարդ Սարյանին: Ինչպես է նա աճել, որ ճանապարհով
է գնացել: Նրա գործերով բացահայտել նրա վառ անհատականությունը»:
Ֆրանսիա կուղարկվեն 80 աշխատանքներ, որոնցից 66-ը
գունանկարներ են, իսկ 14-ը՝ գծանկարներ: Սարյանի
թանգարանը տրամադրում է 40 նկար, ևս 12-ը՝ Հայաստանի
ազգային պատկերասրահը: Վեց նկար կներկայացվի Մոսկվայի
Տրետյակովյան պատկերասրահից և երեքը՝ Սանկտ Պետերբուրգի
Ռուսական թանգարանից: Մեկական գործեր կուղարկվեն
Լոնդոնից և Փարիզից:
«Հավաքված աշխատանքները ներկայացնելու են վարպետին
ամբողջությամբ: Հատկապես կլինեն նրա վաղ շրջանի
գործերը, որոնք էլ կազմում են Սարյանի արվեստի գագաթնակետը»,
- նշում է Խաչատրյանը:
Վարպետի
աշխատանքները բաժանվում են երեք շրջանի: Առաջինը
1903-1909 թվականներն են, որ Սարյանն անվանել է
«Հեքիաթներ և երազներ»: Երկրորդն ընդգրկում է մինչև
1920 թվականն ընկած ժամանակաշրջանը, որտեղ գերիշխում
են նկարչի զգացմունքային արձագանքները 1915 թ. հայկական
ցեղասպանությանը: Վերջին շրջանը տևում է 1921 թվականից
մինչև նրա մահը 1972 թվականին:
Խաչատրյանն ասում է, որ Սարյանը համաշխարհային
նկարչության մեջ է մտել իր երիտասարդ տարիների գործերով:
«Նա ոչ միայն ազգային նկարչության ակունքներին վերադառնալու
խնդիրներ էր դնում իր առաջ, այլև ազգայինը հասցրեց
եվրոպական չափանիշների»:
Վերջին անգամ Սարյանի անհատական ցուցահանդեսը
կազմակերպվել է 1986 թվականին Գերմանիայում, իսկ
դրանից առաջ 1980-ին՝ Փարիզի Պոմպիդուի կենտրոնում:
Հիմնականում ներկայացվել են նախա և հետհեղափոխական
շրջանի նկարները, այդ թվում՝ խորհրդային շրջանի
շատ գործեր:
Խաչատրյանը նշում է, որ արտասահման ցուցադրվելու
էին ուղարկում հիմնականում խորհրդային շրջանի նկարները:
Շատ ազատախոհ աշխատանքների ցուցադրումը սահմանափակված
էր:
«1962 թվականին, երբ Ազգային պատկերասրահում էի
աշխատում, Սարյանի կտավներից մեկն օգտագործել էի
ցուցադրության մեջ: Տնօրինությունը շանթահար էր
եղել: Ասացին՝ «հանել»: Ես լաց էի լինում այդ դաժան
արգելքի պատճառով», - պատմում է Խաչատրյանը:
Սարյանն՝ ինքը, համբերատար էր, սակայն նրա կյանքի
ճանապարհը բավականին դաժան է եղել: Նա անցել է ցեղասպանության,
պատերազմի, ստալինյան հետապնդումների, քննադատությունների,
սպառնալիքների թոհ ու բոհով: Թանգարանի տնօրենը
հիշում է. - «Իշխանություններն ասում էին. - «Մենք
նրան ռուբլով կխեղդենք»: Սակայն վարպետը լավատես
էր, և նրա արվեստը երբեք չարտացոլեց դաժան իրականությունը»:
Մարտիրոս Սարյանի անձի մեջ պարփակված էր երկու
նկարիչ, որոնք մինչև նրա կյանքի վերջը սերտորեն
կապված էին միմյանց: Մեկը երկնքում ճախրող արծիվ
էր, մյուսը՝ հայրենի հողի վրա կանգնած, հայրենիքի
գարունը երազող նկարիչ: Այսպես է ներկայացնում Սարյանին
Շահեն Խաչատրյանը: Նա աշխատում է թանգարանում հիմնադրման
օրվանից (1967 թ.) մեծ վարպետի խնդրանքով: Տնօրենը
նշում է, որ 35 տարի շարունակ երազել է այսպիսի
ցուցահանդես կազմակերպել:
«Մեր
ուժերով այսպիսի բան չէինք կարող անել՝ Հայաստանն
աշխարհին ավելի հայտնի դարձնելու համար: Ես երջանիկ
եմ, որ իմ կյանքի օրոք վերջապես Սարյանը ներկայացվելու
է բյուրեղացած, մաքուր: Եթե չլիներ այդ պատահականությունը,
իմ տարիների աշխատանքը կմնար նեղ, ազգային», - հպարտությամբ
ասում է Խաչատրյանը:
Ցուցահանդեսի բոլոր ծախսերը հոգում է ֆրանսիական
կողմը: Նկարներն ապահովագրելու վրա ծախսվելու է
18-20 միլիոն դոլար: 150-200 հազար դոլար կհատկացվի
գովազդային միջոցառումներին, այդ թվում՝ ցուցահանդեսի
կատալոգներին, պաստառներին և հեռուստառադիոհաղորդումներին:
47-ամյա նկարիչ Գևորգ Գյարաքյանն ասում է. - «Հայաստանը
դրսում ներկայացնելու համար մի քանի տիտաներ կան:
Նրանցից մեկն էլ Մարտիրոս Սարյանն է: Նրա գույնն
ու լույսն այնքան շատ են, որ բոլոր ժամանակներում
էլ զարմացնում են»:
Սարյանական նկարչական լեզուն ծայրաստիճան հնչեղ
է: Նրա կառուցողական գաղտնիքների միջից հառնում
է այն տաք լույսը, որը բնորոշում է արևելքը:
«Սարյանը արևելքի ֆովիստն է, արևելքի էքսպրեսիոնիստը:
Ցուցահանդեսի յուրաքանչյուր այցելու վարպետին անմիջապես
համեմատելու է իրեն հայտնի նկարիչների հետ», - նշում
է Խաչատրյանը:
Նրա կարծիքով ֆրանսիացի նկարիչներից Սարյանին
մոտ է Մատիսը: Սակայն նա ասում է, որ Մատիսը սերը
բաժանեց կաթից, իսկ Սարյանը երկուսն էլ թողեց միախառնված:
Վարպետն ամեն ինչ որոշեց լույսով: Ուժեղ է լույսը՝
ուժեղ է գույնը:
Սարյանի կտավները վառվռուն հեքիաթներ են, որտեղ
ամեն ինչ կատարյալ է՝ գիծը, գույնը, երանգը, կառուցվածքը:
Նա իր պրոֆեսիոնալիզմին հանգուցել է իր ներքին աշխարհը,
ապրումները:
|