Երբ
45-ամյա գորիսեցի Սվետային հավելվածի լրագրողը խնդրեց
հինգ առաջնահերթ հիմնախնդիրներ առաջադրել իր ապագա
նախագահին, խորտկարանի լվացարարուհին ասաց.
«Պարոն նախագահ, որոշ բիրտ անհատների կզրկե՞ք
շրջապատի մարդկանց ճնշելու հնարավորությունից»:
Մայրաքաղաքում 60-ամյա երևանցի Պավելը նույն հարցին
պատասխանեց.
«Մարդիկ Հայաստանից փախչում են սոցիալական անարդարության
պատճառով: Արդյոք ընտրվող նախագահը կպայքարի՞ դրա
դեմ»:
«Պրոմեդիան» ներկայացնող մի խումբ լրագրողներ
հարցազրույցներ են անցկացրել 464 պոտենցիալ ընտրողների
հետ 17 հիմնախնդիրների շուրջ (գործազրկության, արտագաղթ,
կոռուպցիա և այլն), որպեսզի պարզեն, թե ինչպես են
նրանց մտահոգություններն անդրառնալու թեկնածուի
նրանց ընտրության վրա:
Հարցվածներից 331-ը Երևանից ու հարակից շրջաններից
են, 56-ը՝ Գյումրիից ու Վանաձորից, իսկ 77-ը՝ Սյունիքի
մարզից:
Այս հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի
տարբեր հատվածներում ընտրողներին հուզող հիմնախնդիրները
տարբերվում են:
Երևանում և Սյունիքի մարզում առաջնային են համարվում
սոցիալական հիմնախնդիրները, մինչդեռ Շիրակի և Լոռու
մարզերում առաջինը տնտեսական իրավիճակն է, որին
հաջորդում են սոցիալական խնդիրները:
Մայրաքաղաքում միայն 16 տոկոսն է տնտեսական հիմնախնդիրը
առաջնային համարել՝ ավելի կարևորելով կրթության,
դատաիրավական համակարգի, կոռուպցիայի և առողջապահության
հետ կապված խնդիրները:
Տնտեսական հիմնախնդիրներից հետո Երևանում և հարակից
շրջաններում հարցվածների մի մասը նշում է արտագաղթը,
ազգային անվտանգությունը, մարդու իրավունքների պաշտպանությունն
ու մամուլի ազատությունը:
Բնակչության
մյուս մասն էլ կարևորում է, որ հաջորդ նախագահը
առավելագույնս զբաղվի ահաբեկչության, հոկտեմբերի
27-ի գործի բացահայտման և ցեղասպանության խնդիրներով,
ինչպես նաև գյուղատնտեսության, աղետի գոտու և շրջակա
միջավայրի հարցերով: Չորս տոկոսից պակասն են երկքաղաքացիության
հարցը կարևոր համարում Հայաստանի համար:
Սյունիքում մարդու իրավունքներն ու մամուլի ազատությունն
ավելի բարձր տեղ են զբաղեցնում, քան Երևանում: Սյունիքում,
որը տարածքային առումով ավելի մոտ է Ղարաբաղին,
քան Հայաստանի մյուս մարզերը, 77 հարցվածներից ղարաբաղյան
հիմնահարցը նշել են ընդամենը չորսը:
«Աղետի գոտում» ընտրողներին հուզող հարցերի մեջ
վերակառուցումը, որը չորրորդ տեղում է, կորևորվում
է նույնքան, որքան Ղարաբաղի հիմնախնդիրը:
Ընդհանուր առմամբ, ընտրողներին ամենից շատ մտահոգում
են տնտեսական և սոցիալական հիմնախնդիրները, որոնց
հաջորդում են կոռուպցիան, արտագաղթը, մշակույթը,
ազգային անվտանգությունը, դատաիրավական համակարգը,
մամուլի ազատությունը, բարեփոխումները շրջակա միջավայրի
պահպանման ոլորտում, ահաբեկչության դեմ պայքարը
և վերջինը՝ ծնելիության մակարդակի բարձրացումը խթանող
քաղաքականությունը:
|