ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 14, 2003 




Ընտրարշավ 2003. թեկնածուների պատասխաններն ընտրողների հարցերին

Նախագահի թեկնածուներին խնդրել էին հակիրճ պատասխանել ընտրողներին առանձնապես հուզող հինգ հարցերի: Ստորև ներկայացված են նրանց պատասխանները:

 


Հ. - Լուծման ի՞նչ առաջարկ կներկայացնեիք փոքրամասնություն կազմող հարուստների և աղքատ մեծամասնության միջև գոյացած տնտեսական հակասությունը նվազեցնելու համար։
Պ. - Ինչպես ցույց է տալիս զարգացած երկրների փորձը, երկրի տնտեսական հիմքը և նրա բարեկեցությունն ամբողջությամբ մանր ու միջին բիզնեսն է։ Ահա թե ինչու փոքրամասնություն կազմող հարուստների և աղքատ մեծամասնության միջև գոյացած տնտեսական հակասությունը նվազեցնելու համար պետք է արդյունավետ ու գործուն իրավական դաշտի ստեղծումով, մանր ու միջին բիզնեսի համակողմանի հովանավորությամբ աջակցել աղքատների դասից միջին խավի ձևավորմանը։

Հ. - Ի՞նչ միջոցներ կձեռնարկեիք ներդրողներին գրավելու և աշխատատեղեր ստեղծելու համար։
Պ. - Անհրաժեշտ է հասարակական և քաղաքական կյանքի երաշխավորված կայունության հասնել օրենսդրության գերակայությամբ, կյանքի կոչել հարկային կայուն դաշտ, բացառել օրենսդրական հաճախակի փոփոխությունները և ներդրողին պաշտպանել կոռուպցված տարրերից, որոնցով կվերականգնվի ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղացի ներդրողի վստահությունն իշխանության հանդեպ։ Իսկ աշխատատեղերի ստեղծումն ածանցյալ է վերոշարադրյալից և կապիտալից, որը հոսում է այնտեղ, որտեղ պաշտպանված է Օրենքով։

Հ. - Ինչպիսի՞ քայլեր կձեռնարկեիք կրթության մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և հասարակության բոլոր շերտերին մատչելի դարձնելու համար։
Պ. - Նշված ուղղությամբ ՀՀ կրթական համակարգի բոլոր օղակներում զգալի աշխատանք է տարվել, սակայն այն դեռ համակարգված ձևով չի ընթանում։ Առաջին հերթին պետք է կատարելագործել և միջազգային իրավական դաշտին համապատասխանեցնել ՀՀ կրթական օրենսդրությունը, և ըստ այդմ իրականացնել բարեփոխումների պետական քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է կրթությունը հասարակության տարբեր շերտերին մատչելի դարձնելուն, պետք է արդյունաբերական համալիրի զարգացումը հստակորեն կապել կրթության զարգացման հետ։ Արտադրությունը պետք է մասնագետների պատվիրատու դառնա և վճարի դրա համար։ Ուսման վարձը պետք է սահմանվի կրթության ինքնարժեքը և ազգաբնակչության տնտեսական վիճակը հաշվի առնելով։

Հ. - Ի՞նչ կձեռնարկեիք, որպեսզի դատաիրավական համակարգը դառնար անկախ և անկաշառ, բոլոր օրենքները գործեին բոլորի համար հավասար։
Պ. - Դատաիրավական համակարգի բարեփոխումներն առայժմ ցանկալի արդյունք չեն տալիս այն պատճառով, որ այդ ոլորտի կառույցները գտնվում են կոռուպցված հարաբերությունների ցանցում։ Որպեսզի բացառվի վերոհիշյալը և սահմանադրության 94-րդ հոդվածի առաջին մասն իրական նշանակություն ստանա, գոնե դատավորները պետք է ընտրվեն և ոչ թե նշանակվեն նախագահի կողմից, որն ինքն է դատական մարմինների անկախության երաշխավորը։

Հ. - Եթե ընտրվեք, ինչպե՞ս կխուսափեք տանիք դառնալու այն ուժերին, որոնք Ձեզ այսօր աջակցում են իշխանության գալու համար և ինչպե՞ս կպայքարեք կոռուպցիայի դեմ։
Պ. - Ինձ առաջադրել է մտավորականության «Միավորված հայեր» կուսակցությունը, որպեսզի իրագործենք մեր հիմնական ծրագիրը․ ստեղծել ճշմարիտ սոցիալ-իրավական պետություն, որտեղ կգործի օրենքի գերակայությունը և կիրականացվի բարձր պրոֆեսիոնալիզմի վրա հիմնված ճիշտ կադրային քաղաքականություն։ Ինչ վերաբերում է ֆինանսական աջակցությանը, հարկ եմ համարում նշել, որ իմ ընտրարշավը ֆինանսավորվում է ընտանեկան բյուջեի խնայողություններից և «Միավորված հայեր» կուսակցության կուտակված անդամավճարներից։

Կոռուպցիայի վերաբերյալ. նախ, պետք է հստակեցնել «կոռուպցիա» հասկացությունը, որը վերջին հաշվով և՛ քաղաքական վերնախավի՝ բարձրաստիճան պաշտոնյաների, և՛ ժողովրդի հետ շփվող ցածրաստիճան պաշտոնյաների պաշտոնական դիրքի չարաշահումն է։ Դրա դեմ պայքարը պետք է տարվի հետևյալ ուղղություններով․

  • սահմանադրական փոփոխություններ՝ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ֆունկցիաների հստակ տարանջատում, դատաիրավական համակարգի բարեփոխումներ, օրինականության ամրապնդում

  • ընտրարշավներում ընտրակաշառքների դատապարտում և քրեական հետապնդում

  • բարձր պրոֆեսիոնալիզմի հիման վրա ճիշտ կադրային քաղաքանության իրականացում

  • քրեական օրենսդրության իրական կիրառում և այլն։

Հ. - Լուծման ի՞նչ առաջարկ կներկայացնեք փոքր խումբ կազմող հարուստների և աղքատ մեծամասնության միջև գոյացած տնտեսական հակասությունը նվազեցնելու համար:
Պ. - Մասնավորեցման գործընթացը պետք է նպաստի միջին խավի ձևավորմանը, ոչ թե նեղ շրջանակների հարստացմանը: Իրականացնել աշխատատեղերի ստեղծման համալիր ծրագիր, հաստատել սոցիալական պաշտպանվածության երաշխիքներ: Հարկային արտոնություններ տրամադրել այն գործարարներին, որոնք աշխատանքով կապահովեն թշվառության մատնված աշխատունակ խավերին, դրանով իսկ կրճատելով հասարակության ծայրաստիճան բևեռացումը, թեթևացնելով պետության սոցիալական բեռը:

Հ. - Ի՞նչ միջոցներ կձեռնարկեիք ներդրողներին գրավելու և աշխատատեղեր ստեղծելու համար:
Պ. - Արտաքին ներդրումներ ներգրավելուց առաջ անհրաժեշտ է մտածել տեղական ներդրումների համար առողջ միջավայր ձևավորելու մասին, խթանել փոքր և միջին ձեռներեցության զարգացումը: Անհրաժեշտ է ապահովել համապատասխան օրենսդրական դաշտ: Առաջնային աջակցություն կտրվի ներդրողների այն ծրագրերին, որոնք կհամապատասխանեն մեր տնտեսական գերակայություններին և կստեղծեն նոր աշխատատեղեր: Պետք է երաշխավորել ձեռնարկատիրության իրավական հնարավորությունների հավասարությունը, հարկային ճկուն քաղաքականությամբ խթանել ներդրումները:

Հ. - Ինչպիսի՞ քայլեր կձեռնարկեիք կրթության մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և կրթությունը հասարակության բոլոր շերտերին մատչելի դարձնելու համար:
Պ. - Պետպատվերի ավելացում, դրա միջոցով համապատասխան ֆոնդերի ձևավորում և սոցիալապես անապահով խավի համար կրթության մատչելիության ապահովում: Հարկային արտոնությունների ապահովում այն գործարարներին, որոնք ֆինանսավորում են կրթական ծրագրերը: Կրթական համակարգի աստիճանական բարեփոխում՝ ուղղված կրթության ժամանակակից պահանջների բավարարմանը, արտերկրի առաջատար կրթական և գիտական կենտրոնների հետ համագործակցությանը և ազգային ավարդույթների վրա հիմնված դաստիարակությանը: Անհրաժեշտ է ապահովել համապատասխան դաշտ, երաշխավորել ձեռնարկատիրության իրավական հնարավորությունների հավասարությունը:

Հ. - Ի՞նչ կանեիք, որպեսզի դատաիրավական համակարգը դառնար անկախ և անկաշառ, բոլոր օրենքները գործեին բոլորի համար հավասար:
Պ. - Փոխել դատավորների նշանակման կարգը, որպեսզի վերացվի որևէ կախվածություն գործադիր իշխանությունից և ապահովվի դատավորների նշանակման հրապարակայնությունը։ Արդարադատության խորհուրդը դարձնել դատավորների իրական երաշխավոր։ Նրա կազմում պետք է ընդգրկել միայն դատավորների, փաստաբանների և գիտնական իրավաբանների։

Հ. - Ընտրվելու դեպքում ինչպե՞ս կաշխատեք խուսափել տանիք դառնալուց այն ուժերին, որոնք այսօր Ձեզ աջակցում են իշխանության գալու համար, և ինչպե՞ս կպայքարեք կոռուպցիայի դեմ:
Պ. - Ինձ այնպիսի ուժեր չեն սատարում, որոնք տանիքի կարիք ունեն։ Եվ, առհասարակ, մենք հենց դրա դեմ ենք պայքարում։

Հ. - Լուծման ի՞նչ առաջարկ կներկայացնեք փոքր խումբ կազմող հարուստների և աղքատ մեծամասնության միջև գոյացած տնտեսական հակասությունը նվազեցնելու համար:
Պ. - Պատասխաններն ամփոփված են «Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ճգնաժամի հաղթահարման մասին» հեղինակային և «Փետրվարի 19-ին միասին փրկենք հայրենիքը» ընտրական ծրագրերում:

Հ. - Ի՞նչ միջոցներ կձեռնարկեիք ներդրողներին գրավելու և աշխատատեղեր ստեղծելու համար:
Պ. - Ստեղծել հարկային այնպիսի օրենսդրություն, որը կխթանի ներդրումները, կսահմանի հարկային արտոնություններ և կայունության երաշխիքներ կապահովի խոշոր ներդրումների համար՝ պահպանելով տեղական ներդրողների առաջնահերթությունը (ծրագրի երրորդ դրույթ):

Հ. - Ինչպիսի՞ քայլեր կձեռնարկեիք կրթության մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և կրթությունը հասարակության բոլոր շերտերին մատչելի դարձնելու համար:
Պ. - Բացի ծրագրային դրույթներից, թույլ չէի տա, որ բաղնիք-բորդելի տերերը համատեղեին երկրիս կրթության նախարարի կամ իմ նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատուի պաշտոնները:

Հ. - Ի՞նչ կանեիք, որպեսզի դատաիրավական համակարգը դառնար անկախ և անկաշառ, բոլոր օրենքները գործեին բոլորի համար հավասար:
Պ. - Դատաիրավական համակարգի կարգավորումը սկսելու ենք կառուցվածքային կոշտ քաղաքականությունից:

Հ. - Ընտրվելու դեպքում ինչպե՞ս կաշխատեք խուսափել տանիք դառնալուց այն ուժերին, որոնք այսօր Ձեզ աջակցում են իշխանության գալու համար և ինչպե՞ս կպայքարեք կոռուպցիայի դեմ:
Պ. - Մեզ աջակցող բոլոր ուժերը գաղափարակիցներ են, կոռուպցիոներներից հիմնականում տուժածներ, և այդ երևույթի դեմ պայքարելու գործում բարդույթներ չունենք:

Հ. - Լուծման ի՞նչ առաջարկ կներկայացնեք փոքր խումբ կազմող հարուստների և աղքատ մեծամասնության միջև գոյացած տնտեսական հակասությունը նվազեցնելու համար:
Պ. - Նշված հիմնախնդրի լուծումը ունի տնտեսական և սոցիալական բաղադրամասեր, այդ պատճառով կապված է տնտեսական և սոցիալական քաղաքականության համաձայնեցվածությունից: Իմ խորին համոզմամբ, անհրաժեշտ է իրականացնել համակարգված այնպիսի քաղաքականություն, որի գերագույն նպատակը լինի ժողովրդի բարեկեցության բարձրացումը: Այդ գերխնդրի իրականացումը կպահանջի բազմաթիվ սոցիալական ծրագրերի օպտիմալ համաձայնեցում, ինչը կվերացնի մեր երկրում առկա բազմաթիվ սոցիալական պրոբլեմները:

Հ. - Ի՞նչ միջոցներ կձեռնարկեիք ներդրողներին գրավելու և աշխատատեղեր ստեղծելու համար:
Պ. - Այս խնդիրը իրագործելու համար անհրաժեշտ է ստեղծել գրավիչ ներդրումային դաշտ: Ընդ որում, կարելի է արտոնյալ պայմաններ ստեղծել արտասահմանյան ներդրողների և սփյուռքահայ բիզնեսի համար: Այստեղ կա արևմտյան կապիտալը խրախուսելու անհրաժեշտություն, որը բախվում է Հայաստանում նոր ձևավորվող շուկային հարմարվելու խնդրի հետ: Այդ նպատակով պետք է կատարելագործել իրավական դաշտը՝ ներառելով նաև արտոնյալ հարկային մեխանիզմը:

Հ. - Ինչպիսի՞ քայլեր կձեռնարկեիք կրթության մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և կրթությունը հասարակության բոլոր շերտերին մատչելի դարձնելու համար:
Պ. - Այս հարցը վերաբերում է մեր կրթական համակարգի բարեփոխումներին։ Իմ նախընտրական ծրագրում կրթության մատչելիության խնդիրը առանցքային նշանակություն ունի։ Մենք ունենք մտավոր և գիտական ներուժ, որի արդյունավետ օգտագործումը հնարավոր է միայն պետության, կրթօջախների և սովորողների համաձայնեցված համակարգ ստեղծելու և գործնականում կիրառելու պայմաններում։

Հ. - Ի՞նչ կանեիք, որպեսզի դատաիրավական համակարգը դառնար անկախ և անկաշառ, բոլոր օրենքները գործեին բոլորի համար հավասար:
Պ. - Դատաիրավական համակարգի կատարելագործման հարցը պետաիրավական բարեփոխումների կարևորագույն տարրերից մեկն է։ Նախագահ ընտրվելու դեպքում հետամուտ կլինեմ այնպիսի համակարգի ստեղծմանը, որում դատական իշխանությունը՝ որպես պետական իշխանության ճյուղերից մեկը, ենթարկվի օրենքի գերակայությանը։

Հ. - Ընտրվելու դեպքում ինչպե՞ս կաշխատեք խուսափել տանիք դառնալուց այն ուժերին, որոնք այսօր Ձեզ աջակցում են իշխանության գալու համար, և ինչպե՞ս կպայքարեք կոռուպցիայի դեմ:
Պ. - Նախ՝ ինձ աջակցում են իմ գաղափարակիցները և համախոհները: Նրանք կիսում են «Ազգային համաձայնության» ռազմավարական ծրագրի գաղափարները: Մեզ համար նախընտրական շտաբերը հայկական օջախներն են: Հետևաբար հայ օջախն ինձ համար համաձայնության խորհրդանիշ է և ոչ թե տանիք։ Եթե ընտրվեմ նախագահ, կիրականացնեմ իմ նախընտրական ծրագրի կետերը, այդ թվում կաշառակերության դեմ ուղղված հակակոռուպցիոն նորմատիվային բազայի ձևավորումը և ամրապնդումը։

Հ. - Լուծման ի՞նչ առաջարկ կներկայացնեք փոքր խումբ կազմող հարուստների և աղքատ մեծամասնության միջև գոյացած տնտեսական հակասությունը նվազեցնելու համար:
Պ. - Արդյունաբերության զարգացման հաշվին կստեղծեմ նոր աշխատատեղեր, ստվերային տնտեսությունը կրճատելու շնորհիվ կհամալրեմ պետական բյուջեն: Բազմաթիվ այլ քայլեր կան, որոնք մանրամասնորեն ներկայացված են իմ ծրագրում:

Հ. - Ի՞նչ միջոցներ կձեռնարկեիք ներդրողներին գրավելու և աշխատատեղեր ստեղծելու համար:
Պ. - Կվերացնեմ երկրում տիրող կլանային համակարգն ու համատարած կաշառակերությունը պետական համակարգում:

Հ. - Ինչպիսի՞ քայլեր կձեռնարկեիք կրթության մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և կրթությունը հասարակության բոլոր շերտերին մատչելի դարձնելու համար:
Պ. - Կարծում եմ, որ անհրաժեշտ է ընդօրինակել նախկին խորհրդային կրթական համակարգի դրական կողմերը և, բնականաբար, արդիականացնել այն:

Հ. - Ի՞նչ կանեիք, որպեսզի դատաիրավական համակարգը դառնար անկախ և անկաշառ, բոլոր օրենքները գործեին բոլորի համար հավասար:
Պ. - Իմ ծրագրում այդ խնդիրների լուծման ուղենիշներին հատկացրել եմ մեկ ամբողջ բաժին:

Հ. - Ընտրվելու դեպքում ի՞նչպես կաշխատեք խուսափել տանիք դառնալուց այն ուժերին, որոնք այսօր Ձեզ աջակցում են իշխանության գալու համար, և ինչպե՞ս կպայքարեք կոռուպցիայի դեմ:
Պ. - Ինձ պաշտպանում են այնպիսի մարդիկ և ուժեր, որոնք ինձնից նման ակնկալիքներ չունեն և, բնականաբար, ես էլ նրանց առջև նման պարտավորություններ չունեմ:

Հ. - Լուծման ի՞նչ տարբերակ կառաջարկեք փոքրամասնություն կազմող հարուստների և աղքատ մեծամասնության միջև գոյացած տնտեսական հակասությունը նվազեցնելու համար:
Պ. - Միակ տարբերակը կայուն աճ ապահովող տնտեսական քաղաքականությունն է և նոր աշխատատեղերի ստեղծումը, ինչին մենք արդեն ձեռնամուխ ենք եղել: Ձևավորվում են սոցիալական հատկացումների առավել նպատակային և հասցեագրված մեխանիզմներ, մշակվում են մարդկանց զբաղվածության ծրագրեր: Կարևոր խնդիր է փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը և միջին խավի ձևավորումը:

Հ. - Ի՞նչ միջոցներ կձեռնարկեք ներդրողներին գրավելու և աշխատատեղեր ստեղծելու համար:
Պ. - Ներդրողներին ներգրավելու կարևոր նախապայմաններն են երկրի քաղաքական կայունությունը, բարենպաստ օրենսդրական միջավայրը, բիզնեսի պաշտպանվածությունը և անկախ դատական համակարգի առկայությունը: Ներդրողներին ներգրավելու առումով կարևոր քայլ էր Հայաստանի անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, որը գործարարների համար բացում է նոր, կանխատեսելի շուկաներ:

Հ. - Ի՞նչ քայլեր կձեռնարկեք կրթության մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և հասարակության բոլոր շերտերին մատչելի դարձնելու համար:
Պ. - Առաջնահերթ խնդիրներ են դպրոցի կառավարման ինքնուրույնության մակարդակի բարձրացումը, կրթության արդիական ծրագրերի և տեխնոլոգիաների ներդրումը, դպրոցների նյութատեխնիկական ապահովվածությունը: Անհրաժեշտ քայլ է պետության կողմից կրթությանը հատկացվող միջոցների ավելացումը, գիտելիքների ստանդարտների հաստատումը, ուսուցչի հեղինակության բարձրացումը և սոցիալական վիճակի բարելավումը: Կարևոր խնդիր է նաև դպրոցական շենքերի կառուցումն ու նորոգումը, գույքային պայմանների բարելավումը:

Հ. - Ի՞նչ կձեռնարկեիք, որպեսզի դատաիրավական համակարգը դառնար անկախ և անկաշառ, բոլոր օրենքները գործեին բոլորի համար հավասար:
Պ. - Դատաիրավական համակարգի անկախության ապահովման համար կատարվել են հսկայական օրենսդրական փոփոխություններ: Ստեղծվել է իշխանության մյուս ճյուղերից անկախ դատական համակարգ: Լիակատար անկախության անհրաժեշտ տարրերից է համակարգի սոցիալական պաշտպանվածության բարձրացումը: Շարունակվելու են բարեփոխումները դատախազությունում, անվտանգության և ոստիկանության մարմիններում: Սահմանադրական բարեփոխումների նոր փաթեթը մի նոր աստիճանի կբարձրացնի արդարադատության մակարդակը:

Հ. - Եթե ընտրվեք, ինչպե՞ս կխուսափեք տանիք դառնալու այն ուժերին, որոնք Ձեզ աջակցում են իշխանության գալու համար և ինչպե՞ս կպայքարեք կոռուպցիայի դեմ:
Պ. - Նախագահ առաջին անգամ չեմ լինելու: Ինձ աջակցում է հասարակության ողջ սպեկտրը՝ կուսակցություններ, հասարակական, հայրենակցական, երիտասարդական կազմակերպություններ, գործարարներ... որի տանիքը պիտի լինեմ: Նախագահը ոչ թե առանձին ուժերի, այլ երկրի նախագահն է: Հակակոռուպցիոն միջոցառումները համակարգված, թափացիկ դարձնելու նպատակով մշակվել է ռազմավարական ծրագիր: Ընդունվել են բավականին օրենքներ: Կոռուպցիայի կանխարգելման նպատակով շարունակելու ենք պարզեցնել գործունեության տարբեր տեսակների թույլտվության կարգը:

Հ. - Լուծման ի՞նչ տարբերակ կառաջարկեք փոքրամասնություն կազմող հարուստների և աղքատ մեծամասնության միջև գոյացած տնտեսական հակասությունը նվազեցնելու համար:
Պ. - Իմ սկզբունքն է ոչ թե հարուստներին աղքատացնել, այլ աղքատներին հարստացնել: Հարուստների մի մասը օգտվում է ապօրինի արտոնություններից՝ չի վճարում հարկեր, վայելում է իշխանությունների հովանավորչությունը և աննախադեպ գերեկամուտներ ստանում: Եթե մենք ապահովենք ստվերային տնտեսության էական նվազում, ապա բյուջեն հնարավորություն կունենա ավելի շատ սոցիալական ծրագրեր իրականացնել: Բացի այդ, պետք է աշխատատեղեր ստեղծել և տնտեսությունն աշխուժացնել:

Հ. - Ի՞նչ միջոցներ կձեռնարկեք ներդրողներին գրավելու և աշխատատեղեր ստեղծելու համար:
Պ. - Ներդրողներին գրավելու համար պետք է կատարել օրենսդրական դաշտի բարեփոխում, երկրի ներսում հաստատել օրինականություն, կարգ ու կանոն: Եվ, իհարկե, կարևոր է ողջ տարածաշրջանի ինտեգրացիան, որը կլուծի հաղորդակցությունների, անվտանգության, շուկայի ընդլայնման խնդիրները: Նաև խիստ կարևորում եմ փոքր ձեռնարկությունների ստեղծումը և արտոնյալ վարկերի տրամադրումը:

Հ. - Ի՞նչ քայլեր կձեռնարկեք կրթության մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և հասարակության բոլոր շերտերին մատչելի դարձնելու համար:
Պ. - Մեր կրթական համակարգում կան ուղղություններ, որոնք միանգամայն համապատասխանում են միջազգային չափանիշներին: Իսկ նոր ուղղություններին (մենեջմենթ, ֆինանսական կառավարում և այլն) պետությունը պետք է որոշակի աջակցություն ցուցաբերի: Կրթության համակարգում պետք է պահպանել սոցիալական արդարությունը: Ստեղծել հատուկ կրթական հիմնադրամներ, որոնք թույլ կտան ընդունակ երեխաներին որակյալ կրթություն ստանալ՝ անկախ նրանց սոցիալական դիրքից և ֆինանսական հնարավորություններից:

Հ. - Ի՞նչ կձեռնարկեիք, որպեսզի դատաիրավական համակարգը դառնար անկախ և անկաշառ, բոլոր օրենքները գործեին բոլորի համար հավասար:
Պ. - Այստեղ շատ մեծ նշանակություն ունի երկրի նախագահի և վարչակազմի պահվածքը: Ինչքան էլ օրենքները փոխվեն, եթե վերևից անընդհատ չի պարտադրվում հավասարություն օրենքի առջև, ոչ մի դատաիրավական համակարգ չի կայանա: Դրա հետ մեկտեղ, օրենքներով պետք է ամրագրել դատական համակարգի անկախությունը: Բայց այդ անկախությունն իշխանություններին բնավ էլ չի ազատում պատասխանատվությունից:

Հ. - Եթե ընտրվեք, ինչպե՞ս կխուսափեք տանիք դառնալու այն ուժերին, որոնք Ձեզ աջակցում են իշխանության գալու համար, և ինչպե՞ս կպայքարեք կոռուպցիայի դեմ:
Պ. - Ես մի անգամ այդ խնդրի հետ առնչվել եմ, 1990 թվին, երբ մենք եկանք իշխանության: Այն ժամանակ երկրում նախագահի ինստիտուտ չկար, ես վարչապետ էի, և ամբողջ գործադիր իշխանությունը կենտրոնացած էր իմ ձեռքում, և ես տանիք չէի ոչ մեկի համար և միգուցե այդ էր պատճառը, որ ես մեկ տարուց մի քիչ ավելի աշխատելուց հետո, հրաժարական տվեցի: Կարծում եմ, որ երկիրն այնքան է զարգացել, և ես այնքան լուրջ փորձ եմ կուտակել, որ դա չի հանգեցնի նրան, որ ես մեկուկես տարի հետո նորից հրաժարական տամ:

Հ. - Լուծման ի՞նչ առաջարկ կներկայացնեիք փոքրամասնություն կազմող հարուստների և աղքատ մեծամանության միջև գոյացած տնտեսական հակասությունը նվազեցնելու համար:
Պ. - Նախ և առաջ պետք բացահայտվի հարստության «ծագումնաբանությունը»՝ ձեռքբերման ճանապարհը, և եթե այն անօրինական է, ապա պետք է բարձրացվի քրեական պատասխանատվության հարց: Աղքատ մեծամասնության հարցը երբևիցէ չպետք լուծվի վերաբաշխման միջոցով: Իր ճիշտ լուծումն այն կարող է ստանալ միայն տնտեսության՝ գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացման արդյունքում, երբ ձևավորվի և հասարակության մեջ առաջատար դիրք զբաղեցնի միջին խավը:

Հ. - Ի՞նչ միջոցներ կձեռնարկեիք ներդրողներին գրավելու և աշխատատեղեր ստեղծելու համար:
Պ. - Առաջին հերթին պետք է աշխատի օրենսդրական դաշտը՝ ներդրողը պետք է օրենքով պաշտպանված լինի: Պետք է իսպառ վերացվեն նրանց նկատմամբ ոտնձգությունները, և այդ սկզբունքը պետք է օրենսդրորեն ամրագրվի: Պետք է խրախուսվեն ներդրումներն արդյունաբերության, այլ ոչ թե սպասարկման ոլորտների մեջ: Աշխատատեղեր ստեղծելու միակ ճիշտ ճանապարհը որոշվում է հենց այդ խնդրի արդյունավետ լուծման շրջանակներում և անմիջականորեն առնչվում է արդյունաբերության զարգացման գործընթացին:

Հ. - Ինչպիսի՞ քայլեր կձեռնարկեիք կրթության մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և հասարակության բոլոր շերտերին մատչելի դարձնելու համար:
Պ. - Անվերապահորեն մտնելով կրթության մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու մրցավազիքի մեջ՝ մենք քանդեցինք իրեն բազմաթիվ պարամետրերով արդարացրած խորհրդային կրթահամակարգը: Պետք է վերականգնել մշակված և փորձարկված այդ համակարգը՝ այն որակապես համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին: Կրթությունը և գիտությունը պետք դառնան պետության պրիորիտետներից կարևորագույնները: Մատչելի լինելու համար կրթությունը պետք է լինի հիմնականում անվճար՝ չբացառելով նաև այդ ոլորտի կառավարման ժամանակակից ճկուն ձևերը:

Հ. - Ի՞նչ կձեռնարկեիք, որպեսզի դատաիրավական համակարգը դառնար անկախ և անկաշառ, բոլոր օրենքները գործեին բոլորի համար հավասար:
Պ. - Դատաիրավական համակարգում պետք ընդգրկվեն միայն հասարակական հաստատությունների կողմից ներկայացված և երաշխավորված պրոֆեսիոնալներ, պետք է լուծվի նրանց սոցիալական ապահովության խնդիրը՝ ինչով կապահովվի կոռուպցիայից նրանց զերծ մնալու խնդիրը: Խիստ կարևորում եմ նաև նրանց անկախ գործունեությունն օրենքով կարգավորելու հարցը:

Հ. - Եթե ընտրվեք, ինշպե՞ս կխուսափեք տանիք դառնալու այն ուժերին, որոնք Ձեզ այսօր աջակցում են իշխանության գալու համար, և ինչպե՞ս կպայքարեք կոռուպցիայի դեմ:
Պ. - Ես ինձ այդ վտանգից լիովին պաշտպանված եմ զգում: Երբևիցե չեմ համագործակցել ինձնից ինչ-որ պաշտոն կամ ուրիշ արտոնություն ակնկալող ուժերի հետ: Իսկ ինչ վերաբերում է նրանց, ովքեր օգնում են ինձ իմ գործունեության մեջ, ապա մեծ մասամբ դա ազնիվ, բարոյական, կոմպետենտ մարդիկ են, և նրանց ներկայությունը պետական համակարգում կարող է միայն լրջագույնս նպաստել մեր պետության առջև կանգնած ցանկացած խնդիրների լուծմանը: Կոռուպցիայի դեմ պայքարի երաշխավորը պետք է լինի հանրապետության Նախագահը, և իր այդ առաքելությունն իրագործելու համար անհրաժեշտ է.

  • կայացնել քաղաքական որոշում այս չարիքի հետ պայքարելու համար

  • ստեղծել այն իրականացնող առողջ համակարգ

  • լուծելով զարգացած տնտեսության պրոբլեմը՝ երաշխավորել սոցիալական խնդիրների լուծումը

  • պայքարել ոչ թե լոզունգներով, այլ ողջ համակարգով՝ ապահովելով օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվությունը՝ շարքային քաղաքացուց մինչև նախագահ և նախագահից մինչև շարքային քաղաքացի:

Հ. - Լուծման ի՞նչ առաջարկ կներկայացնեք փոքր խումբ կազմող հարուստների և աղքատ մեծամասնության միջև գոյացած տնտեսական հակասությունը նվազեցնելու համար:
Պ. - Երկիրը ռեսուրսներ ունի առնվազն եռապատկել բյուջեի մուտքային մասը, որի հաշվին աշխատավարձերը և թոշակները կհամապատասխանեցվեն կենսապահովման նվազագույն զամբյուղին: Հարկային ու հակակոռուպցիոն քաղաքականության շնորհիվ ստվերային տնտեսությունը կհասցվի նվազագույնի:

Հ. - Ի՞նչ միջոցներ կձեռնարկեիք ներդրողներին գրավելու և աշխատատեղեր ստեղծելու համար:
Պ. - Համատեղ ձեռնարկությունների ստեղծում, պետական երաշխիքների ապահովում, հարկային ժամանակավոր արտոնությունների տրամադրում:

Հ. - Ինչպիսի՞ քայլեր կձեռնարկեիք կրթության մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և կրթությունը հասարակության բոլոր շերտերին մատչելի դարձնելու համար:
Պ. - Ուսուցիչների նյութական վիճակի էական բարելավում, նրանց մասնագիտական մակարդակի բարձրացում պարբերական վերապատրաստումների միջոցով, ժամանակակից ուսումնական տեխնոլոգիաների ներդրում, լեզուների խորացված ուսուցում, համակարգչային գրագիտության ապահովում, ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի ամրապնդում:

Հ. - Ի՞նչ կանեիք, որպեսզի դատաիրավական համակարգը դառնար անկախ և անկաշառ, բոլոր օրենքները գործեին բոլորի համար հավասար:
Պ. - Օրենքի համաձայն, դատաիրավական համակարգի յուրաքանչյուր աշխատակից օրինազանցության համար կհեռացվի համակարգից:

Հ. - Ընտրվելու դեպքում ինչպե՞ս կաշխատեք խուսափել տանիք դառնալուց այն ուժերին, որոնք այսօր Ձեզ աջակցում են իշխանության գալու համար, և ինչպե՞ս կպայքարեք կոռուպցիայի դեմ:
Պ. - Երկրում, որտեղ օրենքները գործում են, տանիք ունենալու անհրաժեշտություն չկա: Կոռուպցիայի դեմ պայքարի ամենալավ միջոցը իշխանության թևերի տարանջատումն է, հասարակական ինստիտուտների կողմից վերահսկողության ապահովումն է, երկրի չկոռուպցված ղեկավարն է:


  Inside
 

Voter questions, candidate answers

Full story

 
 
 
 

Who will help the pensioners?

Full story

 
 
 
 

Who will stop the corruption?

Full story

 

  Photo of the week
  Photo of the week: Tamper resistant?
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Tamper resistant?

Journalists flocked to Zvartnots Airport Tuesday to greet the arrival of plastic boxes, heralded by the Organization for Security and Cooperation in Europe as Armenia's first step toward "transparent" elections. The 2,000 boxes - at a cost of about $4 each - were financed by the US, Swiss, German and Norwegian governments. Newspaperman Tigran Liloyan gave one ballot bucket a test run.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.