Գործարար
Վարդգես Ամիրջանյանը հաջորդ նախագահից աշխատանք
է ակնկալում:
«Աշխատատեղ թող ստեղծեն, որ մարդիկ ընտանիք, երեխա
չթողնեն-գնան, օտար ափերում բախտ որոնեն, - ասում
է 35-ամյա Ամիրջանյանը, որն աշխատանք գտնելու համար
գնացել է Մոսկվա, - Կարոտը խեղդում է, բայց ուրիշ
ելք չունեմ»:
Ըստ ՀՀ սոցապահովության նախարարության «ՀՀ զբաղվածության
ծառայություն» գործակալության, 2003 թ. հունվարի
1-ի դրությամբ աշխատանքի տեղավորելու խնդրանքով
իրենց է դիմել 154071 մարդ, որոնցից 8473-ին 2002
թվականին հաջողվել է տեղավորել աշխատանքի:
Նախարարությունից հայտնում են, որ գործազրկության
մակարդակը հանրապետությունում անցյալ տարի կազմել
է 9 %, ինչը լավագույն դեպքում կազմում է իրական
թվի մեկ-երրորդը:
«Ռադիո «Վան»-ով հնչած մեր հաղորդումից պարզ դարձավ,
որ մինչ այժմ տեղեկատվությունը պատշաճ մակարդակի
վրա չի եղել, - ասում է նախարարության զբաղվածության
ծառայության մամլո քարտուղար Անուշ Հարությունյանը,
- Շատ-շատերը չգիտեն, որ մենք տարածքային կենտրոններ
ունենք»:
Սակայն գործակալությունը պնդում է, որ բոլոր դիմողները
կարող են ստանալ կամ գործազրկության նպաստ (որն
այս տարվա սկզբի դրությամբ ստանում է 6010 մարդ),
կամ այլ օգնություն (որը ստանում է 7371 հոգի) և
կամ էլ մասնակցել «Նպաստ աշխատանքի դիմաց» կամ «Պարեն
աշխատանքի դիմաց» ծրագրերին:
Գործակալությունը, որի 51 տարածքային կենտրոններից
31-ը դեռևս զուրկ են համակարգիչներից, միայն այս
ամիս կկարողանան լիովին զինվել դրանցով, ստեղծել
տեղեկատվական ընդհանուր բազա և գործել ավելի արդյունավետ:
«Մենք պետռեգիստրից տեղեկանում ենք նոր գրանցված
հիմնարկ-ձեռնարկությունների մասին, սակայն գործատուներն
իրենք պետք է ներկայացնեն ունեցած թափուր աշխատատեղերի
թիվը, - ասում է Հարությունյանը, - Ես չեմ կարող
նրանց ստիպել»:
Նա
վստահեցնում է, որ 2000 գործազուրկի համար շուտով
կկազմակերպվի ուսուցում: Մինչդեռ անցյալ տարի, վերապատրաստվել
է ընդամենը 184 գործազուրկ: Գործակալությունն այս
տարի մտադիր է ոչ միայն մրցակցել, այլև համագործակցել
զբաղվածության ոչ պետական կազմակերպությունների
հետ, որոնց թիվը միայն Երևանում 21-ն է:
Սակայն գործակալությունները կարող են միայն տեղավորել
աշխատանքի, նրանք չեն կարող աշխատատեղեր ստեղծել:
Աշտարակի զբաղվածության տարածքային կենտրոնի ղեկավար
Հայրապետ Սեթոյանն ասում է. - «Կպահանջեի, որ գոնե
նախկին հզորության 50 %-ի չափով վերականգնվեին կարի
և տրիկոտաժի արտադրությունները, գիտական պոտենցիալ
ունեցող հիմնարկները»:
Սակայն պետությունն այսօր ի վիճակի չէ սեփական
ուժերով ստեղծել այնքան աշխատատեղ, որքան անհրաժեշտ
է: Այդ խնդրի լուծման համար հարկավոր են մեծ ներդրումներ
դրսից: Եվ դրա նախապայմաններն այսօր ստեղծվել են:
«Հերիթիջ ֆաունդեյշն» կազմակերպության վերջերս
հրապարակած զեկույցից երևում է, որ ԱՊՀ-ում Հայաստանն
ունի տնտեսական ազատության ամենաբարձր աստիճանը:
Զեկույցում դիտարկված է աշխարհի 161 երկրների
կառավարությունների մասնակցությունը տնտեսության
մեջ, նրանց առևտրային և ֆինանսական քաղաքականությունը,
առկա հարկային բեռը, բանկային համակարգերը, կապիտալի
շարժը, արտասահմանյան ներդրումները, սեփականության
իրավունքի վիճակը, աշխատավարձերն ու գնային քաղաքականությունը,
ինչպես նաև կոռուպցիան և «ստվերային շուկան»: Այդ
գործոնների ուսումնասիրությունից պարզվել է, որ
Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 44-րդ տեղը և
դասվում է «հիմնականում ազատ» պետությունների շարքին:
Բացի այդ, Հայաստանն ու Լիտվան գրավել են երկրորդ
տեղը՝ որպես «դասակարգման» ստեղծումից, այսինքն
1995 թվականից մինչ օրս, առավել առաջընթաց ունեցած
երկրներ:
Այս տարի լրանում է Համաշխարհային բանկի գործունեության
տասնամյակը Հայաստանում: Ըստ ՀԲ արտաքին կապերի
պատասխանատու Վիգեն Սարգսյանի, այդ տասնամյակի ընթացքում
հաստատվել է 30 վարկային ծրագիր՝ 697,2 մլն դոլար
ընդհանուր գումարով:
«Քանզի ՀԲ գլխավոր առաքելությունն աղքատության
նվազեցումն է, ծրագրերը հիմնականում սոցիալական
ուղղվածություն ունեն: Ես կդժվարանամ այս պահին
նշել որևէ ծրագիր, որն իր անմիջական կամ ոչ անմիջական
ազդեցությունը չունենա սոցիալական ոլորտի վրա»,
- ասում է Սարգսյանը: Բանկը ֆինանսավորել է շուրջ
100 փոքր ու միջին արդյունաբերական ձեռնարկություն
և ուղղակիորեն օգնել 2800 աշխատատեղ ստեղծելուն:
Գյուղատնտեսության ոլորտում բանկի կատարած ներդրումներն
աշխատանք են ապահովում 7500 ընտանիքների համար:
715 կիլոմետր մայրուղիներ Հայաստանում վերականգնվել
է ՀԲ ֆինանսավորած ծրագրերի միջոցով:
««Լինսի» հիմնադրամի ծրագրի շրջանակներում մենք
իրականացնում ենք ընդհանուր օգտագործման ճանապարհների
շինարարության, վերակառուցման, վերանորոգման և Երևանի
փողոցների վերականգնման ծրագրերը», - ասում է «Ճանապարհաշինություն»
ծրագրի իրականացման գրասենյակի տնօրեն Էդուարդ Բեզոյանը:
Նա հայտնում է, որ այդ դրամաշնորհների օգնությամբ
Երևանում ստեղծվել է 650-700, իսկ մարզերում՝ 6000-6500
աշխատատեղ:
«Լինսի» հիմնադրամը Հայաստանին տրամադրել է նաև
43,8 մլն դոլարի դրամաշնորհ՝ աղետի գոտու վերականգնման,
և 17,5 մլն դոլարի դրամաշնորհ՝ մշակույթի օբյեկտների
վերանորոգման համար, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի
զարգացմանն ուղղված 20 մլն դոլարի վարկ: Վերջին
գումարով վարկավորվել է շուրջ 50 ծրագիր, ինչի շնորհիվ
ստեղծվել է 3000 աշխատատեղ:
Միջազգային կազմակերպությունների հետազոտությունները
ցույց են տալիս, որ բնակչության կեսից ավելիի կենսամակարդակը
աղքատության մակարդակից ցածր է:
Ըստ Համաշխարհային բանկի, Հայաստանում արձանագրվել
է տպավորիչ աճ, սակայն հետ են մնում արդարացի բաշխման
ու կայունության ասպեկտները:
Արտարժույթի միջազգային հիմնադրամի 2002 թ. հոկտեմբերի
9-ի Հայաստանին նվիրված փաստաթղթում, իր հերթին,
ասվում է. - «Կոռուպցիայի մակարդակն անհրաժեշտ է
նվազեցնել, որպեսզի երաշխավորվի տնտեսական արագ
աճի պտուղների ավելի հավասարաչափ բաշխումը բնակչության
շրջանում»:
Իսկ զեկույցում ներկայացված մարդիկ շատ պարզ հույսեր
են փայփայում, ինչպես Երևանի դեղատան աշխատող 20-ամյա
Մարինեն. - «Ե՞րբ է մարդկանց աշխատավարձը բավարարելու
գոնե նվազագույն կարիքները հոգալուն»:
|