ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 14, 2003 




Ընտրարշավ 2003. ապաքինվող տնտեսությունը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու


Գործարար Վարդգես Ամիրջանյանը հաջորդ նախագահից աշխատանք է ակնկալում:

«Աշխատատեղ թող ստեղծեն, որ մարդիկ ընտանիք, երեխա չթողնեն-գնան, օտար ափերում բախտ որոնեն, - ասում է 35-ամյա Ամիրջանյանը, որն աշխատանք գտնելու համար գնացել է Մոսկվա, - Կարոտը խեղդում է, բայց ուրիշ ելք չունեմ»:

Ըստ ՀՀ սոցապահովության նախարարության «ՀՀ զբաղվածության ծառայություն» գործակալության, 2003 թ. հունվարի 1-ի դրությամբ աշխատանքի տեղավորելու խնդրանքով իրենց է դիմել 154071 մարդ, որոնցից 8473-ին 2002 թվականին հաջողվել է տեղավորել աշխատանքի:

Նախարարությունից հայտնում են, որ գործազրկության մակարդակը հանրապետությունում անցյալ տարի կազմել է 9 %, ինչը լավագույն դեպքում կազմում է իրական թվի մեկ-երրորդը:

«Ռադիո «Վան»-ով հնչած մեր հաղորդումից պարզ դարձավ, որ մինչ այժմ տեղեկատվությունը պատշաճ մակարդակի վրա չի եղել, - ասում է նախարարության զբաղվածության ծառայության մամլո քարտուղար Անուշ Հարությունյանը, - Շատ-շատերը չգիտեն, որ մենք տարածքային կենտրոններ ունենք»:

Սակայն գործակալությունը պնդում է, որ բոլոր դիմողները կարող են ստանալ կամ գործազրկության նպաստ (որն այս տարվա սկզբի դրությամբ ստանում է 6010 մարդ), կամ այլ օգնություն (որը ստանում է 7371 հոգի) և կամ էլ մասնակցել «Նպաստ աշխատանքի դիմաց» կամ «Պարեն աշխատանքի դիմաց» ծրագրերին:

Գործակալությունը, որի 51 տարածքային կենտրոններից 31-ը դեռևս զուրկ են համակարգիչներից, միայն այս ամիս կկարողանան լիովին զինվել դրանցով, ստեղծել տեղեկատվական ընդհանուր բազա և գործել ավելի արդյունավետ:

«Մենք պետռեգիստրից տեղեկանում ենք նոր գրանցված հիմնարկ-ձեռնարկությունների մասին, սակայն գործատուներն իրենք պետք է ներկայացնեն ունեցած թափուր աշխատատեղերի թիվը, - ասում է Հարությունյանը, - Ես չեմ կարող նրանց ստիպել»:

Նա վստահեցնում է, որ 2000 գործազուրկի համար շուտով կկազմակերպվի ուսուցում: Մինչդեռ անցյալ տարի, վերապատրաստվել է ընդամենը 184 գործազուրկ: Գործակալությունն այս տարի մտադիր է ոչ միայն մրցակցել, այլև համագործակցել զբաղվածության ոչ պետական կազմակերպությունների հետ, որոնց թիվը միայն Երևանում 21-ն է:

Սակայն գործակալությունները կարող են միայն տեղավորել աշխատանքի, նրանք չեն կարող աշխատատեղեր ստեղծել:

Աշտարակի զբաղվածության տարածքային կենտրոնի ղեկավար Հայրապետ Սեթոյանն ասում է. - «Կպահանջեի, որ գոնե նախկին հզորության 50 %-ի չափով վերականգնվեին կարի և տրիկոտաժի արտադրությունները, գիտական պոտենցիալ ունեցող հիմնարկները»:

Սակայն պետությունն այսօր ի վիճակի չէ սեփական ուժերով ստեղծել այնքան աշխատատեղ, որքան անհրաժեշտ է: Այդ խնդրի լուծման համար հարկավոր են մեծ ներդրումներ դրսից: Եվ դրա նախապայմաններն այսօր ստեղծվել են:

«Հերիթիջ ֆաունդեյշն» կազմակերպության վերջերս հրապարակած զեկույցից երևում է, որ ԱՊՀ-ում Հայաստանն ունի տնտեսական ազատության ամենաբարձր աստիճանը:

Զեկույցում դիտարկված է աշխարհի 161 երկրների կառավարությունների մասնակցությունը տնտեսության մեջ, նրանց առևտրային և ֆինանսական քաղաքականությունը, առկա հարկային բեռը, բանկային համակարգերը, կապիտալի շարժը, արտասահմանյան ներդրումները, սեփականության իրավունքի վիճակը, աշխատավարձերն ու գնային քաղաքականությունը, ինչպես նաև կոռուպցիան և «ստվերային շուկան»: Այդ գործոնների ուսումնասիրությունից պարզվել է, որ Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 44-րդ տեղը և դասվում է «հիմնականում ազատ» պետությունների շարքին: Բացի այդ, Հայաստանն ու Լիտվան գրավել են երկրորդ տեղը՝ որպես «դասակարգման» ստեղծումից, այսինքն 1995 թվականից մինչ օրս, առավել առաջընթաց ունեցած երկրներ:

Այս տարի լրանում է Համաշխարհային բանկի գործունեության տասնամյակը Հայաստանում: Ըստ ՀԲ արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանի, այդ տասնամյակի ընթացքում հաստատվել է 30 վարկային ծրագիր՝ 697,2 մլն դոլար ընդհանուր գումարով:

«Քանզի ՀԲ գլխավոր առաքելությունն աղքատության նվազեցումն է, ծրագրերը հիմնականում սոցիալական ուղղվածություն ունեն: Ես կդժվարանամ այս պահին նշել որևէ ծրագիր, որն իր անմիջական կամ ոչ անմիջական ազդեցությունը չունենա սոցիալական ոլորտի վրա», - ասում է Սարգսյանը: Բանկը ֆինանսավորել է շուրջ 100 փոքր ու միջին արդյունաբերական ձեռնարկություն և ուղղակիորեն օգնել 2800 աշխատատեղ ստեղծելուն: Գյուղատնտեսության ոլորտում բանկի կատարած ներդրումներն աշխատանք են ապահովում 7500 ընտանիքների համար: 715 կիլոմետր մայրուղիներ Հայաստանում վերականգնվել է ՀԲ ֆինանսավորած ծրագրերի միջոցով:

««Լինսի» հիմնադրամի ծրագրի շրջանակներում մենք իրականացնում ենք ընդհանուր օգտագործման ճանապարհների շինարարության, վերակառուցման, վերանորոգման և Երևանի փողոցների վերականգնման ծրագրերը», - ասում է «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակի տնօրեն Էդուարդ Բեզոյանը: Նա հայտնում է, որ այդ դրամաշնորհների օգնությամբ Երևանում ստեղծվել է 650-700, իսկ մարզերում՝ 6000-6500 աշխատատեղ:

«Լինսի» հիմնադրամը Հայաստանին տրամադրել է նաև 43,8 մլն դոլարի դրամաշնորհ՝ աղետի գոտու վերականգնման, և 17,5 մլն դոլարի դրամաշնորհ՝ մշակույթի օբյեկտների վերանորոգման համար, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված 20 մլն դոլարի վարկ: Վերջին գումարով վարկավորվել է շուրջ 50 ծրագիր, ինչի շնորհիվ ստեղծվել է 3000 աշխատատեղ:

Միջազգային կազմակերպությունների հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակչության կեսից ավելիի կենսամակարդակը աղքատության մակարդակից ցածր է:

Ըստ Համաշխարհային բանկի, Հայաստանում արձանագրվել է տպավորիչ աճ, սակայն հետ են մնում արդարացի բաշխման ու կայունության ասպեկտները:

Արտարժույթի միջազգային հիմնադրամի 2002 թ. հոկտեմբերի 9-ի Հայաստանին նվիրված փաստաթղթում, իր հերթին, ասվում է. - «Կոռուպցիայի մակարդակն անհրաժեշտ է նվազեցնել, որպեսզի երաշխավորվի տնտեսական արագ աճի պտուղների ավելի հավասարաչափ բաշխումը բնակչության շրջանում»:

Իսկ զեկույցում ներկայացված մարդիկ շատ պարզ հույսեր են փայփայում, ինչպես Երևանի դեղատան աշխատող 20-ամյա Մարինեն. - «Ե՞րբ է մարդկանց աշխատավարձը բավարարելու գոնե նվազագույն կարիքները հոգալուն»:


  Inside
 

Voter questions, candidate answers

Full story

 
 
 
 

Who will help the pensioners?

Full story

 
 
 
 

Who will stop the corruption?

Full story

 

  Photo of the week
  Photo of the week: Tamper resistant?
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Tamper resistant?

Journalists flocked to Zvartnots Airport Tuesday to greet the arrival of plastic boxes, heralded by the Organization for Security and Cooperation in Europe as Armenia's first step toward "transparent" elections. The 2,000 boxes - at a cost of about $4 each - were financed by the US, Swiss, German and Norwegian governments. Newspaperman Tigran Liloyan gave one ballot bucket a test run.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.