ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 14, 2003 




Ընտրարշավ 2003. արտերկրի քվեները նույնպես էական են


«Ինչ ընտրություն, երբ ընտանիքիս անդամներից միայն ես եմ մնացել Հայաստանում», - ասում է գորիսեցի թոշակառու տիկին Նինան, որը շատերի նման չգիտի, թե երբ են վերադառնալու իր զավակներն ու թոռները:

Սոցիալական և տնտեսական պայմանները շատ ընտանիքներ են բաժանել Հայաստանում, և հազարավոր մարդիկ աշխատանք գտնելու հույսով մեկնել են արտասահման:

Սակայն հաջորդ չորեքշաբթի կայանալիք նախագահական ընտրություններում նույնիսկ նրանք, ովքեր մեկնել են երկրից, հնարավորություն կունենան օգտվել ընտրության իրենց իրավունքից:

Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող է քվեարկել՝ ներկայացնելով անգամ նախկին խորհրդային անձնագիրը և գրանցվելով համապատասխան ընտրատարածքում:

«Այս տարվա նախագահական ընտրություններին կարող են մասնակցել անգամ հանրապետությունից անօրինական կերպով մեկնած քաղաքացիները», - ասում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը:

Արտերկրում բնակվող մեր համերկրացիների համար 34 քաղաքներում ստեղծվել են 36 ընտրատեղամասեր: Հաշվի առնելով, որ Լոս-Անջելեսում և Մոսկվայում գոյություն ունեն հայկական մեծ համայնքներ, այդ քաղաքներում ստեղծվել են երկուական ընտրատեղամասեր:

«Ընտրական տեղամասեր կարող ենք ստեղծել միայն այն քաղաքներում, որտեղ Հայաստանն ունի կամ դեսպանատուն կամ հյուպատոսարան, - նշում է Ձյունիկ Աղաջանյանը, - Նախագահի բոլոր թեկնածուների մասին ամբողջական տեղեկություններ նրանք կարող են ստանալ տվյալ երկրում Հայաստանի ներկայացուցչությունից, ինչպես նաև ինտերնետային ցանցից»:

Արտերկրում բնակություն հաստատած Հայաստանի քաղաքացիներին հուզող խնդիրներից ամենահրատապը հայրենիքում աշխատատեղերի ստեղծման և երկքաղաքացիության հարցերն են: Սակայն երկքաղաքացիության ընդունումը կախված է ոչ միայն նախագահից, այլև սահմանադրական փոփոխություններից, որոնք, ըստ օրենքի, կարող են արվել միայն հանրաքվեի միջոցով:

Նախորդ նախագահական ընտրություններին մասնակցել է արտերկրում բնակվող Հայաստանի մոտ 15000 քաղաքացի, որը ցածր ցուցանիշ է, եթե հաշվի առնենք երկրից մեկնած քաղաքացիների մեծ թիվը: Սակայն չմասնակցելու պատճառը հիմնականում ընտրական տեղամասերի հեռավորությունն է:

Բելգիայում ապրող Պայծառ Գալստյանն ասում է, որ չնայած ցանկությանը, չի գնալու ընտրությունների, քանի որ 5-6 ժամվա ճանապարհ պետք է անցնի, որպեսզի հասնի Բրյուսել:

«Անշուշտ մենք իրատեսական չենք համարում այն, որ Սիբիրում ապրող հայն իր բոլոր գործերը կթողնի, գումար կծախսի և կգա Մոսկվա ընտրելու համար, բայց նաև չենք կարող ընտրական տեղամասեր ստեղծել երկրագնդի բոլոր քաղաքներում», - ասում է Աղաջանյանը:

Ըստ Ազգային վիճակագրական վարչության տվյալների, վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանից մեկնել է 700000 հայ, սակայն «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տվյալների համաձայն, արտագաղթածների թիվն ավելի մեծ է՝ մոտ 1,5 միլիոն:

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը 2002 թ. հոկտեմբերից մինչև հունվար անցկացրել է հարցում և պարզել է, որ այսօր երևանաբնակների միայն 10-11 տոկոսն է մտադիր մեկնել:

«Այս թիվը չափազանց հուսադրող է, քանզի 10 տարի առաջ բնակչության 80 տոկոսն էր իր ապագան կապում արտերկրում ապրելու և աշխատելու հետ», - ասում է կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

Բնակչության արտագաղթի հիմնական պատճառը գործազրկությունն է, սակայն եթե արտագաղթի պատճառները քիչ են, ապա հետևանքները բազմաթիվ են:

Կոլորադոյում (ԱՄՆ) ապրող Մարիաննայի կարծիքով ընտրատեղամասեր ստեղծելու փոխարեն ավելի լավ կլիներ բարելավել կենսապայմանները Հայաստանում:

«Արտագաղթի սարսափելի աճը պետք է կանգնեցնել ոչ թե օդանավի տոմսի գները բարձրացնելով կամ դեսպանատներում դիմումները մերժելով, այլ ժողովրդի համար բարենպաստ պայմաններ ստեղծելով»:

Իսկ ներկայումս Գերմանիայում բնակվող Արմինե Աբրոյանն ասում է, որ օգտվելու է ընտրելու իր իրավունքից, թեև այլևս Հայաստանում չի ապրում:

«Ընտրությունների գնալը մեր պարտքն է հայրենիքի նկատմամբ, որն անպայման պետք է կատարենք», - ասում է նա:


  Inside
 

Voter questions, candidate answers

Full story

 
 
 
 

Who will help the pensioners?

Full story

 
 
 
 

Who will stop the corruption?

Full story

 

  Photo of the week
  Photo of the week: Tamper resistant?
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Tamper resistant?

Journalists flocked to Zvartnots Airport Tuesday to greet the arrival of plastic boxes, heralded by the Organization for Security and Cooperation in Europe as Armenia's first step toward "transparent" elections. The 2,000 boxes - at a cost of about $4 each - were financed by the US, Swiss, German and Norwegian governments. Newspaperman Tigran Liloyan gave one ballot bucket a test run.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.