ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 7, 2003 




Կյանք բեմի վրա. վաստակաշատ դերասանի հաջողությունների 50 տարին


Դերասան Խորեն Աբրահամյանի արվեստն իր հոգու խիղճն է:

«Ես չեմ կարող խաբել բեմում, արվեստում ես չեմ հանդուրժում սխալն ու կեղծը»:

Նրա մարմնավորած կերպարները հայելու նման պատկերում են կյանքի իրական կողմը՝ մարդկային անհաջողությունների և արժանիքների հակադրությամբ:

Խորեն Աբրահամյանի ճանապարհը դեպի բեմարվեստ դեռևս մանկուց էր գծված. երազներում թևածող երևակայությունն իրականություն կարող էր դառնալ միայն թատրոնում:

«Խորը երևակայությամբ մարդու համար ամենաճիշտ ուղին թատրոնն է, - ասում է մեծ դերասանը, - Այսօր թագավոր ես, վաղը՝ ծառա: Մի օր բարի ես, մյուս օրը՝ չար»:

Նրա կյանքում ամեն ինչ տեղի ունեցավ հեքիաթային արագությամբ: Ընդամենը 17 տարեկան էր, երբ Գեղարվեստա-թատերական ինստիտուտ ընդունվելուց հետո անմիջապես աշխատանքի անցավ Սունդուկյանի անվան Ակադեմիական թատրոնում: Այդ ժամանակ այդ թատրոնում էին խաղում այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Վաղարշ Վաղարշյանն ու այլոք:

«Այս դեմքերի կողքին երկրորդական դեր խաղալն արդեն մեծ փորձ էր, - հարգանքով հիշում է դերասանը, - Միայն սովորելով դերասան չեն դառնում, պետք է զգաս բեմի հոտը, պետք է բեմում նաև սխալվես, քանզի դա մի ուրիշ աշխարհ է»:

Խորեն Աբրահամյանի թավ, հանգիստ ձայնը, խիտ ունքերի տակից նայող խորը հայացքն ու առնական կեցվածքը՝ համապատասխանելով բազում հերոսների կերպարներին, միաձուլվեցին նրա բնատուր դերասանական տաղանդին և արդեն երիտասարդ տարիքում կերտեցին նրա անհատական կերպարը:

Մի քանի կինոնկարներում նկարահանվելուց հետո Խորեն Աբրահամյանն «Առաջին սիրո երգը» կինոնկարում կատարեց գլխավոր հերոս Արսեն Վարունցի դերը: Այդ ֆիլմի ցուցադրման հաջորդ առավոտյան նա արթնացավ որպես հայտնի մարդ: Կինոնկարն ամիսներով ցուցադրվում էր ամբողջ Խորհրդային Միության կինոթատրոններում:

Լաերտ Վաղարշյանի և Յուրի Երզնկյանի բեմադրած «Առաջին սիրո երգը» պատկերում էր մարդուն իր ներաշխարհով, իր բոլոր լավ ու վատ դրսևորումներով ու ելևէջներով: Կյանքի բարդ խաչմերուկներում իրար բախվող ճակատագրերի այս պատմությունը նոր էջ բացեց Խորեն Աբրահամյանի կյանքում:

«Փողոցով հանգիստ քայլել չէի կարող, իսկ եթե հանկարծ մտնում էի Մոսկվայի հսկայական ՑՈՒՄ-ը կամ ԳՈՒՄ-ը, աշխատանքն ուղղակի դադարում էր», - ծիծաղով ասում է դերասանը:

«Ինձ միշտ հարցնում էին, թե ինչպես հաջողվեց այդքան վարպետորեն զգալ այդ դերը: Ես պատասխանում էի, որ այդտեղ խաղալու բան չկար, բավական էր միայն կանգնել Հրաչյա Ներսիսյանի կողքին և նայել նրա աչքերին, նա այնքան վարակիչ էր, այնքան ջերմ, որ խաղալու բան չէր մնում»:

Այս կինոնկարը ստեղծվեց մի ժամանակաշրջանում, երբ գերիշխում էր «արտադրական» թեման, և հանկարծ այդ ֆոնի վրա հայտնվում է մի երգիչ իր անձնական, ընտանեկան խնդիրներով՝ վեճեր, կռիվ ու սեր ...

«Ութ տարի ես թատրոնում մասսայական տեսարաններում եմ խաղացել, ինչը շատ ճիշտ եմ համարում, բոլոր դերասաններն այդ ճանապարհով պետք է անցնեն: Բայց «Առաջին սիրո երգը» կինոնկարից հետո դադարեցի այդպիսի դերեր խաղալ, քանի որ հաճախ, երբ էպիզոդիկ կամ մասսայական տեսարանում դուրս էի գալիս բեմ, ծափահարությունների տարափը կանգնեցնում էր ներկայացման ողջ ընթացքը»:

Ժամանակն էր, որ 24-ամյա Խորեն Աբրահամյանը թատրոնի բեմ բարձրանար մեծ դերերով:

Նրա մասնակցությամբ ամեն ներկայացումը տոնի էր վերածվում ողջ քաղաքի համար: Դերասանի և ռեժիսորի նրա յուրահատուկ ու թարմ մոտեցումները նոր շունչ էին հաղորդում թե՛ բեմադրություններին, և թե՛ Սունդուկյանի անվան Թատրոնին: Նա խաղացել է «Օթելլո», «Վաթսուն տարի և երեք ժամ», «Դեպի ապագա», «Անավարտ մենախոսություն», «Արշալույսերն այստեղ խաղաղ էին», «Ոճրագործի ընտանիքը», «Դոկտոր Ստոկման», «Կորիոլան», «Ավերված քաղաքի առասպելը», «Մեռնելը որքան դժվար է» և այլ բեմադրություններում, որոնց մեծ մասի բեմադրիչն է եղել:

Աբրահամյանն իր մեծագույն տաղանդը թատրոնում և կինոյում դրսևորում էր ոչ միայն որպես դերասան, այլ նաև որպես հետաքրքիր ռեժիսոր:

«Երբ ասելիք ունես, չես կարող լռել, պետք է ստեղծես քո պատկերացրած երևույթը: Հաճախ դերակատարման ընթացքում անհաղթահարելի ցանկություն ես ունենում խաղընկերոջդ օգնել, նոր ուղղություն տալ նրան, նոր ձևով ներկայացնել նրան բեմադրության մեջ, - ասում է Աբրահամյանը, - Ռեժիսորի մասնագիտությունն ընտրում են ներշնչանքով, այլ ոչ թե մի օր նստում են, որոշում և ռեժիսոր դառնում»:

Դերասան, ռեժիսոր, 4 երեխաների հայր, պապիկ և ամուսին. դժվար է այս ամենը համատեղել մեկ մարդու մեջ, բայց Խորեն Աբրահամյանն արդեն 73 տարի է անմնացորդ տրվում է և՛ արվեստին, և՛ ընտանիքին: Նրա փոքր որդին 12 տարեկան է: Հոր հանրահայտ խոժոռ ու խիստ հայացքի մեջ նա տեսնում է անսահման սեր, ջերմություն և մանկանալու մեծ կարողություն:

«Ես խիստ չեմ երեխաներիս նկատմամբ, իմ կարծիքով պետք է նրանցից պահանջես անել այն, ինչ դու ինքդ կատարյալ կարողանում ես: Ամենաճիշտ դաստիարակությունն օրինակ ծառայելն է, - ասում է նա, - Բայց Արամիս հետ ուրիշ է: Ես 60 տարեկան պապիկ էի, երբ նա ծնվեց: Ես նրան միշտ մի բան եմ ասում. «Արա՛մ, ես քեզ երես կտամ, բայց դու երես չառնես»»:

Այսօր դերասանն ապրում է երիտասարդի ավյունն ու եռանդը սրտում: Նա չի դադարում արարել: «Ես անընդհատ ստեղծագործական վիճակում եմ, իսձ սպանելու միակ ճանապարհն ինձ ստեղծագործելու հնարավորությունից զրկելն է»:

1996 թվականին Խորեն Աբրահամյանը բեմադրեց Քոբրնի «Ջին խաղը» տրագիկոմեդիան՝ ներկայացնելով այն ոչ միայն Հայաստանի, այլև Փարիզի և Փասադենայի (ԱՄՆ) խստապահանջ հանդիսատեսի դատին: Հանրահայտ դերասան Կարեն Ջանիբեկյանի կարծիքով դա մի փառահեղ ներկայացում էր. - «Փառահեղ էր իր բեմադրությամբ, դերասանական վարպետությամբ և մարդու մեջ սերը պահելու հզորությամբ: Խորենը ևս մեկ անգամ ապացուցեց իր մեծությունն ու անմնացորդ նվիրումը»:

«Ջին խաղը» ծերանոցում ապրող մարդկանց պատմությունն է: Բեմում երկխոսություն է, թղթախաղ, և ընդամենը երկու կերպարների միջոցով վեր է հանվում համամարդկային թեման: Պիեսի հերոսները՝ Մարտին Ուոլերը (Խորեն Աբրահամյան) և Ֆենշին Դորսին (Գոհար Գալստյան) խելահեղ ջանքեր են գործադրում՝ ազատվելու մենության կապանքներից: Այս լքված տարեց մարդիկ իրենց փրկությունը գտել են ծերանոցում, գտել են միմյանց, գտել իրենց սերը՝ ապացուցելով, որ սիրում են բոլոր տարիքներում:

Ներկայացման վերջում մարդիկ չգիտեին՝ ծափահարեն դերասաններին հոյակապ խաղի համար, թե՞ ևս մեկ անգամ վերլուծեն իրենց ներաշխարհը:

Նույն կարոտով ու ջերմությամբ ընդունվեց 2001 թվականին Աբրահամյանի բեմադրած Պերճ Զեյթունցյանի «Խոր Վիրապ» պիեսը:

50 տարի շարունակ բեմում նա վայելել է ճանաչում և հաջողություն: Նրան շնորհվել է Ժողովրդական արտիստի կոչումը: Սակայն այդ կեսդարյա աշխատանքի իսկական պարգևը հազարավոր ձեռքերից ծնվող ծափերն ու իր կոչմանն անմնացորդ նվիրումն են:


  Inside
 

Decision 2003: Meet the candidates

Full story

 
 
 
 

Decision 2003: Guns, knives, fighting in Artashat. Politics as usual?

Full story

 
 
 
 

Change of Change: New dram coins being circulated into currency current

Full story

 

  Photos of the week
  Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge

Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Ups and Downs of Campaign 2003

In the second week of campaigning, crowds turned out to cheer President Robert Kocharyan. And a crowd turned riotous at a rally for Aram Karapetyan, leaving MP Hayk Babukhanyan recovering from a stabbing.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.