Դերասան
Խորեն Աբրահամյանի արվեստն իր հոգու խիղճն է:
«Ես չեմ կարող խաբել բեմում, արվեստում ես չեմ
հանդուրժում սխալն ու կեղծը»:
Նրա մարմնավորած կերպարները հայելու նման պատկերում
են կյանքի իրական կողմը՝ մարդկային անհաջողությունների
և արժանիքների հակադրությամբ:
Խորեն Աբրահամյանի ճանապարհը դեպի բեմարվեստ դեռևս
մանկուց էր գծված. երազներում թևածող երևակայությունն
իրականություն կարող էր դառնալ միայն թատրոնում:
«Խորը երևակայությամբ մարդու համար ամենաճիշտ
ուղին թատրոնն է, - ասում է մեծ դերասանը, - Այսօր
թագավոր ես, վաղը՝ ծառա: Մի օր բարի ես, մյուս օրը՝
չար»:
Նրա կյանքում ամեն ինչ տեղի ունեցավ հեքիաթային
արագությամբ: Ընդամենը 17 տարեկան էր, երբ Գեղարվեստա-թատերական
ինստիտուտ ընդունվելուց հետո անմիջապես աշխատանքի
անցավ Սունդուկյանի անվան Ակադեմիական թատրոնում:
Այդ ժամանակ այդ թատրոնում էին խաղում այնպիսի դերասաններ,
ինչպիսիք են Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը,
Ավետ Ավետիսյանը, Վաղարշ Վաղարշյանն ու այլոք:
«Այս դեմքերի կողքին երկրորդական դեր խաղալն արդեն
մեծ փորձ էր, - հարգանքով հիշում է դերասանը, -
Միայն սովորելով դերասան չեն դառնում, պետք է զգաս
բեմի հոտը, պետք է բեմում նաև սխալվես, քանզի դա
մի ուրիշ աշխարհ է»:
Խորեն Աբրահամյանի թավ, հանգիստ ձայնը, խիտ ունքերի
տակից նայող խորը հայացքն ու առնական կեցվածքը՝
համապատասխանելով բազում հերոսների կերպարներին,
միաձուլվեցին նրա բնատուր դերասանական տաղանդին
և արդեն երիտասարդ տարիքում կերտեցին նրա անհատական
կերպարը:
Մի քանի կինոնկարներում նկարահանվելուց հետո Խորեն
Աբրահամյանն «Առաջին սիրո երգը» կինոնկարում կատարեց
գլխավոր հերոս Արսեն Վարունցի դերը: Այդ ֆիլմի ցուցադրման
հաջորդ առավոտյան նա արթնացավ որպես հայտնի մարդ:
Կինոնկարն ամիսներով ցուցադրվում էր ամբողջ Խորհրդային
Միության կինոթատրոններում:
Լաերտ Վաղարշյանի և Յուրի Երզնկյանի բեմադրած
«Առաջին սիրո երգը» պատկերում էր մարդուն իր ներաշխարհով,
իր բոլոր լավ ու վատ դրսևորումներով ու ելևէջներով:
Կյանքի բարդ խաչմերուկներում իրար բախվող ճակատագրերի
այս պատմությունը նոր էջ բացեց Խորեն Աբրահամյանի
կյանքում:
«Փողոցով հանգիստ քայլել չէի կարող, իսկ եթե հանկարծ
մտնում էի Մոսկվայի հսկայական ՑՈՒՄ-ը կամ ԳՈՒՄ-ը,
աշխատանքն ուղղակի դադարում էր», - ծիծաղով ասում
է դերասանը:
«Ինձ միշտ հարցնում էին, թե ինչպես հաջողվեց այդքան
վարպետորեն զգալ այդ դերը: Ես պատասխանում էի, որ
այդտեղ խաղալու բան չկար, բավական էր միայն կանգնել
Հրաչյա Ներսիսյանի կողքին և նայել նրա աչքերին,
նա այնքան վարակիչ էր, այնքան ջերմ, որ խաղալու
բան չէր մնում»:
Այս կինոնկարը ստեղծվեց մի ժամանակաշրջանում,
երբ գերիշխում էր «արտադրական» թեման, և հանկարծ
այդ ֆոնի վրա հայտնվում է մի երգիչ իր անձնական,
ընտանեկան խնդիրներով՝ վեճեր, կռիվ ու սեր ...
«Ութ տարի ես թատրոնում մասսայական տեսարաններում
եմ խաղացել, ինչը շատ ճիշտ եմ համարում, բոլոր դերասաններն
այդ ճանապարհով պետք է անցնեն: Բայց «Առաջին սիրո
երգը» կինոնկարից հետո դադարեցի այդպիսի դերեր խաղալ,
քանի որ հաճախ, երբ էպիզոդիկ կամ մասսայական տեսարանում
դուրս էի գալիս բեմ, ծափահարությունների տարափը
կանգնեցնում էր ներկայացման ողջ ընթացքը»:
Ժամանակն էր, որ 24-ամյա Խորեն Աբրահամյանը թատրոնի
բեմ բարձրանար մեծ դերերով:
Նրա մասնակցությամբ ամեն ներկայացումը տոնի էր
վերածվում ողջ քաղաքի համար: Դերասանի և ռեժիսորի
նրա յուրահատուկ ու թարմ մոտեցումները նոր շունչ
էին հաղորդում թե՛ բեմադրություններին, և թե՛ Սունդուկյանի
անվան Թատրոնին: Նա խաղացել է «Օթելլո», «Վաթսուն
տարի և երեք ժամ», «Դեպի ապագա», «Անավարտ մենախոսություն»,
«Արշալույսերն այստեղ խաղաղ էին», «Ոճրագործի ընտանիքը»,
«Դոկտոր Ստոկման», «Կորիոլան», «Ավերված քաղաքի
առասպելը», «Մեռնելը որքան դժվար է» և այլ բեմադրություններում,
որոնց մեծ մասի բեմադրիչն է եղել:
Աբրահամյանն իր մեծագույն տաղանդը թատրոնում և
կինոյում դրսևորում էր ոչ միայն որպես դերասան,
այլ նաև որպես հետաքրքիր ռեժիսոր:
«Երբ ասելիք ունես, չես կարող լռել, պետք է ստեղծես
քո պատկերացրած երևույթը: Հաճախ դերակատարման ընթացքում
անհաղթահարելի ցանկություն ես ունենում խաղընկերոջդ
օգնել, նոր ուղղություն տալ նրան, նոր ձևով ներկայացնել
նրան բեմադրության մեջ, - ասում է Աբրահամյանը,
- Ռեժիսորի մասնագիտությունն ընտրում են ներշնչանքով,
այլ ոչ թե մի օր նստում են, որոշում և ռեժիսոր դառնում»:
Դերասան, ռեժիսոր, 4 երեխաների հայր, պապիկ և
ամուսին. դժվար է այս ամենը համատեղել մեկ մարդու
մեջ, բայց Խորեն Աբրահամյանն արդեն 73 տարի է անմնացորդ
տրվում է և՛ արվեստին, և՛ ընտանիքին: Նրա փոքր որդին
12 տարեկան է: Հոր հանրահայտ խոժոռ ու խիստ հայացքի
մեջ նա տեսնում է անսահման սեր, ջերմություն և մանկանալու
մեծ կարողություն:
«Ես խիստ չեմ երեխաներիս նկատմամբ, իմ կարծիքով
պետք է նրանցից պահանջես անել այն, ինչ դու ինքդ
կատարյալ կարողանում ես: Ամենաճիշտ դաստիարակությունն
օրինակ ծառայելն է, - ասում է նա, - Բայց Արամիս
հետ ուրիշ է: Ես 60 տարեկան պապիկ էի, երբ նա ծնվեց:
Ես նրան միշտ մի բան եմ ասում. «Արա՛մ, ես քեզ երես
կտամ, բայց դու երես չառնես»»:
Այսօր դերասանն ապրում է երիտասարդի ավյունն ու
եռանդը սրտում: Նա չի դադարում արարել: «Ես անընդհատ
ստեղծագործական վիճակում եմ, իսձ սպանելու միակ
ճանապարհն ինձ ստեղծագործելու հնարավորությունից
զրկելն է»:
1996 թվականին Խորեն Աբրահամյանը բեմադրեց Քոբրնի
«Ջին խաղը» տրագիկոմեդիան՝ ներկայացնելով այն ոչ
միայն Հայաստանի, այլև Փարիզի և Փասադենայի (ԱՄՆ)
խստապահանջ հանդիսատեսի դատին: Հանրահայտ դերասան
Կարեն Ջանիբեկյանի կարծիքով դա մի փառահեղ ներկայացում
էր. - «Փառահեղ էր իր բեմադրությամբ, դերասանական
վարպետությամբ և մարդու մեջ սերը պահելու հզորությամբ:
Խորենը ևս մեկ անգամ ապացուցեց իր մեծությունն ու
անմնացորդ նվիրումը»:
«Ջին խաղը» ծերանոցում ապրող մարդկանց պատմությունն
է: Բեմում երկխոսություն է, թղթախաղ, և ընդամենը
երկու կերպարների միջոցով վեր է հանվում համամարդկային
թեման: Պիեսի հերոսները՝ Մարտին Ուոլերը (Խորեն
Աբրահամյան) և Ֆենշին Դորսին (Գոհար Գալստյան) խելահեղ
ջանքեր են գործադրում՝ ազատվելու մենության կապանքներից:
Այս լքված տարեց մարդիկ իրենց փրկությունը գտել
են ծերանոցում, գտել են միմյանց, գտել իրենց սերը՝
ապացուցելով, որ սիրում են բոլոր տարիքներում:
Ներկայացման վերջում մարդիկ չգիտեին՝ ծափահարեն
դերասաններին հոյակապ խաղի համար, թե՞ ևս մեկ անգամ
վերլուծեն իրենց ներաշխարհը:
Նույն կարոտով ու ջերմությամբ ընդունվեց 2001
թվականին Աբրահամյանի բեմադրած Պերճ Զեյթունցյանի
«Խոր Վիրապ» պիեսը:
50 տարի շարունակ բեմում նա վայելել է ճանաչում
և հաջողություն: Նրան շնորհվել է Ժողովրդական արտիստի
կոչումը: Սակայն այդ կեսդարյա աշխատանքի իսկական
պարգևը հազարավոր ձեռքերից ծնվող ծափերն ու իր կոչմանն
անմնացորդ նվիրումն են:
|