 |
Little
Raffi Deheryan with his mother. |
Ուզում եմ ձեզ հետ կիսել ուրախությունս և տպավորություններս՝
կապված առաջին զավակիս ծննդի հետ:
Այս պահին, երբ գրում եմ այս տողերը, տղաս ընդամենը
չորս օրական է: Նա մի փոքրիկ մարդուկ է, չափազանց
անօգնական, որն այժմ կուշտ փորիկով, ծծակը բերանին
անուշ քուն է մտել իր փոքրիկ անկողնում:
Նրա մայրը՝ Կարինեն, և ես նախորդ ամսվա վերջից
սպասում էինք նրան, քանի որ ըստ բժշկի նա կարող
էր լույս աշխարհ գալ այդ ժամկետից հետո ցանկացած
պահի:
Սակայն նա որոշել էր հնարավորինս երկար մնալ իր
կացարանում: Դե իհարկե, նրա այդ թաքստոցում կար
սնունդ, ջերմություն և պայմաններ, որոնք, հավատացնում
եմ, առավել ապահով էին, քան այն աշխարհում, ուր
նա եկավ:
Տղաս ծնվեց Զատկի նախօրեին:
Շաբաթ առավոտ էր, երբ կնոջս երկունքի ցավերով
վստահեցինք «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկներին:
Հիվանդանոցը հանգամանորեն էինք ընտրել: Ի տարբերություն
Երևանի շատ այլ ծննդատների՝ «Շենգավիթը» սեփականաշնորհված
է և, հետևաբար, գործում է վճարովի հիմունքներով:
Սակայն մենք գիտեինք, որ այստեղ մեզանից ծառայությունների
համար կաշառք չեն պահանջի, և նախընտրեցինք օրինական
վճարումները:
63-ամյա մայրս և ես անհամբեր նստել էինք ընդունարանում:
Մայրս նախորդ օրը ջերմում էր, սակայն մոռացավ այդ
մասին, երբ հասավ հիվանդանոց գնալու պահը:
Հանգիստ նստելն ինձ համար չէր, և ես որոշեցի դուրս
գալ մաքուր օդի: Սակայն դուրս գալով՝ ականջիս հասան
հիվանդանոցի երկրորդ հարկից լսվող կնոջս ճիչերը:
Նրա այդ սրտաճմլիկ ճիչերը ստիպում էին, որ ինքս
էլ բղավեմ: Որոշ ժամանակ անց կնոջս ճիչերին փոխարինեց
մեկ այլ ճիչ: Խոր շունչ քաշեցի և վառեցի գլանակս:
Ընդունարանից դուրս կանչեցի մորս և ասացի` լսիր
տատիկ, քո թոռան ճիչն է: Կարող եք պատկերացնել,
թե ինչպես էինք ես ու մայրս գրկախառնվում՝ չկարողանալով
զսպել մեր արցունքները:
Այս նյութը գրում եմ ապրիլի 23-ին` հայ ժողովրդի
համար ամենից ողբերգական օրվա նախօրեին: Անկեղծն
ասած, մի փոքր մտավախություն ունեի, որ երեխաս կծնվի
հենց այդ սգո օրը:
Երեխաս և ես այդ բարբարոսությունից տուժածների
ժառանգներ ենք: Թե հորս, և թե մորս նախնիները դեռևս
նախորդ դարի սկզբին արտաքսվել են իրենց ծննդավայրից՝
Արևմտյան Հայաստանից: Հորս հայրը շատախցի է, մայրը՝
վանեցի, մորս հայրը՝ էրզրումցի, իսկ մայրը` կաղզվանցի:
Ով լսել է Արևմտյան Հայաստանի մասին, երևի լսած
կլինի նաև այս հայկական քաղաքների մասին:
Գաղթի ժամանակ պապերս ու տատերս փոքր են եղել
և Երևան հասնելով ընկել են որբանոց: Գաղթի ճանապարհին
մի տատս 9 տարեկան հասակում առավոտյան արթնացել
է հիվանդությունից մեռած մոր գրկում:
Նրանք այդ պատմությունները մտապահել և փոխանցել
են սերնդե սերունդ: Նրանց միակ երազանքն էր երբևէ
կրկին լինել իրենց ծննդավայրում:
Ես իրականացրի ժառանգաբար ինձ անցած այդ երազանքը:
Անցյալ տարի Կարինեին, ինձ և տարբեր տարիքի ևս երեսուն
հայերի, որոնց մեծ մասը ծագումով Արևմտյան Հայաստանից
էին, վիճակվեց ավտոբուսով 10-օրյա շրջագայության
մեկնել Թուրքիա:
Մենք եղանք Կարսում, Անիում, Մուշում, Էրզրումում,
Բիթլիսում, լողացինք Վանա լճի պարզ ջրերում և աղոթելով
մեր նախնիների հոգու հանգստության համար` հայկական
ավերված ու կիսաքանդ եկեղեցիներում վառեցինք մեզ
հետ Հայաստանից բերած մոմերը:
Վերադառնալով տուն՝ միակ կենդանի մնացած 83-ամյա
տատիս շտապեցի պատմել մեր ողջ տեսածն ու վերապրածը:
Ասեցի, որ տեսել եմ նրա հրաշք ծննդավայրը` Վանա
լճի ափամերձ Ավանց գյուղը: Փոխանցեցի նրան նաև Վանից
բերած մի քանի բուռ հողը և Վանա լճի ապխտած տարեխ
ձկները: Երնեկ տալով աչքերիս՝ տատս արցունքոտ աչքերով
համբուրեց ինձ՝ ընկնելով իր դաժան մանկության հուշերի
գիրկը:
Իսկ այսօր նա ինձ հետ ուրախանում է իր վեցերորդ
ծոռան` փոքրիկ Րաֆֆիի գալստյան առթիվ, որն իրեն
նախորդած երեք սերունդների նման կրում է Դեհերյան
ազգանունը: Դեհերն այն գյուղն է, որն իմ պապը եղեռնի
ժամանակ լքել է մանուկ տարիքում:
Մտերիմներս հարցնում են՝ ինչու հենց Րաֆֆի, քանի
որ այդ անունն այնքան էլ տարածված չէ Հայաստանում:
Այն ավելի հաճախ է հանդիպում սփյուռքահայ ընտանիքներում:
Անձամբ ես ընդամենը երեք Րաֆֆի գիտեմ, որոնք բոլորն
էլ սփյուռքի ծագում ունեն: Հայ մեծ գրող Րաֆֆին,
քաղաքագետ Րաֆֆի Հովհաննիսյանը և ևս մեկ Րաֆֆի`
կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի
հերոսներից մեկը, որն էլ դարձավ երեխայիս այս անվամբ
կոչելու վերջնական պատճառը:
Ֆիլմում երիտասարդ Րաֆֆին ժամանում է Արևմտյան
Հայաստան` իր նախնիների երկիրը, և տեսախցիկով նկարահանում
եկեղեցիներն ու վանքերը: Այն նույն եկեղեցիներն
ու վանքերը, որոնց պատերի մոտ ինն ամիս առաջ Կարինեի
հետ միասին խունկ ենք ծխեցրել:
Եվ մի օր, երբ այդ պատմությունը պատմենք մեր Րաֆֆիին,
նա իր երկրի և ընտանիքի նկատմամբ կհամակվի նույն
սիրով, որն ապրում է մեր մեջ:
|