 |
Arevik
Saripegyan makes a point to members of political
parties. |
Պատրաստվելով հաջորդ ամիս կայանալիք խորհրդարանական
ընտրություններին՝ անցյալ շաբաթ Երևանում իր գործունեությունը
սկսեց մի ծրագիր, որի նպատակն է ավելի թափանցիկ
դարձնել այդ ընտրությունները:
Ծրագիրը, որին հովանավորում է «Բաց հասարակության
ինստիտուտը», կիրառելու է մոտեցումներ, որոնք հաջողությամբ
իրականացվել են այլ հետխորհրդային պետություններում:
«Տարածաշրջանային զարգացման կենտրոն - թրանսփերենսի
ինթերնեյշնլ Հայաստան» (ՏԶԿԹԻՀ) ծրագիրն իր ուշադրությունը
կենտրոնացնելու է թեկնածուների ծախսերի վրա:
ՏԶԿԹԻՀ ծրագրի պատասխանատու Արևիկ Սարիբեկյանը
նշում է, որ ծրագրի հաջող իրականացումը թույլ կտա
«իրազեկ դարձնել հասարակությանը և նպաստել առողջ
ու հավասար մրցակցային պայմանների ապահովմանը»:
Ծրագիրը կոչ է անում քաղաքական կուսակցություններին
տեղեկություններ ներկայացնել իրենց ֆինանսական ռեսուրսների
և ծախսերի մասին: Մասնակցությունը կամավոր է:
ՏԶԿԹԻՀ ծրագրի քաղաքական կուսակցությունների գծով
փորձագետ Վարուժան Հոկտանյանն ասում է, որ «եթե
նրանք չհամագործակցեն, նշանակում է թափանցիկություն
ընդհանրապես չկա: Սակայն ամեն պարագայում անկախ
մոնիտորինգը կկայանա»:
Մոնիտորինգն իրականացնելու է Երևանի մամուլի ակումբը,
որը տեղեկություններ է հավաքելու այն մասին, թե
որքան են կուսակցությունները ծախսում հեռուստատեսությամբ
և մամուլում տրվող քաղաքական գովազդի և նախընտրական
պաստառների վրա:
Եթե կուսակցությունները համաձայնեն համագործակցել
ՏԶԿԹԻՀ-ի հետ, ապա նրանց տրամադրած տեղեկությունները
կհամեմատվեն անկախ մոնիտորինգն իրականացնողների
հավաքած տվյալների հետ:
«Վերջնական արդյունքները կհրապարակվեն ընտրություններից
հետո, որպեսզի չազդեն ընտրությունների ընթացքի վրա»,
- ասում է Սարիբեկյանը:
Կազմակերպիչները կամավոր համագործակցության առումով
քաղաքական կուսակցություններից մեծ ակտիվություն
չեն ակնկալում:
«Ընտրական օրենսգրքի անկատարությունը և անկայուն
իրավական և քաղաքական կուլտուրան հիմք չեն տալիս
մտածելու, որ այս ծրագիրը հաջողությամբ կիրականացվի,
- ասում է «Ազգային համաձայնություն» կուսակցության
նախագահ Արամ Հարությունյանը: - Սակայն վստահ եմ,
որ ծրագրի շեշտադրումները թույլ կտան բարձրացնել
թափանցիկության մակարդակը»:
Ծրագրի ավարտից հետո, որը, ինչպես ակնկալում են,
տևելու է երեք ու կես ամիս, ՏԶԿԹԻՀ-ը կներկայացնի
իր տվյալները, ինչպես նաև ընտրությունների թափանցիկության
հետ կապված օրենսդրական փոփոխությունների առաջարկներ:
«Այս ծրագիրը կնպաստի քաղաքական կուսակցությունների
հանդեպ հասարակության վստահության մակարդակի բարձրացմանը,
- ասում է Հոկտանյանը: - Այն կնպաստի Հայաստանում
ընտրական գործընթացի կայացմանը»:
|