 |
A woman dressed in an Armenian national costume
is placing the soil from Nansen's grave into
the wall of Tsitsernakaberd memorial. |
«Բարեգործությունն իրական քաղաքականություն է»,
- ասել է բարեգործ Ֆրիտյոֆ Նանսենը, որն իր սրտում
ստեղծել էր երանելի մի երկիր, որտեղ բոլորի համար
տեղ կար անկախ ազգությունից ու կրոնից:
Չորեքշաբթի օրը՝ Մեծ եղեռնի 88-րդ տարելիցի նախօրյակին,
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հուշապատի մեջ իր
հանգրվանը գտավ Ֆրիտյոֆ Նանսենի Օսլոյում գտնվող
շիրիմից բերված հողը: Նրա անունը կրող հուշաքարը
տեղադրվեց եղեռնի ժամանակ հայ ժողովրդին օգնություն
ցուցաբերած ինն այլ օտարազգիների հուշաքարերի կողքին,
որոնց թվում են ամերիկացի դիվանագետ Հենրի Մորգանթաուն,
ավստրիացի գրող Վրանց Վերֆելը, ֆրանսիացի գրող Անատոլ
Ֆրանսը, Հռոմի պապ Բենեդիկտոս 15-րդը:
Նանսենի հիշատակին հոգեհանգստի պատարագ մատուցվեց:
Ամենայն Հայոց կաթողիկոսի անունից ողջույնի և բարեմաղթանքի
խոսք ասաց Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը՝ հիշեցնելով
Նանսենի հետևյալ խոսքերը. - «Դժվարանում եմ հավատալ,
որ որևէ մեկն ընդունակ է ծանոթանալու այս նշանավոր
ժողովրդի պատմությանը՝ առանց խորապես ցնցվելու նրա
ողբերգությունից»:
Փոքր ազգերի պաշտպան, «Խաղաղության համար» նոբելյան
մրցանակի դափնեկիր, բևեռախույզ, գիտնական Ֆ.Նանսենը
մոլորակը նմանեցրել է մարդկային մի մեծ սրտի, որի
համաչափ տրոփյունը պայմանավորված է յուրաքանչյուր
մասնիկի մարդավայել ապրելու իրավունքով: Հայաստանի
և հայ ժողովրդի դառը ճակատագրի մասին նրա գրած մի
քանի գրքերն ու գիտական աշխատությունները տեղի ունեցած
ոճրագործության իրական վկաներն են:
 |
Many
people came to witness this ceremony significant
for Armenia and the Armenians. |
«Հայկական հարցը քաղաքակիրթ աշխարհի մեծագույն
խայտառակությունն է», - գրում է Նանսենն իր «Հայաստանը
և Մերձավոր Արևելքը» գրքում:
Նանսենը Ազգերի Լիգայում նորվեգական պատվիրակության
անդամն էր, և երբ այնտեղ քննարկվում էր հայկական
հարցը, նա ասաց իր ելույթում.
«Մինչ դուք այստեղ սահմաններ եք գծում, այնտեղ
կոտորում են մի ողջ ժողովուրդ, մինչ դուք այստեղ
երկիր եք բաժանում, արդյո՞ք ժողովուրդ կմնա, որ
բնակվի այդ երկրում»:
Նրա լավագույն հիշատակը կմնան, թերևս, «նանսենյան
անձնագրերը», որոնք հնարավորություն տվեցին փախստականներին
մուտք գործել այն երկրները, որոնք չէին ընդունում
Թուրքիայից փախած հայերին:
«Իմ հայրը 1924 թվից առ այսօր սրբությամբ պահում
է այդ անձնագիրը, որը նրա համար դարձավ օտար երկրում
իրեն մարդ զգալու միջոց: Այդ անձնագիրը նրան հոգի
տվեց», - հիշում է հայ-իտալական «Ճշմարիտները հայերի
համար» միջազգային կոմիտեի նախագահ Պիետրո Քուչուկյանը,
որը մարտի 14-ին մասնակցել է Օսլոյում Նանսենի շիրիմից
հող վերցնելու արարողությանը:
Հուշահամալիրում անցկացված միջոցառմանը մասնակցում
էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը,
ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, բազմաթիվ ակադեմիկոսներ,
քաղաքական և հասարակական, գործիչներ, որոնք իրենց
երախտիքի խոսքն ասացին և հարգանքի տուրքը մատուցեցին
Մեծ Բարեգործին:
«Այս օրը հավաստում է, որ մենք՝ հայերս, չենք
մոռանում այն մարդկանց, որոնք աջակցել ու բարեգութ
են գտնվել մեր հանդեպ, - ասաց Օսկանյանը: - Միջազգային
ճանաչման գործընթացի զարգացումները վկայում են,
որ կգա այն օրը, երբ Հայոց Ցեղասպանությունը կմտնի
աշխարհի պատմության մեջ»:
Նանսենի հիշատակի օրը սկսվեց ու ավարտվեց մեծարանքի
նույն խոսքերով. - «Նանսենը մեծ էր որպես գիտնական,
առավել մեծ որպես բևեռախույզ և անգերազանցելի որպես
մարդ»:
|