ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 December 20, 2002 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Իրավիճակը հետևյալն է.

Դրսում -7 աստիճան է Ցելսիուսով: Ֆարենհայթի աշխարհում ապրողներիդ համար՝ դա մոտ 18 է: Ինչով էլ չափես՝ ահավոր ցուրտ է:

Մի քանի շերտ հագուստի մեջ փաթաթված՝ նայում եմ պատշգամբիս, որտեղ հատակի սալիկի վրա դրած ձյունը բարձրանում է, իսկ մի երկու ամիս առաջ ես քնում էի այդ սալիկների վրա, որպեսզի հով լիներ: Նայում եմ, թե ինչպես են թափվում փայլփլող փաթիլները՝ երկնային պատուհանի կոտրված ապակու փշուրների նման:

Նալբանդյան փողոցը խաղաղ է, և միայն ձյունն է դրան ի զորու: Չեն երևում անգամ աղբարկղների շները, և ես կասկածում եմ, որ նրանց ճակատագիրը վճռել է կտրուկ ընկած ջերմաստիճանը:

Իմ բնակարանում հինգ օր է ջուր չկա: Ունեցածս այն մեկ դույլ ջուրն է, որ վերցրել եմ իմ գթասիրտ հարևանից:

Ինձ ասացին, որ իմ բնակարան տանող խողովակները սառել են: Ասացին նաև, որ այդ գործն անող վարպետը չափազանց զբաղված է, որպեսզի գա ու մի բան անի:

Դա ինքնին իմ մեկ այլ խնդրի լուծումն է: Որովհետև, եթե ջուր ունենայի, կուզենայի տաքացնել լողանալու համար: Սակայն եթե միացնում են ջրի ջեռուցիչը, պետք է անջատեմ սենյակային ջեռուցիչը, որովհետև էլեկտրական շղթան չափազանց թույլ է երկու ջեռուցիչի դիմանալու համար:

Լավ է, մեկ որոշում պակաս պիտի կայացնեմ: Մեկ պատասխան պակաս պիտի տամ: Սակայն ծագում է ևս մի հարց. գրողը տանի, ես ի՞նչ եմ անում այստեղ:

Մտքերը Հարավային Կալիֆոռնիայի մայրամուտների և ջակուզիների և արևայրուկների մասին ինձ համարյա հասցնում են ինքնախղճահարության, երբ իմ ցրտահարված ուղեղը դառնում է 1992-1993 թվականներին:

Այն ժամանակ ես նույնիսկ այստեղ չէի, սակայն այնքան եմ լսել այդ մասին, որ ինձ թվում է, որ դրանք նաև իմ հիշողություններն են. օրական մեկ-երկու ժամ էլեկտրականություն, դատարկ փողոցներ, որովհետև մեքենաների համար բենզին չկար, վառարաններում վառելու համար պոկված զբոսայգիների նստարաններ ու անգամ դաշնամուրի ոտքեր:

Այս մտքերն ինձ չեն տաքացնում, սակայն հիշեցնում են, որ ես պարզապես ծրագրված չեմ գոյատևելու՝ համենայն դեպս, ոչ այնպես, ինչպես այն մարդիկ, որոնց մեջ ապրում եմ: Կամ էլ գուցե ես չափազանց հարմարավետ կյանքով եմ ապրել՝ բնականորեն հնարամիտ լինելու համար:

Այն տանը, որտեղ ապրում էի, ես միակ բնակիչն էի, որ խոսում էր երրորդ հարկի հարևանի հետ: Մի օր պարզեցի, թե ինչու: 92-93-ի ձմռանը նա իր բնակարանի պատուհանից լարեր էր անցկացրել դեպի գլխավոր տրանսֆորմատորը և ապահովել էր իրեն հոսանքով՝ զրկելով դրանից մյուսներին:

Տարված նման մտքերով, նայելով, թե ինչպես է շունչս սառչում պատուհանի ապակու վրա, և հայացքս հառած Երևանի գիշերվան՝ ես անդրադարձա, որ ներքևում մի անծանոթ լույս է հայտնվել:

Նալբանդյան փողոցով ձգված է տոնական լույսերի մի հաստ լար: Դա նորություն չէ, իմ պատշգամբում կանգնած՝ ես հաճախ եմ մտածել այդ լույսերի մասին՝ փորձելով գուշակել, թե որ ժամանակների ծնունդ են: Պարզվում է, որ դրանք նախորդում են անկախացմանը: Ավելի տաք գիշերներին և անփառունակ վիճակում ես դրանց վրա պիստակներ եմ նետել, սակայն այս չորս տարվա ընթացքում երբեք չեմ տեսել, որ դրանք վառվեն տոների ժամանակ:

Սակայն հիմա դրանք շողշողում են: Այսինքն՝ դրա նման մի բան են անում: Չկա ավելի խղճուկ տեսարան, քան հին կիսավառ տոնական լույսերի շարանը: Վառվում են մի քանի սպիտակ լամպեր, մի քանի գունաթափված կապույտներն ու կարմիրները: Այդուհանդերձ, ես գնահատում եմ այդ ջանքերը, և այդ տեսարանից ես գրեթե ընկնում եմ փիլիսոփայական մտորումների գիրկը՝ տոկունության և փոփոխվող ժամանակների և ժամանակին խավար երկրում տոնական լույսերի խորհրդի մասին...

Իսկ հետո սկսում եմ պատկերացնել, թե ինչպես կարող էի իմ բնակարանից մի գիծ անցկացնել և միանալ լույսերի լարին և, միգուցե, բավականաչափ հոսանք ստանալ միաժամանկ մեկից ավելի ջեռուցիչ միացնելու համար և ...

Եվ միգուցե ես արդեն չափազանց երկար եմ այստեղ ապրել:


 

Conscience on Trial: Jehovah's Witnesses continue to face imprisonment for religious beliefs

Full story

 
 
 
 

Flight of Fright: Armenian woman says Azeris detained, threatened her at airport

Full story

 
 
 
 

Spawning Extinction?: Once abundant fish source now decreased in Lake Sevan

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.