«Ո՞վ
կուզի, որ իր որդին հանցագործների մեջ լինի: Ցավում
ենք: Բայց ուրախ ենք, որ տեսակետ ունի, որի համար
բանտ է նստել», - ասում է զինվորական ծառայությունից
հրաժարվելու համար այժմ Նուբարաշենի մեկուսարանում
գտնվող Եհովայի վկա Արթուր Գրիգորյանի հայրը՝ Հովհաննեսը:
Տասնութամյա Արթուրը բանտում գտնվող այն 20 Եհովայի
վկաներից մեկն է, որոնք դատապարտվել են ազատազրկման
զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով:
Այս տարի 42 Եհովայի վկաներ են դատապարտվել ազատազրկման
նույն մեղադրանքով, և նրանց մեծ մասը, որպես կարգապահ
կալանավոր, ազատվել է պատժի մեկ երրորդը կրելուց
հետո: Եվս երեք հոգի սպասում է դատի: Սկսած 1995
թվականից շուրջ 130 Եհովայի վկաներ դատապարտվել
են ազատազրկման նույն մեղադրանքով:
«Յուրաքանչյուր մարդ մի ձևով է կրթում իր խիղճը,
մեկը՝ հեռուստատեսությամբ, մեկը՝ գրականությամբ,
- ասում է կրոնական կազմակերպության հասարակության
հետ կապերի պատասխանատու Արթուր Մարտիրոսյանը, -
Եհովայի վկաները կրթում են իրենց խիղճն Աստվածաշնչով,
որտեղ Հիսուսի օրենքն է: Նա ոչ մի անգամ կոչ չի
արել, որ զենք վերցնենք և մասնակցենք պետության
գործերին: (Մարտիրոսյանն ինքը 1999 թվականին 9 ամիս
է անցկացրել բանտում զինվորական ծառայությունից
խուսափելու մեղադրանքով:)
Արդարադատության նախարարության պաշտոնական վիճակագրությամբ
զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով
2000 թվականին դատապարտվել են 90 հոգի, 2001 թվականին՝
75 հոգի, և 2002 թվականի առաջին վեց ամիսներին՝
42 հոգի։ Սակայն վիճակագրության մեջ նշված չէ, թե
նրանցից քանիսն են հրաժարվել ծառայել կրոնական համոզմունքների
պատճառով։
Հայաստանում միայն Եհովայի վկաներն են, որ զինվորական
ծառայությունից հրաժարվելու համար դատապարտվում
են ազատազրկման։ Այլ կրոնական կազմակերպությունների
հավատացյալները, մասնավորապես Յոթերորդ օրվա ադվենտիստները
և Հոգեգալստականները, համաձայնում են ծառայել բանակում,
միայն առանց զենք կրելու և երդում տալու։
Ըստ «Եհովայի վկաներ» կազմակերպության տվյալների,
այդ մեղադրանքով 2000 թվականին դատապարտվել են 32,
իսկ 2001 թվականին՝ 31 Եհովայի վկաներ։
«Մեկը հարցրեց՝ որդիդ ինչու՞ չի ծառայում, բանտ
է նստում։ Ասի՝ ամենաշատ ո՞ր կենացն եք խմում, խաղաղության,
չէ՞։ Որդիս արդեն դրել է իր զենքերը, - ասում է
Հովհաննեսը, - Նրան դատել են, որ խուսափել է ծառայությունից։
Իրականում նա չի խուսափել, այլ հրաժարվել է»։
Արթուրի ողջ ընտանիքը Եհովայի վկաներ են։ Մայրը՝
Լարիսան, պատմում է, թե ինչպես դպրոցի տնօրենը նրան
դասի չէր թողնում, ասում էր՝ էս դպրոցը Եհովայի
վկաների համար չէ։ Մինչև որ Կրթության նախարարությունից
կարգադրեցին ընդունել տղային։ Մայիսի 17-ին Արթուրը
ներկայացել է զինկոմիսարիատ ու հանձնել զինվորական
ծառայությունից հրաժարվելու վերաբերյալ դիմում,
«քանի որ խիղճս դաստիարակել եմ Աստվածաշնչի սկզբունքների
համաձայն»։ Դիմումի մեջ նա մեջբերում է անում Նոր
Կտակարանից. «Բոլոր սուր վերցնողները սրով պետք
է կորչեն» (Մատթեոս 26։52)։
Նաև
գրում է իր դիմումում, որ պատրաստ է քաղաքացիական
այլընտրանքային ծառայություն կատարել։
Սեպտեմբերի 27-ին Արթուրին կանչում են Երևանի
Կենտրոն-Նորք-Մարաշի դատախազություն և ձերբակալում։
Նոյեմբերի 1-ին առաջին ատյանի դատարանը դատապարտում
է նրան մեկ տարվա ազատազրկման։ Հայրը հիշում է,
որ դատավոր Էդիկ Ավետիսյանն ասել է՝ էրեխեն օրենքի
զոհ է։
Դատախազությունը բողոքարկում է դատարանի որոշումը
վերաքննիչ դատարանում՝ համարելով, որ պատիժը համարժեք
չի կատարված հանցանքին, և ամբաստանյալն իրեն մեղավոր
չի ճանաչել։ Նոյեմբերի 26-ին վերաքննիչ դատարանը
ևս 1,5 տարի է ավելացնում րիգորյանի ազատազրկման
ժամկետին: (Զինվորական ծառայությունից խուսափելու
համար նախատեսված է 1-3 տարի ազատազրկում)։
«Հանցագործները սկի էդքան չեն դատվում, ինչքան
18 տարեկան տղես», - ասում է Հովհաննեսը։
Նույն ճակատագրին է արժանացել մեկ այլ Եհովայի
վկա՝ Կարեն Աբաջյանը, որին սկզբում դատապարտել են
մեկ տարվա ազատազրկման, իսկ հետո վերաքննիչ դատարանն
այն դարձրել է երկուսուկես։ Վերաքննիչ դատարանի
վճռին է սպասում նաև մեկ տարվա ազատազրկման դատապարտված
Վահան Բայաթյանը։
«Մենք մտահոգված ենք, որ մեկ տարի դատապարտվածների
ազատազրկման ժամկետն ավելացնում են, - ասում է ԵԱՀԿ
Երևանի գրասենյակի մարդու իրավունքների հարցերով
պատասխանատու Քրիստին Մարդիրոսյանը, - Մենք աշխատում
ենք , որ այս պրոբլեմը լուծվի, և նրանց ազատազրկման
ժամկետները չավելացվեն։ Մեր դեսպանը, երբ հանդիպում
է բարձրաստիճան պաշտոնյաների, օրինակ արտգործնախարարին
կամ գլխավոր դատախազ Թամազյանին, ներկայացնում է
այս փաստերն ու հարց տալիս, թե ինչ նպատակի են ուզում
հասնել, և որքանով է դա համապատասխանում Եվրոպայի
առաջ ստանձնած պարտավորություններին։
«Անցյալ
տարի, երբ երկրորդ անգամ դատապարտվում էին կրոնական
համոզմունքներով հրաժարվողները, գրասենյակը դիմեց
համապատասխան մարմիններին, և մեր օժանդակության
շնորհիվ այդ գործընթացը դադարեցվեց»։
Արթուրը բողոքարկել է դատավճիռը, և հաջորդ շաբաթ
վճռաբեկ դատարանում սկսվելու նրա դատավարությունը։
Չարենցավան քաղաքում երեկ 2 տարվա ազատազրկման
դատապարտվեց ևս մի Եհովայի վկա՝ Սեթ Պողոսյանը։
Նա նախապես գիտեր, որ դատավճռից հետո դատարանից
իրեն ուղիղ տանելու են Նուբարաշենի մեկուսարան։
Ի տարբերություն Արթուր Հովհաննիսյանի, Սեթին մինչև
դատը չէին կալանավորել, այլ ստորագրություն էին
վերցրել քաղաքից չբացակայելու մասին։
Նա անցել է Զինկոմիսարիատի բժշկական քննությունը,
համարվել ծառայության համար պիտանի, որից հետո փոստով
դիմում է ուղարկել դատախազություն և զինկոմիսարիատ
զինվորական ծառայությունից հրաժարվելու մասին։
«Ես բժշկական քննությանը դեմ չեմ, չէ որ եթե այլընտրանքային
ծառայություն լինի, պիտի համարվեմ պիտանի, - ասում
է նա, - Ես չեմ ցանկանում նստել։ Ավելի շատ կուզեմ
պետությանն օգուտ բերել։ Օրինակ՝ համակարգչային
օպերատորի որակավորում ունեմ, կամ կարող եմ փողոցներ
կառուցել։ Շատ առողջ եմ, ու 2 տարի բանտում գտնվելու
փոխարեն կարող եմ ծառայել, անել ցանկացած աշխատանք,
որ կհանձնարարի պետությունը, բայց ոչ զինվորական
ենթակայության տակ և ոչ էլ որպես պատիժ։ Աստվածաշունչը,
որ դաստիարակել է խիղճս, թույլ չի տալիս զենք վերցնել
և զինվորական հագուստ կրել։ Կամ էլ երդում տալ,
որ կյանքս կնվիրեմ պետությանը։ Ես իմ կյանքը նվիրել
եմ Աստծուն»։
Սեթի մայրը և քույրը նույնպես Եհովայի վկաներ
են, սակայն հայրը, որ Եհովայի վկա չէ, շատ ծանր
է տանում որդու որոշումը և համոզում է նրան, որ
գնա ծառայի։ Սեթն ասում է, որ հայրն արդեն համակերպվել
է իր որոշման հետ և նույնիսկ չհասկանալով՝ աջակցել
է իրեն՝ 200 դոլար տալով փաստաբան վարձելու համար։
Երեկ Արագածոտնի մարզում զինծառայությունից խուսափելու
համար ձերբակալվել է ևս մեկ Եհովայի վկա՝ Անտոն
Տիգրանյանը:
Ըստ Հայաստանի սահմանադրության 47 հոդվածի, յուրաքանչյուր
քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել
Հայաստանի պաշտպանությանը։
Սակայն 2001 թվականի հունվարի 25-ին Եվրոխորհրդի
անդամ դառնալով՝ Հայաստանը պարտավորվել է, որ «երեք
տարվա ընթացքում կընդունի եվրոպական չափանիշներին
համապատասխանող այլընտրանքային ծառայության մասին
օրենք, իսկ մինչ այդ ազատազրկման կամ տուգանային
գումարտակներում ծառայության դատապարտված խղճի ազատության
հիմնավորմամբ զինծառայությունը բոլոր մերժողներին
ներում կշնորհի՝ թույլատրելով նրանց ընտրել անզեն
զինծառայություն կամ այլընտրանքային քաղաքացիական
ծառայություն (մինչև ուժի մեջ մտնի այլընտրանքային
ծառայության մասին օրենքը)»։
2001
թվականի ապրիլին բանտերում գտնվող բոլոր 35 Եհովայի
վկաներն ազատություն ստացան։ Սակայն իշխանությունների
այդ քայլը պարտավորության կատարում չէր։ Նրանք ազատություն
ստացան այլ մեղադրանքներով դատապարտվածների հետ՝
քրիստոնեության 1700-ամյակի առթիվ իշխանությունների
տված համաներումով։
«Ներում չի նշանակում բանտերից ազատել, - ասում
է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում
Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության փոխնախագահ
Արմեն Ռուստամյանը, - Ներում կշնորհվի, նրանք դատված
չեն համարվի, հիմա ազատեն, ինչ անեն։ Սահմանադրությունը
որևէ մեկի համար բացառություն չի անում։ Բանտերից
ազատելը պիտի լինի օրենքով։
«Երեք տարի է տրված, որ օրենսդրական դաշտ ստեղծվի,
սահմանադրությունը փոխվի և այլընտրանքային ծառայություն
ստեղծվի»։
Ռուստամյանն ասում է, որ առայժմ հստակ սահմանված
չէ, թե ինչպիսին պետք է լինի «այլընտրանքային ծառայությունը»:
«Առանց զենքի զինվորական ծառայությունը չի հակասում
մեր ստանձնած պարտավորություններին։ Եվրոխորհրդի
փաստաթղթերում գրված է, որ այլընտրանքը կամ քաղաքացիական
կամ զինվորական առանց զենքի ծառայությունն է։ Չի
ասվում՝ և՛..., և՛... Մենք այդ 2 տարբերակից մեկը
պիտի ընտրենք։ Բանակում անզեն ծառայելով՝ նրանք
բռնությանը չեն մասնակցում։ Իրենք ասում են՝ էդ
էն այլընտրանքայինը չի, ինչ մեզ պետք է։ Եհովայի
վկաները չպիտի երկրին կանոններ պարտադրեն»։
Ազգային ժողովի օրակարգ է մտցված Այլընտրանքային
ծառայության մասին օրենք, որում զինվորական ծառայության
այլընտրանքը զինվորական ծառայությունն է առանց զենքի,
և այն նախատեսված է միայն կրոնական համոզմունքներով
ծառայությունից հրաժարվողների համար։
Քրիստին Մարդիրոսյանն ասում է, որ համաձայն միջազգային
ստանդարտների և Եվրոխորհրդի պահանջների, այլընտրանքային
ծառայությունը պետք է լինի քաղաքացիական ծառայություն։
Երկակի իմաստ գոյություն չունի։ ԵՀԱԿ-ն ընդունել
է այդ մարդկանց կրոնական համոզմունքներով ցանկացած
զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը։
Եվ ոչ միայն կրոնական հիմքերով, այլև այլ համոզմունքներ
ունեցող մարդկանց զինվորական ծառայությունից հրաժարվելու
իրավունքը։
«Հայաստանն ընդունել է այս պարտավորությունը,
սա արդեն ժամանակի հարց է, թե երբ կկատարի։ Մեկ
տարվա ընթացքում Հայաստանը պետք է ընդունի այլընտրանքային
ծառայության մասին օրենքը, - ասում է Մարդիրոսյանը,
- Օրենքի նախագծում մի քանի կետեր կան, որոնք հակասում
են Եվրոպական ստանդարտներին... Փորձում ենք ներկայացնել
դրանք Հայաստանին, որպեսզի կարողանա համապատասխանեցնել
օրենքն այդ ստանդարտներին։
«Մեր գրասենյակի ներկայացուցիչները մասնակցել
են մի շարք դատավարությունների, որտեղ դատվել են
բանակից կրոնական համոզմունքներով հրաժարվողները։
«Երբ հարցնում ենք, թե ինչու եք նրանց դատում,
պատասխանում են, թե առաջնորդվում են գործող օրենքով։
Չնայած ստանձնել են պարտավորություն Եվրոխորհրդի
առջև։ Փաստն այն է, որ այդ մարդկանց ոչ միայն չեն
ազատում, այլ շարունակում են նոր մարդկանց նստեցնել»:
Արթուրը բանտից խմորից պատրաստված վարդեր է ուղարկում
մորը, ու նամակներ, որոնցում խնդրում է կենդանիներին
լավ նայել։ Նա 20 խոզ, բադեր, հնդկահավ ու աղավնիներ
է պահում, որոնք այժմ մնացել են կրտսեր եղբոր՝ Արմենի
խնամքին։
Հայրը կատակում է՝ իրականում ոչ թե Արթուրին են
երկուսուկես տարի տվել, այլ Արմենին, որ էսքան անասուն
պիտի պահի։
|