«Եթե
արգելվում է ձկնորսությամբ զբաղվել, նշանակում է,
իմ երեխաները սոված պիտի մնան, - ասում է ձկնորս
Արմեն Գրիգորյանը Նորատուս գյուղից, - Մարդիկ մեր
գյուղում աշխատանքի այլընտրանք չունեն, ուրիշ ի՞նչ
կարող են անել իրենց ընտանիքները պահելու համար»:
Ցուրտ նոյեմբերյան օր էր՝ Սևանում ձկնորսության
վերջին «օրինական» օրը:
25-ամյա Արմեն Գրիգորյանն ու 21-ամյա Իգիթ Ասատրյանը
դիմակայում էին գորշ ամպերի մռայլ լուսաբացին, ցրտաշունչ
քամուն և մեծ լճի կատաղի ալիքներին:
Հագնելով աշխատանքային վերնազգեստը՝ երիտասարդները
հետևում են, թե ինչպես է մոտեցող փոթորկից ալեկոծվում
լիճը: Նրանք հագնում են մինչ ծոծրակը հասնող ռետինե
համազգեստները և ռետինե ձեռնոցները՝ չոր բրդյա ձեռնոցների
վրայից: Մոտորանավակով շտապում են դեպի լճի խորքը,
որպեսզի մինչ եղանակի փչանալն ավարտին հասցնեն իրենց
գործը:
Այնտեղ՝ լճում, 200 մետր երկարությամբ 11 ցանցերն
են, որոնք մեկ օր առաջ են իջեցվել լիճ և որոնցում,
Արմենն ու Իգիթը հուսով են, տասնյակ սիգեր են սպասում
իրենց:
Երեք ժամ անց ձկնորսները վերադառնում են՝ ամբողջությամբ
թրջված ու ցրտից կարմրած: Հսկա շներն անհամբեր սպասում
են իրենց բաժնին և առաջինն են համտեսում օրվա որսը:
Այդ
օրը 270 սիգ է ընկել ցանցերը, և հիմա ձկնորսները
հանձնում են ձուկը չարենցավանցի վաճառական մի կնոջ,
որը 100 դրամ է (մոտ 17 սենթ) վճարում յուրաքանչյուր
ձկան համար. երկու ցուրտ օրվա աշխատանք, որը վերածվում
է 45 դոլարի (ծախսերը չհաշված):
Շրջանում ձևավորված շուկայում Արմենի և Իգիթի
նման շատ ձկնորսներ իրենց որսը վաճառում են Հայաստանի
տարբեր վայրերից ժամանած առևտրականներին, որոնք
շտապում են ձուկը թարմ հասցնել իրենց վաճառքի կետերը:
Մոտ 17 սենթով գնված ձուկը քաղաքում վաճառվում է
մոտ 23 սենթով:
Այնպես որ, Արմենի և Իգիթի որսած 270 ձկները վաճառողին
16 դոլար շահույթ կբերեն:
«Հարյուր դրամը շատ լավ գին է ամռանը, - ասում
է Իգիթը, - Եղել են օրեր, երբ ձուկը վաճառել ենք
ընդամենը 5 դրամով, քանի որ շոգի պատճառով այն ջրից
հանելուն պես սկսում է հոտել: Անգամ օր է եղել,
երբ ստիպված հոտած ձուկը ճայերի կեր ենք դարձրել»:
Սա մի աշխատանք է, որ կողոպտում է բնությունը,
և, միաժամանակ, կախված է բնությունից:
Նաև բախտից, ասում է Արմենը:
«Մի օր լավ է, մի օր վատ: Այսօր ցանցերը չարդարացրին
իրենց, որսը լավը չէր: Պատահել է, որ որսացել ենք
մինչև 2000 ձուկ, նավակում անգամ կանգնելու տեղ
չէր մնացել»:
Եվ այս պարզ թվաբանական հաշվարկը ներկայացնում
է այն մարդկանց մտահոգությունը, ովքեր Սևանա լիճը
համարում են հանրապետության գլխավոր բնական ռեսուրսն
ու հանրապետության տնտեսության խթանիչը:
Բնապահպանության նախարարությունը 2002 թվականին
թույլատրել է որսալ 600 տոննա ձուկ: Սակայն ոչ ոք
չի կարող հստակ ասել, թե քանի տոննա են որսացել:
Այդ մասին որոշ պատկերացում կարելի է կազմել Նորատուսի
ձկան մշակման արտադրամասերից մեկում: Այստեղ բանվորները
յուրաքանչյուր մաքրած ձկան համար ստանում են մոտ
1 սենթ: Արտադրամասի հինգ բանվորներն օրական մաքրում
կամ ծխեցնում են մոտ 4000 ձուկ (երբեմն՝ երկու անգամ
ավելի):
Միջին
հաշվով, 4000 սիգը կշռում է 1600 կգ: Տասն ամսվա
ընթացքում ձկնորսները միայն այս մեկ ձկնամշակման
արտադրամաս են հանձնում մոտ 480 տոննա ձուկ: Իսկ
Սևանի լճի շրջակայքում կան տասնյակ նման վերամշակման
արտադրամասեր:
Սիգը Սևանա լիճ է բերվել 1920-ականներին Ռուսաստանից,
երբ հետազոտությունները պարզեցին, որ լճում առավել
տարածված իշխանը սնվում է միայն հատակային կենդանիներով:
Սիգը, որը սնվում է ջրի վերին շերտերի օրգանիզմներով,
բերվեց Սևան՝ որպես լրացում լճում արդեն գոյություն
ունեցող տեսակների:
Սակայն հետագա մոտ 40 տարիների ընթացքում, սիգի
քանակը զգալի աճ չունեցավ:
Սակայն 1960-ականներին սիգը սկսեց աճի նշաններ
ցուցաբերել, որն, ըստ գիտնականների, բացատրվում
էր հիմնականում ճահճացմամբ, որը վատ էր խորքային
մասերում սնվող ձկների համար, սակայն լավ էր սիգի
համար:
«Բոլոր լճերն ունեն էֆտրոպացման (նախաճահճացման)
միտում, և սովորաբար այդ գործընթացը տևում է շուրջ
1000 տարի, - ասում է Հայաստանի Ազգային ակադեմիայի
հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի փոխտնօրեն
Բորիս Գաբրիելյանը, - Սակայն այս դեպքում, անտրոպոգեն
գործոնների պատճառով այս գործընթացն արագացել է:
Փաստորեն վերջին 50 տարվա ընթացքում՝ լիճն աղտոտելով,
ջրի մակարդակը կտրուկ իջեցնելով և նրա ջերմաստիճանը
բարձրացնելով, մենք արագացրել ենք այդ գործընթացը
մոտ 500 տարով»:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 1970-ից
մինչև 1990 թվականները սիգի պաշարները Սևանում աճել
են մոտ 10000-ից մինչև մոտ 25000 տոննա:
Սակայն 2000 թվականին այդ ցուցանիշն իջել է մինչև
5000 տոննա: Քանակի նվազման հետ աճել են ձկան չափսերը,
քանի որ այժմ ավելի փոքրաթիվ ձկներն ավելի շատ կեր
ունեն:
«Որակի տեսակետից սա լավ է, սակայն վատ է քանակի
տեսակետից, - ասում է Գաբրիելյանը, - Դա նշանակում
է, որ ձկան քանակը սկսել է պակասել»:
«Հիմա շատ ձկնորսներ զբաղվում են ձկնագողությամբ:
Շատերը գերադասում են ներքին կարգով լուծել իրենց
խնդիրները, այլ ոչ թե իրենց համար ավելորդ գլխացավանք
ստեղծել՝ պետության հետ հարաբերությունների մեջ
մտնելով»:
Ըստ «Սևան» Ազգային պարկի տվյալների՝ դեկտեմբերի
16-ի դրությամբ, արգելված շրջանում ձկնորսությամբ
զբաղվողներից հայտնաբերվել և առգրավվել է 1600 սիգ,
72 ձկնորսական ցանց, 152 խեցգետնորս և 4 լողամիջոց:
«Եթե սիգի որսը շարունակվի այս տեմպերով, ապա
հնարավոր է, որ նրա պաշարները նվազեն, - ասում է
Գաբրիելյանը, - Հաշվի առնելով, որ սիգն այսօր Հայաստանի
արդյունահանվող հիմնական ձկնատեսակն է, հնարավոր
է, որ մոտ ապագայում Սևանում ընդհանրապես չունենանք
որևէ նորմալ ձուկ»:
|