Ժամանակին՝
կենտրոնացված համակարգի և կայուն ֆինանսավորման
շնորհիվ, ձմռանը Հայաստանի գրեթե բոլոր բնակարանները
ջեռուցվում էին: Շենքերը հագեցված էին ջեռուցման
համակարգերով, և տաքացվող ջուրը նորմալ ջերմություն
էր ապահովում բնակարաններում:
Այսօր ամեն ինչ փոխվել է: Մասնագետները հավաստում
են, որ տարեցտարի նվազում է նման ջեռուցում ստացող
շենքերի թիվը: Եվ ձմռան օրերին նորմալ ջեռուցում
ստանալու փոխարեն, բնակիչները դիմում են վառարաններին
ու նավթավառներին և՝ վառելով դրանց մեջ ձեռքի տակ
ընկածը, լցնում են իրենց տները ծուխ ու մրով:
«Է՜, հե՜յ գիտի ժամանակներ, ամեն ինչ լավ էր,
չէիր էլ զգում, թե ինչ ասել է ցրտաշունչ ձմեռ, -
ասում է Երևանի Հարավ-արևմտյան թաղամասի բնակչուհի
Ալվարդ Հովհաննիսյանը, - Մի անկյունում շալով փաթաթված,
կամ էլ ջեռուցիչի կողքին հավաքված բազմաթիվ շենքերի
շատ ու շատ բնակիչներ կարոտով են հիշում այն լավ
ժամանակները, երբ տներում կայուն տաքություն կար»:
«Ջերմային տնտեսություն» ՊՓԲԸ գործադիր տնօրեն
Ռոբերտ Բուղդարյանը մեծագույն դժգոհությամբ է վերհիշում
1995 թվականի Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուների
նախընտրական շրջանը:
«Այդ տարի շատ թեկնածուներ հրապարակայնորեն ելույթ
էին ունենում և վստահեցնում մարդկանց, որ իրենք
արդեն վճարել են բոլորի ջեռուցման վարձավճարները:
Իսկ ընտրություններից հետո, պարզ է, ոչ մեկն էլ
չհիշեց իր խոստումների մասին», - ասում է Բուղդարյանը:
Տնօրենն ասում է, որ երկար ժամանակ սպասելուց
հետո բնակիչներից շատերը հանգեցին այն եզրակացության,
որ կարելի է տարիներով չվճարել ջեռուցման համար,
և ոչ մեկը դրա համար օրենքով չի պատժի իրենց:
Այսօր բնակիչների մոտ 60 տոկոսը չի վճարում ջեռուցման
համար:
«Անցյալ տարի բնակիչների ջեռուցման պարտքը կազմել
է 420 միլիոն դրամ (ավելի քան 750000 դոլար): Մինչև
1995 թվականը գրեթե բոլոր բնակիչները վճարում էին
կայուն ջեռուցում ունենալու համար, - ասում է Բուղդարյանը,
- Իսկ այսօր ջեռուցում ստացողների միայն մի մասն
է վճարում մեզ: Մենք արդեն հույս էլ չունենք, որ
նրանք կմարեն իրենց պարտքերը»:
Ցուրտ ձմեռն արդեն լիովին հաստատվել է Հայաստանում,
և ջեռուցման հարցն արդեն շատերի մտահոգության առարկան
է դարձել:
Սակայն չնայած բնակիչների բողոքներին, պաշտոնատար
անձինք պնդում են, որ ջեռուցման վարձավճարներն այնքան
էլ բարձր չեն. 90 օրվա համար մեկ քառակուսի մետրի
վարձը կազմում է մոտ 1100 դրամ (մոտ 2 դոլար):
«Ամեն տարի պակասում է ջեռուցվող շենքերի քանակը,
և մեղքը բնակիչներինն է: Անցյալ տարի մենք ծրագրել
էինք ջեռուցել 1100 բնակելի շենք, իսկ այս տարի
կջեռուցվեն միայն 700-ը: Բնակիչները չեն վճարում,
և պարտքերը կուտակվում են, - ասում է Բուղդարյանը,
- Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, մենք ամբողջությամբ
կզրկվենք մեր ջեռուցման համակարգից: Որոշել ենք
ավելի խիստ լինել և ջեռուցել միայն այն բնակիչների
բնակարանները, ովքեր կմարեն իրենց պարտքերը և պայմանագիր
կկնքեն մեզ հետ»:
Խորհրդային տարիներին ջերմային համակարգը որևէ
խնդիր չուներ, և արդյունքում ջեռուցվում էին գրեթե
բոլոր բնակարանները: Այս օրերին՝ ի տարբերություն
անցյալի, այդ համակարգի միայն ստվերն է մնացել:
Բուղդարյանի հավաստմամբ, այս ոլորտի առջև ծառացած
խնդիրները շատ են, սակայն դրանց մեծ մասն արդյունք
են, նախ և առաջ, բնակիչների անտարբերության և անպատասխանատվության:
«Եթե բնակիչները վճարեին, մենք հնարավորություն
կունենայինք նորոգել մեր արտաքին ցանցերը և վճարել
մեր աշխատողների երեք տարվա աշխատավարձերը: Հնարավորություն
կունենայինք մարել էլեկտրաէներգիայի, գազի, ջրի
մեր հսկայական պարտքերը, որ այսօր դեռ պարզ չէ,
թե ինչպես պետք է մարենք, - ասում է Բուղդարյանը,
- Իսկ մեր վիճակն աստիճանաբար ավելի ու ավելի է
բարդանում»:
Երևանի Մալաթի-Սեբաստիա համայնքի ջերմային տնտեսության
մասնագետ Աշոտ Ղազարյանի հավաստմամբ, բացի վարձավճարի
հետ կապված խնդիրներից, շատ բնակիչներ հատուկ ծորակների
միջոցով անօրինական կերպով օգտագործում են ջեռուցման
խողովակներով հոսող տաք ջուրը: Այդ ջրով նրանք հոգում
են իրենց կենցաղային կարիքները: Իսկ դա վտանգավոր
է ոչ միայն բնակիչների, այլև ամբողջ ջեռուցման համակարգի
անվտանգության համար:
«Արդյունքում մենք ունենում ենք վառելիքի, ջրի
և էներգիայի հսկայական գերածախս: Բացի այդ, խախտվում
է ամբողջ ջերմային ռեժիմը, և ճնշման տատանումները
հանգեցնում են ջեռուցման որակի անկմանը, - ասում
է Ղազարյանը, - Եվ մենք չգիտենք, թե ինչպես պայքարել
այս ոլորտի խնդիրների դեմ, քանի որ ընդամենը մի
քանի տարվա ընթացքում այս հզոր համակարգը՝ օրենքի
բացակայության և անտարբերության արդյունքում, հայտնվել
է կործանման եզրին»:
|