Կատարինան
մտավ գրասենյակ և տեսավ, որ Էմման լալիս է: Նա հարցրեց՝
ինչ է պատահել, և իմացավ, որ մահացել է Էմմայի պապիկը:
Կատարինան համոզում էր Էմմային տուն գնալ, բայց
նա չէր գնում: Մոտ 30 րոպե անց Կատարինան զրույցից
հասկացավ, որ մահացել է ոչ թե Էմմայի հարազատ պապիկը,
այլ մի տարեց փախստական, որին Էմման խնամում էր:
Հայկական Կարմիր խաչի երիտասարդական բաժնի 60
այլ կամավորների նման՝ Էմման ընդգրկված է «Սոցիալ-հոգեբանական
ծառայություն փախստական ծերերին» հատուկ ծրագրում:
Ծրագրի նպատակն է սփոփել միայնակ, սոցիալական վատ
պայմաններում ապրող տարեց փախստականներին: Երիտասարդ
կամավորներն օգնում են նրանց մոռանալ կորուստները,
ինտեգրացվել հասարակությանն ու շփվել նրա անդամների
հետ:
Վաթսուն կամավորներ այցելում են 330 ծերերի (30-ը՝
Երևանում, և 30-ը՝ Հայաստանի տարբեր մարզերում):
Ծրագիրը սկսվել է երեք տարի առաջ, երբ 20 կամավորներ
խնամում էին 120 ծերերի, որոնք հիմնականում Երևանի
տարբեր հանրակացարաններում բնակվող բաքվեցի փախստականներ
էին:
«Գաղափարը
երիտասարդական բաժնում է ծնվել, - ասաց Հայկական
Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) երիտասարդական բաժնի
ղեկավար Կատարինա Վարդանյանը, - Ունեինք սոցիալական
քույրեր, որոնք այցելում էին ծերերին և օգնում նրանց:
Իսկ երբ ծրագիրն ավարտվեց, արդեն կար մի ամբողջ
կամավորական բանակ: Եվ միտք ծագեց կամավորների օգնությամբ
իրականացնել նմանատիպ մի ծրագիր»:
Կարմիր խաչի «Բնակչության միգրացիա» վարչությունը
զբաղվում էր մեծահասակ փախստականների հատուկ խնամքի
հարցերով: Սկզբում գաղափարը թերահավատությամբ ընդունվեց
այն մարդկանց կողմից, ովքեր կարծում էին, որ կամավորը
չի կարող մասնագետի աշխատանք կատարել:
Սակայն կամավորական ծրագրի առաջին տարվա ընթացքում
երկու անգամ Երևան ժամանեցին ԱՄՆ էմիգրացիայի վարչության
ներկայացուցիչները, որոնք զրույցներ անցկացրին կամավորների
և փախստականների հետ: Արդյունքում հաջորդ տարի ծրագիրն
ընդլայնվեց:
Ծրագրի շրջանակներում ծերերին այցելում են շաբաթական
մեկ-երկու անգամ: Այդ այցելությունների ժամանակ
երիտասարդ կամավորները զրուցում են նրանց հետ, պարզում
նրանց խնդիրները և լսում այդ մարդկանց պատմությունները,
որոնք շուտով իրենց հարազատ են դառնում:
Ռիգալետան այդ մարդկանցից մեկն է:
«Բաքվում
աշխատում էի կրկեսում, - հիշում է ծեր կինը, - Ղեկավարներս
ցանկանում էին ինձ տանել Մոսկվա, բայց մայրս թույլ
չտվեց: 19 տարեկանում ամուսնացա»:
Զինվորական ամուսնու մահից հետո բժիշկները խորհուրդ
տվեցին Ռիգալետային շատ շփվել մարդկանց հետ, իր
վշտի հետ չպարփակվել ինքն իր մեջ:
Եվ այսպես, ամեն շաբաթ նա անհամբեր սպասում է
իր «թոռնիկ» Մարգարիտային՝ կամավորներից մեկին:
«Ես սիրահարվել եմ Մարգարիտային, - ասում է նա,
- Ես միշտ սպասում եմ նրա այցին, որ գոնե 5-10 րոպե
հետը զրուցեմ: Այսօր դա իմ կյանքի միակ ուրախությունն
է: Ես հիմա միայնակ եմ: Ոչ մի տեղ չեմ կարող գնալ,
քանի որ ընկերներ չունեմ և ոչ մեկին չեմ ճանաչում»:
Ինչպես Ռիգալետան է սպասում Մարգարիտային, այդպես
էլ մեկ այլ տարեց կին՝ Նատաշան, սպասում է Քրիստինեին:
Իր սենյակում նա մի քանի լուսանկար ունի. մի քանիսում
նա իր ընտանիքի հետ է, մյուսներում՝ իր կամավոր
թոռնիկի:
Քրիստինեն ասում է, որ իրենք արդեն հարազատի նման
են դարձել: Նատաշային նա այցելում է ավելի շատ,
քան իր հարազատ տատիկին:
«Երբ իմացավ, որ նշանվել եմ, ասաց, որ ուզում
է մի նվեր տալ, - ասում է Քրիստինեն, - Շրջազգեստս
տարա, իր ընկերուհի Ասյա տատիկի հետ ձևափոխեցին:
Երբ նորից գնացի, հագցրեցին ինձ, կանգնեցրին իրենց
միջև ու սկսեցին չորս կողմից նայել: Այնքան պտտեցրին,
որ նրանց միջև կանգնած տոնածառ էի դարձել: Հետո
էլ սկսեցին խորհուրդներ տալ՝ ինչպես պետք է վերաբերվեմ
իմ ապագա սկեսուրին: Շատ հաճախ գաղտնիքներս միայն
նրանց եմ պատմում»:
Ծրագրի
շրջանակներում մեկ-երկու ամիսը մեկ կամավորները
տանում են ծերերին տարբեր տեսարժան վայրեր, նաև՝
համերգ, կինո ու թատրոն:
Տարեց կանանցից մեկը՝ Լուսիկը, շատ լավ է հիշում
իր այցելությունը «Հաղթանակ» զբոսայգի:
«Էդ ինչքա՜ն լավ էր, - ասում է նա, - տեսանք ամեն
ինչ, էդ մանումենտից խելքս գնաց: Կյանքումս էդպիսի
տեղում չէի եղել: Ասում էի՝ երանի քնեմ, մնամ այստեղ:
Նախիջևանը փոքր քաղաք էր, էդպիսի տեղեր էնտեղ չեմ
տեսել»:
Կամավորները նշում են իրենց տատիկ-պապիկների ծննդյան
օրերը փոքրիկ նվերներով. տարիների ընթացքում սովորել
են, թե ով ինչ է նախընտրում:
Կամավոր Էմման ասում է, որ եղել են դեպքեր, երբ
ծրագրի ինչ-որ մի փուլ ավարտվել է, բայց բոլոր կամավորները
շարունակել են այցելել իրենց ծերերին:
«Մենք իրար հարազատ են դարձել: Ամիսը մի անգամ
այցելում եմ նրանց, - ասում է նա, - Այդ մարդկանց
մասին արդեն բավականին բան գիտես և, կարծես, ինչ-որ
բանով ես անցել նրանց հետ միասին»:
Էմման զգացել է ծրագրի ազդեցությունը նույնիսկ
իր վրա: «Ես հիմա իմ հարազատ տատիկ-պապիկներին ավելի
լավ եմ հասկանում, քան առաջ», - ասում է նա:
Աննա Մարտիրոսյանը հոգեբանական ծառայության համակարգող
է Հետվնասվածքային վերականգնողական կենտրոնում:
Այս տարվանից նա ընդգրկված է ծրագրում որպես հոգեբան:
«Շատ զարմացա, - ասում է նա, - երբ տեսա, թե 19-21
տարեկան երիտասարդ կամավորներն ինչպես են կատարել
այդպիսի բարդ աշխատանքը, որ միայն մասնագետները
կարող էին կատարել: Նրանք յոթանասունն անց ծեր մարդիկ
են, ովքեր վիշտ են ապրել, իրենց հետ տարիների միջով
տարել են այդ վիշտը, ապրել են դրանով: Նրանք հոգեբանական
կենտրոններում բուժվելու կարիք ունեին: Իսկ այս
երիտասարդները կարողացել են օգնել նրանց՝ առանց
վնասելու: Երեք-չորս տարի նրանք ապրել են որպես
մի ընտանիք: Կամավորներն իրենց տնից պահածոներ,
զգեստներ են տարել ծերերին, նրանք էլ իրենց հերթին
ուրախացել են թոռնիկների հաջողություններով, մի
բարի խորհրդով փորձել են օգտակար լինել, հյուրասիրել
են քաղցրավենիքով կամ ապուրով»:
Այս
ծրագիրը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի վերջին,
քանի որ միջոցները սպառվել են: Սակայն Աննա Մարտիրոսյանն
ասում է, որ եթե կամավորները դադարեցնեն իրենց հաճախումները,
դա կարող է մեծ վնաս հասցնել ծերերին:
«Երեք տարվա ընթացքում նրանց մարդկանց նման են
վերաբերվել, և հիմա, եթե նորից ընկնեն իրենց նախկին
վիճակի մեջ, նրանց համար շատ ծանր կլինի», - ասում
է նա:
Սակայն բոլոր կամավորներն էլ ասում են, որ շարունակելու
են այցելել ծերերին, սակայն առանց Կարմիր խաչի ծրագրի
օգնության՝ գուցե ոչ նույնքան հաճախ:
Թե՛ Կատարինա Վարդանյանը, և թե՛ Աննա Մարտիրոսյանը
հավատում են, որ կգտնվեն նվիրատուներ, որոնք կֆինանսավորեն
ծրագիրը, և այն չի դադարի:
Տարեց կանանցից մեկն ասել է. - «Եթե մեզ թողնեն-գնան,
մենք լրիվ որբ կմնանք»:
|