Արագաշարժ կանացի ձեռքերը հմտորեն հունցում են խմորը, լցոնում այն սարերի հոտավետ կանաչեղենով և ձվաձև տեսք տալիս: Քիչ անց փոքրիկ վառարանի վրա հայտնված Արցախի հանրաճանաչ ժինգյալով հացի բուրմունքը տարածվում է Ստեփանակերտի բազմերանգ շուկայում:
 |
Նախկինում գործարանում աշխատած Նաիրա Դանիելյանն այժմ «ժինգյալով հաց» է պատրաստում Ստեփանակերտի շուկայում |
«Ես տարիներ շարունակ գործարանում եմ աշխատել և երբևէ մտքովս չի անցել, թե ժինգյալով հաց թխելու փեշակն ինձ կյանքում մի օր օգնելու է,- ասում է 52-ամյա Նաիրա Դանիելյանը, որը կենտրոնական շուկայում մի փոքրիկ տաղավար ունի: - Դեռ շատ երիտասարդ էի, երբ մայրս ինձ սովորեցրեց ժինգյալով հաց թխել: Լավ է՝ սա էլ կա, թե չէ չգիտեմ, ինչ էինք անելու»:
ԼՂՀ սոցապահովության նախարար Լենստոն Ղուլյանի հավաստմամբ, հանրապետության 145 հազար բնակչության զգալի մասը Նաիրայի նման հայտնվել է դժվարին կացության մեջ:
«Ոմանք գյուղատնտեսությամբ են զբաղվում կամ էլ մեղվապահությամբ,-ասում է նա,- իսկ քաղաքներում բնակչության զգալի մասը ներգրավված է սպասարկման ոլորտի և առևտրի բնագավառում: Ժամանակները փոխվել են, և բոլորը փորձում են իրավիճակից դուրս գալու յուրովի ճանապարհ գտնել»:
Թեև Ղարաբաղում չի շրջանառվում սպառողական զամբյուղի գաղափարը, սակայն Ղուլյանն ասում է, որ մեկ շնչին այստեղ հարկավոր է ամսական միջինը 30 հազար դրամ «նորմալ» ապրելու համար:
2004 թվականին Ղարաբաղում աշխատավարձերը բարձրացրել են, սակայն միջին աշխատավարձով ընտանիք չես պահի:
Նախարարը դժվարանում է ասել, թե Ղարաբաղի բնակչության քանի տոկոսն է «կարիքավոր» կամ «սոցիալապես անապահով», քանի որ հանրապետությունում դեռևս գնահատման հստակ համակարգ չկա:
«Միայն մոտավոր կարելի է ասել, որ ԼՂՀ-ի բնակչության մոտ 50 տոկոսը հայտնվել է դժվարին սոցիալական պայմաններում, որի գլխավոր պատճառներից մեկը գործազրկությունն է»,- ասում է Ղուլյանը:
Շուշիի բնակչուհի Անահիտ Դանիելյանն ասում է, որ գործազրկությունը շատերի համար ամենացավոտ հարցերից մեկն է:
«Մեր ընտանիքում միակ աշխատողը ես եմ և ստանում եմ 15 հազար դրամ աշխատավարձ,- ասում է Անահիտը՝ Շուշիի եկեղեցու մոմավաճառը: - Եվ այդ առումով, կարելի է ասել, մեր բախտը բերել է, քանի որ մարդիկ տարիներ շարունակ չեն կարողանում աշխատանք գտնել: Իմ աշխատավարձով և մի քանի մեղվի փեթակի շնորհիվ էլ գոյատևում ենք ես, ամուսինս ու երեք որդիներս»:
2003 թվականի պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, Ղարաբաղում գործազրկությունը մոտ 6 տոկոս է կազմում: Ընդ որում, գործազուրկների գերակշիռ մասը կանայք են, որոնք հիմնականում նախկինում ապահովված էին աշխատանքով:
Սակայն պաշտոնական տվյալները բավարար չեն ղարաբաղյան իրականության մասին պատկերացում կազմելու համար, քանի որ դրանք արտացոլում են միայն զբաղվածության կենտրոններում գրանցվածներին, իսկ մեծամասնությունը ոչ մի տեղ չի գրանցվում:
 |
Սիրուն Բաղդասարյանը գոհ է ծերանոցի կյանքից, այստեղ նրանց նույնիսկ մազի ներկ են տալիս |
Անկախացումից և պատերազմից առաջ Ղարաբաղում կային տեքստիլ, բժշկական սարքավորումների, կոշիկի և այլ գործարաններ, որոնք աշխատելով հիմնականում ներմուծված հումքով, կայուն աշխատանք և եկամուտ էին ապահովում: Այսօր գործում է դրանց մի մասը միայն, և այն էլ իրենց հզորության չնչին մասով:
Մայրաքաղաքից դուրս հիմնականում ապավինում են գյուղատնտեսությանը ընտանիքի կարիքները հոգալու և մի որոշ եկամուտ ունենալու համար: Արդյունաբերությունը դանդաղորեն վերահաստատվում է Ղարաբաղում, որտեղ այսօր գործում են կահույքի, գինու գործարանները և տարածաշրջանում իր արտադրած թթի օղիով հայտնի օղու գործարանը:
«Այս ձեռնարկությունները ոչ միայն թարմություն են բերում Ղարաբաղի կյանքում, այլև մարդկանց ապահովում աշխատանքով և հույս տալիս վաղվա օրվա հանդեպ,- ասում է նախարար Ղուլյանը: - Ամեն ինչ քիչ-քիչ հունի մեջ է ընկնում»:
Ղարաբաղի կանանց մեծ մասն այսօր գործազուրկ է: Գործազուրկների 90 տոկոսը կանայք են, որոնցից շատերը կորցրել են ամուսիններին պատերազմում, կամ էլ նրանք մեկնել են արտասահման աշխատանք փնտրելու ու չեն վերադարձել:
Սակայն ձեռներեցները կարող են օգնություն ստանալ: 2001 թվականին «ԱՄԿՈՐ» կազմակերպությունը (Օգնության միացյալ մեթոդիստական կոմիտե) 2 միլիոն դոլարի դրամաշնորհ է շահել Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունից (ՄՆՄԶԳ) հատուկ Ղարաբաղի կանանց համար ծրագիր իրականացնելու համար:
«Շարունակական օգնություն կանանց» ծրագիրը հանրապետության 42 քաղաքների ու գյուղերի կանանց հնարավորություն է տվել ստանալ 300-3000 դոլար վարկ 2 տոկոս վարկադրույքով:
Ցայսօր տրվել է 7468 վարկ, որոնց 98 տոկոսը եղել է միջինը 340 դոլարի սահմաններում:
Ըստ Նարա Ղազարյանի, որը Ղարաբաղում ՄՆՄԶԳ-ի գործունեության համակարգողն է, վարկերի մոտ 60 տոկոսը վերցվել է անասուն գնելու նպատակով: Իսկ մի կին օգտվել է վարկային ծրագրից ծաղկի գործ սկսելու համար: Իր առաջին վարկով վաստակած գումարով նա ընդլայնել է գործը և ստացել է երկրորդ, ավելի մեծ վարկը, բացել է երկրորդ խանութը և այժմ մտադիր է վերցնել երրորդը:
Վարկառուների 98 տոկոսը վերադարձրել է պարտքերը:
 |
Տարեց, բայց ոչ պարապ Սուսաննա Սարկիսովան օրն անց է կացնում հյուսելով |
«Սկզբում մտահոգություններ շատ ունեինք, որովհետև վարկավորման գաղափարը նորություն էր Ղարաբաղի համար,- ասում է Ղազարյանը: - Սակայն կանայք շատ պատասխանատու են, և պարտքերի վերադարձման տեմպերը դրա լավ վկայությունն են»:
Սոցապ նախարարն ասում է, որ այժմ, երբ գործում են որոշ շարունակական ծրագրեր, առավել ուշադրություն է հատկացվում թոշակառուների ապահովման և ծնելիության խրախուսման համար միջոցներ հայթայթելուն:
ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հանրապետությունում 28 հազարից ավելի քաղաքացիական կենսաթոշակառու կա:
Կենսաթոշակառուները ստանում են ամսական միջինը 6600 դրամ:
«Միայն այդ մի քանի հազար դրամով ապրելն անհնար է»,- ասում է սոցապ նախարարության սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության բաժնի վարիչ Վահրամ Առաքելյանը:
«Իմ կենսաթոշակով հնարավոր չէ ապրել, նույնիսկ մի ամսվա հացին չի բավականացնում: Իսկ այստեղ գոնե հոգում են իմ մասին»,- ասում է Ստեփանակերտի ծերանոցում հանգրվանած 75-ամյա Լիզա Ասրյանը:
Ստեփանակերտի ծերանոցի տնօրեն Իրինա Սարգսյանն ասում է, որ պատերազմից և սոցիալական փոփոխություններից հատկապես տուժել են տարեցները:
«Մեր ծերանոցի բնակիչների մի զգալի մասն այստեղ է հայտնվել սոցիալական ծայրաաստիճան վատ պայմանների պատճառով,- ասում է Սարգսյանը: - Տարիներ առաջ իրավիճակը շատ ավելի վատ էր, այդ իսկ պատճառով ստեղծվեց ծերանոցը, որը չլսված բան էր Ղարաբաղի համար: Սակայն այսօր, փառք Աստծո, կարծես ամեն ինչ կայունանում է»:
81-ամյա Մարիա Բալյանը նրանցից է, ում կյանքն օր ծերության կայունացել է: Գյուղում յոթ տարի միայնակ ապրելուց հետո (Բալյանը բաքվեցի փախստական է) նա տեղափոխվել է Ստեփանակերտի ծերանոց:
«Եթե մի մարդու կենսաթոշակը 20 հազար էլ լիներ, միևնույն է, չէր բավականացնի մեր ամենօրյա կարիքներին,- ասում է նա: - Իսկ այստեղ (ծերանոցում) դրա համար անհանգստանալու կարիք չունենք: Երբ առավոտյան արթնանում ենք, էլ չենք մտածում՝ ուտելու բան կճարե՞նք, թե՞ չէ: Իսկ ձմռանը չենք մտածում վառելու փայտ ճարելու մասին»:
«Այստեղ շատ լավ է: Ինձ նույնիսկ ներկ են տվել մազերս ներկելու համար: Երբեմն հարցնում եմ ինքս ինձ` սա ծերանո՞ց է, թե՞ մանկատուն»:
Տարեցների խնամքի հարցը ծանրանում է նրանով, որ ղարաբաղցիները տարածաշրջանում ամենաերկարակյացն են:
«Եթե ծնելիությամբ էլ առաջին տեղերում լինեինք, ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ»,- ասում է Ղուլյանը:
Չնայած ծնելիությունը խրախուսելու նպատակով ձեռնարկված միջոցներին, հանրապետությունում ծնելիության դինամիկան վերջին երկու տարում անկում է ապրել (երեք տարի առաջ փոքր աճ էր արձանագրվել):
2001 թվականին գրանցվել է 2306 ծնունդ (աճ 81 ծննդով): Սակայն 2002-ին ծնվել է ընդամենը 2190 երեխա` անկում 116 ծնունդով (հոդվածը գրելու պահին 2003 թվականի տվյալները դեռ չկային):
Ստեփանակերտի բնակիչների հավաստմամբ, վերջին տարիներին կառավարությունից աջակցություն ստանալու նպատակով որոշ ընտանիքներ երեխա են ունենում:
Բանն այն է, որ բազմազավակությանը խթանելու նպատակով կառավարությունը հատուկ խրախուսման ծրագիր է իրականացնում: Առվազն չորս երեխա ունեցող ընտանիքն անվճար օգտվում է էլեկտրաէներգիայից: Վեց երեխայի դեպքում ընտանիքը տուն է ստանում: Իսկ տասը երեխայի դեպքում պետությունը մեքենա է հատկացնում:
 |
68-ամյա Ստեփան Նավասարդովը Ստեփանակերտի ծերանոցում իր ժամանակն անց է կացնում աղավնիներ բազմացնելոով: «Դա մեծագույն երջանկություն է ինձ համար»,- ասում է Ստեփանը |
«Ես յոթ երեխա ունեմ, և կառավարությունն ինձ համար տուն է կառուցել,- ասում է Շուշիի բնակչուհի Ստելլա Հակոբյանը: - Սակայն միայն տնով ընտանիք պահել հնարավոր չէ, երեխաներին նաև կերակրել է պետք, դպրոց ուղարկել, ինչը շատ դժվար է, շոր ու կոշիկ է պետք, որ գնել չենք կարողանում»:
Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցի տնօրեն Լյուդմիլա Հովհաննիսյանն ասում է, որ դպրոցը հասարակության իսկական հայելին կարող է լինել, որտեղ արտացոլվում են երեխաների սոցիալական վիճակը, հասարակության տրամադրությունները, ներգաղթն ու արտագաղթը:
«Ինչ խոսք, այսօր էլ շատ կարիքավոր ընտանիքներ կան, սակայն տարեցտարի իրադրությունը լավանում է,- ասում է նա: - 1994-1995 թվականներին աշակերտների կեսը սոցիալական ծայրաստիճան վատ վիճակում էր, այսօր դպրոցի 1200 աշակերտներից 250-300-ն է վատ վիճակում»:
Հովհաննիսյանն ասում է, որ ընդամենը մի քանի տարի առաջ կային երեխաներ, որոնք ձմռանը դասի էին գալիս ամառային կոշիկներով, քանի որ ուրիշը չունեին:
«Լավ հիշում եմ, դպրոցին 40 զույգ կոշիկ էին օգնություն տվել, բոլորն էլ աղջկա, իսկ երեխաների մեծ մասը տղաներ էին, ու չգիտեինք ինչ անեինք, ում օգնեինք,- ասում է նա: - Դժվար տարիներ էին, և եթե այն ժամանակ որոշ ընտանիքներ լքում էին հանրապետությունը, ապա վերջին ժամանակներում տեղի է ունենում ճիշտ հակառակը, շատերը ձգտում են դեպի իրենց հողը, ուզում են, որ երեխաներն իրենց հայրենիքում կրթություն ստանան»:
Իսկ կրթությունը, մասնագետների հավաստմամբ, Ղարաբաղում լավ վիճակում է, երեխաների հետաքրքրությունն էլ չի նվազում: Սակայն շատերին մտահոգում է ուսուցիչների ցածր աշխատավարձը՝ միջինը 17-19 հազար դրամ:
«Նման աշխատավարձով ապրելն անհնար է: Ուստի ուսուցիչները գոյատևելու և իրենց ընտանիքները պահելու այլ ճանապարհներ են փնտրում: Կան ուսուցիչներ, որ հաց են թխում,- ասում է Հովհաննիսյանը: - Ամիսներ առաջ ասում էին, թե ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է, սակայն մինչև աշխատավարձերի բարձրացումը արդեն թանկացել են հացը, մակարոնեղենը և այլ ապրանքներ, և արդյունքում ստացվում է, որ ոչ մի բան էլ չի փոխվում»:
Տնօրենն ասում է, որ չնայած ընդհանուր վիճակը բարելավվում է, ինչը
երևում է աշակերտներից, պատերազմի տարիները խոր հետք են թողել:
«Պատերազմի արդյունքում շատ երեխաների մոտ առողջական բազմաթիվ խնդիրներ առաջ եկան՝ շաքարախտ, վախեր, կակազություն,- ասում է նա: - Բացի այդ, տնային պայմաններում սովորող երեխաների թիվն ավելացել է առնվազն 10 անգամ: Դրանք հիմնականում այն երեխաներն են, որոնք մտավոր կարողություններով զիջում են մյուսներին, պատճառը՝ սթրեսներն ու վախերն են: Այդ պատճառով վերջին տարիներին առաջ է եկել դպրոցներում հոգեբան և լոգոպեդ ունենալու անհրաժեշտություն»:
Այդուհանդերձ, Ղարաբաղում աշակերտների ուսման ձգտումը չի պակասել: Դպրոցների շրջանավարտների գերակշիռ մասը փորձում է շարունակել ուսումը բուհերում: Սակայն քչերն են մանկավարժություն ընտրում՝ թերևս աչքի առաջ ունենալով սեփական ուսուցիչների վիճակը:
|