Ալեհեր, տարիքից ու հոգսերից ծերացած 68-ամյա Ռիմա Դանիելյանը զգուշությամբ իջնում է իր հարազատ Շուշիի զառիթափ փողոցներից մեկով՝ ուղղվելով դեպի անշուք կրպակների շարքը:
Անցնում է դպրոցից վերադարձող երեխաների կողքով, որոնք մեծանում են մի Շուշիում, որը շատ է տարբերվում Ռիմայի հիշողություններում կենդանի քաղաքից:
«Իմ քաղաքն ամենագեղեցիկն է,- ասում է Ռիման: - Դարեր շարունակ Շուշին համարվել է Արցախի սիրտն ու մշակութային կենտրոնը: Իսկ այսօր կյանքն այստեղ կարծես մեռել է: Շատ բան է փոխվել»:
|
Այսօրվա Շուշին՝ հին մզկիթի մինարեթից
|
Իրականում Շուշիում, որը մայրաքաղաքի՝ Ստեփանակերտի նկատմամբ իշխող ռազմավարական դիրքի պատճառով վերածվել էր երկարատև ու կատաղի մարտերի դաշտի, մեկ տասնամյակ անց փոխվել է գրեթե ամեն ինչ:
Ռիմայի հիշողությունը տեղն է, իսկ նրա բերած փաստերը՝ հանրահայտ: Պատերազմից առաջ Շուշին 12 հազար բնակիչ ուներ: Այն մշակույթի օջախ էր, արվեստի, հրատարակչական և նրբաճաշակ կյանքի կենտրոն: Այսօր այդ ամենի հետքերը կարելի է գտնել, թերևս, միայն քաղաքի փլատակներում, որտեղ իրենց գոյությունն են պահպանում 3500 բնակիչներ:
Կյանք` պարտքով
Շուշիում օրվա սկիզբն ազդարարում են աքաղաղները, որոնց հաջորդում է Սբ. Ղազանչեցոց եկեղեցու զանգերի ղողանջը՝ 33 ղողանջ՝ մեկական Քրիստոսի կյանքի յուրաքանչյուր տարվա համար:
Զանգերն ազդարարում են Անահիտ Դանիելյանի աշխատանքային օրվա սկիզբը: Նա մոմ է վաճառում եկեղեցում և ասում է, որ թեև հարևաների մեծ մասը զբաղմունք չունի, նույնիսկ ամենաչքավորները գալիս են աղոթելու, երևի ավելի լավ կյանքի համար:
«Ճիշտ է, թվում է, թե մարդկանց կյանքի պայմանները չեն փոխվում,- ասում է Անահիտը,- բայց վերջին տարիներին հարսանիքների թիվն սկսել է աճել, և դա ուրախացնում է»: Նրա հավաստմամբ՝ ստեփանակերտցի զույգերի համար ավանդույթ է դարձել հարսանիքն անել Շուշիում, որը 10 կիլոմետր հեռու է մայրաքաղաքից:
Շուշիում հյուրերի գալստյանն ուրախ են փոքրիկ խանութների տերերը: Նրանց կրպակները վկայում են, որ նույնիսկ այս կմախք-քաղաքում կարող է գոյություն ունենալ առևտուր՝ առաջին անհրաժեշտության ապրանքների:
«Շուշիի բնակիչները հիմնականում գնում են վերմիշել, շաքար, ձեթ և էժան օղի,- ասում է խանութում աշխատող 24-ամյա Լիանա Հարությունյանը (սակայն «գնել» բառն այստեղ տեղին չէ): - Հիմնականում պարտքով են վերցնում»: Դարակում երկու շիշ շամպայն կա: Դրանք այնքան վաղուց են այստեղ, որ Լիանան չի հիշում, թե որտեղից են հայտնվել:
«Երբեմն Ստեփանակերտից հարսանիքի եկածներն իրենց նման շռայլություններ են թույլ տալիս, եթե իհարկե մոռանում են հետները բերել: Սրանք Շուշիի բնակիչների համար չեն»:
Լիանան Շուշի է տեղափոխվել Մասիսից վեց տարի առաջ երկու դուստրերի հետ և ասում է, որ չէին կարող ապրել այստեղ, եթե չօգնեին ծնողները, որոնք Մասիսից ալյուր, կարտոֆիլ և այլ մթերք են ուղարկում:
«Այստեղ շատերն աշխատանք չունեն, իսկ ես ունեմ,- ասում է Լիանան: - Բայց երկու ամիս է չեմ ստանում իմ 15 հազար դրամ աշխատավարձը»: Նա ցույց է տալիս մի տետր, որտեղ գրանցում է «պարտքով վերցված» մթերքները: «Միայն այս տետրն է գնալով հաստանում: Այս ամիս մարդկանց պարտքը խանութին անցել է 100 հազարից»:
Պարտքով գնելն այստեղ ապրելակերպ է դարձել: Շատերն այլ ելք չունեն, որքան էլ դա նվաստացուցիչ լինի:
Ստելլա Հակոբյանը յոթ երեխա ունի և նպաստ է ստանում բազմազավակության համար. պետությունն այդ կերպ խրախուսում է բնակչության աճը Ղարաբաղում:
«Ամեն ամիս երեխաների նպաստը տալիս եմ խանութի տիրոջը,- ասում է Ստելլան, որը Շուշի է տեղափոխվել Հրազդանից: - Ամսվա ընթացքում մթերք ենք վերցնում խանութից, իսկ հետո երեխաներիս նպաստը ուղիղ տանում ենք խանութ: Այդպես ենք փակում պարտքերը»:
Ստելլան վերջերս բնակարան է ստացել՝ մեծ ընտանքի ունենալու ևս մեկ առավելություն: Ընտանիքը հիմա չորս սենյականոց բնակարան ունի, սակայն դրա միակ կահավորանքը մահճակալներն են:
«Աշխատանք չունենք,- ասում է Ստելլան: - Միակ լավ բանն այն է, որ ձմռանը կարող ենք շրջակա անտառներից ցախ հավաքել տունը տաքացնելու համար: Իսկ գարնանը հատապտուղ ենք հավաքում ու էժան վաճառում, որ մի քիչ փող վաստակենք»:
Տխուր զավեշտ է, որ պաշտոնական վիճակագրությամբ Շուշիում գործազրկությունը 5 տոկոս է: Ընդամենը 5 տոկոսն է գրանցվել որպես գործազուրկ, սակայն վիճակագրական վարչության աշխատակից Ծաղկուհի Աբրահամյանն ասում է, որ իրական թիվը 70-80 տոկոս է:
Շուշիի վերականգնման տեմպերը չեն կարող համեմատվել հարևան Ստեփանակերտի ցուցանիշների հետ: Եվ թեև աճում է «մեծ» (չորս և ավելի երեխա ունեցող) ընտանիքների թիվը՝ պետության կողմից իրականացվող ծրագրերի շնորհիվ, պաշտոնյաների հավաստմամբ, ծնելիությունն ընդհանուր առմամբ նվազել է:
«Երբ պատերազմ էր, կարծում էինք, թե հետո ամեն ինչ լավ կլինի,- ասում է պատերազմի մասնակից Կարինե Դանիելյանը: - Սակայն պարզվեց, որ ապագայում էլ դժվարություններ են լինելու: Ինչևէ, հույսը շարունակում է ապրել»:
Մշակույթը որպես ժամանց
Քաղաքի ղեկավարները համոզված են, որ Շուշիի ապագան երիտասարդներին քաղաքում պահելու և նրանց համար հեռանկար ապահովելու մեջ է:
|
Սբ. Ղազանչեցոց եկեղեցու զանգերն ամեն առավոտ ղողանջում են 33 անգամ
|
«Երիտասարդների մեծ մասը չի մտածում քաղաքից հեռանալու մասին, որովհետև այդպես մտածելու հնարավորություն չունի,- ասում է 22-ամյա Արմեն Պողոսյանը: - Նրանցից շատերի համար Շուշի
-Երևան «մարշրուտկայի» տոմսի արժեքը հավասար է իրենց մեկ ամսվա ծախսին: Բայց Շուշիում գերիշխող գործազրկությունը սպանում է մարդկանց, և հենց որ ինչ-որ մեկը բավական փող է հավաքում, հեռանում է քաղաքից»:
Բայց նույնիսկ նախկին Շուշիի իր փոքրացրած տարբերակով քաղաքը ցույց է տալիս նախկին կյանքի առկայծումները: «Նորմալ» կյանք ապահովելու միջոցներ են ձեռնարկվում՝ երիտասարդներին քաղաքում պահելու համար:
Իրականում Շուշիում առավել ակնհայտ է մշակութային կյանքի զարգացումը:
Կիսաքանդ ու լքված շենքերի այս քաղաքում կարելի է գտնել արվեստի ուսումնարան, դրամատիկական թատրոն, տիկնիկային թատրոն, երգչախումբ, երգիչների քառյակ, պարախումբ
Այս ցուցակը կարելի է շարունակել: Մի քանի տարի առաջ այստեղ նույնիսկ արվեստի փառատոն են նախաձեռնել:
Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջը Շուշիի և շրջակա գյուղերի միակ ուսումնական հաստատությունն է: Այստեղ դասավանդում են տարբեր արվեստներ ու արհեստներ՝ նկարչություն, գորգագործություն, դեկորատիվ արվեստ և այլն:
2003 թվականի մայիսին տեխնիկական ուսումնարաններից մեկը վերանվանվեց քոլեջի, ինչը նշան է, թեև փոքր, որ արևմուտքը թափանցում է մի քաղաք, որը, թվում է, մնացած աշխարհից չափազանց մեկուսացված է կամ, ավելի շուտ՝ չափազանց կապված է նախկին խորհրդային անցյալին:
Քոլեջը վերաբացվել է 1992 թվականին Շուշիի ազատագրումից հետո: Այսօր քոլեջն ունի 15-23 տարեկան 181 ուսանող:
Ձմեռային մի օր ուսանողները քոլեջի դահլիճում հավաքվել էին քննարկելու «Սեր, ամուսնություն, ընտանքի և օրենք» թեման: Բեմին դրված սեղանի շուրջը նստել էին դասախոսները, որպեսզի քննարկումները չափազանց բուռն ընթացք չստանան:
Կարճատև ներածականից հետո ուսանողները քննարկեցին տարբեր հարցեր՝ ապահարզան, երեխաների իրավունքներ, արդյոք սերը բավակա՞ն է ամուսնանալու համար՝ պատասխաններ ակնկալելով իրենց փորձառու դասախոսներից:
|
Տիկնիկային թատրոնը օգնում է պահպանելու Շուշիի մշակութային հին պատմությունը
|
Ինչպես հաճախ է պատահում փոքր քաղաքներում, Շուշիի երիտասարդների և նրանց դասախոսների հարաբերությունները պարզ և անկաշկանդ են: Հատուկ ծրագրի ավարտից հետո նրանք բոլորը հավաքվեցին երգելու, ասմունքելու, պարելու, ուտելու և խմելու, հետո նորից պարելու ու երգելու: Այս տեսարանը, որը չես գտնի, օրինակ, Երևանի բուհերում, պատկերացում է տալիս Շուշիի կյանքի մասին:
Նման միջոցառումները երևույթ են տեղի երիտասարդների համար: Նկատվում էր, որ այդ օրվան լավ են նախապատրաստվել, հատկապես աղջիկները, որոնք արել են ամեն ինչ գեղեցիկ տեսք ունենալու համար:
Շուշիում շատ չեն հնարավորությունները դպրոցի պատերից դուրս երիտասարդ սերնդի շփումների համար, և դրանք էլ սահմանափակված են ցերեկային ժամերով: Արևի մայր մտնելու հետ կյանքը տեղափոխվում է տուն՝ ընտանիքի գիրկը:
Շուշիի երիտասարդների առաջին գանգատն այն է, որ քաղաքում իրենց համար զբաղմունք չկա:
«Մարդկանց, հատկապես երիտասարդների մեջ չկա ուրախություն,- ասում է 19-ամյա Աննա Հովսեփյանը՝ բացատրելով, որ քանի որ Շուշիում զվարճալիքների մեծ ընտրություն չկա, երիտասարդներն իրենք պետք է ինչ-որ հետաքրքիր բան ստեղծեն:
Ի տարբերություն Ստեփանակերտի, Շուշիում չկան սրճարաններ, բարեր կամ դիսկոտեկներ: Սակայն եթե անգամ լինեին, «եթե որևէ աղջիկ գնա բար, բոլորը կսկսեն վատ խոսել նրա մասին»,- ասում է 19-ամյա Լուսինե Բադեյանը:
Ավարտելուց հետո հնարավորությունները քիչ են հատկապես աղջիկների համար. կամ նրանց բախտը բերում է և գործ են գտնում, կամ նստում են տանը, կամ էլ ամուսնանում են:
«Հիմնական պատճառը պատերազմն է,- ասում է 21-ամյա Էրիկ Նալբանդյանը՝ նկատի ունենալով երիտասարդների վիճակը: - Եթե ընտանիքն ապահովված է, նրանք անում են այն, ինչ երիտասարդները պետք է անեն:
Հնարավոր չէ պարզապես թրև գալ ընկերների հետ՝ իմանալով, որ կարելի էր այդ ընթացքում որևէ օգտակար բան անել ընտանիքի համար»,- ասում է Էրիկը:
Ամեն տարի քոլեջ է ընդունվում 60-70 ուսանող: Նրանք ավարտում են որպես նկարիչներ, այլ արվեստագետներ կամ որևէ արհեստ սովորած: Բայց հետո
վերադառնում են իրենց գյուղերը և ժամանակ են անցկացնում այլ բանով զբաղվելով, եթե ոչ նախասիրած, ապա գոնե օգտակար: Ղարաբաղի հեռավոր գյուղում նկարչությամբ ընտանիքիդ չես օգնի:
Երիտասարդներն ասում են, որ իրենց ապագան մշուշոտ է, և գանգատվում են, որ հարուստ մշակութային ավանդույթներ ունեցող իրենց քաղաքը չափազանց հաճախ են անտեսում:
«Ստեփանակերտը Ղարաբաղի ցուցադրական քաղաքն է,- ասում է 22-ամյա Դավիթ Ավագիմյանը, որը դասերից հետո գնում է տիկնիկային թատրոն: - Ինչ-որ պատճառներով գերադասում են ամեն ինչ կենտրոնացնել այնտեղ»:
Տիկնիկային թատրոնի երիտասարդներն ասում են, որ այն պաշտոնյաները, ովքեր խոստանում են վերածնել մշակութային կյանքը Շուշիում, կարծես չեն գիտակցում, որ միակ բանը, որ զարգանում է Շուշիում, մշակույթն է:
Իրականում Ղարաբաղի միակ երգչախումբը Շուշիից է (ինչպես և նախկին «Միսս Ղարաբաղը»):
2000 թվականին Շուշիի «Վարանդա» երգչախմբում երգող աղջիկները հիմնադրեցին հնգյակ, որն այժմ քառյակ է և կոչվում է «Նարե»: Նրանց անցել են Ղարաբաղում հանրաճանաչ դառնալու փշոտ ճանապարհը:
|
Վերականգնման ճանապարհը երկար է, բայց շարժվում են փոքր քայլերով
|
19-ամյա Կարինեն, 27-ամյա Ալինան, 23-ամյա Քրիստինեն և 22-ամյա Գայանեն մասնակցել են մի շարք ազգագրական և փոփ փառատոների Ստեփանակերտում և գրավել են առաջին տեղը: Աղջիկները հիմնականում երգում են ժողովրդական երգեր, սակայն ժամանակակից ոճով:
Սկզբում նրանք շրջում էին Ղարաբաղով և անվճար համերգներ էին տալիս, պարզապես ճանաչում գտնելու համար: Այսօր նրանց երբեմն վճարում են: 200 դոլարը (50 դոլար յուրաքանչյուրին) նրանք լավ գին են համարում: Սակայն միշտ այդքան չեն ստանում:
«Եթե լավ հովանավոր ունենանք, առաջ կգնանք,- ասում է Գայանեն: - Եթե ոչ՝ կմնանք այստեղ և մեր մասին ոչ մի տեղ, բացի Ղարաբաղից, չեն իմանա»:
Խոստումներ շատ են եղել, սակայն դրանցից ոչ մեկն առայժմ չի իրականացվել:
Ապագա՞: Գաղափար չունեն: Երազանքնե՞ր: Շատ: Օրինակ՝ Գայանեն երազում է գնալ Հունաստան, թեև չգիտե, թե ինչու:
«Ձեր կարծիքով` այստեղ կարելի՞ է ապրել,- հարցնում է նա մի եկվորի: - Երբ գնում եմ Երևան, չեմ ուզում վերադառնալ»:
22-ամյա Անուշ Դանիելյանն ասում է, որ երազում է Շուշիում ինտերնետ-սրճարան բացել, որպեսզի կապի երիտասարդներին միմյանց ու աշխարհին: «Միակ բանը, որ հիմա անում ենք, իրար տուն գնալն է, բայց դա էլ արդեն ձանձրացնում է:
Բոլորս էլ հետաքրքիր երազանքներ ունենք, բայց դրանք իրականացնելու համար հնարավորություններ են պետք: Իսկ եթե երազանքներն ու հնարավորությունները հանդիպեն միմյանց, Շուշին կդառնա մեր երազանքների քաղաքը»:
|