Այն հարցին, թե ինչու ինքը տեղափոխվեց Ղարաբաղի Նոր Հայկաջուր գյուղ, Իննա Պողոսյանը շատ պարզ պատասխան ունի.
«Այստեղ ջուր կար»,- ասում է նա:
|
Վերաբնակիչների կյանքը հեշտ չէ: Այս տունը նոր է կառուցվել, բայց ավանը ո՛չ ջուր ունի, ո՛չ էլեկտրականություն
|
Հինգ տարի Իննան, ամուսինը և դուստրն ապրել են մեկ սենյականոց բնակարանում՝ մեջը երկու մահճակալ, օրորոց, սեղան և մեջտեղում՝ փայտի վառարան: 1999 թվականին գյուղն էլեկտրականություն ստացավ, 2000-ին՝ ջուր:
Մինչև այս հոդվածը ձեզ հասնի, Պողոսյանները պետք է ապրելիս լինեն պետության կառուցած շատ ավելի լավ պայմաններով տան մեջ:
Նոր Հայկաջուրն այն մի քանի գյուղերից է, որոնք վերաբնակեցվում են պետական ծրագրով՝ ձգտելով Ղարաբաղը գրավիչ դարձնել նրանց համար, ովքեր պատերազմի տարիներին լքել են այն: Կամ էլ, ինչպես Իննայի ընտանիքի դեպքում, հակամարտությունը սկսվելուց հետո տեղահանվել են Ադրբեջանի հայաբնակ գյուղերից:
«Վերաբնակեցված» շատ գյուղերի նման՝ Նոր Սեյսուլան, Նոր Այգեստան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուրը ներկայում թշնամական տարածքում հայտնված Հայկաջուր գյուղի նախկին բնակիչների նոր տունն է: Որոշ գյուղեր փաստորեն վերածվել են լքված գյուղերի մանրակերտերի:
Հայկաջուրն ուներ շուրջ 1240 բնակիչ: Նոր գյուղում ապրում է 65 ընտանիք՝ 244 բնակիչ: Ըստ նախկին գյուղապետ Ռուբեն Դանիելյանի, պատերազմից առաջ Մարտակերտի 10 գյուղերում ապրում էր շուրջ 12000 հայ բնակիչ: Մոտ հազարը վերաբնակվել են: Ամբողջ Ղարաբաղում հետ է վերադարձել 5326 ընտանիք (մոտ 20000 մարդ), այդ թվում՝ 155 ընտանիք (586 մարդ) անցյալ տարի:
Երբ պատերազմական գործողությունները չափից ավելի սաստկացան, շատերը մեկնեցին Հայաստան կամ Ռուսաստան:
«Մեկնողները հիմա լավ են ապրում,- ասում է Իննայի մայրը՝ Աիդա Երամյանը, որը հարևան գյուղի գյուղապետն է: - Մենք էլ լավ կապրեինք, եթե մեկնած լինեինք: Բայց գերադասեցինք մնալ»:
Աիդան և նրա ընտանիքը, Նոր Հայկաջուր տեղափոխվելով, շատ հեռու չեն գնացել և պահպանել են կապերը գյուղը չլքած նախկին հարևանների հետ:
Սակայն օգնելով նոր տներ կառուցել Իննայի և Աիդայի նմանների համար՝ Ղարաբաղի կառավարությունը, որին օգնում են ՀԲԸՄ-ը և այլ կազմակերպություններ, փորձում է Ղարաբաղ տեղափոխվելը գրավիչ դարձնել նաև նրանց համար, ովքեր մինչև պատերազմն այստեղ չեն ապրել:
Վերաբնակեցման ծրագիրը գործում է 1995 թվականից: Այս տարի Ղարաբաղի բյուջեից ծրագրին տրամադրվում է 440 միլիոն դրամ (մոտ 785 հազար դոլար), այդ թվում՝ 98 տների կառուցման նպատակով:
Սակայն տուն ստանալուց բացի, ոչ ղարաբաղցի վերաբնակները ստանում են ճանապարհածախսի գումարը, միանվագ 20 հազար դրամ և ևս 5000 դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար: Այլ խթանների թվում է անտոկոս վարկը (մինչև 465 դոլար) 10 տարի ժամկետով: Որոշ ընտանիքների կարիքի դեպքում նաև կով են հատկացնում: Բացի այդ, զինակոչային տարիքի վերաբնակները երկու տարվա տարկետում են ստանում:
Մինչև անցյալ տարի վերաբնակեցման հարցերով զբաղվում էր սոցիալական ապահովության նախարարությունը: Սակայն այժմ ստեղծվել է միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչություն, որը գլխավորում է Սերժ Ամիրխանյանը:
|
Իննա Պողոսյանի դուստրը՝ Մերին, մեծանում է նոր գյուղում հին հարևանների հետ
|
«Բացի կառավարության շնորհած արտոնություններից, մենք փորձում ենք բարելավել վերաբնակների սոցիալական պայմանները, հատկապես՝ մեծ ընտանիքների, մարդասիրական ծրագրերի և մասնավոր նվիրատվությունների միջոցով»,- ասում է Ամիրխանյանը:
Նոր Հայկաջուրի դպրոցի ղեկավարությունը վերաբնակեցման ծրագրի արդյունավետության վկայությունն է. տնօրենը Հայաստանի Մեծամոր քաղաքից է, իսկ փոխտնօրենը՝ Գյումրիից:
Տնօրեն Լյուբա Գրիգորյանի հավաստմամբ, դպրոցի 43 աշակերտներն «ավելի մեծ ուշադրություն են դարձնում ուսմանը (քան Հայաստանի դպրոցների աշակերտները): «Միգուցե ստեղծենք մեր նոր, անկախ պետությունը: Չգիտեմ, կստեղծենք, թե՝ ոչ: Բայց անում ենք ամեն հնարավոր բան»:
Ամեն հնարավոր բան անելու և հայերեն լեզու ու գրականություն դասավանդելու համար փոխտնօրեն Անահիտ Լորեցյանը ստանում է ամսական մոտ 30 դոլար աշխատավարձ՝ ավելի բարձր, քան հարազատ Գյումրիում:
Բայց Անահիտն ասում է, որ վերաբնակվել է Նոր Հայկաջուր, որովհետև հոգնել է «քաղաքի» կյանքից և ցանկացել է վայելել Ղարաբաղի հանրահայտ բնությունը: «Մենք այստեղ կարիերայի համար չենք եկել,- ասում է նա: - Մենք եկել ենք, որովհետև պահանջ կար»:
Վերաբնակների պահանջը ռազմավարական նշանակություն ունի ինքնահռչակ հանրապետության համար: Մասնավորապես՝ լքված գյուղերը բնակեցնելը ցույց է տալիս, որ նոր բնակիչները մտադիր են մնալ այդտեղ:
Գյուղերը, ուր տեղափոխվում են վերաբնակները, հեռու են ուտոպիա լինելուց: Որոշ գյուղեր չունեն ջուր և էլեկտրականություն: Ու թեև դրսից եկածները պետական օգնություն են ստանում, Աիդայի նմանները, որոնց ավելի շուտ տեղափոխված, քան վերաբնակ են համարում, արտոնություններից չեն կարող օգտվել:
Նոր Հայկաջուր տանող ճանապարհին ուշադրություն են գրավում երեք
աներևակայելի սպիտակ-կարմիր կոկիկ տներ, որոնք հիշեցնում են համեստ ամերիկյան ավան:
Սակայն ավելի ուշադիր հայացք նետելով` նկատում ես, որ մի տան մեջ ապրում է մի քանի ընտանիք, որ տները չունեն սանհանգույց ու էլեկտրականություն, որ բնակիչները հարկադրված են ջուր բերել մոտակա աղբյուրներից, իսկ երեխաները ստիպված են ավելի քան մեկ կիլոմետր քայլել մինչև դպրոց:
«Ի՞նչ է պետք վերաբնակներին,- հարցնում է Ամիրխանյանը: - Պետք է կացարան ու մշակելու հող: Նրանց երեխաներին պետք է կրթություն ստանալ ու մեծանալ հայկական ավանդույթներով»:
Սական ոմանք կարծում են, որ իրենց ուրիշ բան էլ է պետք, և չեն սպասում մինչև իրենց 10 տարվա պայմանագրի ավարտը: Ամիրխանյանն ասում է, որ նրանց նմանները շատ քիչ են` հինգից ութ տոկոս, համեմատության համար ավելացնելով, որ վերաբնակության սպասողների հերթում կա մոտ 700 ընտանիք:
(Հոդվածում օգտագործվել են «ԱրմենիաՆաուի» լրագրող Ջուլյա Հակոբյանի տրամադրած նյութերը):
|