Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային միջնորդները 2003 թվականին ընդմիջում էին հայտարարել՝ հաշվի առնելով Հայաստանում և Ադրբեջանում անցկացվող նախագահական ընտրությունները: Նոր տարում սպասվում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ֆրանսիացի, ռուս և ամերիկացի համանախագահները հանդես կգան հակամարտության կարգավորման նոր առաջարկներով:
|
Այժմ Կովկասի «ավագագույն քաղաքական գործիչ» Ռոբերտ Քոչարյանը Ժնևում հանդիպեց Իլհամ Ալիևին, որն Ադրբեջանի նախագահի պաշտոնում նոր էր փոխարինել իր հորը |
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերին
Ժնևում կարճատև
հանդիպում ունեցավ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ: Այդ հանդիպումը նրա համար ավելի շատ առիթ էր ծանոթանալու իր նախկին ախոյան Հեյդար Ալիևի որդու հետ: ԵԱՀԿ-ի միջնորդներն այն կարծիքին են, որ պահը հարմար է կարգավորման հասնելու համար, սակայն հարցն այն է, արդյոք կա՞ն նոր առաջարկներ այս հարցում բեկում ապահովելու համար:
Ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Փերինան հայտարարել է, որ իրեն հույս է ներշնչում այն հանգամանքը, որ երկու նախագահներն էլ վստահության թարմ մանդատ են ստացել իրենց ժողովուրդներից: Լավատեսորեն են տրամադրված նաև ռուսները: Մինսկի խմբում Ռուսաստանի նախկին ներկայացուցիչ Նիկոլայ Գրիբկովը նույնիսկ հայտարարել է. «Մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն անպայման կընդունեն վերջերս մշակված մեր առաջարկները»:
Երկու կողմերի դիրքորոշումներում շատ քիչ ընդհանրություններ կան. Հայաստանը համաձայն է զիջումների գնալ, սակայն միայն հաշվի առնելով պատերազմի ժամանակ հայկական ռազմական հաջողությունների իրողությունը: Երևանը չի բացառում Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որևէ տարբերակ, որը կբավարարի երեք սկզբունքային պայման. բացառվի Ղարաբաղի ուղղահայաց ենթակայությունը Ադրբեջանին, Ղարաբաղը չլինի անկլավ, այսինքն՝ ցամաքային սահման ունենա Հայաստանի հետ, և լինեն անվտանգության միջազգային երաշխիքներ:
Պաշտոնական Բաքուն չի ընդունում Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս և համառորեն վկայակոչում է տարածքային ամբողջականության սկզբունքը: Ձևականորեն միջազգային իրավունքի այս նորմը չի կարող Ղարաբաղի անկախության ճանաչման խոչընդոտ լինել, քանի որ նախկին ինքնավար մարզը դուրս է եկել Ադրբեջանի կազմից համաձայն խորհրդային օրենսդրության դեռ Խորհրդային Միության փլուզումից առաջ: Սակայն ՄԱԿ-ը ճանաչել է Ադրբեջանի Հանրապետությունը Խորհրդային Միության կազմում նախկին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության սահմաններում: Օրենսդրական փաստարկների պատերազմը միջազգային միջնորդներին կանգնեցրել է փակուղու առջև: Վերլուծաբանների մեծ մասն այն կարծիքին է, որ հակամարտության լուծումը պետք է լինի քաղաքական և ոչ թե իրավական:
2001 թվականի սկզբին գտնվեց մի բանաձև, որը կարծես հաշվի էր առնում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերը: Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հովանու ներքո անցկացված բանակցությունների արդյունքում նախագահներ Քոչարյանը և Հեյդար Ալիևը համաձայնության եկան կարգավորման սկզբունքների հարցում: Նույն տարվա ապրիլին Քի Վեսթում (ԱՄՆ) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատեցին իրենց հավատարմությունը Փարիզում ձեռք բերված համաձայնություններին: Միջնորդները սկսեցին պատրաստել պատմական հուշագիր, որը հակամարտության կողմերը, ինչպես ակնկալվում էր, պետք է ստորագրեին Մոսկվայում: Սակայն այսպես կոչված «Փարիզյան սկզբունքներն» այդպես էլ կարգավորման հիմք չդարձան, որովհետև Բաքու վերադառնալուց հետո Հեյդար Ալիևն անսպասելիորեն հրաժարվեց բոլոր համաձայնություններից: Այսպես բաց թողնվեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլած հակամարտությանը վերջ տալու լավագույն հնարավորությունը:
Սակայն ի տարբերություն նախկին նախաձեռնությունների, որոնք կողմերից մեկը մերժել էր, «Փարիզյան սկզբունքներն» ավելի կենսունակ դուրս եկան: Խաղաղության ձգտող միջնորդները չհրաժարվեցին կողմերին 2001 թվականի հավանության արժանացած մոդելի քննարկմանը վերադարձնելու փորձերից՝ պնդելով, որ բանակցությունները պետք է վերսկսվեն այն կետից, որտեղ ընդհատվել են:
|
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի կարծիքով, պետք է սպասել քիվեսթյան առաջարկի տարբերակին |
«Մենք ելնում ենք այն երեք համա-ձայնություններից, որոնք ձեռք են բերվել երկու երկրների նախագահների միջև: Ես ոչինչ չգիտեմ որևէ այլ համաձայնության մասին»,- ասել է Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը՝ մեկնաբանելով «Փարիզյան սկզբունքներին» վերադառնալու հեռանկարը: Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն արտահայտվել է նույն ոգով՝ ասելով, որ միջնորդներից կարելի է ակնկալել «քիվեսթյան հանդիպման ժամանակ քննարկված մոդելի փոփոխված տարբերակ»:
Այսպիսով, կարելի է ենթադրել, որ օրակարգում է մնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հավանությանն արժանացած, սակայն Ադրբեջանի կողմից մերժված մոդելի «բարեփոխված» տարբերակը: Այն նախատեսում է հորիզոնական հարաբերություններ Ստեփանակերտի և Բաքվի միջև: Օսկանյանը համոզված է, որ եթե Իլհամ Ալիևը համաձայնի շարունակել հոր սկսած բանակցային գործընթացը, ապա «իրական հնարավորություն կստեղծվի կարճ ժամանակում հասնելու լուրջ առաջընթացի»: Օսկանյանի կարծիքով՝ «փարիզյան և քիվեսթյան հանդիպումների արդյունքները կարող են բանակցությունները շարունակելու լուրջ հիմք հանդիսանալ»:
Ադրբեջանի և նրա կազմի մեջ մտնող ու Հայաստանի Մեղրու շրջանով բաժանված ինքնավար Նախիջևանի միջև հաղորդակցությունների հարցը, անշուշտ, հատուկ ուշադրության կարժանանա գալիք բանակցություններում: Ժամանակ առ ժամանակ բարձրացվում է տարածքների փոխանակության հարցը՝ լուծում, որը մերժվում է Երևանի կողմից աշխարհաքաղաքական նկատառումներով, քանի որ այն կտրում է Հայաստանն Իրանից: Սակայն Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է քննարկելու բեռների և ուղևորների անվտանգության միջազգային երաշխիքների տարբեր ձևեր, եթե վերականգնվի Նախիջևանը Մեղրիով Ադրբեջանին միացնող երկաթուղային հաղորդակցությունը: Առաջարկություններ են արվում հատուկ շեշտելու հաղորդակցությունների հարցը միջնորդների ներկայացրած առաջարկների նոր փաթեթներում:
Միջնորդների առջև ծառացած մյուս հարցը Ղարաբաղի՝ որպես բանակցող կողմի ներգրավումն է բանակցություններին: Պաշտոնական Բաքուն մտավախություն ունի, որ միջազգային հանրությունն այլ տեսանկյունով կնայի հակամարտությանը, եթե իրենք համաձայնեն սեղանի շուրջը նստել Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ. միջպետական կոնֆլիկտի փոխարեն այն կդառնա պայքար նախկին գաղութի և նախկին գաղութատիրոջ միջև: Սակայն ընտրությունների նախօրեին Ադրբեջանի նախկին արտգործնախարար Վիլայաթ Գուլիևը հանդես եկավ հայտարարությամբ, որը վկայում էր, թե Բաքուն համաձայն է վերանայելու իր մոտեցումը: Գուլիևը հասկանալ տվեց, որ չի բացառում Ստեփանակերտի ղեկավարության հետ երկխոսության հնարավորությունը, պայմանով, որ Հայաստանը «մի կողմ քաշվի և չմիջամտի Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի միջև բանակցություններին»: Պետք է ենթադրել, որ այս զարմանալի հայտարարությունը միջնորդների աշխատանքի արդյունքն է, որոնք պնդել են, որ Ղարաբաղը ճանաչվի որպես հակամարտության կողմ: Կարելի է ակնկալել, որ նրանք դեռ կանդրադառնան այդ հարցին:
Ղարաբաղի հարցով Ռուսաստանի նախկին հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահն էր, հստակ արտահայտվել է հենց այս հարցի կապակցությամբ. «Ալիևի առարկությունները Ստեփանակերտը որպես հակամարտության կողմ ճանաչելու և բանակցություններին նրա մասնակցելու դեմ որևէ համոզիչ հիմնավորում չեն ունեցել: Քանի՜ անգամ է Բաքուն ձգտել ուղղակի կապ հաստատել Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ, երբ վիճակը ռազմաճակատում վատացել է և զինադադար է հայտարարել՝ փաստաթղթերում Ստեփանակերտը նշելով որպես հակամարտության կողմ»:
Կազիմիրովի կարծիքով՝ Մինսկի խմբի համանախագահների հանդուրժող կեցվածքը բանակցությունները եռակողմ ֆորմատի վերադարձնելու Բաքվի դժկամության նկատմամբ «դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումները բանակցային գործունեության նմանակման»: Կազիմիրովն ասում է. «Լեռնային Ղարաբաղը չի կարող դառնալ միայն բանակցությունների առարկա, եթե անգամ ինչ-որ մեկը շատ ցանկանա, որ այդպես լինի»:
|
ԵԱՀԿ համանախագահ Ռուդոլֆ Փերինան այն միջազգային միջնորդներից է, որոնք կարծում են, որ պահը նպաստավոր է կարգավորման համար |
Ի պատասխան նման ճնշումների՝ Ադրբեջանը փորձ արեց բանակցությունների սեղանի շուրջը նստեցնել Շուշիի նախկին բնակիչ Նիզամի Բահմանովին: Բահմանովը ներկայացնում է մարտական գործողությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) լքած ադրբեջանցի փախստականներին: Բաքուն ներկայացնում է նրան որպես «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել և լսել են նրա փաստարկները: Հայաստանի և ԼՂՀ-ի ղեկավարները ճնշում չեն գործադրել միջնորդների վրա՝ պահանջելով հանդիպել Ադրբեջանից հայ փախստականների ներկայացուցիչների հետ, թեև նույն հաջողությամբ կարող էին պահանջել խաղաղության բանակցություններին ներգրավել «Ադրբեջանի հայ համայնքի ղեկավարին»: Այն կանխադրույթը, որ Ղարաբաղը կարող են ներկայացնել կարգավիճակով հավասար տարբեր համայնքներ, քննադատության չի դիմանում: ԼՂՀ-ն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի օրինական իրավահաջորդն է, մարզն ուներ իր սեփական ընտրովի մարմինները: Այն հանգամանքը, որ Ղարաբաղի ադրբեջանցիները չեն մասնակցել ԼՂՀ նախագահի ընտրություններին, չի նշանակում, որ նախագահը չի կարող լեգիտիմ համարվել:
Պաշտոնական Երևանը ձգտում է, որ բանակցությունների ֆորմատի որևէ փոփոխություն չսահմանափակի իր դերը: Գուլիևի առաջարկած բանաձևը Երևանում հետաքրքրություն չառաջացրեց հենց այս պատճառով: Նախագահի մամլո խոսնակ Աշոտ Քոչարյանը հայտարարել է, որ թեև Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին խիստ ցանկալի է, Հայաստանի ներկայությունն ավելի մեծ կշիռ ու արդյունավետություն է ապահովում գործընթացին: Հայաստանի խորհրդարանը նույնպես վստահ չէ, որ ուղիղ բանակցությունները Ղարաբաղի և Ադրբեջանի միջև կարող են արդյունավետ լինել: Իշխանական կոալիցիայի քաղաքական ուժերը, առաջին հերթին Դաշնակցությունը, պնդում են, որ Երևանը պետք է հանդես գա որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության և անկախության երաշխավոր:
Մեկ այլ նախկին խորհրդային հանրապետության՝ Մոլդովայի փորձը ցույց տվեց, որ բավական չէ սեղանի շուրջը նստեցնել հակամարտող կողմերի ղեկավարներին: Մերձդնեստրովյան հակամարտության խաղաղ կարգավորման նոյեմբերյան բանակցությունների ձախողումն իր ազդեցությունը կունենա ղարաբաղյան գործընթացի վրա, քանի որ կարգավորման համար առաջադրված որոշ սկզբունքներ ընդհանրություններ ունեն Մինսկի խմբի առաջարկների հետ: Բաքուն շարունակում է մտահոգություն հայտնել, որ Մինսկի խմբի համանախագահները կարող են ներկայացնել «մերձդնեստրովյան մի մոդել», որը կպահպանի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն այնպես կվերաբաշխի լիազորությունները, որ Ղարաբաղը կունենա դաշնակցային տարածքից էլ ավելի իրավունքներ: Նախագահի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարը վերջերս հայտարարեց, որ Ադրբեջանը դեմ է որևէ լուծման, որը կարող է վտանգել միասնական պետության իր կարգավիճակը:
Ամեն դեպքում, հակամարտության կարգավորման այսպիսի «փաթեթային» լուծումը Բաքուն մերժում է՝ փոխարենը նախապատվություն տալով փուլային առաջընթացի տարբերակին, որը կարող է նրան հնարավորություն տալ հասնելու միակողմանի զիջումների Ղարաբաղի կողմից՝ առանց փոխադարձ քայլերի: «Մերձդնեստրովյան մոդելի» մասին մեկնաբանություններ անելուց առաջ հայաստանյան կողմը ցանկություն է հայտնել նախ ավելի լավ ծանոթանալ դրան:
Սակայն պետք է նշել, որ խոշոր տերությունների դիվանագետները հավասարության նշան չեն դնում Ղարաբաղի և հետխորհրդային տարածքների այլ հակամարտությունների միջև: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Փերինան անցյալ տարի հայտարարել է. «Միջազգային հանրությունը պատրաստ չէ ճանաչելու Մերձդնեստրովիեի, Հարավային Օսեթիայի, Աբխազիայի անկախությունը: Լեռնային Ղարաբաղի հարցը փոքր-ինչ տարբեր է»:
Փերինան, որը նաև պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչն է Եվրասիայի հակամարտությունների գծով, չի բացառում, որ Վաշինգտոնը կարող է, ի վերջո, ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն կամ Հայաստանի մաս: Արդ, ինչո՞ւ պետք է Երևանը և Ստեփանակերտը բացառեն այդ հնարավորությունը:
|