ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
Special Edition
May 21, 2004




Տրամադրված են վճռականորեն. չճանաչված հանրապետությունը հառնում է, որպեսզի իր հետ հաշվի նստել տա աշխարհին

Եթե Ստեփանակերտը պետության դեմքն է, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համակ ժպիտ է:
Սփյուռքահայերը ամբողջությամբ նորոգել են Ստեփանակերտի սրտում գտնով հին «Ղարաբաղ» հյուրանոցը

Ընդամենը հինգ տարի առաջ Ղարաբաղի մայրաքաղաքը բոլորովին այլ տեսք ուներ: Այնտեղ, որտեղ առաջ կանգնած էին ռմբահարված շենքերի մերկացած ու պատառոտված պատերը՝ որպես հակաարարման ստալագմիտներ, այսօր պատերազմի մահվան դիմակի փոխարեն վեր են հառնում նոր շենքեր:

Ժամանակին դժոխային տարափից քայքայված փողոցներն այժմ ասֆալտապատել, մայթապատել, լուսավորել են ու նախապատրաստել սահուն անցման՝ գոյատևումից՝ առևտրի, որը, հանրապետության ղեկավարների հավաստմամբ, անշուշտ գալու է:

Սպասարկման ծառայությունները հիմնականում հուսալի են, կա բջջային հեռախոսակապ, տարածաշրջանի լավագույն ճանապարհը կապում է Ղարաբաղը Հայաստանին, իսկ խորդուբորդ ներքին ճանապարհներին շուտով փոխարինելու կգա նոր մայրուղին:

Կարելի է պնդել, իհարկե, որ «դիմահարդարումն» ավելի շատ թաքցնում, քան բացահայտում է, և չի կարելի թռուցիկ հայացք նետել Ղարաբաղում տիրող իրավիճակի վրա աչքակապեր դրած և անտեսել նվազ գրավիչ իրողությունները:

Բնակչության մեծ մասը գործազուրկ է: Մայրաքաղաքից դուրս գյուղական կյանքը հաճախ մեկ դար հետ է մնացյալ աշխարհից: Եվ եթե զարգացումը հանրապետության ապագայի բանալին է, ապա վերականգնումն այն շղթան է, որը կապում է Ղարաբաղը հետպատերազմյան իրականությանը: Այս տարվա բյուջեի 65 տոկոսը հատկացվելու է սոցիալական կարիքների բավարարմանը:

Ամենակարևորն այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բացակայությունը խիստ նվազեցնում է նորմալ միջազգային հարաբերություններ զարգացնելու Ղարաբաղի հնարավորությունները:

Ստվեր նետելով այն ամենի վրա, ինչն այլ հանգամանքներում հնարավորություն կտար Ղարաբաղին փայլատակելու` այդ նույն իրողությունները նաև հանրապետության զգալի հաջողությունները սեփական ուժերին ապավինելու հարցում դարձնում են անբարենպաստ գործոնները հաղթահարելու դաս:

Այդ դասը գրված է այն մարդկանց դեմքերին, որոնք անցնում են նոր փողոցներով, այցելում են նորաբաց խանութներն ու հաճելի ժամանակ անցկացնում նորաբաց սրճարաններում, դեմքեր, որոնց վրա դեռ ոչ վաղ անցյալում մռայլ հայացքներ էին՝ ավելի հիշողությամբ, քան տեսլականով ոգեշնչված:

Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց գտնվող «Կասկադ» սրճարանի բարմեն Արմանն ասում է, որ իր գործը քաղաքի հոգեվիճակի ծանրաչափն է: Նա ասում է, որ սրճարան հաճախ են այցելում Արցախի համալսարանի ուսանողները, և այժմ նրանք ավելի լավատեսորեն են տրամադրված:

Գցվում են նոր կյանքի հիմքերը

Այդ ուսանողներից մեկը՝ Իրինան, ասում է, որ ինքն ու իր ընկերներն իրենց լավ զգալու պատճառ ունեն:

«Ես հաճախ եմ այցելում իմ ազգականներին
Երևանում, և ինձ դուր է գալիս, որ երիտասարդ աղջիկները շատ ազատ են,- ասում է Իրինան: - Շատ ուրախ եմ, որ Ստեփանակերտը նույնպես փոխվում է և այժմ ավելի է նման մայրաքաղաքի»:

Ուրիշներն էլ են դա նկատում: Անցյալ տարի Ղարաբաղ է այցելել մոտ 3000 արտասահմանցի՝ գրեթե երկու անգամ ավելի, քան դրա նախորդ տարում: Եվ շատ ավելի, քան կարելի էր ակնկալել մի երկրից, որտեղ ապահովության հիմնական երաշխիքը «զինադադար» եզրն է:

Գործարարներն ապավինում են այդ երաշխիքի վրա: Ղարաբաղը գրավում է նրանց կառավարության կիրառած ներդրումային խթաններով, որոնք մեղմում են «ռիսկի գոտում» գործ սկսելու մտահոգությունը:

Շվեյցարական «Ֆրանկ Մյուլեր» ընկերությունը գործունեություն է ծավալել Ղարաբաղի ոսկերչության բնագավառում: Մեկ այլ շվեյցարական ընկերություն մտադիր է 2 միլիոն դոլար ներդնել Ստեփանակերտի կենտրոնում գտնվող «Ղարաբաղ» հյուրանոցի վերակառուցման մեջ: Ընկերությունը հավաստում է, որ հյուրանոցը կունենա նաև վաճառատներ, ռեստորաններ և 500 հոգու համար նախատեսված բանկետների սրահ:

Ապագա զբոսաշրջիկներին քիչ վկայություններ կմնան այն պայմաններից, որոնք ստիպում են կանոնավոր այցելուներին երկյուղածությամբ նայել այսօրվա Ստեփանակերտին:

Հայաստանի ամենսիրված երգիչներից մեկը՝ Շուշան Պետրոսյանը, պարբերաբար այցելում է Ղարաբաղ, առաջին անգամ 1994 թվականին հաստատված զինադադարից մեկ ամիս անց:

«Ամեն անգամ Ղարաբաղ այցելելիս տեսնում եմ նրանց հպարտության և տոկունության վկայությունը,- ասում է Պետրոսյանը: - Իմ աչքերի առաջ պատերազմից քայքայված երկրից Ղարաբաղը վերափոխվում է կայուն և զարգացող երկրի:

«Ես տեսնում եմ կանանց, որոնք, չնայած դժվար սոցիալական պայմաններին, ժամանակ և հնարավորություն են գտնում գեղեցկության սրահ գնալու: Տեսնում եմ երիտասարդների, որոնք մնում են Ղարաբաղում, անգամ եթե մեկնելու հնարավորություն ունեն: Իմ համերգների ժամանակ երիտասարդ ղարաբաղցիները ձայնակցում են ինձ: Նրանք անգիր գիտեն այդ երգերը, ոչ թե որովհետև բոլորն իմ երկրպագուներն են, այլ որովհետև դրանք ազատագրման ու ազատության երգեր են»:

Սակայն դա սահմանափակ ազատագրում է. Ղարաբաղի զարգացումը սահմանափակվում է նրա կարգավիճակով, որը միջազգային հանրության աչքերում «դե ֆակտո» իրողություն է:

Ղարաբաղի ներուժը, հանրապետության վարչապետ Անուշավան Դանիելյանի հավաստմամբ, «կարող է համեմատվել այսբերգի հետ, որի միայն փոքր մասն է մակերեսի վրա, իսկ մնացածն անտեսանելի է»:

«Քանի որ Ղարաբաղը ճչանաչված պետություն է, դժվար է գրավել ներդրողներին, սա ռիսկի գոտի է»,- ասում է նա:

Դա մի դժվարություն է, որը պետության ղեկավարությունը հարկային արտոնությունների միջոցով հասցրել է նվազագույնի՝ 2001-ից 2003 թվականներին 40 միլիոն դոլարի ներդրում բերելով Ղարաբաղին: Հատկանշական է, որ 13 միլիոն դոլարը ոչ հայերի, ոչ էլ սփյուռքի ներդրում են: Վարչապետի հավաստմամբ, մինչև 1999 թվականը ներդրումները ոչ հայկական աղբյուրներից հավասար էին զրոյի: Անցյալ տարի արտաքին ներդրումները կազմել են 8 միլիոն դոլար, որը չորս անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

«Մեր երկիր եկած ցանկացած գործարարի համար բոլոր դռները բաց են, նա կարող է հանդիպել նախարարների հետ նույն օրը,- ասում է Դանիելյանը: - Ցանկացած ծրագրի իրականացման ընթացքում մենք միշտ հետաքրքրվում ենք, թե ինչով կարող ենք օգտակար լինել:

«Այստեղ ներդրում արած ցանկացած գործարար դառնում է ինչ-որ առումով մեր հաջողությունների քարոզիչը, մեր դեսպանը»:

Սա մի հանրապետություն է, որը համարվում է տարածաշրջանային կայունության բանալին, թեև դրսում դա քչերն են ընդունում:

«Սաղ աշխարհն իմ առաջ ա»,- ասում է 90-ամյա Առաքելյան դեդոն

Վարչապետը գուցեև ճիշտ է գործարար «դեսպանների» հարցում, սակայն Ղարաբաղի ապագայի համար դիվանագիտական վճռորոշ հանդիպումներին չի մասնակցում անգամ հանրապետության նախագահը: Խաղաղության բանակցություններն ընթանում են Բաքվի և
Երևանի միջև, որտեղ (Ղարաբաղի նախկին նախագահ) Ռոբերտ Քոչարյանը դե ֆակտո հանրապետության «դե ֆակտո» ներկայացուցիչն է:

«Հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև չեն կարող համարվել բանակցություններ, քանի որ, նախ և առաջ, դրանք շատ հազվադեպ են և, երկրորդ, այդ երկրների նախագահներն ի վիճակի չեն քննարկելու կարգավորման նուրբ մանրամասները,- ասում է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը (տես՝ սույն համարում զետեղված հարցազրույցը նրա հետ): - Իսկ Բաքվի և Ստեփանակերտի միջև անմիջական երկխոսությունը, անշուշտ, կօգներ վստահության կամուրջներ գցել հակամարտության հիմնական կողմերի, այսինք Ադրբեջանի և մեր միջև»:

Ո՛չ վարչապետը, ո՛չ էլ նախագահը արագ կարգավորման հույսեր չեն փայփայում: Ղարաբաղի տպավորիչ առաջընթացը մի կողմ՝ նրա ներկա
կարգավիճակի հետևանքով այն գտնվում է մեկուսացման մեջ, որն անհնար է դարձնում հանրապետության ավելի հիմնավոր զարգացումը և սահմանափակում է այլ երկրների մասնակցությունը նրա զարգացման գործընթացին:

Օրինակ՝ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը (ՄՆՄԶԳ), որը ներկայացնում է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը, սահմանափակված է Ղարաբաղին ցույց տրվելիք օգնության ձևերի առումով: Ազատության օժանդակության ակտի պայմաններով ՄՆՄԶԳ-ն 1998 թվականից Ղարաբաղին է հատկացրել մոտ 35 միլիոն դոլար: Սակայն քանի որ Ղարաբաղը դիվանագիտական տեսանկյունից դիտվում է որպես «ապօրինի, ինքնահռչակ հանրապետություն», ամերիկյան կառավարության օգնությունը սահմանափակված է միայն մարդասիրական ծրագրերով, այսինքն՝ հիվանդանոցների և դպրոցների վերականգնում և «հրատապ միջամտություն» պահանջող այլ ծրագրեր:

ԱՄՆ-ի ներկայցուցիչներն ասում են, որ այս հարցը չափազանց զգայուն է, որպեսզի իրենք փորձեն ենթադրություններ անել այն մասին, թե ինչ կլիներ, եթե Ղարաբաղը և Ադրբեջանը խաղաղ կարգավորման հասնեին:

Սակայն մի կողմ թողնելով պաշտոնական մեկնաբանությունները՝ կարելի է համեմատել Գյումրին և Շուշին, որպեսզի պատկերացում կազմել, թե ինչ է կորցնում Ղարաբաղը չկարգավորված հակամարտության պատճառով:

Ղարաբաղի «երկրորդ քաղաքը»՝ Շուշին, ժամանակին 12500 բնակիչ ուներ: Այսօր քաղաքում բնակվում է դրա մեկ քառորդը՝ ավերակների մեջ խղճուկ պայմաններում:

Սակայն քանի որ Շուշին համարվում է «կանաչ գոտի», այսինքն՝ «գրավյալ» տարածք, ՄՆՄԶԳ-ն իրավունք չունի որևէ գորունեություն ծավալելու այնտեղ:

Մայրաքաղաքը Շուշի տանող ճանապարհից

Ի համեմատություն՝ Գյումրիում գործակալությունը ֆինանսավորել է 31 միլիոն դոլարանոց եռամյա բնակարանային ծրագիր, որի շնորհիվ մինչև այս տարվա վերջ բնակարաններ ձեռք կբերեն ավելի քան 5500 ընտանիքներ:

Այն, որ Ղարաբաղը (մեծապես ապավինելով Հայաստանին
մարդկային և ռազմական պաշարների առումով) կարողացավ պատվով դուրս գալ ավելի մեծ պաշարներ ունեցող թշնամու հետ պատերազմից, վկայում է ղարաբաղցիների տոկունության և համառության մասին: Այն, հանուն ինչի նրանք կռվում էին, այսօր սկսում է իրականություն դառնալ: Սակայն կարելի է միայն գուշակել, թե ինչպես կարող էին զարգանալ դեպքերը:

Տիգրան «դեդո» Առաքելյանը գուշակողներից չէ: 90 տարեկանում, իր հավաստմամբ, գոհ է կյանքից: Ապրում է տարեցների հանրակացարանում, որը Ղարաբաղում առաջինն է և կառուցվել է 1995 թվականին: Այգի է մշակում, դոմինո ու շախմատ է խաղում, ասում են նաև պարում է, երբ առիթ է լինում:

«Ես ինձ ամենաշատը 60 տարեկան եմ զգում»,- ասում Դեդոն:

Նրա կյանքի ընթացքում Ղարաբաղը Հայաստանի մի մասն էր, հետո դարձավ Ադրբեջանի մի մասը, իսկ այժմ ձգտում է անկախության:

Դեդոն, որը երբեք ամուսնացած չի եղել, թերևս, խոսում է երկրի մասին, երբ խոսում է կին գտնելու իր հույսերի մասին:

«Գուցե մի օր ամեն ինչ փոխվի,- ասում է նա: - Սաղ աշխարհն իմ առաջ ա»:

(Հոդվածում օգտագործվել են «ԱրմենիաՆաուի» թղթակիցներ Մարիաննա Գրիգորյանի և Ջուլյա Հակոբյանի հավաքած տեղեկությունները):


According to Agnes
 

  Inside
 

The Peace Process: Who wants what? And when?

Full story

 
 

An Interview with the President of the Republic of Nagorno Karabakh

Full story

 

An Interview with the Minister of Foreign Affairs of Karabakh

Full story

 

The Politics of Population: Re-settlement program attracts the dislocated and the opportunists to free life on the land

Full story

 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Sweet

Ten years since its last performance, the opera "Anush" returned to Yerevan stage this week. The 90-year old opera, based on Hovhaness Tumanyan's poem, was staged by Gegham Grigoryan and starred Anahit Mkitaryan in the lead role.

 

 




Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.