Մայիսին լրացավ Ղարաբաղյան պատերազմում հաստատված զինադադարի 10-ամյակը: Դա մի տարեդարձ է, որը և նշանակալի ուղելանիշ է, և հակամարտության վերջնական լուծման շարունակական անհասանելիության խորհրդանիշ:
|
«Ղարաբաղ» կոմիտեն, այդ թվում՝ անկախ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը (աջից երրորդը), օգնեց բարձրացնելու «ղարաբաղյան հարցը» |
Փետրվարը նշանավորվեց մի ավելի հին տարեդարձով՝ Հայաստանի անկախացման կատալիզատոր հանդիսացած Ղարաբաղյան շարժման սկզբնավորման 16-ամյակով: Այս երկու իրադարձություններն են սահմանում արդի Հայաստանը և նրա հարաբերություններն աշխարացրված Սփյուռքի հետ, և թերևս ավելի մեծ չափով, քան ցեղասպանության ճանաչումը՝ հայկական պետականության ապագա անվտանգության ապահովման գործում իր կարևորությամբ հանդերձ:
Ցույցերի այն խելահեղ օրերին Երևանի փողոցները հեղեղած մեկ միլիոն հայերից քչերը կարող էին կանխատեսել, որ մեկ տասնամյակ անց Հայաստանի պետության ղեկավարը կլինի ղարաբաղցի, մեկ այլ ղարաբաղցի էլ կլինի պաշտպանության նախարարը: Ավելի քչերը կհավատային, որ «Ղարաբաղի հարցը» միջազգային ասպարեզում կմնա չլուծված:
Այդ հարցը լուծված է փողոց ելած տղամարդկանց և կանանց մտքում, որոնք սարսափելի գին վճարեցին՝ իրենց արյունով ու զանգվածային տնտեսական զոհողություններով ապահովելով Արցախի ռազմական հաղթանակը և անկախ կարգավիճակը: Սակայն հարցը շարունակում է բաց մնալ միջազգային քաղաքականության ասպարեզում, և կան շատ նախանշաններ, որ 2004 թվականին զգալիորեն կաճի վերջնական կարգավորման հասնելու նպատակով գործադրվող ճնշումը:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը եզակի դիրք է գրավում: Նրա քաղաքական հեղինակությունը՝ որպես Ղարաբաղի պատերազմական ժամանակի ղեկավարի և նախկին նախագահի, շատերի կողմից համարվում է երաշխիք, որ նա չի գնա զիջումների, որոնք կարող են սասանել Ստեփանակերտի դե-ֆակտո անկախությունը: Եվ հակառակը, նա դիտվում է որպես մի գործիչ, որը կարող է հայ հասարակության համար ցավոտ զիջումներ պարտադրել Հայաստանում, Ղարաբաղում և այլուր իր նույն քաղաքական հեղինակության շնորհիվ: Եվ այսպիսով, նրան սպառնում է անեծքների արժանալ, եթե դիմի այդ քայլին, և անեծքների արժանանալ, եթե չդիմի:
Ադրբեջանի հետ փոխզիջման գնալու գաղափարն իսկ բավական էր նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին պաշտոնանկ անելու համար, մասամբ նաև Քոչարյանի ձեռքով, որին նախագահն ինքն էր Երևան բերել վարչապետի պաշտոնով: Քոչարյանը չպետք է մոռանա, որ նախագահ դառնալու համար պարտական է հասարակության բացասական արձագանքին, և կարող է կորցնել նույն կերպ:
Այդ քաղաքական ճգնաժամը հանգեցրեց Հայաստանի ղեկավարության գաղափարական պառակտմանը: Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հակամարտության կարգավորումը համարում էին շրջափակման հետևանքների և Ղարաբաղի պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտության տակ կքած Հայաստանի տնտեսական վերականգնման կարևորագույն նախապայմանը: Նրանք այն կարծիքին էին, որ կարգավորման հնարավոր է հասնել փոխադարձ վստահություն հաստատող միջոցների քայլ առ քայլ գործընթացով: Իսկ Քոչարյանը ներկայացնում էր մի տեսակետ, ըստ որի տնտեսապես հզոր Հայաստանը հնարավոր էր առանց կարգավորման, և որ այն կմեծացներ համապարփակ փաթեթային տարբերակի միջոցով կարգավորման հասնելու հեռանկարը:
Վերջին քաղաքական գիծը գերիշխող էր անցած հինգ տարիների ընթացքում, իսկ Հայաստանի տնտեսական վիճակը, անկասկած, բարելավվել է՝ 2003 թվականին արձանագրելով աճի ամենաարագ տեմպերը բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների մեջ: Այս տարի Քոչարյանի փաստարկները, հավանաբար, կենթարկվեն փորձության, և պարզ կդառնա, արդյոք նրա դիրքերն ամրապնդվե՞լ են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջազգային միջնորդների Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններում շահեկան լուծումներ առաջարկելու կամ, թերևս, Ադրբեջանի առաջարկներին դիմագրավելու համար, թե՞ փուլայինի փոխարեն «փաթեթային» լուծման հասնելու Հայաստանի ձգտումը թուլացրել են նրա դիրքերը ձգձգումների պատճառով:
|
1990 թվականին Երևանի Օպերայի հրապարակը վանկարկում էր «Ղա-րա-բաղ»: Այսօր ոչ ոք չի բղավում, բայց բոլորը հուսով են |
Թերևս միակ բանը, որ միավորում է Երևանի
պառակտված քաղաքական պատկերի տարբեր տարրերը, այն տեսակետն է, որ կարգավորումը պետք է ներառի այս երկու նպատակներից մեկը: Անորոշ է, թե ինչ կարելի է զիջել այդ նպատակին հասնելու համար, և արդյոք այն ընդհանրապես հնարավոր է, հաշվի առնելով Ադրբեջանի շարունակական մերժումները համաձայնել որևէ լուծման, որը չի թողնում Ղարաբաղն Ադրբեջանի ենթակայության տակ:
Ստեփանակերտի դիրքորոշումը պարզ է. Ղարաբաղը պետք է կամ անկախ լինի, կամ վերամիավորվի Հայաստանի հետ: Սակայն Քոչարյանի քաղաքական վերելքի հեգնանքն այն է, որ Ղարաբաղը փաստորեն զրկվել է իր ապագա կարգավիճակի մասին բանակցություններին որևէ մասնակցությունից: Ժամանակին Հայաստանը պնդում էր, որ հարցի լուծման լավագույն ուղին երկխոսությունն է Արցախի և Ադրբեջանի միջև, որի ընթացքում ինքը հանդես կգար Արցախի անվտանգության երաշխավոր: Սակայն Քոչարյանն ստանձնել է և Ղարաբաղի, և Հայաստանի դիրքորոշումները ներկայացնելու պարտավորությունը` մի կողմ նետելով դրանց առանձին գոյության բոլոր շինծու ենթադրությունները:
Շատ առումներով սա թելադրված է սթափ բանականությամբ (թեև դիվանագիտական առումով կարող է խնդիրներ հարուցել): Ստեփանակերտը շարունակում է ամբողջապես կախված մնալ Հայաստանից ֆինանսական աջակցության, պաշտպանության, ներքին ներդրումների խրախուսման և արտաքին աշխարհի հետ տրանսպորտային հաղորդակցության առումով: Ղարաբաղը չի կարող հանդես գալ որևէ նախաձեռնությամբ, որը կհակասի հակամարտության մասին Հայաստանի պատկերացումներին, անգամ եթե հանգամանքների բերումով այդպիսի ցանկություն ունենար:
Անցեք Երևանից Ստեփանակերտ տանող ճանապարհով, որի արցախյան հատվածը կառուցվել է Սփյուռքի հանգանակած գումարներով: Տպավորությունն այն է, որ դա նույն երկիրն է: Հայաստանի և Արցախի միջև ընկած տարածքում այլևս ոչինչ չի հիշեցնում նրա ադրբեջանական պատկանելության մասին, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք մտնելը վկայում են միայն ճանապարհային մեկ նշան և ավտոտեսչության պահակակետը: Թվում է, թե Հայաստանի մի շրջանից անցնում ես մեկ այլ շրջան:
Քոչարյանը հասկացրել է, որ վերջնական կարգավորումը պետք է նախատեսի ընդհանուր սահման Հայաստանի և Արցախի միջև, և այժմ դժվար է պատկերացնել, որ այս առումով կարող է որևէ այլ լուծում լինել: Հայաստանի և Արցախի միջև ընկած տարածքը բնակեցվում է հայ ընտանիքներով` ստեղծելով մի իրողություն, որը Մինսկի խմբի միջնորդական առաքելությունն անկարող կլինի անտեսել:
Բանակցային գործընթացի գաղտնիությունը, սակայն, գրեթե անհնար է դարձնում միջնորդների առաջարկած կարգավորման ֆորմատի կանխագուշակումը: Ենթադրվում էր, որ Քոչարյանը և հանգուցյալ Հեյդար Ալիևը համաձայնության են եկել կարգավորման հիմնական դրույթների հարցում 2001 թվականին Քի Վեսթում պետքարտուղար Քոլին Փաուելի ղեկավարությամբ անցած գագաթաժողովում, սակայն այն տապալվեց, երբ Ալիևը վերջին պահին հրաժարվեց այն Ադրբեջանի հանրությանը ներկայացնելուց:
Այժմ, երբ նախագահի պաշտոնն անցել է Ալիևի որդի Իլհամին, հարցն այն է, թե արդյոք բանակցությունները կշարունակվե՞ն այն կետից, որտեղ ընդհատվել են, թե երիտասարդ Ալիևն այլ կերպ է պատկերացնում կարգավորման ապագա ֆորմատը: Ժնևում անցյալ տարվա վերջին Քոչարյանի հանդիպումը նրա հետ սոսկ մի հնարավորություն էր նայելու հակառակորդի աչքերին` պարզելու, թե ինչ մարդու հետ գործ ունի: Շարունակվում են ծանր բանակցությունները, և միշտ առկա է վտանգը, որ երբ համաձայնության մանրամասները հրապարակվեն, երկու երկրներում էլ հասարակության բացասական արձագանքը կարող է ի չիք դարձնել այդ բանակցությունների արդյունքները:
|
2001 թվականին Քի Վեսթում ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը միջնորդում էր Ադրբեջանի
և
Հայաստանի նախագահների միջև
բանակցություններին: Ղարաբաղի նախագահի համար սեղանի շուրջը տեղ չգտնվեց |
Այդ առումով Քոչարյանի վերջին առաջարկը՝ հանրաքվեի դնել կարգավորման տարբերակները, կարելի է դիտարկել երկու տեսանկյունից: Հասարակության հավանությունը Քոչարյանի համար նվազեցնում է կարծր դիրքորոշման կողմնակիցների ձեռքերով պաշտոնանկ լինելու հնարավորությունը, ինչպես դա եղավ Տեր-Պետրոսյանի պարագայում: Քոչարյանը նաև գիտակցում է, որ եթե հասարակությունը հանրաքվեով մերժի առաջարկները, դա նրան նահանջելու տեղ կթողնի միջազգային ճնշման տակ ոչ շահեկան կարգավորմանը համաձայնելուց, օրինակ` տարածքների, այդ թվում` Մեղրիի շրջանի փոխանակման առաջարկի դեպքում:
Երկու հանգամանք կարող են այս փակուղուց ելք ապահովել: Առաջինը, անխուսափելիորեն, նավթն է: Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցումն ընթանում է արագ տեմպերով, և ակնկալվում է, որ նավթը կհոսի նավթամուղով հաջորդ տարվա կեսին: Ադրբեջանը կանգնած է արագաճի շեմին և հուսով է առաջիկա երկու տասնամյակում նավթից ստանալ մոտ 20 միլիարդ դոլարի եկամուտ: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի այս տարվա ամբողջ պետական բյուջեն մոտ 480 միլիոն դոլար է:
Սրանից չի հետևում, ինչպես պնդում են որոշ մեկնաբաններ, որ նորահարուստ Ադրբեջանը կվերազինվի Ղարաբաղի «ազատագրման» համար պատերազմ սանձազերծելու նպատակով: Կռվում են հուսահատ մարդիկ, որովհետև կորցնելու բան չունեն: Որքան կյանքը բարեկեցիկ դառնա Բաքվում, այնքան նվազ ցանկությամբ երիտասարդները կփոխեն սպառողական կյանքի հաճույքները դաժան մահով զոհվելու հեռանկարի հետ, այն էլ մի երկրի համար, որն իրենց մեծ մասն այլ պարագայում չէր էլ տեսնի: Նավթը ոչ միայն կարող է չբորբոքել հակամարտությունը, այլև կարող է պատճառ հանդիսանալ, որ Ադրբեջանը փորձի խուսափել պատերազմից և համաձայնություն փնտրի Հայաստանի հետ: Ադրբեջանի բարեկեցությունը, այսպիսով, կարող է վերածվել Հայաստանի ապահովության գրավականի և դառնալ հաղթաթուղթ, որը կերաշխավորի մի կարգավորում, որը հնարավորություն կտա Բաքվին վայելելու իր բարեբախտության պտուղները` միաժամանակ լիարժեք անկախություն տալով Ղարաբաղին:
Երկրորդ հանագամանքը կապված է Քոչարյանի փոփոխված կարգավիճակի հետ: Ավագ Ալիևի մահով և Վրաստանի «վարդերի հեղափոխության» հետևանքով Էդուարդ Շևարդնաձեի հանկարծահաս հրաժարականով Հայաստանի նախագահը կովկասյան պետությունների ամենաերիտասարդ ղեկավարից դարձավ ամենաավագը: Վրաստանի նորընտիր երիտասարդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին արդեն հայտնել է Հայաստանի հետ ավելի սերտ կապեր հաստատելու իր վճռականության մասին: Անջատական շարժումները Վրաստանի տարբեր շրջաններում լուրջ մարտահրավեր են երկրի միասնության ապահովմանը:
Հնարավոր է, որ Քոչարյանին հաջողվի հասնել Ղարաբաղի հարցի վերջնական կարգավորմանը` ներկայացնելով այն համակովկասյան կայունության ապահովման ավելի լայն իմաստով: Տարածաշրջանի բոլոր երեք պետություններին էլ ձեռնտու է պատերազմից խուսափելն ու բարեկեցիկ ապագա կառուցելը, սակայն նրանց բոլորի առաջ ծառացած են նեղ ազգամիջյան հակամարտություններ, որոնց լուծումը, կարծես, պահանջում է հաղթող և պարտվող: Փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող ընդհանուր մոտեցումների որոնումը կարող է թույլ տալ նրանց խուսափել ծուղակներից խորհրդային այս տարածքներում, որոնք բոլորովին էլ նրանց շահերին ծառայելու նպատակով չեն չափաձևվել:
Ավագությունը, թերևս, հնարավորություն տա Քոչարյանին հանդես գալու նման նախաձեռնությամբ: Թևակոխելով պաշտոնավարման երկրորդ ժամկետը` նա գիտե, որ պատմությունը դատելու է իր մասին՝ ելնելով նրա ունակությունից կարգավորելու Ղարաբաղի հարցը, որը ձևավորել իրեն որպես մարդ, և որը բերել է իրեն նախագահության: Նա զգում է ժամանակի ճնշումը: Մնում է սպասել և տեսնել, արդյոք 2004 թվականը նրան հնարավորություն կընձեռի՞ օգտվելու պահից:
|