Աշոտ Գուլյանը արտաքին գործերի նախարար է նշանակվել 2002 թվականին: Մինչ այդ աշխատել է փոխնախարար Նաիրա Մելքումյանի ղեկավարությամբ:
|
Հնգամյա Լիլիթը ծնվել է և կմեծանա հողածածկ տանիքով տանը |
Անցած երկու տարվա ընթացքում նախագահական ընտրություններ անցկացվեցին Ադրբեջանում, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Դրանք որևէ կերպ անդրադարձա՞ն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա:
Հավանաբար սխալ կլիներ դիտարկել բոլոր այդ երկրներում անկացված ընտրությունները կարգավորման գործընթացի վրա դրանց ունեցած ազդեցության տեսանկյունից:
Սակայն չի կարելի է ժխտել, որ այդ երկրներից յուրաքանչյուրի համար կարևորագույն նշանակություն ունեցող մի շարք ներքաղաքական իրադարձություններ որոշակի ազդեցություն են թողել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Ընդհանուր առմամբ, կարելի է արձանագրել, որ հասարակությունը կենտրոնացրել է իր ուշադրությունը ներքաղաքական իրադարձությունների վրա, ուստի իրատեսական չէր լինի առաջընթաց ակնկալել կարգավորման գործընթացում:
Մենք հուսով էինք, որ բանակցությունները լրիվ թափով առաջ կընթանան ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու տակ Ադրբեջանում նոր նախագահի ընտրությունից հետո: Ցավոք, այդ հույսերը չարդարացան: Դատելով Իլհամ Ալիևի անցյալ տարվա վերջին արած հայտարարություններից՝ Բաքուն հակված չէ քաղաքակիրթ, կառուցողական երկխոսության:
Ձեր կարծիքով՝ հակամարտության բոլոր կողմերը պատրա՞ստ են ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը:
Մենք կարող ենք խոսել միայն մեր անունից: Լեռնային Ղարաբաղը, բնականաբար, շահագրգռված է հակամարտության վերջնական կարգավորմամբ և բազմիցս արտահայտել է դրան նպաստելու իր պատրաստակամությունը: Հակամարտության մյուս կողմերի համեմատությամբ մենք ավելի խոցելի վիճակում ենք: Օրինակ՝ ունենալով ճանաչված կարգավիճակ և, հետևաբար, արագ զարգացման ավելի մեծ հնարավորություններ, մյուս կողմերն օգտվում են միջազգային, այդ թվում՝ ֆինանսական կառույցների օգնությունից: Իսկ մենք զրկված ենք նման առավելություններից: Ահա թե ինչու մենք առավելագույնս շահագրգռված ենք հակամարտության արագ կարգավորմամբ և Ղարաբաղի ապագայի վերջնական որոշմամբ:
Սակայն կրկնում եմ. Ադրբեջանի ղեկավարության տարբեր մակարդակներում արված հայտարարությունները, որոնք ակնհայտորեն վկայում են, որ Ադրբեջանին չի հետաքրքրում քաղաքակիրթ լուծումը, որևէ լավատեսության տեղիք չեն տալիս: Ադրբեջանի նոր նախագահն ամենայն հավանականությամբ հակված է շարունակելու միջազգային կառույցներում Ղարաբաղը վարկաբեկելու քաղաքականությունը՝ նպատակ հետապնդելով սասանելու ԼՂՀ-ի՝ որպես ժողովրդավարական սկզբունքներին և հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ապավինող երկրի միջազգային հեղինակությունը:
Ես ուզում եմ շեշտել, որ հակամարտության կարգավորման հետագա ձգձգումը չի համապատասխանում կողմերից և ոչ մեկի շահերին: Հակամարտությունն արգելակում է Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի արագ զարգացումը՝ զգալիորեն ձգձգելով տարածաշրջանի ընդհանուր ինտեգրման գործընթացները:
Ադրբեջանի նոր ղեկավարությունը չպետք է բաց թողնի Ստեփանակերտի հետ երկխոսություն սկսելու հնարավորությունը՝ լրիվ ֆորմատով խաղաղ կարգավորման գործընթացը շարունակելու համար: Ղարաբաղի՝ որպես լիիրավ կողմի մասնակցությունը բանակցություններին պարտադիր է վերջնական կարգավորման հասնելու համար, և Լեռնային Ղարաբաղը պատրաստ է սեփական լուման ներդնելու կարգավորման գործընթացին, կիսելու պատասխանատվությունը ինչպես կարգավորման, այնպես էլ տարածաշրջանի ապագայի համար:
Պատրա՞ստ է արդյոք Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ընդունելու իշխանությունների կայացրած ցանկացած որոշում:
Ղարաբաղի ժողովուրդը կայացրել է իր որոշումը դեռ 1991 թվականին միջազգայնորեն ընդունված արարողակարգով, մասնավորապես արտահայտելով իր դիրքորոշումը հանրաքվեի միջոցով: Տասներեք տարի առաջ Ղարաբաղի ամբողջ ժողովուրդը միաձայն քվեարկեց հօգուտ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, որի ապագան անշուշտ տեսնում է Ադրբեջանի կազմից դուրս:
Այդ հանրաքվեից հետո Ղարաբաղի իշխանությունների ամբողջ արտաքին և ներքին քաղաքականության հիմքում եղել է ժողովրդի ընդունած այդ գլխավոր որոշումը: Եվ հանրապետության իշխանությունները ձգտել են իրականացնել Ղարաբաղի ժողովրդի կամքը: Այլ խոսքերով՝ Ղարաբաղի ղեկավարությունն է ընդունել ժողովրդի որոշումը և հավատարիմ է մնացել դրան՝ ձգտելով հասնել ԼՂՀ-ի անկախ կարգավիճակի միջազգային ճանաչման:
Ինչ վերաբերում է «երբ» և «ինչպես» հարցերին, դա այլ հարց է: Անկախության ճանապարհը հեշտ չէ: Սակայն մի բանում ես համոզված եմ. Ղարաբաղի իշխանությունների որոշումը ոչ մի կերպ չի հակասի Ղարաբաղի ժողովրդի որոշմանը:
Ձեր կարծիքով՝ կա՞ն հարցեր, որոնք դուրս են մնացել բանակցությունների շրջանակներից:
Քանի որ բանակցությունների գործընթացն այժմ հայտնվել է փակուղում, և բանակցություններն ակտիվ չեն, ինչպես 1992-1997 թվականներին, դժվար է առանձնացնել այն հարցերը, որոնք դուրս են մնացել բանակցությունների շրջանակներից: Եթե դուք նկատի ունեք, որ ղարաբաղյան կողմի համար կարող են լինել ինչ-որ փակ հարցեր, ապա ես կուզենայի ասել, որ մեզ համար բոլոր հարցերը ենթակա են քննարկման բանակցությունների ընթացքում: Մեզ համար չկան փակ հարցեր, և, ինչպես նշեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ստեփանակերտում կայացած հանդիպման ժամանակ, Լեռնային Ղարաբաղը պատրաստ է բանակցություններ վարելու Ադրբեջանի հետ ցանկացած հարցով առանց նախապայմանների:
Ղարաբաղի ղեկավարությունը բազմիցս արտահայտել է իր պատրաստակամությունը քննարկելու ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է ղարաբաղյան խնդրի խաղաղ և վերջնական կարգավորմանը: Այս առումով մենք չափազանց կարևորում ենք քարոզչական պատերազմը դադարեցնելը, որը ոչ միայն չի նպաստում շփման եզրեր գտնելուն, այլ նաև մեծացնում է անջրպետը երկու ժողովուրդների միջև:
Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է վերջ տալ հակամարտությանը:
Այո, իհարկե: Կարծում եմ, որ դրանում շահագրգիռ է նաև միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների: Սակայն պետք կրկին նշեմ, որ ամեն ինչ չէ, որ կախված է միջնորդներից: Շատ բան կախված է հակամարտության կողմերից:
Ես կուզենայի նշել, որ պրոբլեմի քաղաքական լուծումը Ղարաբաղի իշխանությունների վերջնական նպատակն է: Հանրապետության ղեկավարությունը բազմիցս շեշտել է, որ բանակցությունները Ղարաբաղի համար ինքնանպատակ չեն, դրանք ընդամենը վերջնական կարգավորման հասնելու միջոց են: Մենք լիովին շահագրգռված ենք դրանում, քանի որ տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի ապագան բոլոր հարևան երկրների հետ բարեկամական հարաբերությունների և միջազգային հանրությանը քաղաքակիրթ ինտեգրման մեջ: Սա է, որ իսկապես կարող է ապահովել Ղարաբաղի ժողովրդի արժանապատիվ կյանքն ու բարգավաճումը:
|