Արկադի Ղուկասյանը ԼՂՀ նախագահի պաշտոնում հաջորդեց Ռոբերտ Քոչարյանին: Պաշտոնավարման առաջին ժամկետի վերջում նրա վրա մահափորձ կատարվեց, որից հետո նա համոզիչ առավելությամբ վերընտրվեց 2002 թվականին:
Ձեր կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հորից ավելի՞, թե՞ պակաս է հակված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Իլհամ Ալիևի քաղաքական վարքագիծը նախագահ ընտրվելուց հետո ցույց է տալիս, որ նա մտադիր չէ լրջորեն զբաղվելու ղարաբաղյան հակամարտությամբ: Իլհամ Ալիևի, ինչպես և նրա հոր համար, կա հակամարտության կարգավորման միայն մեկ սցենար՝ վերադարձ 1988 թվականի իրավիճակին: Հեյդար
Ալիևը միտումնավոր մերժում էր հակամարտության կարգավորման միջազգային միջնորդների ներկայացրած բոլոր առաջարկները: Ամենայն հավանականությամբ, որդին էլ կընթանա հոր հետքերով: Ուրիշ ինչպե՞ս գնահատել Իլհամ Ալիևի հայտարարությունները, որ Ադրբեջանն այլևս չի պատրաստվում հաշվի նստելու ներկա իրավիճակի հետ և որ գործընթացը պետք է սկսվի զրոյից: Մինչդեռ, ելնելով տարրական տրամաբանությունից, բանակցային գործընթացը վերսկսելիս անհրաժեշտ է հաշվի առնել նախկինում ձեռք բերված բոլոր դրական արդյունքները:
Որքանո՞վ է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հավանական այս տարի:
Քանի որ Իլհամ Ալիևը, ինչպես նշեցի, մտադիր չէ լրջորեն զբաղվելու կարգավորման հարցով, քիչ հավանական է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այս տարի լուծում ստանա: Ադրբեջանի նորընտիր նախագահն ավելի շուտ կկենտրոնանա իր ինքնահաստատման վրա ինչպես Ադրբեջանում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Այնպես որ, հակամարտության կարգավորման բեռը նա դնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա:
Ձեր կարծիքով՝ ավելի դյուրի՞ն կլիներ հասնել հակամարտության կարգավորմանը, եթե բանակցություններն ընթանային Ստեփանակերտի և Բաքվի միջև:
Ամեն դեպքում բանակցությունները Ստեփանակերտի և Բաքվի միջև գերադասելի են Բաքվի և Երևանի միջև բանակցություններից: Իրականում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները չեն կարող բանակցություն համարվել, որովհետև, նախ՝ շատ հազվադեպ են լինում, և երկրորդ՝ այդ երկրների նախագահները ի վիճակի չեն քննելու կարգավորման նուրբ մանրամասները: Սովորաբար դա արվում է ավելի ցածր մակարդակում: Նախագահների հանդիպումները սովորաբար կազմակերպվում են արդյունքներն ամփոփելու և փորձագետների ու համապատասխան պաշտոնյաների մակարդակով գալիք աշխատանքի հիմնական ուղղությունները նախանշելու նպատակով: Ինչ վերաբերում է անմիջական երկխոսությանը Բաքվի ու Ստեփանակերտի միջև, ապա այն անշուշտ կօգներ վստահության կամուրջների կառուցմանը հակամարտության հիմնական կողմերի՝ Ադրբեջանի և մեր միջև:
Պատրաստվո՞ւմ են արդյոք Ղարաբաղի իշխանությունները հանրաքվեի դնել կարգավորման առաջարկը, ինչպես Քոչարյանը, իր հավաստմամբ, անելու է Հայաստանում:
Լեռնային Ղարաբաղն արդեն անցկացրել է իր հանրաքվեն: Հիմնվելով այդ հանրաքվեի արդյունքների վրա՝ մենք հռչակեցինք անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ինչ վերաբերում է Ղարաբաղի ղեկավարությանը, ապա իր քաղաքական գործունեության ընթացքում այն ելնում է Ղարաբաղի ժողովրդի ընտրությունից, և մենք երբեք չենք շեղվի այդ ուղուց:
Որո՞նք են Ղարաբաղի ժողովրդի համար ընդունելի որոշման տարրերը:
Ղարաբաղի դիրքորոշումը հայտնի է բոլորին և չի փոխվել: Մենք հռչակել ենք մեր անկախությունը և հենց այդ պատճառով էլ կարող ենք խոսել միայն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին: Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության տակ: Մենք չենք կարող թույլ տալ, որ Ղարաբաղը վերադառնա իր նախկին անկլավային վիճակին: Փորձը ցույց է տալիս, որ այդպիսի կարգավիճակն ուղղակիորեն սպառնում է ԼՂՀ-ի անվտանգությանը և նրա բնակչության ֆիզիկական գոյությանը: Մենք պատրաստ ենք քննարկելու Ղարաբաղ-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերը բանակցությունների սեղանի շուրջը:
Արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկները բավարարո՞ւմ են Ձեր պահանջները:
Եթե դուք նկատի ունեք 1997 թվականի առաջարկները, որոնք առաջ քաշեցին «ընդհանուր պետության» գաղափարը, ապա ղարաբաղյանը կողմը, ինչպես հայտնի է, ընդունել է դա որպես բանակցությունները վերսկսելու հիմք: Եվ, անկեղծ ասած, այդ առաջարկները չէին կարող բավարարել մեզ: Սակայն, չնայած դրան, Ադրբեջանն անմիջապես մերժեց դրանք: Դրանից հետո միջնորդներն այլ առաջարկ չեն ներկայացրել:
Ճիշտ է, ավելի ուշ՝ 2001 թվականին, ի հայտ եկան Փարիզի և Քի Վեսթի համաձայնությունները, որոնք Բաքուն, ի միջի այլոց, դարձյալ մերժեց: Սակայն այդ համաձայնությունները ձեռք էին բերվել առանց մեր մասնակցության՝ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումների շրջանակներում:
Եթե միջնորդները ներկայացնեն նոր առաջարկներ, կարծում եմ, դրանք շատ չեն տարբերվի նախորդներից, քանի որ համանախագահները, իրենց իսկ հավաստմամբ, առաջարկել են այն ամենը, ինչ հնարավոր էր:
|