Իսկապես կարելի է հրաշք համարել, որ իր չափերով ԱՄՆ-ի Դելավար նահանգի հետ համեմատելի անկլավում, պատերազմից ու քաղաքական պատուհասներից հետո, ընդհանրապես կարող են խոսել տնտեսության մասին: Եթե Հայաստանում վերլուծաբաններն ուսումնասիրում են «ստվերային տնտեսության» բարդ հանգամանքները, Լեռնային Ղարաբաղում տնտեսության ստվեր ունենալն անգամ դիտվում է որպես նվաճում:
|
Անցյալ տարի Ղարաբաղում արձանագրվել է գյուղատնտեսական արտադրության 26 տոկոս աճ
|
Ղարաբաղի զարգացման ցանկացած օբյեկտիվ տեսության մեջ վիճակագրական բոլոր տվյալները պետք է աստղանշել՝ հիշեցնելով, որ չափազանց դժվար է պետություն կառուցել՝ միաժամանակ փորձելով փրկել այն: Արժե նաև հիշել, որ 1988 թվականին Ղարաբաղյան շարժման սկզբնավորումից հետո, գոյության մեծ մասի ընթացքում Ղարաբաղին բավական էր պարզապես գոյատևելը:
Սակայն զինադադարի 10-րդ տարեդարձի շեմին, կայուն (թեև չճանաչված) քաղաքական կյանք թևակոխած Ղարաբաղի տնտեսությունն ավելի ազատ է շնչում: Այդ շունչը Ղարաբաղի համար շարունակում է լինել կապը օգնություն տրամադրող միջազգային կազմակերպությունների, Սփյուռքի և Հայաստանի հետ: Սակայն եթե գոյատևման առումով այն կախված է դրսից, շատ բաներ վկայում են, որ ձեռնարկվում են եռանդուն միջոցներ՝ ուղղված սեփական ուժերին ապավինելուն:
Պատերազմից առաջ Ղարաբաղում տեղակայված 150 ձեռնարկություններից 135-ը վերականգնվել և գործում են, թեև ոչ նախկին ծավալներով:
Գործում են թռչնաբուծական և սննդամթերքի վերամշակման ձեռնարկությունները, կրկին արտահանվում է գինի և օղի: Մարտակերտի փայտամշակման ֆաբրիկան արտադրում է կահույք: Ստեփանակերտում գործում է ադամանդի հղկման ձեռնարկություն, իսկ Շուշիում արտադրում են արքեպիսկոպոսի օրհնած հանքային ջուր:
|
Նախագահը
և
վարչապետը Ղարաբաղի սննդի վերամշակման գործարանում
|
Ավելի փոքր ծավալով՝ Ստեփանակերտի գլխավոր մայրուղիները երիզում են ընտանեկան ձեռնարկություններն ու ռեստորանները՝ ձգտելով իրականացնել դրանց սեփականատերերի երազանքները հրթիռակոծությունից պահպանված շինություններում: Ռմբապաստաններից մեկը վերածվել է դիսկոտեկի, իսկ լուսանկարչատները պատրաստ են գրանցելու վերականգնվող ենթակառուցվածքների նոր պատկերները: Ազատամարտիկների պողոտայի վերջնամասի նույն թաղամասում խմբվել են բազմաթիվ ժամանակակից բենզալցակայաններից մեկը, «Մատրիցա» ինտերնետային սրճարանը և, այո, մի կազինո:
Առնվազն երեք նոր հյուրանոց մայրաքաղաքի հյուրընկալման ոլորտը փոխադրել է 21-րդ դար, սակայն դրանք բոլորն էլ զիջում են Շուշիի համանուն հյուրանոցին, որն իր գրեթե 3-աստղանի շքեղությամբ հառնել է պատերազմից լքված ու ավերված շինությունների մեջ:
Վերջերս արտերկրից ներդրումներ կատարած ընկերությունների թվում է բջջային հեռախոսակապի մի ձեռնարկություն: Հայտնվել են անգամ ճամփորդական գրասենյակներ, թեև Ղարաբաղում տանը մնալն էլ վատ չէ:
Պարզվում է, որ այս ղարաբաղցի հայերը, բացի համառ մարտիկներ լինելուց, նաև նպատակասլաց փորձում են իրենց ինքնահռչակ հանրապետությունը վերածել արտասահմանյան ներդրումների ինկուբատորի՝ միաժամանակ զարկ տալով ներքին ռեսուրսների օգտագործմանը:
Պատահական չէ, որ տնտեսությունը Ղարաբաղում վերականգնվում է: Դա ղարաբաղցիների կանխամտածված գործողությունների արդյունքն է. նրանք երկրի կենսունակությունը կապում են տեսանելի արդյունքների հետ:
«Միայն տնտեսապես զարգացած Լեռնային Ղարաբաղը կարող է պաշտպանել համաշխարհային հանրության կողմից ճանաչման արժանանալու իր իրավունքը»,- ասել նախագահ Արկադի Ղուկասյանը:
Նկատվող միտումները ցույց են տալիս, որ հանրապետությունը դե ֆակտո աստիճանաբար վաստակում է ճանաչված լինելու իր իրավունքը:
Անցած տասնամյակի ընթացքում Ղարաբաղի տնտեսությունն ամեն տարի վերելք է ապրել: 2001 թվականին արդյունաբերական արտադրանքի աճը նախորդ տարվա համեմատությամբ կազմել է 121 տոկոս: Իհարկե, ամենափոքր ներդրումն անգամ խախտում է դատարկ կշեռքի հավասարակշռությունը, սակայն այդ տարի նշանավորված արդյունաբերական բուռն աճին հաջորդեց ավելի մեծ ու փաստացի աճ՝ 15 տոկոս 2002 թվականին և 38 տոկոս՝ անցյալ տարի:
|
Ստեփանակերտում Քիանու Ռիվզ չկա, բայց կա «Մատրիցա» ակումբ
|
2001 թվականի արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմում էր 9,7 միլիոն դոլար, 2003-ին ակնկալվում է 19,5 միլիոն դոլար (երբ ի մի բերվեն վերջնական տվյալները):
Այդ նույն ժամանակա-հատվածում արտահանման ծավալն աճել է՝ 2 միլիոն դոլարից հասնելով 14,1 միլիոն դոլարի:
2002 թվականին (այս պահին առկա վերջին տվյալները) Լեռնային Ղարաբաղն արտահանել է 937 հազար դոլարի պտուղ-բանջարեղեն, 793 հազար դոլարի անտառանյութ և 691 հազար դոլարի արդյունաբերական արտադրանք: Արտահանվել են նաև 24,6 միլիոն դոլարի թանկարժեք քարեր, սակայն մշակված ադամանդների արտահանման գնի մեջ, որպես կանոն, ընդգրկված է լինում ներկրման պահին ապրանքի ընդհանուր արժեքը, և այդ պատճառով դրանք վստահելի տվյալներ չեն ապահովում արտահանման ծավալների գնահատման հարցում:
«Ղարաբաղ» նշանակում է «սև պարտեզ», և այդ անվանմանն այն արժանացել է իր բերրի հողերի ու բարենպաստ կլիմայի պատճառով: Գյուղատնտեսական արտադրանքի ծավալները (թեև խանգարող հանգամանքների թվում է նաև այն, որ ոռոգելի հողատարածքների մի մասը հնարավոր չէ օգտագործել ականապատված լինելու պատճառով) հույս են ներշնչում, թե Ղարաբաղը կարդարացնի իր այդ անվանումը: Անցյալ տարվա առաջին 10 ամիսների ընթացքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նախորդ տարվա համեմատ (26,8 միլիոն դոլար) աճել է 26 տոկոսով:
Ընդհանուր առմամբ Ղարաբաղը փաստորեն կրկնապատկել է համախառն արտադրանքի ծավալը 2001-2003 թվականներին, և եթե պահպանվեն զարգացման ներկա տեմպերը, ապա այս տարվա վերջում այն նորից կկրկնապատկվի:
1999 թվականին եկամտահարկը Ղարաբաղում կազմում էր 25 տոկոս: Հետագա տարիներին այն նվազեցվել է տարեկան 5 տոկոսով և այժմ կազմում է 5 տոկոս: Հողի հարկը 15 տոկոսից իջել է 6 տոկոսի:
Այդ ամենի արդյունքը կարող է ծառայել որպես ներդրումներ գրավելու դաս: Հիմնականում հարկային թեթևացումների, զեղչերի և խթանների
հետևանքով Ղարաբաղում գործող մասնավոր ձեռնարկությունների մասնաբաժինը վերջին երեք տարիների ընթացքում 25 տոկոսից հասել է 70 տոկոսի:
|
Թեև
շատ խաղողի այգիներ դեռ ականապատված են, ղարաբաղյան գինու արտադրությունը վերսկսվել է
|
Եվ եթե նախագահը ձգտում է հասնել երկրի ճանաչմանը «տնտեսապես զարգացած» Լեռնային Ղարաբաղի միջոցով, նրա կառավարությունը կարծես ճիշտ ուղղությամբ է շարժվում: Տնտեսական ցուցանիշները դժվար թե գլխապտույտ առաջացնեն համաշխարհային տնտեսական ֆորումներում, սակայն տնտեսական գերտերություններին հիմնականում անծանոթ և նրանց կողմից գրեթե բոլորովին չճանաչված մի երկրի համար նշանակալի երևույթ է, որ վերջին երեք տարվա ընթացքում առնվազն 10 արտասահմանյան երկրների ներդրողներ 40 միլիոն դոլար են ներդրել Ղարաբաղում (հեռահաղորդակցության ձեռնարկության 15 միլիոն դոլարից մինչև հյուրանոցային բիզնեսի 1,5 միլիոն դոլարը):
Բելգիան, Մոնակոն, Լիբանանը, Ռուսաստանը, Իսպանիան, Իրանը, ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Ավստրալիան և Ֆրանսիան նպատակահարմար են գտել իրենց ներկայությունը բերել «վիճահարույց անկլավ»:
Եվ քանի որ Ղարաբաղը կրում է «վիճահարույց» պիտակը (որն, իհարկե, քաղաքական իրողություն է), այն չի ընգրկվում շատ միջազգային ծրագրերի մեջ, որոնք կարող էին նպաստել նրա զարգացման ավելի բարձր տեպերին, քան Ղարաբաղն այժմ ապահովում է սեփական ուժերով այս անբարենպաստ պայմաններում:
Անցյալ տարի Մոսկվայում անցած Համահայկական միջազգային վեհաժողովում ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանն իր հայրենակիցների ուշադրությունը հրավիրեց հետևյալ փաստերի վրա.
* Ղարաբաղի փաստացի կարգավիճակը զրկում է նրան տնտեսական զարգացմանն ուղղված միջազգային տնտեսական ծրագրերին մասնակցելու իրավունքից:
* Ղարաբաղը իրավասու չէ օգտվելու Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի կամ Միջազգային արժութային հիմնադրամի կողմից Հայաստանին հատկացված միջոցներից:
* Թեև Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը 35 միլիոն դոլար է հատկացրել Ղարաբաղին, այդ միջոցները կարող են օգտագործվել միայն մարդասիրական օգնության և ոչ տնտեսական զարգացման նպատակով:
|
Ադամանդի մշակումն առանձնակի փայլ է տալիս Ղարաբաղի տնտեսությանը
|
Այնպես որ, ևս մի աստղանիշ դրեք ներդրումային ցուցանիշների կողքին և պատկերացրեք, թե քանի զրո կավելանար այդ թվին, եթե Ղարաբաղը լիներ «օրինական»:
«Քանի որ Լեռնային Ղարաբաղը չճանաչված պետություն է, ներդրումներ բերելը շատ դժվար է, որովհետև այն «ռիսկի գոտի է»,- ասաց վարչապետը: - Մեր նպատակն է նվազագույնի հասցնել ռիսկը և հավասարակշռել այն մեր (դրական) տնտեսական գործոններով»:
Դանիելյանի հավաստմամբ, կառավարությունն ուսումնասիրել է տարբեր երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի հետպատերազմյան զարգացման ռազմավարությունները:
«Մենք եկանք այն եզրակացության, որ ոչ մի ծրագիր չի կարող ներդրվել որևէ այլ ծրագրի ճիշտ նմանությամբ,- ասում է նա: - Երբ մենք ընդունում էինք մեր ծրագիրը, որոշ տնտեսագետներ ասում էին, թե այն չափազանց համարձակ է, բայց մենք զգում էինք, որ ծրագրի նկատմամբ որոշ անվստահություն կա:
Մենք նպատակադրվել ենք ոչ միայն լուծել սոցիալական հարցերը, այլև զարգացնել երկիրը: Ժամանակը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»:
(Սույն հոդվածի համար տեղեկություններ է տրամադրել ղարաբաղցի լրագրող Կարեն Ղազարյանը)
|