ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
Special Edition
May 21, 2004




Հավաքելով բեկորները. պատերազմի չորս տարի և վերականգնման մեկ տասնամյակ


Հակամարտությունից ծնված և դե ֆակտո գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը թևակոխում է անկախության 13-րդ տարին` փորձելով վերականգնել պատերազմից քայքայված տնտեսությունը և հարմարվել չճանաչված հանրապետության կարգավիճակին:

 

Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը դեռ կրում են պատերազմի հետքերը, իսկ նրա քաղաքացիները հիշում են պայթող ականների ու ռումբերի ձայնը, սակայն Ղարաբաղը հավատարիմ է անկախության իր ձգտմանը և ազգային շահերը պաշտպանելու պատրաստակամու-թյանը:

Առաջին հայացքից Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը պատերազմ ապրած քաղաքի տպավորություն չի թողնում: Այն ավելի նման է զարգացող, քան վերականգնվող քաղաքի: Քաղաքի գլխավոր փողոցները մաքուր են, դրանցով անցուդարձ անող քաղաքացիները` լավ հագնված ու բարյացակամ: Խանութներն ու շուկաներն առաջարկում են բազմապիսի ապրանքներ ու մթերքներ: Միկրոավտոբուսները լիքն են կարծես հրատապ գործով ինչ-որ տեղ շտապող ուղևորներով:

Խորհրդային Միության փլուզումը և սոցիալ-տնտեսական կյանքում արմատական փոփոխությունները հիվանդագին ընթացք ունեցան նույնիսկ ամենաբարեկեցիկ նախկին խորհրդային հանրապետություններում: Իսկ փոքրիկ Ղարաբաղում պատերազմի արհավիրքներով խճողված այդ անցումը սահուն լինելու հնարավորություն գրեթե չուներ:

Այդուհանդերձ, այսօր Ստեփանակերտի առաջ ծառացած խնդիրները բնորոշ են տարածաշրջանին և ավելի շատ կրում են շուկայական տնտեսությանն անցման ծանոթ կապտուկների, քան դրան նախորդած պատերազմի բաց վերքերի հետքերը:

Աշխատանքի բորսա քաղաքի կենտրոնում կարելի է գտնել նախկին Խորհրդային Միության շատ քաղաքներում. այստեղ առավոտից հավաքվում են մարդիկ, ովքեր պատրաստ են կատարելու ցանկացած աշխատանք: Մյուս քաղաքացիներն իրենց գոյությունն են պահպանում կրպակներում ժամանակավոր բիզնես դնելով, արևածաղկի սերմ, մաստակ, ծխախոտ և այլ մանր-մունր բաներ վաճառելով:

 

Սակայն երբ Ստեփանակերտում մտնում ես հիմնարկներ, բուհեր, հասարակական կազմակերպու-
թյունների գրասենյակներ, ազատամարտի նահատակների` զոհված ուսանողների, աշխատակիցների, պաշտոնյաների սև-սպիտակ լուսանկարները ճեմասրահներում հիշեցնում են, որ Ղարաբաղի սպիները ծածկում են ազգամիջյան թշնամանքի և ոչ թե պարզապես քաղաքական խժդժությունների ծնած վերքերը:

Իսկ գյուղերում, որտեղ ավերված տները ռմբահարման և ոչ թե անփույթ վերաբերմունքի հետևանք են, սև քառակուսի անցքերը, որ ժամանակին պատուհաններ էին, վկայում են, որ պատերազմն այստեղ շատ վաղուց չի ավարտվել:

Չորս տարի տևած դաժան պատերազմը Ադրբեջանի հետ միայն բավական էր Ղարաբաղի մեծության երկիրն ամբողջությամբ վերափոխելու համար: Հաշվի առնելով, որ այն զուգադիպեց Խորհրդային Միության փլուզման հետ, ենթակառուցվածքները կարող էին պահպանվել միմիայն հրաշքով:

Պատերազմի հետևանքով լիովին ավերվել կամ վնասվել էր գործող ձեռնարկությունների 85 և հասարակական շենքերի 50 տոկոսը: Շարքից դուրս էին եկել հաղորդակցության գրեթե բոլոր համակարգերը:

Պատերազմի հասցրած նյութական վնասը գնահատվում է ավելի քան 3 միլիարդ դոլար, որից 1 միլիարդը՝ կապիտալ շինարարության, 800 միլիոնը՝ արդյունաբերության և հաղորդակցությունների, իսկ մնացածը` առողջապահության, կրթության և գյուղատնտեսության բնագավառներում: Պատերազմն ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացրել է 226 բազմահարկ շենք, 11647 առանձնատուն և ավելի քան 150 բնակավայր:

Սակայն պատերազմին հաջորդած խաղաղության և կայունության տարիները, Սփյուռքի ու Հայաստանի հիմնավոր ու համակարգված օժանդակությունը մասնակիորեն վերականգնել են կյանքը փոքրիկ ու քայքայված անկլավում:

Լաչինի միջանցքի բացումը 1992 թվականին վերամիավորեց Ղարաբաղի և Հայաստանի տարածքները` վերջ տալով մեկուսացման տասնամյակներին:

Կապը հանրապետությունների միջև վերականգնվեց 1995-1999 թվականերին Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, որը մինչև անցյալ տարի Հայաստանի ճանապարհների ծրագրի ավարտը (այն իրականացվեց «Լինսի» հիմնադրամի միջոցներով) լավագույններից էր տարածաշրջանում: «Հայաստան» հիմնադրամը 10,2 միլիոն դոլար հատկացրեց «Կյանքի ճանապարհն» իրականություն դարձնելու համար:

 

Չորս տարի է, ինչ ընթանում է Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը, որը կապահովի հանրապետությունը բարձրակարգ ներքին ճանապարհային ցանցով: Աշխատանքներ են տարվում 170 կիլոմետրանոց մայրուղու բոլոր հատվածներում, որի 69 կիլոմետրն արդեն կառուցված է: Ամբողջ մայրուղու շինարարության հաշվարկային արժեքը կազմում է 25 միլիոն դոլար: Մայրուղին ոչ պակաս «կյանքի ճանապարհ» կլինի իրենց մթերքները վաճառելու տանող ֆերմերների, Ստեփանակերտի բուհերում սովորող ուսանողների և այն գործարարների համար, որոնց ձեռնարկությունների զարգացումն արգելակում էին գրեթե անանցանելի ներքին ճանապարհները:

Այսօր արդեն Ստեփանակերտի փողոցները, որ տարիներ շարունակ ծածկված էին ռմբափոսերով, ասֆալտապատ են, երիզված մայթերով ու լուսավոր: Դանցով երթևեկում են ավելի ու ավելի մեծ թվով արտասահմանյան մեքենաներ, ինչը դժվար էր պատկերացնել հետպատերազմյան տնտեսական փլուզման տարիներին:

1994 թվականի զինադադարից հետո վերականգնվել են պատերազմի ընթացքում վնասված 5000 առանձնատուն ու 200 բազմաբնակարան շենք: Բացի այդ, Ստեփանակերտում կառուցվել է երկու բազմահարկ բնակելի շենք, ևս երկուսի շինարարությունը կավարտվի շուտով:

Եվ թեև ամենաշատ փոփոխություններ երևում են մայրաքաղաքում, չեն մոռացվում նաև ծայրամասերը: Դպրոցներ են կառուցվել Շեխեր, Հեր-Հեր, Խաչեն, Խնձրիստան և այլ գյուղերում:

«Այսօր մենք կարող ենք ամենայն իրավամբ ասել, որ կարողացել ենք մեծ գործ անել,- ասում է Ղարաբաղի փոխվարչապետ Յուրի Ղազարյանը: - Իհարկե, պատերազմի հետևանքները հաղթահարելու համար շատ անելիքներ ունենք: Բայց կատարված աշխատանքն ու ամբողջ աշխարհի հայության օժանդակությունը հույս են ներշնչում, որ ամենամոտ ապագայում Ղարաբաղում ոչինչ չի հիշեցնի պատերազմի մասին»:

Սեփական միջոցների սղության պարագայում Ղարաբաղի կառավարությունը հաջողությամբ զբաղվել է դրամահավաքով` վերջին տասնամյակում վերակառուցման համար հայայթելով մոտ 50 միլիոն դոլար:

Թեև Ղարաբաղում նոր կյանքի նշաններն առավել ակնհայտ են Ստեփանակերտում, պատերազմի գոտու վերածնունդը չի սահմանափակվում միայն մայրաքաղաքով: Եվ բարեփոխումներն էլ միայն տնտեսական նպատակներ չեն հետապնդում:

Գյուղացիները, որոնց բակերը, այգիներն ու վարելահողերը մեկ տասնամյակից ավելի վտանգի աղբյուր էին անտեսանելի ու մահաբեր ականների պատճառով, այժմ կարող են իրենց ավելի ազատ զգալ:

Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ՄՆՄԶԳ) ֆինանսավորմամբ և Նիդեռլանդների «ՀԱԼՕ» կազմակերպության ղեկավարությամբ գործող 50 հոգանոց աշխատակազմն ականազերծել է 900 հազար քառակուսի մետր տարածք 61 տեղանքներում, որտեղ բնակվում է շուրջ 11,5 հազար ղարաբաղցի: Մասնագետների հաշվարկով՝ Ղարաբաղն ամբողջությամբ կազատվի ականներից այս տասնամյակի ավարտին:

 

Ենթակառուցվածք-
ների վերականգնումը
հետագա զարգացում ստացավ, երբ 1998 թվականին «Ազատության աջակցության ակտ» ծրագրի շրջանակներում Ղարաբաղ մուտք գործեց ՄՆՄԶԳ-ն (թեև նրա գործունեությունը սահմանափակվում է միայն մարդասիրական օգնությամբ):

Ծախսելով նախատեսված 35 միլիոն դոլարի 20 միլիոնը` ամերիկացիների հնգամյա ծրագիրը կենտրոնանում է երեք հիմնական խնդիրների վրա` ջուր, բնակարան և առողջապահություն:

Այս նախաձեռնության շրջանակներում իրականացվել են ոռոգման երեք, համայնքային կենտրոնների երեք ծրագրեր և կառուցվել է հինգ դպրոց: Բացի այդ, նորոգվել է պատերազմի ժամանակ վնասված հինգ ծննդատուն և Ստեփանակերտից դուրս բացվել է 43 բուժկետ, իսկ շրջիկ կետերը սպասարկում են ամսական մոտ 500 հիվանդի, հիմնականում` կարիքավոր:

«Բժիշկներ առանց սահմանի» բելգիական կազմակերպության իրականացրած ջրամատակարարման և կոյուղու ծրագրից օգտվեց 13 գյուղերի շուրջ 5600 բնակիչ:

Եվ այժմ, երբ Ղարաբաղի «մարմնի» վերականգման գործում առկա է նման առաջընթաց, ուշադրություն է հատկացվում նաև նրա հավաքական մտքին ու հոգուն:

Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի տնօրեն Արթուր Ջիվանշիրյանն ասում է, որ երկրին պետք են որակյալ մասնագետներ տնտեսության տարբեր ոլորտներում: Ջիվանշիրյանի նախաձեռնությամբ դպրոցներից մեկին կից բացվել է տեխնիկում, որտեղ երկու տարի անվճար սովորելով ուսանողները ձեռք են բերում մեխանիկ-ինժեների, տեխնիկի, կռունկավարի ու տրակտորիստի հմտություններ:

«Մենք պետք է շատ աշխատենք բոլոր պրոբլեմները հաղթահարելու և քաղաքը վերականգնելու համար,- ասում է Ջիվանշիրյանը: - Արցախը միշտ էլ հպարտացել է հմուտ մասնագետներով, և մենք պետք է քաջալերենք երիտասարդությանը գրավելու այդ մասնագետների տեղը և ամրապնդելու մեր պետականությունը»:

Ղարաբաղին հասցված նյութական վնասն ակնհայտ էր ու հսկայական: Սակայն ղարաբաղցիները շարունակում են ապաքինվել նաև մշակութային և հոգեկան վերքերից:

 

Սկսած 1920 թվականից, երբ Իոսիֆ Ստալինը Լեռնային Ղարաբաղը (որի բնակչության 95 տոկոսը հայեր էին) բռնակցեց Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը, Ադրբեջանի կառավարությունը կիրառել է Ղարաբաղից հայերի սիստեմատիկ դուրս մղման քաղաքականություն: 1923-1979 թվականներին Ղարաբաղի հայ բնակչությունը նվազել է՝ 150 հազարից հասնելով 120 հազարի, մինչդեռ նույն ժամանակահատվածում ադրբեջանցի բնակչությունն աճել է՝ 7500-ից հասնելով 38 հազարի:

Մահմեդական ադրբեջանցիները ոչնչացրել են բազմաթիվ եկեղեցիներ ու հին գերեզմանոցներ Ղարաբաղում, իսկ 1930 թվականից այստեղ չի գործել ոչ մի եկեղեցի:

Անկախության նվաճման նախօրեին ազգային-ազատագրական շարժման վերելքի շնորհիվ քրիստոնեությունը Ղարաբաղում վերածնունդ ապրեց. 1989 թվականին վերաբացվեց Մարտակերտում գտնվող Գանձասարի վանքը:

Պատերազմը դարձավ Գանձասարի վանահայր տեր Հովհաննեսի (Հովհաննես Հովհաննիսյան) հոգևոր կնքահայրը, որը մինչ այդ գյուղատնտես էր:

«Ղարաբաղյան շարժման սկզբում ես հանդիպեցի Արցախի թեմի քահանաների հետ: Նրանք հարցրեցին, թե արդյոք չե՞մ ուզում քահանա ձեռնադրվել: Այդ առաջարկն ինձ համար անակնկալ էր, քանի որ երբեք չէի մտածել քահանա դառնալու մասին»,- վերհիշում է տեր Հովհաննեսը:

1990 թվականին նա գնում է Էջմիածին ու վերադառնում է երկու տարի անց որպես տեր Հովհաննես: Նշանակվում է Գանձասարի վանահայր ու պատերազմի տարիներն անց է կացնում մի ձեռքին՝ խաչ, մյուսում՝ զենք:

«Միգուցե այսօր տարօրինակ թվա, որ քահանան մասնակցել է պատերազմին,- ասում է տեր Հովհաննեսը,- բայց մենք պետք է պաշտպանեինք Գանձասարը, որովհետև չէինք կարող թույլ տալ ադրբեջանցիներին խլելու մեր հավատը այն վերագտնելուց հետո: Ես չէի կարող մարդկանց ասել. «Գնացեք պաշտպանեք ձեր հողը, իսկ ես կաղոթեմ ձեզ համար»: Դա վճռական գործողությունների ժամանակ էր և ոչ թե խորհուրդներ տալու»:

Մյուս տարի Ղարաբաղում կնշվի Գանձասարի 765-ամյակը: Այսօր տեր Հովհաննեսը լիովին նվիրվել է եկեղեցուն և իր ծխականներին: Նրա հավաստմամբ, այժմ մարդիկ ավելի քան երբևէ հոգևոր օգնության կարիք ունեն:

 

«Պատերազմից առաջ չգիտեինք, թե մենք ով ենք: Դպրոցում Հայաստանի պատմության փոխարեն սովորում էին Ադրբեջանի պատմություն,- ասում է քահանան: - Մենք չգիտեինք, որ հայերն աշխարհի ամենահին քրիստոնյա ժողովուրդն են: Չգիտեինք անգամ ինչպես խաչակնքել: Մեր քրիստոնեական հավատը մի կողմից արգելել էին կոմունիստները, իսկ մյուս կողմից վերահսկում էին ադրբեջանցիները: Այժմ կորցրածը լրացնելու ժամանակն է»:

Այժմ Ղարաբաղի վերականգնված կամ նոր կառուցված 24 եկեղեցիներում ծառայում է 11 քահանա: Շարունակվում է այլ եկեղեցիների կառուցումն ու վերականգնումը:

Պատերազմի հետքերն աստիճանաբար վերանում են, սակայն ղարաբաղցիները երբեք չեն մոռանում իրենց հերոսներին: Մայրաքաղաքի գլխավոր մայրուղին կոչվում է Ազատամարտիկների պողոտա: Հարսանիքները սկսվում են ազատամարտիկների հուշահամալիրից: Այնտեղ, որտեղ զինվորներ են զոհվել, այսօր բարձրանում են շենքեր, որոնք կրում են նրանց անունները, ում կյանքի թանկ գնով է կառուցվում խելահեղորեն ազատ, բայց դեռ ոչ լիովին անկախ հանրապետությունը:


According to Agnes
 

  Inside
 

The Peace Process: Who wants what? And when?

Full story

 
 

An Interview with the President of the Republic of Nagorno Karabakh

Full story

 

An Interview with the Minister of Foreign Affairs of Karabakh

Full story

 

The Politics of Population: Re-settlement program attracts the dislocated and the opportunists to free life on the land

Full story

 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Sweet

Ten years since its last performance, the opera "Anush" returned to Yerevan stage this week. The 90-year old opera, based on Hovhaness Tumanyan's poem, was staged by Gegham Grigoryan and starred Anahit Mkitaryan in the lead role.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.