Ռուբեն Մանգասարյանը վերհիշում է հաղթանակը: Եվ արկղերը
Իմ հայրը կյանքի վեց տարիներն անց է կացրել պատերազմներում՝ սկսելով խորհրդային-ֆիննական պատերազմով ու վերջացնելով Երկրորդ համաշխարհայինով: Այդ տարիներից չորսը նա անց է կացրել ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում: Երբ ես փոքր էի, հաճախ էի խնդրում հորս պատմել պատերազմի մասին, բայց նա չէր պատմում:
Ես նկարահանել եմ Ղարաբաղյան պատերազմը սկզբից մինչև վերջ: 1989-ից մինչև 1994 թվականը կանոնավոր այցելում էի Ղարաբաղ, եղել եմ և՛ թիկունքում, և՛ ճակատում: Լուսանկարել եմ ինչպես մարտական գործողությունները, այնպես էլ առօրյա կյանքը: Տեսա պատերազմը և միայն այդ ժամանակ հասկացա հորս: Շատ դժվար է վերհիշել պատերազմը, ավելի ճիշտ՝ անհնար է մոռանալ այն: Անհնար է մոռանալ հաղթանակը և կորուստները, զոհված ընկերներին, արիությունն ու հայրենասիրությունը:
Շուշիի գրավումից հետո, 1992-ի մայիսին իմ ընկեր, լուսանկարիչ Աշոտ Մուրադյանի հետ օդանավով թռա Ղարաբաղ: Դա օդանավի վերջին թռիչքն էր, որ վերադարձավ Երևան: «Յակ-40» օդանավի բոլոր նստարանները հանել էին, դրանց փոխարեն հսկայական ռետինե տարա էր՝ բենզինով լցված: Սրահի վերջում արկերի արկղեր էին: Ստեփանակերտի օդակայանն ադրբեջանցիների հրետակոծման տակ էր: Մեր օդանավն աներևակայելի վայրընթացով սլացավ դեպի օդակայան, և մենք վայրէջք կատարեցինք: Անմիջապես հետևեցեին «Գրադի» պայթյունները, սակայն ադրբեջանցիները վրիպեցին: Մի քանի րոպեում օդանավը դատարկեցին, և այն վերջին անգամ թռավ Ստեփանակերտի օդակայանից: Մյուս օրն օդանավը խփվեց «Գրադի» արկով:
Շուշիում նկարելուց հետո, գնացինք Մարտունի: Այնտեղ հրամանատարը Մոնթեն էր: Այդ ուղղությամբ սպասում էին ադրբեջանցիների հարձակմանը: Մի քանի օր անցկացրինք խրամատներում՝ նարդի խաղալով ադրբեջանցիների հրետակոծման տակ: Բայց ադրբեջանցիների առաջխաղացում չկար: Մոնթեն ասում էր մեզ. «Եկել եք օդանավով, բայց Ղարաբաղից կգնաք մեքենայով»: Առավոտյան Մոնթեն ասաց. «Մերոնք վերցրել են Լիսագորը, անմիջապես գնացեք Լաչին, հնարավոր է, որ այսօր ճանապարհը բացվի»: Մեքենա կանգնեցնելով հասանք Ստեփանակերտ, հետո Շուշի, Լիսագոր, այնտեղ իմացանք, որ Լաչինում մարտեր են ընթանում: Շուտով Լաչինում էինք: Ղարաբաղը Հայաստանին միացնող ճանապարհը բաց էր: Մի քիչ նկարեցինք քաղաքում, հետո բարձրացանք զինվորական բեռնատարի թափքը և շարժվեցինք Գորիս: Մինչև Հայաստանի սահման հասնելը, ամբողջ ճանապարհին հրճվանքից բղավում էինք: Դա հաղթանակ էր: Դա Ղարաբաղի և Հայաստանի իրական «միացումն» էր, ինչի մասին վանկարկում էին հանրահավաքներին և երազում էին տարիներ շարունակ
Ամենակատաղի մարտերին ականատես եղա 1994-ի հունվարին Մարտակերտում: Ամեն օր տասնյակ սպանվածներ ու վիրավորներ էին լինում: Նրանց տանում էին Չլդրան, որտեղ գյուղի կենտրոնում զինվորական հոսպիտալն էր, դիարանն ու դպրոցը: Դագաղներ սպանվածների համար պատրաստում էին «Գրադի» արկերի արկղերից: Դասամիջոցներին երեխաները դպրոցի վառարանի համար տաշեղ էին հավաքում դագաղի արհեստանոցից, մտնում էին հոսպիտալ, որտեղ կարելի էր մի կտոր բան ուտել ու խոսել վիրավորների հետ: Այնտեղ ես սկսեցի «Զինվորական արկղեր» լուսանկարների շարքը: Ղարաբաղի պատերազմի ժամանակ արկերի ու հրթիռների արկղերից սարքում էին տներ, պատուհաններ, պատեր, հատակ, բայց հիմնականում՝ դագաղներ: Դրա մեջ էր պատերազմի ողջ անհեթեթությունը. մարդիկ պատրաստում են զենք ու զինամթերք, որոնք մահ են բերում մարդկանց, իսկ սպանվածների դագաղների համար օգտագործվում են այդ արկերի արկղերը:
|