Մխիթար Խաչատրյանը վերհիշում է առաջին օրերը
Տարիների ընթացքում փաստագրելով այնպիսի կարևորագույն իրադարձություններ, ինչպիսին են երկրաշարժը, Ղարաբաղյան շարժման հանրահավաքները՝ հիշում եմ, որ երբ իմացա հայ-ադրբեջանական սահմանում բախումների մասին, առաջին արձագանքս էր՝ «Պետք է լուսանկարել»:
Դեպքերի նկատմամբ մեծ հետաքրքրությունս ու, թերևս, մասնագիտական պարտքի զգացումն էին, որ այդպես մղում էին ինձ դեպի իմ առաջին պատերազմը: Չկար վախի զգացում:
Որքան էլ տարօրինակ է, մեծ ոգևորությամբ փետրվարյան այդ ցուրտ օրով հասա Արարատի շրջկենտրոն, որտեղից նախ մեքենայով, ապա ճանապարհի մեծ մասը ոտքով հասա սահման:
Շատ հիասթափվեցի, երբ ասացին, որ միայն զինվորներին են թողնում ճակատային գիծ: Բազմաթիվ փորձերից հետո, ինձ հաջողվեց հասնել կրակագիծ, սակայն այդ պահից
ոգևորությունս փոխարինվեց ինչ-որ անբացատրելի զգացումով: Այս ամենն այն չէր, ինչ ուզում էի նկարել: Դա էր իմ առաջին միտքը: Եվ, իրոք, պատերազմն այն իրադարձությունը չէ, որը կարող ես արձանագրել լուսանկարներում՝ կետ առ կետ, դրվագ առ դրվագ: Իսկ ահա հետևանքները՝ որքան ցանկանաս:
Դրանից հետո ռազմաճակատում շատ եմ եղել, և՛ կրակագծում, և՛ թիկունքում:
1991 թվականի օգոստոսի 20-ին ուղղաթիռով մեկնում էի Շահումյանի շրջան, որտեղ կատաղի մարտեր էին ընթանում: Վատ եղանակի պատճառով գիշերն անցկացրինք Գավառ (Կամո) քաղաքում:
Օդակայանի սրահում հարսանիք էր: Ուղղաթիռի օդաչուներին ու բոլոր ուղևորներին՝ զինվորներին ու լրագրողներին, հրավիրեցին այդ հարսանիքին: Մի լավ քեֆ անելուց հետո, վաղ առավոտյան օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ՝ թռչելով շատ ցածր, սարերի ու ձորերի միջով, ադրբեջանցիների դիրքերի վրայով, հասանք Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղ: Այնտեղից պետք է հասնեինք շտաբ: Գյուղամեջում սպասում էինք մեքենայի ու զրուցում էինք գյուղացիների հետ: Մի երկու ժամ այդտեղ մնալուց հետո գյուղացիներից մեկը հրավիրեց մեզ իր տուն՝ «մի կտոր հաց ուտելու»: Կեսօրի մոտ էր, քաղցած չէինք, խնդրեցի, որ թեյ տան: Ղարաբաղցիները լավ են թեյ պատրաստում: Տանտերն առարկեց, թե «մի խոզ մորթեմ, արագ խորովենք, ուտենք»: Ասացի՝ ոչ:
«Որ տհե ա, էրկու ճուտ մորթեմ, շուտ կեփի, կուտենք»:
«Չէ, այ մարդ, մեզ թեյ տվեք»:
«Չէ, խոզ կամ ճուտ, ճամփա եք էկել, սոված կլեք»:
Երկար խնդրեցի, պնդեցի՝ ասելով, որ ճանապարհ ունենք գնալու, որ թեյը շուտ կլինի
«Որ տհե ա, ուրեմն կոփե»:
«Թեյ ու միայն թեյ»,- ասացի ես:
Վերջապես բերեցին թեյը, մուրաբա ու շաքարաման՝ մեջ շաքարավազ ու 3-4 կտոր շաքար:
Առաջին խոսքերս էին, թե «լավ եք ապրում, ամեն ինչ էլ ունեք»: Այդ պահին ծերունու հարսը, որ երեխան գրկին կանգնած էր դռան մոտ, ասաց. «Ախր, էդ րախի բաժին շաքարն ա»:
Մի պահ քար լրություն տիրեց, հետո խմեցինք թեյն առանց քաղցրի, իսկ քիչ անց իմացանք, որ մեքենա կա, որ մեզ կտանի շտաբ:
Շտաբը Շահումյանի Վերիշեն գյուղում էր: Հայկական կողմն արդեն զիջել էր մի քանի գյուղ և պաշտպանում էր Վերիշենը: Շտաբում տեղեկացանք, որ Մոսկվայում խռովություն է, հեղաշրջման փորձ: Կարծում էի, որ զինադադար կլինի, քանի որ ադրբեջանցիների կողմից հարձակվում էին ռուսական զորքերը: Ինձ հետ էին երկու ֆրանսիացի լրագրող, մի լուսանկարիչ ու մի խմբագիր:
Շտաբում իրարանցում էր: Տեղեկությունները կուտակվում էին այստեղ, ու բոլոր հրամանները գալիս էին այստեղից: Ցերեկվա ժամը 4-ի մոտ էր: Զինվորների մի խումբ պատրաստվում էր գնալ հերթափոխի:
Հրամանատարության համաձայնությամբ մեզ թույլատրեցին գնալ նրանց հետ ու լուսանկարել: Պետք է ոտքով մոտ 4 կիլոմետր անցնեինք: Ճանապարհին զինվորները պատմում էին իրենց հերոսությունների ու հետաքրքիր օրերի մասին: Ժամանակն անցավ աննկատ, և շուտով հասանք առաջին գիծ, որտեղից անզեն աչքով երևում էին ազերիների դիրքերը:
Մեր տղաները դիրքավորվել էին բլրակի հետևում:
Մի քանի րոպեից օդում հայտնվեց երկու ռուսական ռազմական ուղղաթիռ: Ջոկատի հրամանատարը հրամայեց արագ հեռանալ, քանի դեռ մեզ չեն նկատել: Բայց արդեն ուշ էր, ուղղաթիռները ճիշտ մեր գլխավերևում էին: Պառկեցինք բլրի լանջին: Ուղղաթիռները 20-25 մետր բարձրության վրա երեք պտույտ կատարեցին և այդ ամբողջ ընթացքում կրակում էին մեզ վրա գնդացիրներից ու հրթիռակոծում էին մեր հենակետը:
Երրորդ պտույտից հետո (այդ ամենը տևեց 5-10 րոպե, բայց թվաց մի ամբողջ կյանք), երբ ոտքի կանգնեցինք, պարզվեց, որ զոհ ունենք. սպանվել էր մեզ ուղեկցող տեղացի մի երկրապահ:
|