Մաքս Սիվասլյանի ղարաբաղյան օրագրից
Ես վերադարձա հանդիպելու հայաստանցիներին, այս անգամ նրանք, կարծես, ավելի հանգիստ էին: Աղջկան, որին ազերիները գերի էին վերցրել մի քանի օր առաջ (թուրքերը ռադիոյով պարծենում էին դրանով), գտել էին գրավված պահակակետերից մեկում՝ կտրված գլխով և կրծքերով: Ատելությունը սպանվածների մարմիններն այլանդակող ազերիների նկատմամբ շատ մեծ էր: Նրանց ասելով, հայերը նույնպես կտրում են սպանված ազերիների գլուխները: Ես զայրացած էի նման արարքից, սակայն տղաներն ինձ բացատրում են. «Մենք դա թուրքերից ենք սովորել: Դա շատ լավ է, այսպես նրանք վախենում են մեզնից»:
Օրվա ընթացքում հայկական հրետանին շատ արագ տեղակայվեց Դրմբոնի շտաբի մոտակայքում, լճին շատ մոտ: Երեկոյան ժամը վեցին հրանոթներից հանում էին արկերը:
Մարտի 3, չորեքշաբթի
Դրմբոնի մոտ հետևակայիններով լցված երկու բեռնատար պատրաստվում են ճակատ մեկնել, դեպի ամբարտակ: Այս անգամ, ինձ պարտադրելով, բարձրանում եմ առաջին բեռնատարի խցիկը՝ վարորդի մոտ: Մենք Ալաշան ենք գնում զորախմբի համար հաց բերելու: Հետո անցնում ենք Սարսանգ լճի կողքով՝ Դրմբոնի,Գետավանի,Հաթերքի և Ումադլուի միջով: Երեք ժամից հասանք ճակատային գիծ: Ալաշանից ոտքով լեռների միջով այդ ճանապարհը կարելի է անցնել երկու ժամում: Հասանք պահակակետ, մի քառասուն հոգի կլինենք: Իրավիճակը հանդարտ է: Մենք պետք է անցնենք կամրջի մյուս կողմը: Այստեղ են իմ ընկերներ Կարինեն ու Սանասարը, ստուգում են հրանոթները:
Արագ ողջունում ենք միմյանց, քանի որ պետք է շտապ անցնել կամրջի մյուս կողմը. ազերիները մեր դիմացն են՝ բլրի վրա: Դիմացի զառիվայրի վրա նկատում ենք մի հսկայական վահանակ Լենինի դիմանկարով: Նրանից աջ զրահամեքենա է՝ անսարք մարտկոցներով: Բազմաթիվ ֆիդայիներ փորձում են տեղից շարժել այդ բազմատոննանոց թրթուրավոր մեքենան՝ գոնե ստվերի տակ տեղափոխելու համար: Քսան րոպե անց քայլում ենք ազերիների դիմացի ճանապարհով: Անցնում ենք այրված ավտոբուսի ու ռազմամթերքի արկղերի կողքով (ռազմամթերքը «Կալաշնիկովի» համար է, մնացել է ազերիներից, գրեթե անհնար է օգտագործել. ազերիները փչացրել են, որ հայերը չօգտագործեն): Այս ամենը նախորդ օրվա մարտի հետքերն են: Ինչպես միշտ, առանց կարգապահության, առանց տարածություն պահպանելու յուրաքանչյուր մարդու և յուրաքանչյուր խմբի միջև, մի երեսուն ֆիդայի մեկը մյուսի հետևից առաջ են շարժվում: Մի կատարյալ շարք, կարծես համազգեստ հագած մի օձ, որն իրենից վտանգավոր թիրախ է ներկայացնում թուրքերի համար: Մենք առաջանում ենք ևս մի կիլոմետր՝ թաքնվելով երկու բլուրների միջև ընկած ստվերում: Այդ երկու բլուրներից մեկի գագաթը վերահսկում են հայ մարտիկները: Թուրքերը, հավանաբար, մի հարյուր մետրի վրա են:
Երեկվա գրաված դիրքերը դեռևս ամրացված չեն: Ո՛չ խրամատներ, ո՛չ ապաստարաններ, միայն նոր փորած փոսեր, որոնց մեջ կարող են տեղավորվել երկու-երեք հոգի: Մյուսները ստիպված են թաքնվել ծառերի կամ զառիվայրի հետևում:
Ազերիները սկսեցին հրետակոծել պահակակետի ձախակողմյան դիրքերը: Մենք նույնիսկ մի տանկ տեսանք, որը կրակելուց հետո նահանջեց՝ տեղավորվելով կրակատեղի հետևում, հետո նորից դուրս եկավ, կրակեց ու կրկին վերադարձավ թաքստոց:
Ազերիների արկերն անդրանցնում են մեր գլխավերևով: Միայն թե ականանետով չկրակեն: Ականանետի արկերը միշտ վերևից են գալիս՝ շառաչով, և այդ դեպքում գլուխը ձեռքերով պաշտպանելու բնազդային շարժումը ծիծաղելի է, քանի որ, անկասկած, անզոր է փրկելու խրամատում կծկված խեղճ զինվորին:
Քիչ այն կողմ՝ ճանապարհի վրա, նախօրեին սպանված հինգ ազերիների դիակներն են, որոնց բաճկոնների բրդյա օձիքները պոկված են: Նրանք, ովքեր շատ սնահավատ չեն, ասեղնագործել են միայն կիսալուսինը՝ կանաչ ֆոնի վրա (ազերիների գույները): Հայերը նաև գրպաններն են խուզարկում, սակայն ավելի շատ հետաքրքրությունից. խեղճը եկավ այստեղ մեռնելու, նա չի կարող մեծ բան ունենալ արհեստական կաշվի դրամապանակում: Կնոջ ու երեխաների մի լուսանկար է նետված չորացած տերևների գորգի վրա: Ազերիները, անկասկած, նույն կերպ են վարվում սպանված հայերի հետ, որոնք նույնպես լուսանկարներ ունեն, որոնք շպրտված են ինչ-որ տեղ ցեխերի մեջ: Այդ գրպանների պարունակությունն առանձնապես հետաքրքրական չէ, համեմատած հինգ «Կալաշնիկովի» և մեկ գնդացրի հետ, որոնք պատերազմի ավար են և հարմար առիթով կարող են վաճառվել Երևանում:
1993 թ., մարտի 3
Ամբարտակի պահակակետի բարձունքների վրա նոր վերականգնած դիրք
Մենք լսում ենք թուրքերի խոսակցությունը՝ շատ մոտ մեր խմբին, գուցե գրոհ է պատրաստվում: Չորս հետախույզ իջնում են տեսնելու, թե ինչ է կատարվում. սակայն սրանք պարզապես ազերիներ են, որոնք եկել են իրենց զոհվածների մարմինների հետևից:
17:30 րոպե
Շատ ուշ է գրոհի համար: 40-50 տղաներից տասներկուսը, որոնք պատսպարված են ծառերի տակ, որոշում են վերադառնալ Ալաշանի ռազմակայան: Ես ցանկություն չունեմ քնելու այս թաց տերևների գորգի վրա: Նման գիշերներից հոգնած՝ որոշում եմ միանալ տասներկու հոգանոց խմբին: Բլուրների միջով մեր ճանապարհը կտևի մոտ երկու ժամ: Մութն ընկավ: Քիչ անց լսվեց ավտոմատների ու գնդացիրների կրակահերթերի ձայնը, որ գալիս էր մեր կողմից լքված դիրքերից: Հինգ րոպե սպասեցինք՝ մտածելով, որ մարտը, հավանաբար, հիմա կսկսվի, բայց կրակոցները շուտով դադարեցին: Հետ վերադառնալն անօգուտ է:
Միայն հաջորդ օրն իմացանք, որ հայերն էին կրակ բացել: Զինվորները կրակել են ազերիների վրա, որոնք եկել են իրենց զինվորների դիակների հետևից:
|