Տառապանքների պտույտ
1994 թվականի փետրվարն էր, վաղ առավոտ: Ֆիզուլիի շրջան: Աբդուրահմանլի գյուղի մոտ մեր զորքերի դիրքերը ձգվել էին աղեղի նման: Գիշերը ձյուն էր եկել, և մեր դիրքերը շրջապատող սարերի գագաթները ծածկվել էին սպիտակ սավանով: Վառ կապույտ երկինքը հակադրվում էր ճերմակ ամպերին:
Անքուն գիշերից հոգնած՝ անհանգիստ քնել ենք հապճեպ խփված վրանում: Հանկարծ լսվում է երկար կրակահերթի ձայնը: Կրակում են խոշոր տրամաչափի գնդացրից: Անմիջապես դուրս ենք ցատկում գիշերվա ընթացքում սառած վրանից: Գնդակները սուլում են մեր զորքերի գրաված հարևան բարձունքների վրայով՝ երկնքի վրա թողնելով լուսածրող գնդակների կարմիր հետքերը: Ո՞վ և որտեղի՞ց է կրակում: Ահա, դիմացի բարձունքն է գաղտագողի բարձրանում ադրբեջանական մի զրահամեքենա և իր խոշոր տրամաչափի գնդացրից անկանոն կրակ է տեղում մեր դիրքերի վրա: Կարճատև կրակահերթերից հետո արագ անհայտանում է, իսկ քիչ անց նորից հայտնվում է նույն տեղից ու շարունակում կրակել: Ակնհայտ է, որ այն փորձված «տանկիստ» է ղեկավարում:
Անսպասելիորեն զրահամեքենայի հետևի բարձունքներին հայտնվում են ազերի զինվորներ ու երկար շարան կազմած հետևում մարտին: Առաջին անգամ հնարավորություն ունեցա տեսնելու, թե ինչպես են երկու կողմերի զինվորները հետևում ռազմական տեխնիկայի մարտին, կարծես ոչինչ չի կատարվում, կարծես այդ ամենն ընթանում է կինոթատրոնի էկրանին:
Գիշեր է: Լաչինի միջանցքի բացումից խանդավառ մարտիկներն ու լրագրողները, չնայած հոգնածությանը, շնորհավորում են միմյանց: Հանկարծ ուշադրությունս գրավում է ճանապարհի ձախ կողմից եկող ծուխը: Մոտենում եմ: Այրվում է քարե, ամուր, բարեկարգ (որքանով դա հնարավոր է պատերազմական պայմաններում) գյուղական մի տուն: Երկու լուսանկար եմ անում
Հանկարծ սիրտս ճմլվում է, մտորում եմ. այստեղ ընտանքի է ապրել, երեխաներ են ծնվել, նորմալ, խաղաղ կյանք է եղել: Ակամայից ինձ պատկերացնում եմ նրանց տեղում: Միանգամից վերհիշում եմ տատիս պատմածները, երբ իրենք ճիշտ այսպես ստիպված էին լքել իրենց տները 20-րդ դարի սկզբին՝ փրկվելով թուրքերից: Շրջանը լրացավ:
|