ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
May 7, 2004




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Եվրոպայում այս շաբաթ տոնում էին Եվրամիության մեջ տասը նոր անդամների ընդունումը, այդ թվում ութը նախկին խորհրդային բլոկի երկրներից, որոնց երկաթե վարագույրը բաժանում էր մայրցամաքից:

Այդ նոր անդամների թվում են երեք բալթյան հանրապետությունները` Էստոնիան, Լատվիան և Լիտվան, որոնք Հայաստանի նման ընդամենը 13 տարի առաջ Խորհրդային Միության կազմի մեջ էին: Այժմ նրանք աշխարհի ամենամեծ ազատ առևտրի գոտու լիիրավ անդամներ են, և արդեն խոսակցություններ կան «Բալթյան վագր» երևույթի մասին` նմանեցնելով վերջինս այն տնտեսական հրաշքին, որը մեկ սերնդի ընթացքում Իռլանդիան ԵՄ-ի ամենաաղքատ երկրների շարքից դուրս բերեց ամենահարուստ երկրների շարք:

Լիտվան 3,6 միլիոն բնակչությամբ բավական մոտ է Հայաստանին: Խորհրդային Միության օրոք մոտ էին միմյանց նաև այս երկու հանրապետությունների կենսամակարդակները: Այժմ Լիտվան մտնում է ԵՄ որպես ամենաաղքատ երկներից մեկը` մեկ շնչին ընկնող 4200 եվրո ՀՆԱ-ով, որը կազմում է անդամ երկրների միջինի մեկ-ութերորդը: Սա արդեն Լիտվան դարձնում է Հայաստանից երեք անգամ ավելի հարուստ, սակայն այդ տարբերությունն այժմ ակնհայտորեն մեծանալու է ներդրումների և ԵՄ-ի օգնության ներհոսքի հետ:

Ինչպե՞ս տեղի ունեցավ այս ամենը: Այստեղ ակնհայտորեն իր դերն է խաղում նաև աշխարհագրությունը. Լիտվան ելք ունի դեպի ծով և մոտ է ԵՄ-ի շուկաներին, մինչդեռ ծովի ելքից զրկված Հայաստանը շարունակում է տառապել շրջափակումներից, հատկապես` Թուրքիայի:

Պատմությունը նույնպես խաղում է իր դերը. Լիտվան չի բախվել այնպիսի մարտահրավերների հետ, որոնք կանգնել են նորանկախ Հայաստանի առջև` 1988 թվականի երկրաշարժը և պատերազմը Լեռնային Ղարաբաղի համար:

Սակայն վերջին իրադարձությունները նույնպես հետաքրքիր մտորումների տեղիք են տալիս: Լիտվան դարձավ առաջին պետությունը ժամանակակից Եվրոպայի պատմության մեջ, որն անցյալ ամիս պաշտոնանկ արեց իր նախագահին: Լիտվայի խորհրդարանը քվեարկեց Ռոլանդաս Պակսասին պաշտոնանկ անելու օգտին այն բանից հետո, երբ կոռուպցիայի մեջ մեղադրանքների առիթով սկսված պաշտոնական հետաքննությունը պարզեց, որ նա առնչություններ է ունեցել մի գործարարի հետ, որը կապված է եղել ռուսական մաֆիայի հետ: Այդ գործարարը շուրջ 400 հազար դոլարի ներդրում է արել նախագահի նախընտրական քարոզարշավում:

Լիտվայի քաղաքական մշակույթն ակնհայտորեն հեռու է կատարյալ լինելուց: Սակայն վերջին տասնամյակի ընթացքում այն դարձել է բավականաչափ ուժեղ և անկախ, որպեսզի կարողանա մարտահրավեր նետել` խաղաղ ու սահմանադրական ճանապարհով, մի նախագահի, որի պաշտոնավարումն այլևս պատեհ չէր համարում:

Լիվայի փողոցները լիքն էին իրենց մուտքը ԵՄ տոնող մարդկանցով, և ոչ թե իշխանություններից հուսախաբված ցուցարարներով: Քաղաքական այդ դրաման չուղեկցվեց տնտեսական ճգնաժամով` ևս մի նշան, որ Լիտվան որպես պետություն բավականաչափ հասունացել է:

Հայաստանում պայքարն իշխանության համար շարունակվում է ընթանալ փողոցներում: Նախագահական ընտրությունների վիճարկման բերած դառնությունը ծանրանում է անկարողության զգացումից, որ ո՛չ Ազգային ժողովը, ո՛չ իրավական համակարգը կարծես ի վիճակի չեն սանձելու մի վարչակարգ, որը խոսքին պատասխանում է ոստիկանական միջոցներով: Քաղաքական համակարգը չի կարողանում նաև գտնել եղանակներ լարվածությունը վերացնելու և սահմանադրական աղետաբեր ճգնաժամի լուծման հարցում համաձայնության գալու համար: Վնասը Հայաստանի միջազգային վարկանիշին արդեն զգալի է, ինչը պարզ երևում է Եվրոպայի Խորհրդին հանրապետության անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների չկատարման ԵՄ-ի քննադատությունից:

Ծննդյան տոներից առաջ իրականացրած «վարդերի հեղափոխությունից» առաջ Վրաստանը վերջին տասնամյակում կոռուպցիայի և լճացման մակարդակով զգալիորեն գերազանցում էր Հայաստանին: Սակայն այնտեղ նույնպես պետական կառույցներն ապացուցեցին, թե ի վիճակի են լուծելու այնպիսի լուրջ ճգնաժամ, որը կարող էր նոր քաղաքացիական պատերազմի սկիզբ դառնալ: Առանց մի կրակոցի Ասլան Աբաշիձեին ստիպեցին փախչել Աջարիայից, որտեղ նա իշխում էր ինչպես իր անձնական ավատում տասը տարուց ավելի: Այդպես նա վճարեց հունվարին քվեների ճնշող մեծամասնությամբ ընտրված նախագահ Միխայիլ Սաակաշվիլու հեղինակությանը մարտահրավեր նետելու համար: Սաակաշվիլին գլխավորում է Եվրոպայի ամենաերիտասարդ կառավարությունը (կառավարության անդամների միջին տարիքը 36 է) և վարում է եռանդուն հակակոռուպցիոն քարոզարշավ, որը հիմք է տալիս հասարակ վրացիներին հուսալու, որ իրենց երկրին պայծառ ապագա է սպասում: Նա նույնպես ակնկալիքներ ունի ԵՄ-ին անդամակցելու առումով:

Այնպես որ, Հայաստանի հանրության առջև երկու հարց է ծառացել. կարո՞ղ է այն իր քաղաքական մշակույթի շրջանակներում գտնել այն անհատներին, որոնք ունակ են խաղաղ ճանապարհով լուծելու ներկա ճգնաժամը, և կարո՞ղ են այդ ունակ անհատները հայկական պետությունը զարգացման մեկ այլ, ավելի լավ ուղով տանելու կամք ցուցաբերել: Լիտվան և Վրաստանը կարող են լավ դաս ծառայել: Սակայն այդ հարցերի պատասխանները կարող են տալ միայն հայերը:

 

According to Agnes
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Jewelry-2004

International annual exhibition Jewelry-2004 was opened May 6 presenting works of some 50 jewelry-making and diamond-cutting companies. Among guests was President Robert Kocharyan who expressed his high appreciation of the works of Armenian jewelers.

 

 




Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.