Հինգշաբթի օրը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ներհայաստանյան իրավիճակին վերաբերող բանաձեւի մասին, ասաց, թե, չնայած նկարագարական մասում առկա «լուրջ» անճշտություններին, այն «նորմալ փաստաթուղթ» է համարում:
|
Նախագահ Քոչարյանը մեկնաբանում է ԵԽԽՎ-ի բանաձեւը |
«Բովանդակային մասով ես առանձնապես պրոբլեմներ չեմ տեսնում», - «Ոսկեգործություն-2004» ցուցահանդեսի բացման արարողությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ասաց նախագահ Քոչարյանը: - «Նկարագրային մասում կան բավական լուրջ անճշտություններ՝ կապված իրադարձությունների փաստագրության հետ»:
Ռոբերտ Քոչարյանը ավելացրեց, որ մի քանի օրվա ընթացքում կպատրաստվի պատասխան նկարագրական մասի վերաբերյալ, իսկ հունիսին «գրավոր մեր կարծիքը գրելու ենք այդ փաստաթղթի վերաբերյալ»:
«Տվյալ դեպքում մենք էլ ունենք մեր կարծիքը այդ կազմակերպության մեջ եւ այդ կարծիքը մենք պաշտպանելու ենք», - ասաց նա:
«Եվրախորհուրդը դուք մի դիտեք որպես նախկին պոլիտբյուրո, որտեղ որոշում էին կայացնում եւ պարտադրում էին», - շարունակեց Հայաստանի նախագահը: - «Դա մի կազմակերպություն է, որի անդամը նաեւ մենք ենք: Եվ Եվրախորհրդում երկիրը նաեւ իրեն ընդհանուր շահերը պաշտպանելու ավելի մեծ խնդիր ունի, քան իրար հետ, կոպիտ ասած՝ ռազբիրատ անելու խնդիր»:
|