Ասլան Աբաշիձեի մեկնումը Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետությունից կարող է հանգեցնել այն բանին, որ Հայաստանի հարաբերություններն իր հարևանի հետ ստանան ավելի հարթ ընթացք, քան թույլ էր տալիս վրաց-աջարական հակամարտությունը:
|
«Աջարիայի առյուծը» հեռացավ |
Աբաշիձեն փախել է Մոսկվա այն բանից հետո, երբ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին սպառնացել է, որ անհրաժեշտության դեպքում զինուժ կկիրառի Թբիլիսիի և ըմբոստ հանրապետության միջև ծագած խնդիրները հարթելու համար:
Սաակաշվիլին չորեքշաբթի ուշ երեկոյան ժամանեց Աջարիայի մայրաքաղաք Բաթում և հայտարարեց, որ «Աջարիան ազատ է», իսկ «նրա բռնապետը փախել է»:
Հարաբերություններն ինքնավար հանրապետության և բուն Վրաստանի միջև լարված էին հունվարին Սաակաշվիլու նախագահ ընտրվելուց հետո: Ընտրությունները հաջորդեցին Վրաստանի նախագահ Էդուարդ
Շևարդնաձեի պաշտոնանկությանը:
Մարտի սկզբին Երևանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո, Սաակաշվիլու ավտոշարասյունը ենթարկվեց գնդակոծման, երբ փորձում էր մուտք գործել Աջարիա:
Ի պատասխան՝ Վրաստանի նախագահն էմբարգո հայտարարեց Աջարիայի դեմ: Պատժամիջոցները տևեցին ընդամենը երկու օր, սակայն քանի որ Աջարիայի գլխավոր քաղաք Բաթումը սևծովյան նավահանգիստ է, առևտրի կազմալուծման սպառնալիքը շատ սուր զգացվեց Հայաստանում: Հայաստանի ներմուծման և արտահանման մոտ 90 տոկոսն իրականացվում է Վրաստանի նավահանգիստներով, որոնցից մերձավորը Բաթումն է: Ամեն ամիս սննդամթերքով և վառելիքով բեռնված ավելի քան 1000 երկաթուղային վագոն է Հայաստան ուղարկվում Բաթումից:
(Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակման պատճառով, Հայաստանի համար միակ ելքը դեպի ծով, չհաշված Իրանի հեռու նավահանգիստները, Վրաստանն է):
66-ամյա Աբաշիձեի ուժեղ ձեռքը ղեկավարում էր Աջարիան 1991 թվականից, իսկ 1995 թվականին նրա «Վերածնունդ» միությունը դարձավ երկրորդ խոշորագույն քաղաքական կուսակցությունը Վրաստանի Ազգային ժողովում:
Վերջին ընդհարումները հասան իրենց գագաթնակետին անցյալ ամիս, երբ Վրաստանն ու Աջարիան միմյանց կապող երկու կամուրջները Չոլոկի գետի վրայով պայթեցվեցին Աբաշիձեի հրամանով:
Աջարիայի շուրջ 300 հազար բնակիչներից մոտ 11 հազարը հայեր են, որոնց մեծ մասը բնակվում է Բաթումում: Այս շաբաթվա սկզբին մարդիկ դուրս էին եկել փողոց՝ պահանջելով Աբաշիձեի հրաժարականը, ինչը հնարավոր դարձավ նրա բարեկամ, Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահ Իգոր Իվանովի աջակցությամբ, որն Աբաշիձեին ապաստան տվեց Մոսկվայում:
Աբաշիձեի մեկնումը ողջունեց պաշտոնական Երևանը, որը երկխոսության կոչով բազմիցս դիմել էր կողմերին:
«Հայաստանը ողջունում է Վրաստանի իշխանությունների վարած
հետևողական և վճռական քաղաքականությունը, որն օգնեց հաղթահարելու այդ լուրջ խոչընդոտը,- ասաց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը: - Այս խնդրի հանգուցալուծումը ևս մեկ կարևոր քայլ է Վրաստանում և, այդպիսով, ամբողջ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման գործում»:
Հայաստանի ազգային և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի հավաստմամբ, վրաց-աջարական հակամարտության ելքը կանխատեսելի էր:
«Ոմանք ակնկալում էին, թե Սաակաշվիլին կսկսի «Վրաստանի միավորումը» ամենաթեժ կետից՝ Աբխազիայից,- ասաց վերլուծաբանը: - Սակայն նա սկսեց Աջարիայից և, ակնհայտորեն, օգտագործելու է «աջարական մոդելը» Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերությունները հարթելու նպատակով: Բացի այդ, այս ինքնավարությունների ղեկավարները կարող են գիտակցել, որ հակառակվելու դեպքում իրենք կարող են արժանանալ Աբաշիձեի ճակատագրին»:
|
Սաակաշվիլին իր երրորդ հաղթանակից հետո |
Աջարիայում հայ համայնքը կիսվել էր քաղաքական կոնֆլիկտի հարցում. ոմանք պաշտպանում էին Աբաշիձեին, ոմանք՝ Սաակաշվիլուն:
«Ես կատարվածը համարում եմ շատ նորմալ, որովհետև ժամանակը գնում է, և հին սերնդին փոխարինելու է գալիս նոր, երիտասարդ սերունդը,- ասաց 73-ամյա բաթումցի Գևորգ Խաչատրյանը «ԱրմենիաՆաուի» թղթակցին: - Աբաշիձեի վարչակարգի մասին ոչ մի բացասական բան չեմ կարող ասել: Բացի այդ, իրավիճակն Աջարիայում ավելի հանգիստ էր, քան Վրաստանի մյուս շրջաններում»:
Աջարիայի հեռուստատեսության լրագրող, վրացահայ Արթուր Օհանիսյանը հրաժարվել էր պաշտոնից և միացել Աբաշիձեին ընդդիմադիր ցուցարարներին:
«Մենք հոգնել ենք դիտելուց, թե ինչպես է աջարական հեռուստատեսությունը միայն գովաբանում Աբաշիձեին,- ասաց նա: - Այդ պատճառով այլևս չէինք կարող աշխատել այնտեղ: Մեր մյյուս գործընկերները հետևեցին մեր օրինակին և իրար հետևից լքեցին հեռուստաընկերությունը»:
Երեկ Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանը ընդունեց որոշում՝ լիազորելով Վրաստանի նախագահին ցրելու Աջարիայի խորհրդարանը: Ստեղծվել է Սաակաշվիլու գլխավորությամբ հատուկ հանձնաժողով, որը պետք է նախապատրաստի հինգ-վեց շաբաթ հետո կայանալիք Աջարիայի խորհրդարանի նոր ընտրությունները:
Հայաստանի և արտերկրի վերլուծաբանները Թբիլիսիի և Բաթումի միջև հակամարտության ավարտն անվանում են «Սաակաշվիլու երրորդ անարյուն հաղթանակը»՝ նկատի ունենալով Շևարդնաձեի հրաժարականը և Սաակաշվիլու ընտրվելը նախագահի պաշտոնում:
(Հոդվածում օգտագործվել են «ԱրմենիաՆաուի» լրագրող Սուրեն Դեհերյանի Թբիլիսիից ուղարկած նյութերը):
|