Հայաստանը Թուրքիայից սահմանազատող Արաքս գետի ձախ ափին, շուրջ 15 կմ երկարությամբ ձգվող Արմավիրի մարզում է գտնվում Մարգարա գյուղը: Փշալարերից այն կողմ հորդառատ գետն է և Թուրքիան:
|
Գյուղացիները կարծում են, որ Թուրքիայի հետ սահմանի բացումից գյուղը կշահի |
«Էն կամուրջն է, էն էլ՝ թուրքի ասկյարը (զինվորը)»,- ասում է Մարգարայի գյուղապետի տեղակալ Ղարիբ Թադևոսյանը՝ ցույց տալով թուրք սահմանապահին:
Նա բացատրում է, թե երևացողն Ալիջանն է, որը հին հայկական գյուղ է եղել:
Մարգարայում մարդիկ ծնվում և մեծանում են սահմանային ուղեկալների աշտարակների հարևանությամբ: Գյուղացիները բարեկամական հարաբերությունների մեջ են զինվորների հետ: Մարգարայում տեղակայված է Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի 15-րդ ուղեկալը:
Մինչև 1994 թվականը դրսից մարդիկ կարող էին Մարգարա մտնել միայն հատուկ անցագրով:
«Մեր աղջիկները տանն էին մնում, որովհետև դրսից մարդիկ չէին կարողանում գալ նրանց տեսնելու,- ասում է Մարգարայի բնակիչ Սամվել Միրզոյանը: - Այդ է պատճառը, որ գյուղում գրեթե բոլորը խնամի են իրար»:
Մարգարան ունի 400 տնտեսություն, այստեղ ապրում է 1100 մարդ: Այս տարի գրանցվել է 24 ծնունդ:
«Գյուղը շատ ենք սիրում, բայց կյանքն այստեղ մեռած է: Ճիշտ է, մենք սահմանը պահող ժողովուրդ ենք, բայց ոչ մի հետաքրքրություն չկա»,- ասում է Թադևոսյանը:
Գյուղի մշակույթի տունը գրեթե առանց տանիքի է, չկա մանկապարտեզ: Դպրոցը, որտեղ սովորում է 240 աշակերտ, չունի մարզադահլիճ: Գյուղապետարանի աշխատողները 3 տարի է աշխատավարձ չեն ստացել:
Ղարիբն ասում է, որ երբ հողերը բաժանում էին, յուրաքանչյուրին բաժին հասավ 800 քմ հողատարածք, որը, այլ սահմանամերձ գյուղերի համեմատությամբ, քիչ է: Բացի այդ, հողերն այստեղ բերրի չեն:
Վաչագան Ասատրյանը Մարգարա է եկել Սպիտակից, 1988 թվականի երկրաշարժից հետո:
Նա ասում է, որ Մարգարայի հողերը չափազանց աղուտային են:
«Ժողովուրդն ասես ուժով է աշխատում, հողը չունի անհրաժեշտ բերքատվություն,- ասում է Ասատրյանը: - Սովետի ժամանակ հողերին «կիսլատա էին» խառնում բերքատվությունը բարձրացնելու համար, հիմա ո՞ւմ պետքն ա որ»:
Միրզոյանն ասում է, թե գյուղի հողերը երբեք բերրի չեն եղել, որ իրենց նախնիներն այստեղ բնակություն են հաստատել գետի համար:
«Մեր պապերը որոշել են բարձրանալ Արաքսի ափով ու մի տեղ բնակություն հաստատել: Հիմնական զբաղմունքը եղել է ձկնորսությունը, ապրել են դրանով: Բայց դե հիմա ո՞վ թույլ կտա Արաքսից ձուկ բռնել»:
Գյուղացիների սեփականաշնորհված հողատարածքները գտնվում են փշալարե ցանկապատից այն կողմ՝ սահմանային գոտում: Սեփական հողամաս նրանք իրավունք ունեն մտնել միայն անցաթղթով:
«Ցանկապատը բացում են առավոտյան ժամը 9-ին, իսկ ժամը 7-ին մեզ արդեն դուրս են հանում: Չենք կարողանում օրը լիարժեք օգտագործել կամ էլ աշխատել գիշերը, չէ՞ որ ամռանը ջրի հերթն ավելի հաճախ հենց գիշերն է հասնում»,- ասում է Միրզոյանը:
Գյուղն ինքը գտնվում է փոսի մեջ: 1968 թվականին, երբ Արաքսը վարարել էր, գյուղի կենտրոնն ամբողջությամբ տեղափոխել են:
Մայիսը, երբ հնարավոր են գարնանային հեղեղումներ, միշտ վտանգավոր ամիս է Մարգարայի համար:
|
Մարգարայի գյուղապետի տեղակալ Ղարիբ Թադևոսյանը |
Կամուրջի կողքին անավարտ շինարարություն է: Թադևոսյանն ասում է, որ տուրիստական բազա պետք է կառուցվեր:
«Ասում են, որ Բրեժնևի ժամանակ ուզում էին կամուրջը բացել, բայց երևի համաձայնության չեկան ու աշխատանքները կիսատ մնացին»,- ասում է նա:
Վերջին տարվա ընթացքում պաշտոնական խոսակցություններ կան Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին: Մարգարան Հայաստանում առաջինը կօգտվի դրանից: Գյուղացիները կողմ են դեպքերի նման զարգացմանը:
«Մենք առաջինն ենք օգտվելու դրանից,- ասում է Թադևոսյանը: - Եթե սահմանը բացեն, գյուղը կշահի, թեկուզ այն պատճառով, որ նոր աշխատատեղեր կբացվեն: Այս կողմերի հողերը կթանկանան, կզարգանա առևտուրը, վերջապես կնորոգեն ճանապարհները»:
Նրան ընդհատում է Միրզոյանը՝ ասելով, որ գյուղացիները պատրաստ չեն սահմանային քաղաքի անցուդարձին, շատ չեն պատկերացնում, թե ինչ է ռեստորանը, հյուրանոցը:
Եվ նա պատմում է Մարգարայի այլ անցուդարձների մասին:
«Մարդիկ անցնում էին սահմանը ու, միանալով քրդական զորքերին, պայքարում թուրքերի դեմ: Մեր մեծերից ենք լսել,- ասում է նա: - Փախչողները մնացողներին ասում էին, թե հաջող տեղ հասնելու դեպքում Մասիսի լանջին կրակ կվառեն, ծուխը կնշանակի, որ ապահով տեղ են հասել: Այդպես էլ լինում էր»:
Սամվելն էլ ասում է, որ գյուղի բարեկեցիկ կյանքով արտաքին աշխարհին ապացուցելու են Հայաստանի լավ վիճակը:
«Մեր դպրոցի զանգն անգամ Թուրքիայում լսվում է, եթե մեր լույսերը գիշերն անջատում են, հարևան գյուղը պարզ երևում է: Որքան գյուղը լավ ապրի, այնքան լավ կլինի բոլորի համար: Վերջապես Մարգարան ինչ-որ առումով երկրի դարպասն է»:
Մարգարայում գյուղացիների ու զինվորների հետ համերաշխ ապրում են նաև արագիլները, որոնք, գյուղացիների հավաստմամբ, վերջին տարիներին ձմռանն էլ չեն չվում գյուղից: Նրանք նման են սահմանապահների՝ պարզապես սպիտակ հագնված:
|