Լևոն Գալստյանի ընտանիքը փախստական է ոչ թե պատերազմի, այլ բնական աղետի հետևանքով: Նրանք վերաբնակվել են Գյումրիից 1988 թվականի դեկտեմբերի 9-ին. դրանից երկու օր առաջ երկրաշարժը հիմնովին ավերել էր նրանց տունը:
|
«Եգիպտացորենի կողրը» |
Ընտանիքը տեղափոխվել է
Երևան և բնակություն է հաստատել Երիտասարդության պալատի «եգիպտացորենի կողր» անունով հայտնի հյուրանոցի շենքում:
Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության սաստկացմանը զուգահեռ հյուրանոցի շենքում բնակություն են հաստատել նաև Ադրբեջանից փախած հարյուրավոր հայեր: Տասնհինգ տարի անց Գալստյաններին և փախստականներին տուն ծառայած շենքը սեփականաշնորհվել է: Քսանինը փախստական ընտանիքների վճարել են 5000-ից 10000 դոլար շենքից դուրս գալու դիմաց:
Գալստյանները ոչինչ չեն ստացել: Երեք անդամից բաղկացած ընտանիքին սպառնում է անապաստան դառնալու ճակատագիրը, եթե տնտեսական դատարանը որոշում չկայացնի, որ Գալստյաններն իրավասու են տեղահանման փոխհատուցում ստանալու Երևանի անշարժ գույքի գներով:
Իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե Գալստյանները պետք է վերադառնան Գյումրի և այնտեղ դիմեն բնակարանի համար:
«Մենք 15 տարի ապրել ենք Երևանում և այստեղ աշխատանք ունենք,- ասում է Լևոն Գալստյանը: - Գյումրիում ո՛չ աշխատանք կունենանք, ո՛չ տուն: Մեր ուզածը միայն փոխհատուցումն է: Մարդկություն չէ փոխհատուցում տալ բոլոր բնակիչներին, բացի մեզնից: Եթե մենք փախստականի կարգավիճակ չունենք, դա չի նշանակում, որ պետք է հայտնվենք փողոցում»:
Երիտասարդության պալատի անվճարունակության հարցերով տնօրեն Լևոն Հովհաննիսյանն ասում է, որ Գալստյանները ոչ թե պետք է անհանգստանան անապաստան մնալու համար, այլ վերադառնան Գյումրի, որտեղ իրավասու կլինեն բնակարան ստանալ երկրաշարժից տուժածներին տրվող օգնության ծրագրի շրջանակներում:
«Ոչ ոք չի պատրաստվում նրանց փողոց շպրտել: Վիճակն այնպիսին չէ, իբր նրանք գնալու տեղ չունեն: Խնդիրն այն է, որ նրանք չեն ուզում լքել
Երևանը,- ասում է Հովհաննիսյանը: - Գյումրեցի այլ ընտանիքներ համաձայնել են վկայական ստանալ և մեկնել: Չկա այդպիսի օրենք, որ եթե մարդ ինչ-որ ժամանակ ապրում է ինչ-որ քաղաքում և աշխատանք ունի այդտեղ, ապա նա կարող է հավակնել բնակվելու այդ քաղաքում»:
43-ամյա Լևոնը, նրա 50-ամյա քույր Սուսաննան և նրանց 83-ամյա մայրն ապրում են Երիտասարդության պալատի հյուրանոցի 310 համարում: Կրթությամբ երաժիշտ Լևոնն ամեն շաբաթավերջ վաճառում է Գյումրիում ապրող եղբոր նկարները: Սուսաննան աշխատում է գրադարանում:
«Երևանի իմ աշխատանքը պահում է իմ և եղբորս ընտանիքները,- ասում է Լևոնը: - Ի՞նչ պիտի անենք, եթե կորցնեմ աշխատանքս»:
|
Գալստյանները երևի նորից տեղափոխվեն |
Լևոնը և նրա մայրը գրանցված են Գյումրիում, իսկ Սուսաննայի անձնագրում գրանցում կա այն մասին, որ նա բնակվում է Երիտասարդության պալատում գտնվող 20 քմ տարածքով բնակարանում: Հովհաննիսյանը կասկածներ ունի, թե ինչպես է նա կարողացել փաստաթուղթ ունենալ առ մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարությանը պատկանող սեփականության մասին:
Գալստյանները պնդում են, որ Գյումրիի իրենց գրանցումով կարող են բնակարանի համար ստանալ ընդամենը 3000 դոլար:
«Մենք չենք կարող 3000 դոլարով բնակարան գնել ո՛չ Երևանում, ո՛չ Գյումրիում,- ասում է Լևոնը (Երևանում մեկ սենյականոց բնակարանի միջին գինը 7000 դոլար է): - Բացի այդ, ես արդեն ճշտել եմ, Գյումրիում բնակարանի վկայական ստացած երկու հազար ընտանիք կա առանց բնակարանի: Իմ եղբայրն էլ երկրաշարժից հետո վկայական ստացավ, բայց այդպես էլ չկարողացավ բնակարան գտնել և այժմ Գյումրիում ապրում է «դոմիկում»»:
Գալստյանների հայցը հիմա դատարանում է: Լևոնն ասում է, որ իրենք քիչ հույս ունեն, թե վճիռն իրենց օգտին կլինի:
«Ընտանիքին չորս ամսով անվճար բնակարան են առաջարկել, մինչև իրենց վկայականով բնակարան գտնեն, բայց իրենք մերժել են»,- ասում է տնտեսական դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը:
Ընտանիքի ունեցվածքը հյուրանոցի միջանցքում է, իսկ իրենք փորձում են շարունակել ապրել համարում:
Երիտասարդության պալատը, որի կազմում են 500 տեղանոց հյուրանոցը, 1200 տեղանոց համերգասրահը, մարզասրահներ և ձայնագրման ստուդիաներ, հունվարին 740 հազար դոլարով վաճառվել է «Դայմլեր-Կրայսլեր» ընկերության դիստրիբյուտոր «Ավանգարդ մոթորզ» ընկերությանը: Ընկերությունը մտադիր է 5 միլիոն դոլար հատկացնել շենքի նորոգմանը, սակայն հավատացնում է, որ կպահպանի շինության եզակի կերտվածքը:
|