ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
May 7, 2004




Բարի վերադարձ, Աղո՛ւն. վաստակաշատ դերասանուհին վերադառնում է հայրենիք խաղալու իր ամենասիրված դերը


Տասնհինգ տարվա ընդմիջումից հետո Հայաստանի Ժողովրդական արտիստուհի Վիոլետ Գևորգյանը կրկին բարձրացավ բեմ, որպեսզի խաղա արդեն իրենը դարձած Աղունի դերը Հրանտ Մաթևոսյանի «Մեծ աշխարհի մեր անկյունը» պիեսում:

Տասնհինգ տարի անց դերասանուհին կրկին հարազատ բեմում է, հարազատ երկրում

Առաջին անգամ 1980 թվականին բեմադրված այս ներկայացման մեջ Գևորգյանը խաղացել է 700 անգամ: Նրա խոստովանությամբ, այսօր՝ վերջին ներկայացումից 15 տարի անց, նա չի մոռացել ոչ մի բառ ու շարժում:

Թատերագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանի խոսքերով «․․․նա (Գևորգյանը) այնպիսի մի աստղ իջեցրեց երկնքից, որ շփոթված քննադատս ոչ տեսել էր, ոչ էլ կտեսնի»։

Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում նա կրկին իջեցրեց այդ աստղը, այս անգամ էլ ավելի պայծառ ու վառ գույներով և արժանացավ բուռն ծափահարությունների:

«Խելագարության աստիճանի հուզված եմ, այնքան հուզված, որ դժվարանում եմ խաղալ: Դաժան փորձություն էր այսքան տարի հեռու լինել հայրենիքից, հարազատ բեմից, հարազատ հանդիսատեսից»,- ասաց
Գևորգյանը:

Գևորգյանը տվեց երեք ներկայացում և վերադարձավ ԱՄՆ, ուր մեկնել էր 1990 թվականին: Նրա մեկնելու պատճառների մասին շրջում էին զանազան ասեկոսեներ:

Դերասան Լևոն Թուխիկյանի հավաստմամբ, վաստակաշատ դերասանուհին «ուղղակի փախավ այստեղից, որովհետև մահու չափ վիրավորեցին, մարդկային նախանձից դեր չէին տալիս»:

60-ամյա դերասանուհին չպարզաբանեց իր կյանքի այդ դառն էջը ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա:

«Գնացի, որ հետ գամ ու հասկանամ, թե որքան եմ սիրում այս հողն ու ջուրը»,- ասաց Գևորգյանը:

Սկսելով իր ստեղծագործական ուղին 24 տարեկանում՝ Գևորգյանը 20-ից ավելի դերեր է խաղացել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Առաջին գլխավոր դերը խաղաց «Աննա Ֆրանկի օրագիրը» պիեսում: Սակայն ճանաչում բերեց Աղունի դերակատարումը:

«Վիոլետը հայտնվեց պայծառ աստղի նման ու հիացրեց, հիացրեց, անդադար, անվերջ,- ասում է Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը՝ ավելացնելով, որ մի քանի անգամ նայել է Գևորգյանի կատարումը և «...անկեղծ եմ ասում, Վիոլետի ձայնի ինտոնացիաներն ականջիս մեջ են մինչ օրս»:

Վիոլետ Գևորգյանը Հրանտ Մաթևոսյանի եղբոր՝ Հրաչյա Մաթևոսյանի հետ

Դերասանուհուն Հայաստան էր հրավիրել Թեքեյան մշակութային միությունը, և ներկայացումը բեմադրվել էր «Թեքեյան թատերախմբում»՝ ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արտաշես Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Վիոլետ Գևորգյանի մեկնելուց հետո նրա դերը կստանձնի դերասանուհի Հասմիկ Ասլանյանը:

Ասլանյանն ասում է, թե դժվար է խաղալ մի դեր, որի մեջ հանդիսատեսն արդեն նույնացրել է Վիոլետին ու իր հերոս Աղունին: «Գիտեմ, որ ինձ դիտելիս, միշտ զուգահեռներ են անցկացնելու Վիոլետի անզուգական խաղի հետ»,- ասում է Ասլանյանը:

Իսկ ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանը կարոտով է հիշում 80-ական թվականները, երբ բոլորը խոսում էին «Աշնան արև»-ի մասին (ներկայացումը հայտնի էր այդ անվանումով), և այսօր նա խոստովանում է, որ խիստ մտահոգված էր բեմադրության վերականգնումով:

«Չեմ չափազանցում, մի քանի անքուն գիշերներ եմ անցկացրել` մտածելով, թե այն շռնդալի հաջողությունից հետո ներակայացումն այսօր ինչպես կընդունվի»,- ասում է Հովհաննիսյանը:

Ըստ թատերագետ Վարսիկ Գրիգորյանի, «Աշնան արևի» և Վիոլետ
Գևորգյանի վերադարձն ապացուցում է, թե բարձր արվեստը վերածնվելու խորհրդավոր ուժ ունի:

«Ես բազում դերասաններ եմ տեսել, բայց նման խաղ չէի տեսել, լեզուս անզորանում է ասել, թե ինչ բազմադեմ ու բազմունակ է նա»,- նշում է Գրիգորյանը:


According to Agnes
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Jewelry-2004

International annual exhibition Jewelry-2004 was opened May 6 presenting works of some 50 jewelry-making and diamond-cutting companies. Among guests was President Robert Kocharyan who expressed his high appreciation of the works of Armenian jewelers.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.