ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
March 12, 2004




Մշակութային գողություն. չնայած օրենսդրությանը հեղինակներն անզոր են հենության դեմ


Երգիչներ Արամոն ու Էմմա Պետրոսյանն իրենց առաջին ձայնասկավառակը թողարկելու համար վաճառեցին իրենց բնակարանը:

Ամուսինների երկյակը ամենասիրված ժամանակակից երգիչների թվում է Հայաստանում, և նրանց արվեստը պահանջարկ ունի, սակայն.

«Առ այսօր վաճառքից դեռ չնչին գումար ենք ստացել», ասում է Արամոն:

«Հեները» չեն գնահատում Արամոյի ― Էմմայի ջանքերը

Պատճառն այն չէ, որ սկավառակը չի վաճառվում, այլ ավելի շուտ այն, որ նրանք վերահսկողություն չունեն իրենց ստեղծած արտադրանքի վրա, ինչը հիմնականում բացատրվում է նրանով, որ հեղինակային իրավունքը չի գործում:

Թեև երգիչները հեղինակային իրավունք ունեն, սկավառակի հենային կեղծված օրինակները վաճառվում են բնագրից անհամեմատ ավելի էժան գներով:

«Մարդիկ գնում են այդ անորակ սկավառակներն առանց ուշադրություն դարձնելու, որ անգամ դրա շապիկը պարզապես մի պատճենահանված սև-սպիտակ թղթի կտոր է, - ասում է Էմմա Պետրոսյանը, - այնինչ այդ շապիկի բնօրինակը ստեղծելու համար Արամոն մի քանի գիշեր է անցկացրել համակարգչի առաջ դիզայների հետ` երկար մտածելով ու տանջվելով ամեն մի երանգի ու գույնի ընտրության վրա»:

«Մենք մեր կյանքն են դնում ամեն սկավառակի մեջ, իսկ գողերը, ոչինչ չանելով, մեզնից շատ են վաստակում», ասում է նա:

Արամոն ու Էմման միակը չեն, որ զայրույթով են լցված Հայաստանում (և նախկին խորհրդային հանրապետություններում) մտավոր սեփականության պաշտպանության բացակայության նկատմամբ: Հետազոտությունները փաստում են, որ նրանց զայրույթն արդարացված է:

Օտարերկրյա փորձագետների գնահատմամբ 2002 թվականին «հենային» ձայնագրությունների ապօրինի վաճառքը կազմել է շուրջ 5 մլն դոլար:

Հայաստանի մտավոր սեփականության գործակալության տնօրեն Արմեն Ազիզյանի հավաստմամբ Հայաստանի ներքին շուկայում վաճառվող տեսաձայնային ու համակարգչային ձայնագրությունների 85-90 տոկոսը «հենային» ծագում ունի:

Ըստ պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի ամեն երգիչ «հեների» պատճառով ամեն ձայնասկավառակի վրա կորցնում է 15-20 հազար դոլար: Այդ պատճառով էլ հայաստանցի երգիչներն իրենց կորուստների փոխհատուցման հարցում հիմնականում ապավինում են արտաքին շուկային:

«Վերջին տարիներին «հեներն» այնքան են հզորացել, որ անգամ բարձրորակ շապիկներ են տպում, և միայն արտադրողները կարող են ձայներիզի որակից տարբերել բնօրինակը կեղծվածից», նշում է Նազարյանը:

Իսկ հենական ցանցը լավ կազմակերպված է:

«Oacsen Ham» ռոք խումբը սկավառակ էր թողարկել Ֆրանսիայում: Այն դեռ այնտեղ շուկա չէր հանվել, իսկ խմբի ղեկավար Վահագն Պապայանը տեսել է դրա հենային օրինակը Երևանի խանութներից մեկում:

Պապայանը հարցրել է վաճառողին, թե որտեղից է այդ սկավառակը: «Նա պատասխանեց. «Քո կարծիքով էդքան հարիֆ եմ ու պտի ասեմ որտեղից: Ա'ռ, չես ուզում, չեմ ծախի»:

«Արվեստի հենությունից» տուժած արվեստագետների կարծիքով հեների թիկունքին շատ հզոր մարդիկ են կանգնած: Դա է պատճառը, որ ոչ ոք չի կարողանում վերահսկել այդ դաշտը:

Ըստ իրավաբան Արթուր Վարդերեսյանի ներքին գործերի նախարարությունը շուտով սկսելու է հենության դեմ ուղղված հատուկ ծրագիր (արդեն մի քանի տարի է, ինչ կառավարությունը խոստանում է միջամտել, սակայն հենային գործունեության դեմ շատ քիչ բան է արվել):

Ռուսաստանում այս երևույթի դեմ պայքարում է մի միջազգային կազմակերպությունը, որի կենտրոնը գտնվում է Լոնդոնում: «Հայաստանն արտաքին աշխարհին սպառնալիք չի ներկայացնում, քանի որ հայկական հեների արտադրանքը չի արտահանվում, այն սպառվում է ներքին շուկայում: Հենց այդ պատճառով էլ հեներից տուժում են հիմնականում հայ հեղինակներն ու կատարողները», ասում է Ազիզյանը:

Սկավառակ գնելիս շատերն ուշադրություն չեն դարձնում շապիկի որակին

Սակայն միայն հեները չէ, որ օգտվում են ստեղծված իրավիճակից. ռադիո ու հեռուստաընկերու-թյունները, համերգների կազմակերպիչներն ազատորեն օգտվում են ուրիշների սեփականությունից և որպես կանոն ոչինչ չեն վճարում:

Հայաստանի օրենսդրությանում գործում է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքը»: Խորհրդային տարիներին հեղինակային իրավունքների պաշտպանությամբ զբաղվում էր Մոսկվայի համամիութենական մի կազմակերպությունը, իսկ 1994 թվականից՝ Հեղինակային իրավունքի ազգային գործակալությունը։ 2001 թվականից նման հարցերով զբաղվում է «Հայհեղինակ» հասարակական կազմակերպությունը` Մտավոր սեփականության գործակալության հետ համատեղ։

Ըստ «Հայհեղինակ» կազմակերպության գլխավոր մասնագետ Սոնա Վարդանյանի մեր հեղինակներն ու երգիչները տեղյակ չեն իրենց իրավունքներին ու գործող օրենքներին։

«Եթե տեղյակ լինեին, ապա մինչև երգ ձայնագրելը պայմանագիր կկնքեին ձայնագրման ստուդիաների հետ, որպեսզի հետո դրանք իրենց ստեղծագործությունները ապօրինաբար չզետեղեն անորակ հավաքածուներում, - ասում է նա: - Շատ դեպքերում նրանց երգերն օգտագործվում են գովազդներում, իսկ նրանք հոնորար չեն պահանջում կամ օրենքի չիմացության պատճառով կամ էլ «ընկերական» հարաբերություններից ելնելով»։

Երգահան ու երգիչ Ռուբեն Հախվերդյանը տեղյակ է արվեստագետների իրավունքներին, սակայն դրանց պաշտպանության հարցում պատրանքներ չունի:

«Ես իմ հեղինակային իրավունքները ո՞նց պաշտպանեմ, ով աչքը բացում ա, իմ երգն ա երգում, ու ես էլ դրանից մի լումա չեմ ստանում, թքել եմ նման հեղինակային իրավունքի ու նման երկրի վրա», վրդովված ասում է Հախվերդյանը:

Ի տարբերություն Հախվերդյանի, բանաստեղծ Վահան Անդրեասյանը փորձում է օրենքի միջոցով պաշտպանել իր իրավունքները, սակայն նրա կարծիքով մեզ մոտ ավելի շատ գործում են ջունգլիների օրենքները:

«Ես արդեն 3 անգամ փորձել են պաշտպանել իմ իրավունքները դատարանում, բայց ի՞նչ օգուտ, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր», ասում է Անդրեասյանը:

Հայկական պոպ ժանրում ստեղծագործող շատ կոմպոզիտորների, մասնավորապես Արթուր Գրիգորյանի երգերի խոսքերի հեղինակ Վահան Անդրեասյանը դատարանի միջոցով փորձում էր ստանալ իր հոնորարը: Ըստ նրա Երգի պետական թատրոնում ամսական 10-15 համերգների ընթացքում ամենաքիչը 3-4 իր գրած խոսքերով երգեր են հնչում: Դա շարունակվում է արդեն 15 տարի, իսկ Անդրեասյանը ոչինչ չի ստացել:

«Դե, նախկինում չկար օրենք, չէինք էլ պահանջում: Բայց երբ արդեն շուկայական այս հարաբերությունները մտան, իմ ստեղծագործությամբ ուրիշները սկսեցին գումար վաստակել, ես էլ ցանկացա իմ բաժինը պահանջել, քանզի չգիտեմ, թե ինչպես կերակրեմ ընտանիքիս», ասում է նա:

Անդրեսայանի հայցով դատական գործն ավարտվեց Երգի թատրոնի օգտին: Թատրոնի տնօրեն Արթուր Գրիգորյանը մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանի անունից նամակ ներկայացրեց դատարան այն մասին, որ Երգի թատրոնի համերգների մեծ մասը բարեգործական են:

«Դատավորն առանց ստուգելու հավատաց, որ թատրոնում մուտքի տոմսեր չեն վաճառվել և 8 տարվա ընթացքում հնչած իմ ստեղծագործությունների համար ինձ վճարեցին 6000 դրամ», թևաթափ եղած պատմում է Անդրեասյանը:

«Հայհեղինակ»-ի տնօրեն Սուսաննա Ներսիսյանն ասում է, որ նույնիսկ օրենքի առկայությամբ հեշտ չէ համոզել հեռուստառադիոընկերություններին վճարել հեղինակային իրավունքի համար:

Օրենքով այդ ընկերությունները պարտավոր են իրենց ամսական շահույթի 2 տոկոսը վճարել օգտագործված նյութերի հեղինակային իրավունքի համար:

Ըստ «Ռադիո Վան» ընկերության տնօրեն Շուշանիկ Արևշատյանի 2 տոկոսը չափազանց մեծ գումար է, և իրենք չեն կարող այդքան վճարել:
«Հայհեղինակ» գործակալության հետ մենք պայմանավորվել ենք, որ մի քանի ամսվա ընթացքում կվճարենք ամսական 30000 դրամ` կից ներկայացնելով ամսվա ընթացքում հնչած երգերի ու հեղինակների ցուցակը», ասում է Արևշատյանը:

Հեռուստաընկերությունները պահանջվող գումարի փոխարեն վճարում են ամսական մոտ 90 դոլար:

«Սակայն մենք նպատակ ունենք մյուս տարի արդեն այս գումարը բարձրացնել և ըստ օրենքի գանձել շահույթի 2 տոկոսը, որով մենք կկարողանանք ըստ արժանվույն վարձատրել մեր ստեղծագործողներին», նշում է Ներսիսյանը:

Տարբեր հեռուստառադիոընկերություններից ստացված գումարը «Հայհեղինակ»-ը բաշխում է ըստ ներկայացված ցուցակի: Բաժանելիս հաշվի են առնվում ամսվա ընթացքում հնչած երգերի տևողությունը և հաճախականությունը: Որոշ մաթեմատիկական հաշվարկների միջոցով, որոնք ամրագրված է օրենքով, ընդհանուր գումարը բաժանվում է հեղինակներին միջև:

Սուսաննա Ներսիսյանն ասում է, որ շատ դժվար է համոզել ռադիոհեռուստաընկերություններին վճարել հեղինակային իրավունքի համար

«Եթե ոմանք զլանում են մեզ ներկայացնել իրենց եթերարձակած ստեղծագործությունների ցուցակը, ապա մենք ստիպված ենք լինում հետևել հաղորդումներին ու գրանցել հնչած երգերի և դրանց հեղինակների անունները», ավելացնում է Ներսիսյանը:

Հեղինակային իրավունքի խախտումներից հոգնած երգահան Հասմիկ Մանասերյանը գանգատվում է, որ այդքան հնչող իր երգերի դիմաց ոչինչ չի ստանում։ Նա հիշում է, որ ընդամենը մի անգամ «3 տարի առաջ զանգել ու ասել են, որ որպես հեղինակ ես 800 դրամ ունեմ ստանալու, մինչդեռ խորհրդային տարիներին հսկայական գումարներ էի ստանում»։
Մանասերյանն ասում է, որ ոչինչ չի ստանում, սակայն նրան այդքան չեն հուզում չստացված հոնորարները, որքան այն, որ իր ստեղծագործությունները եթեր են արձակվում աղավաղված կատարումներով:

«Այնքան հաճախ եմ լսում իմ երգերը այս կամ այն անտաղանդ երգչի կատարմամբ, որն անգամ չգիտի, թե ինչ է երգում և ում ստեղծագործություն է դա, - ասում է Մանասերյանը: - Օրինակ` մի երգչուհի «Ծաղիկներս ում նվիրեմ» երգը կատարում է ահավոր փոփոխված ձևով: Դա դեռ քիչ է, տեսահոլովակում չես հասկանում, թե ինչու, մեկին սպանում են, մյուսը շտապօգնություն է կանչում... Մի խոսքով, և՛ երգն են փչացրել, և՛ տեսահոլովակն է անհամապատասխան»։

Ներկա իրավիճակից դժգոհ են նաև ֆիլմարտադրողները:

Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը վրդովված նշում է, որ միայն անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին իր ֆիլմերը 8 անգամ ցուցադրվել են հայկական հեռուստաալիքներով, իսկ որքան են ցուցադրել մնացած օրերին, չի կարող թվարկել:

«Իմ «Ուրախ ավտոբուս» ֆիլմն այս պահին առանց իրավունքի վաճառում են Գերմանիայում, Միացյալ Նահանգներում, Հունաստանում: Բայց այդ ֆիլմի սեփականատերը ես եմ: Չարչարվում ես, ֆիլմ ես նկարահանում, մեկ էլ՝ անկապ ինչ-որ մեկը դրանով փող է աշխատում: Այդ հենության դեմն առնել հնարավոր չէ», ասում է Մկրտչյանը:

Նույն դժգոհությունն է արտահայտում ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը, որի կարծիքով արվեստագետը սարսափելի հուսահատվում ու թևաթափ է լինում, երբ իր արյունից, կյանքից ու հոգուց ծնված ստեղծագործությունն անփութորեն, տեղի-անտեղի ցուցադրում են, «իսկ մենք դրա մասին իմանում ենք ոչ թե հոնորար ստանալիս, այլ հոնորարի բացակայությունից»:


According to Agnes
 

  Inside
 

War Talk: Rhetoric sharpens but renewed conflict with Azerbaijan seen as unlikely

Full story

 
 

Counted In: Census reports final conclusions on Armenia 's population

Full story

 
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Coming Soon. New Armenian Church in Russian Capital.

A new Armenian church will soon open in Moscow. During his visit to Moscow Catholicos of All Armenians Garegin II expressed his approval of the course of constructions.This is how Surb Khach (Saint Cross) church will look when completed.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.