Այս շաբաթ Քաթարի Դոհա քաղաքում մեկնարկած աշխարհի սեղանի թենիսի 47-րդ թիմային առաջնությանը մասնակցող 86 հավաքականների թվում է նաև Հայաստանի տղամարդկանց հավաքականը:
Հայաստանի հավաքականը, որի կազմում են Դավիթ Սարգսյանը, Մուրադ Ասատրյանը, Մեսրոպ Ղուկասյանը և Սամվել Վարդանյանը, հաղթանակի է հասել առաջնության չորրորդ խմբում անցկացրած բոլոր չորս խաղերում: Հայ թենիսիստներն այժմ շարունակում են պայքարը 48-րդ տեղի համար:
Փոքր ռակետի հայ վարպետները հանդես են գալիս L խմբում Ալժիրի, Լիբանանի, Տաջիկստանի և տանտերերի՝ Քաթարի հավաքականների հետ: Նրանք հաղթել են իրենց բոլոր մրցակիցներին՝ շահելով խաղացած 12 մրցամարտերից 10-ը:
Ներկայացնում ենք արդյունքները.
Հայաստան - Քաթար՝ 3-2
Հայաստան - Ալժիր՝ 3-0
Հայաստան - Լիբանան՝ 3-0
Հայաստան - Տաջիկստան՝ 3-0:
Առաջնությունը շատ բարդ կանոնակարգ ունի: Դրանով է բացատրվում, որ Հայաստանը կարող է լավագույն դեպքում գրավել 48-րդ տեղը: Ըստ հունվարին անցկացված համակարգչային դասակարգման, թիմերը բաշխվել են հինգ ենթախմբերի՝ բարձրագույն, առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ:
Բարձրագույն ենթախմբի թիմերը պայքարում են 1-12-րդ տեղերի համար, առաջին ենթախմբի թիմերը՝ 13-24-րդ, երկրորդ ենթախմբի թիմերը՝ 25-35-րդ, իսկ երրորդ ենթախմբի թիմերը՝ 36-47-րդ տեղերի համար:
Չորրորդ ենթախմբի թիմերը գրավում են 48-86-րդ տեղերը: Դրանք բաժանված են ութ խմբերի և այդ խմբերի հաղթողներն իրավունք են վաստակում պայքարելու 48-55-րդ տեղերի համար:
Հայաստանը, որը սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիայի աղյուսակում ներկայումս գրավում է 103-րդ հորիզոնականը, այս շաբաթավերջին մյուս յոթ խմբերի հաղթողների հետ պայքարելու է լավագույն տեղերի համար:
Թենիս (ՊԹԱ մրցաշար)
ՊԹԱ-ի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սարգիս Սարգսյանը Դուբայի թենիսի մրցաշարի առաջին փուլում 3-6, 1-6 հաշվով տանուլ տվեց ութերորդ համարի տակ ցանված հոլանդացի Սյենգ Շալկենին:
Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը, չնայած ցանված էր չորրորդ համարի տակ, նույնպես պարտություն կրեց առաջին փուլում ֆինն Յարկո Նիմինենից՝ 3-6, 4-6:
Սարգսյանը և Նալբանդյանը վաստակեցին մեկական հաշվարկային միավոր և 7580-ական դոլար: Սարգսյանը ներկայումս 51-րդն է աղյուսակում: Նա մասնակցել է 6 մրցաշարի և վաստակել է 27 միավոր: Նալբանդյանը 50 միավորով ընթանում է 18-րդ տեղում:
|