Եթե դուք ապրում եք Հայաստանում, ունեք մեծ ընտանիք, չունեք աշխատանք և ոչ էլ ավելի լավ ապագայի որևէ հույս, դուք գոնե հույս ունեք մեքենա շահելու Հայաստանում խաղարկվող վեց վիճակախաղերից մեկով:
Եթե դուք ապրում եք Երևանի արվարձաններում կամ որևէ գյուղում կամ էլ հենց նոր եք վերադարձել Ռուսաստանից, որտեղ ապարդյուն փորձել եք աշխատանք գտնել, ապա շահելու ձեր հնարավորությունները նույնիսկ կրկնապատկվում են:
Դուք հենց այն մարդն եք, որը պետք է մեքենա շահի և որին պետք է ցուցադրեն հեռուստացույցով:
Համենայն դեպս այդ են հայաստանցիներին անդադար ասում վիճակախաղերի հեռուստատեսային գովազդները:
Շահողներն իրենց պահում են այն դերասանների նման, որոնք հենց նոր «Օսկար» են ստացել: Ոմանք ծիծաղում են, ոմանք լաց են լինում, ոմանք էլ ընկնում են հիստերիայի մեջ: Եվ բոլորը շնորհակալություն են հայտնում:
Միակ տարբերությունն այն է, որ «Օսկար» նվաճողներին մենք տեսնում ենք տարին մեկ անգամ: Եվ մրցանակաբաշխությունը դիտելուց հետո քչերն են մտածում դերասան դառնալու և մրցանակ շահելու մասին:
Անվերջ վիճակախաղային գովազդները դիտելուց հետո հազարավոր մարդիկ ավտոմեքենա շահելու երազանքով ցանկանում են տոմս գնել:
Ամեն 20 րոպեն մեկ 20 վայրկյան տևող տեսահոլովակները, որոնք
գովազդում են հմայիչ անվանումներով վիճակախաղերը, հեղեղում են հեռուստաէկրանները, որպեսզի ցուցադրեն մեքենա շահած երջանիկներին, որոնք կիսվում են իրենց հաջողության կախարդական գաղտնիքով:
Իսկ գաղտնիքն ընդամենը չորս բառ է. «Գնել եմ վիճակախաղի տոմս»:
Իրական մարդիկ իրական փողոցներից շահում են իրական մեքենաներ և արտահայտում են իրենց իրական երջանկությունը: Եվ իհարկե փաստ է, որ մինչև տոմս չգնեք, ոչ մի բան էլ չեք շահի:
Սակայն մեծամասնության համար նույնքան ճշմարիտ է նաև այն, որ իրենք կանոնավոր տոմս են գնում և ոչինչ էլ չեն շահում: Վիճակախաղերը Հայաստանում ո՛չ խաբեություն են, ո՛չ էլ ճշմարտություն: Պարզապես, ինչպես և ամբողջ աշխարհում, դրանք ներկայացնում են մի խաբուսիկ ճշմարտություն. խաղում են հազարները, շահում են հատուկենտ մարդիկ:
Սակայն վիճակախաղերի կազմակերպիչները հեռուստատեսային պրոդյուսերների հետ միասին գտել են մի պարզ հնարք, թե ինչպես համոզեն մարդկանց չմտածելու այդ հազարավոր չշահողների մասին. հեռուստատեսությամբ այդ հատուկենտ շահողներին ցույց են տալիս հազար անգամ:
Շահողների սակավությունը քողարկվում է գովազդային հոլովակների հաճախականությամբ, և եթե հազարավոր մարդիկ քննադատում են վիճակախաղերը և անջատում են ատելի գովազդները, հազարավոր այլ մարդիկ հավատում են դրանց ու վիճակախաղի տոմս գնում:
Որովհետև հեռուստատեսային էկրանին հայտնված մեկ հաղթողը հավասար է հազարավոր անտեսանելի չշահողներին:
Վիճակախաղերն աստիճանաբար վերածվում են լոտոյատենդի, հաղթողը ներկայացվում է որպես գովազդային հոլովակների հերոս, իսկ հոլովակներն իրենց հափշտակիչ գագաթնակետին են հասնում մեքենան հանձնելու պահին:
Եթե դուք երբեք չեք տեսել իսկական հայկական հարսանիք, պարզապես դիտեք վիճակախաղերի գովազդները և տեսեք, թե ինչպես են ողջունում շահած մեքենան: Պատկերացրեք մեքենայի փոխարեն հարսնացուին և կունենաք հարսանիքի ճշգրիտ պատկերը:
Հարյուրավոր մարդիկ՝ հաղթողի հարևանները, ընկերները, հարազատներն ու գործընկերները, հավաքվում են բակում՝ սպասելով կարմիր ժապավենով փաթաթված մեքենայի ժամանելուն: Մեքենան ժամանում է, և մարդիկ ծափահարում են, երաժիշտները զուռնա ու դհոլ են նվագում, հոսում են շամպայնի գետերը, ծաղիկները թռչում են երկինք: Կանայք ու տղամարդիկ սկսում են պարել խորովածով կամ տորթով՝ նայած, թե տվյալ վիճակախաղում որն է ընդունված:
Իսկ հետո շահողը կենաց է առաջարկում, որը միշտ հնչում է մոտավորպես այսպես. «Սիրելի հայ ժողովուրդ, հավատացեք ինքներդ ձեզ, պարզապես գնացեք ու (համապատասխան անվանումով) վիճակախաղի տոմս գնեք»:
Պատկերացրեք, որ այս ամենը տեղավորվում է 20 վայրկյանում և դուք կհասկանաք, որ պրոդյուսերներն իսկական պրոֆեսիոնալներ են:
Պարադոքս է, սակայն գրեթե բոլոր հաղթողները՝ տարբեր տարիքի, մասնագիտությունների ու սեռի, արտաքուստ աղքատ հագնված են և խոսում են տարբեր շրջանների բարբառներով: Եվ նրանք իսկապես շրջաններից են:
Առանց այդ մարդկանց վիրավորելու դիտավորության կարելի է ասել, որ նրանց դժվարությամբ կարելի է անվանել միջին խավի կամ մտավորականության ներկայացուցիչներ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մյուս խավերի ներկայացուցիչները կամ բոլորն էլ մեքենա ունեն, կամ էլ վիճակախաղի տոմս չեն գնում, ինչը չի համապատասխանում իրականությանը: Ըստ երևույթին նրանց ուղղակի հետապնդում է չար բախտը:
Հայաստանում բնակչության մեծ մասի կենսամակարդակը չքավորության սահմանից ցածր է, և այդուհանդերձ նրանց մեծ մասը պատրաստ է իր վերջին դրամը տալ ոչ թե հացին, այլ վիճակախաղի տոմսին:
Իրականությունն այն է, որ վիճակախաղերի կազմակերպիչների շահույթը գալիս է Հայաստանի բազմահազար չքավորների գրպաններից: Նրանք են վճարում յուրաքանչյուր մեքենայի գինը իրենց չշահած տոմսերով:
Ամեն անգամ, երբ դիտում եմ գովազդային հոլովակները և լսում եմ շահողների խոսքը, ես ուրախանում եմ նրանց համար և միաժամանակ ցավ եմ զգում, որ հայերը վերածվել են այնպիսի խեղկատակների, որ պատրաստ են կարդալու իրենց համար գրված ցանկացած տեքստ, որպեսզի ստանան այն մեքենան, որն իրենք ըստ էության արդեն շահել են:
Ինձ դա ցավալի է ոչ այն պատճառով, որ գովազդներն անճաշակ ու գռեհիկ են: Այս մինի ներկայացումների պրոդյուսերները բոլորովին չեն ակնկալում, որ մարդիկ պետք է սիրեն իրենց վիճակախաղերը: Նրանք միայն ուզում են, որ մարդիկ հավատան դրանց:
Պրոդյուսերներին բոլորովին չի մտահոգում, թե ինչ թշվառ տեսք ունի շահողը, և նրանք չեն էլ փորձում թաքցնել դա իրենց գովազդներում: Որովհետև որքան նվազ ներկայանալի լինի մարդու տեսքը, այնքան մարդիկ ավելի կհավատան նրան:
Եվ սա է, որ ամենից շատ է ինձ ցավ պատճառում: |