Գուրգեն Մարգարյանի հետ Բուդապեշտի դասընթացներին մասնակցող մյուս հայ սպան պատմել է այն գիշերվա մասին, որն ավարտվել է իր ընկերոջ մահով:
Կապիտան Հայկ Մակուչյանը վերադարձել է Երևան փետրվարի 26-ին այն նույն ինքնաթիռով, որով բերվել է Գուրգեն Մարգարյանի դին: Մակուչյանը 26-ամյա Մարգարյանի հետ Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի անգլերեն լեզվի դասընթացներին:
 |
Հայկ Մակուչյան |
«Հոգեբանորեն
այլևս չէի կարող մնալ այնտեղ, որովհետև ամեն ինչ հիշեցնում էր Գուրգենին: Լսարանում իրար կողքի էինք նստում, շատ բաներ էին մեզ կապում: Միշտ միասին էինք», ասում է Մակուչյանը:
«Թեյնիկն իմ սենյակում էր, գալիս էր ու միասին էինք հաց ուտում: Ինձ անընդհատ թվում էր, որ հիմա ներս է մտնելու», ասում է նա:
29-ամյա Մակուչյանը պատմում է, թե ինչպես է կացնահարվել Մարգարյանը և թե ինչպես է ինքը փրկվել իր լիտվացի սենյակակցի շնորհիվ: Սպանության մեղադրանքով կալանավորվել է ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը:
«Այն, ինչ հիմա պիտի պատմեմ, մի մասի ականատեսը ես եմ եղել, մնացածը ինձ պատմել են հարևան սենյակների տղաներն ու Գուրգենի սենյակակից հունգարացի սպան», ասում է Հայկը:
Մակուչյանն ասում է, որ մարդասպանության մեջ մեղադրվողը գիշերվա ժամը 5-ին մտել է Գուրգենենց սենյակ ու վառել լույսը: Բալաշը՝ Գուրգենի սենյակակիցը, որը պառկած է եղել դեմքով դեպի պատը, սկզբում կարծել է, թե Գուրգենն է վեր կացել: Սակայն կասկածելի հարվածների ձայներ լսելով` վեր է թռել ու տեսել սահմռկեցուցիչ տեսարանը:
«Արդեն կացնի հարվածները տեղացած են եղել: Բալաշը բղավել է. «Այս ի՞նչ ես անում»: Ի պատասխան լսել է. «Դու մնա տեղումդ, քեզ բան չի լինի», պատմում է Մակուչյանը:
Հունգարացին շտապել է պահակի մոտ ոստիկանություն կանչելու: Իսկ այդ ընթացքում ադրբեջանցի սպան փնտրել է Մակուչյանին:
Հայկի սենյակի դուռը փակ գտնելով` ադրբեջանցի սպան սկսել է բղավել. «Հա'յ, դուռը բա'ց արա, մենք ձեզ բոլորիդ մորթելու ենք»:
«Քնաթաթախ լսեցի, որ ինձ են կանչում: Վեր կացա, ուզում էի բացել դուռը, լիտվացի սենյակակիցս թույլ չտվեց՝ զգուշացնելով, որ ադրբեջանցին կարող է զինված լինել. ձայնի մեջ սպառնալիք էր նկատել», պատմում է Հայկը:
Լիտվացին բջջային հեռախոսով զանգահարել է իր լիտվացի ընկերոջը` խնդրելով ստուգել, արդյոք Սաֆարովը զինված է:
«Այդ ընթացքում ադրբեջանցին փնտրել է ինձ հարևան սերբի և ուկրաինացու սենյակում: Նա ցույց է տվել նրանց արյունոտ կացինն ու ասել է. «Ես երկրորդ հայի կյանքն եմ ուզում, ու՞ր է նա», ասում է Մակուչյանը:
Ապա Սաֆարովը կրկին վերադարձել է Մակուչյանի սենյակ և երեք անգամ արյունոտ կացնով հարվածել դռանը: Այդ պահին ժամանել է ոստիկանությունը:
«Երբ սենյակիցս դուրս եկա, տեսա արյունոտ կացնի հետքերը, միանգամից Գուրգենն անցավ մտքովս, հասկացա, որ նրան ինչ-որ բան է պատահել: Փորձեցի սենյակիցս դուրս վազել, բայց ինձ հետ հրեցին և ես հասկացա, որ Գուրգենն արդեն չկա», ասում է Մակուչյանը:
Միջանցքում նա տեսել է ձերբակալված Սաֆարովին, որը ոստիկանությանը դիմադրություն ցույց չի տվել և շատ հանգիստ է եղել:
«Այդքան սառնասիրտ միայն նախապես պատրաստված մարդասպանը կարող էր լինել, - ասում է Մակուչյանը: - Իմ տվյալներով Սաֆարովը Բուդապեշտի ոստիկանությանը հայտնել է, որ դեռ Բաքվում է որոշել հայ սպանել, որ իր վրեժը ոչ թե կոնկրետ անձի դեմ է, այլ հայ ժողովրդի, որ չի զղջում կատարածի համար և բանտից դուրս գալուց հետո նորից է հայ սպանելու»:
Հայկ Մակուչյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը: Մասնագիտությամբ միջազգայնագետ-պատմաբան է: 1996-98 թվականներին զորակոչվել է բանակ: Զինծառայությունն ավարտելուց հետո շարունակում է աշխատել պաշտպանության նախարարությունում:
Նա հերքում է այն խոսակցությունները, թե հայ սպաները վիրավորել են ադրբեջանցու ազգային արժանապատվությունը, և ասում է, որ իր ասածը հաստատում են նաև դասընթացների այլազգի ներկայացուցիչների ցուցմունքները:
Հայ սպաները ադրբեջանցիների հետ միասին ապրել են նույն հարկաբաժնում և ծանոթացել են նրանց Բուդապեշտում գտնվելու առաջին օրերին: Նրանց առոգանությունը լսելով` Մարգարյանը հարցրել է. «Ադրբեջանի՞ց եք»: Սաֆարովը պատասխանել է «այո» և սեղմել է Մարգարյանի ձեռքը՝ ասելով. «Մենք եղբայրներ ենք»:
«Սակայն դրանից հետո մեզ տեսնելիս չէին բարևում», ասում է Մակուչյանը:
Մակուչյանն ասում է, որ համալսարանում իրենց անվտանգությունն ապահովված չէր: Այստեղ բացի հայերից ու ադրբեջանցիներից եղել են նաև այլ հակամարտող երկրների ներկայացուցիչներ` սերբեր ու խորվաթներ:
«Նույն քարտով կարելի էր հինգ մարդ ներս բերել, և որևէ մեկը չէր հարցնի, թե ինչու ես դա անում: Ադրբեջանցին կացինը գնել է մոտակա խանութից և հանգիստ ներս բերել: Համալսարանի ղեկավարությունը նույնիսկ դեպքից հետո չգիտեր, թե կոնկրետ որ սենյակում է ապրել ադրբեջանցին», ասում է Մակուչյանը:
«Գուրգենը չէր սիրում դուռը կողպել: Քանի անգամ զգուշացրել եմ, ասում էր` չեմ վախենում: Նա ֆիզիկապես շատ ուժեղ էր: Գուրգենին միայն այդպես՝ քնած ժամանակ, կարող էին սպանել:
«Ես ծառայել եմ սահմանային զորամասում և դուռը փակելու սովորությունն այդտեղից է գալիս: Եթե Գուրգենը դուռը փակած լիներ, գուցեև այս ողբերգությունը չլիներ», ասում է Մակուչյանը:
Չորեքշաբթի օրը Հունգարիայի հայկական համայնքի առաջնորդ Ադամ Սարգսյանի տարածած տեղեկությունները հաստատում են Մակուչյանի պատմության իսկությունը: Սարգսյանը հայտնել է, որ գործի քննությունը մոտենում է ավարտին և այս ամիս այն հանձնվելու է դատարան:
Ըստ տարբեր ազգությունների 6 վկաների ցուցմունքների դա եղել է նախապես ծրագրված սպանություն:
«Սաֆարովն ինքն էլ է խոստովանել, որ վրեժ է լուծել 1993 թ. փետրվարի 26-ին ղարաբաղյան պատերազմում զոհված իր հայրենակիցների համար, - ասում է հունգարահայ համայնքի ղեկավարը: - Սաֆարովը նախապես ցանկացել է իրականացնել իր մտահղացումը փետրվարի 26-ին, բայց մեկ շաբաթ առաջ՝ փետրվարի 19-ին է դա արել, քանի որ, ըստ իր ցուցմունքի, Գուրգեն Մարգարյանն այդ օրն իրեն կասկածելի ձևով է ժպտացել»:
Բաքվի «Թուրան» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գերազանց բնութագիր է տվել Սաֆարովին: Նա ութ տարի սովորել է Թուրքիայի ռազմական ուսումնարաններում և ծառայել է հայ-ադրբեջանական սահմանում տեղակայված զորամասում որպես հրամանատար:
Անցյալ շաբաթ Երևանի օդանավակայանում հազարավոր հայեր էին հավաքվել դիմավորելու Գուրգեն Մարգարյանի դին: Հավաքվածները պարզել էին «Ո'չ գազանությանն ու ցեղասպանությանը», «Պահանջում ենք արդար պատիժ ադրբեջանցի մարդասպանին» պաստառները:
Նույն օրը բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել ԼՂՀ արտգործնախարարության շենքի դիմաց: Հավաքվածները դատապարտել են անմարդկային սպանությունը և բողոքի բաց նամակ են հղել ԵԱՀԿ Մինսկի խմբին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին և ՆԱՏՕ-ին:
|