|
Իսկանդարյանն ասում է, որ սպանությունը լարվածություն է առաջ բերել երկու երկրների միջև
|
Վերլուծաբանների և դիվանագետների կարծիքով թեև հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունն ադրբեջանցի զինվորականի կողմից լարվածություն է առաջ բերել երկու երկրների միջև, սակայն քիչ հավանական է, որ այն կհանգեցնի զինադադարի խախտմանը:
Բուդապեշտում ընթացող ՆԱՏՕ-ի դասընթացներում կատարված սպանության վայրագ բնույթը ցնցեց հասարակայնությանը: Մինչ Հայաստանի իշխանությունները կոչ են անում եվրոպական կառույցներին դատապարտելու հանցագործությունը, Ադրբեջանում ծավալվում է լայնամասշտաբ քարոզարշավ հօգուտ սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի ավագ
լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի պաշտպանության:
Որոշ հասարակական գործիչներ կոչ են արել հետևել Սաֆարովի օրինակին և սպանել հայերին:
Անցյալ շաբաթ Երևանում կայացած Մարգարյանի հուղարկավորությունը համընկավ 1988 թվականի Սումգայիթի հայկական ջարդերի 16-րդ տարեդարձը նշող պաշտոնական արարողությանը:
Հազարավոր մարդիկ էին հավաքվել հիշատակի տուրք մատուցելու Սումգայիթի զոհերին և սպանված սպային: Ոմանք պաստառներ էին կրում «Նույն կացինը, որ սպանեց հայ սպային, հազարավոր հայերի սպանեց Սումգայիթում» մակագրությամբ:
Նախագահ Քոչարյանը հայտարարեց, որ Ադրբեջանի ռազմատենչ ելույթները չեն նշանակում, որ վերսկսվելու են պատերազմական գործողությունները, սակայն առկա է դրանց վերսկսման տեսական հնարավորությունը, քանի որ շարունակվում է երկրների հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ:
Հասարակության մտահոգությունը ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման առիթով մեծացավ այն բանից հետո, երբ մի քանի երևանյան լրագրեր տպագրեցին տեղեկություններ, իբր Հայաստանի զինվորական ղեկավարությունը ձեռնարկել է պահեստայինների լայնամասշտաբ զորակոչ և իբր մինչև 45 տարեկան հայ տղամարդկանց թույլ չեն տալիս մեկնել Հայաստանից:
Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հերքեց այդ լուրերը: «Դա չի համապատասխանում իրականությանը, իսկ եթե համապատասխաներ, ինչու՞ պիտի գաղտնի պահեինք», ասաց նա:
Նա հայտնեց, որ պահեստայինների զորակոչը զորամասեր կանոնավոր բնույթ է կրում, քանի որ ամեն գարուն կատարվում է զինակետերի և դիրքերի ամրացում:
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի խորհրդական Մանվել Սարգսյանը նշեց. «Բուդապեշտում կատարվածի նման միջադեպերը կարող են կամ ապակայունացնել իրավիճակը, կամ էլ հակամարտող կողմերին դրդել կառուցողական երկխոսության»:
Նա ասում է, որ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ ադրբեջանցի սպայի գործողություններն արդարացնելու փորձերը կխոչընդոտեն խաղաղարար գործընթացին, մինչդեռ հանցագործության արժանի դատապարտումը կարող է նվազեցնել լարվածությունը:
«Եղել են նախադեպեր, երբ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները միջամտել են պատանդների փոխանակման երկարաձգված գործընթացին, և նրանց աջակցությունը նպաստել է մարդկանց ավելի վաղ վերադարձին իրենց երկրները», ասում է Սարգսյանը:
Սակայն Ղարաբաղի հարցի սիստեմատիկ քաղաքական շահարկումներն Ադրբեջանում հանգեցրել են հայերի նկատմամբ ծայրահեղ թշնամական հասարակական կարծիքի ձևավորմանը:
|
Հայաստանի պաշտպանության նախարարը հավաստիացնում է, որ իրավիճակը սահմաններում կայուն է
|
«Այսօր Ադրբեջանի քաղաքական վերնախավը դարձել է վերջին տասնամյակում հայերի նկատմամբ ատելություն և վրեժխնդրություն սերմանելու սեփական քաղաքականության պատանդը», ասում է Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի հետազոտական խմբի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Դա ցույց է տալիս, որ Ադրբեջանն անկարող է հակամարտության կարգավորմանն ուղղված կառուցողական որոշումներ ընդունել, քանի դեռ չի փոխել իր քաղաքականությունը: Կարգավորմանն ուղղված ցանկացած որոշում Ադրբեջանում կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի», նշում է Իսկանդարյանը:
Հայաստանի ազգային և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը հույս է հայտնում, որ միջազգային հանրությունը գնահատական կտա այն հանգամանքին, որ Ադրբեջանը չի ցանկանում բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ նույնիսկ ՆԱՏՕ-ի նման կազմակերպությունների շրջանակներում:
«Անցյալ տարի Ադրբեջանի իշխանությունները թույլ չտվեցին հայ սպաներին ժամանել Բաքու ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք» հանդիպմանը մասնակցելու համար», ասում է Սաֆարյանը:
«Դեռ ավելին, հայ սպայի սպանությունը Բուդապեշտում, անկախ նրանից, դա ծրագրված է եղել ադրբեջանական իշխանությունների կողմից, թե իրականացվել է ադրբեջանցի սպայի անձնական նախաձեռնությամբ, ցույց է տալիս, որ Ադրբեջանը խաղում է իր սեփական կանոններով և այսօր նախընտրում է ագրեսորի դերը՝ կառուցողական համագործակցության փոխարեն»:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ անհավանական է համարում պատերազմի վերսկսումը, և որ Վաշինգտոնը կանի ամեն ինչ այն կանխելու համար:
«Զինադադարի խախտումը չի բխում ոչ մեկի շահերից, և ես վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վճռականորեն են տրամադրված շարունակելու խաղաղության բանակցությունները և գտնելու կայուն և արդար կարգավորում», ասաց Օրդուեյը:
Բուշի վարչակարգի առաջարկած 2005 թվականի ֆինանսական տարվա բյուջեում, որը հրապարակվել է անցյալ ամիս, նախատեսվում է Ադրբեջանին ցույց տալ 8 մլն դոլարի ռազմական օգնություն, իսկ Հայաստանին՝ ընդամենը 2 մլն:
Դեսպանը բացատրեց այս անհամամասնությունը ահաբեկչության և թմրադեղերի դեմ պայքարը խթանելու անհրաժեշտությամբ: «Այն չի խախտի ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում», վստահեցրեց դեսպանը:
|