Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակեց նորանկախ Հայաստանի առաջին մարդահամարի արդյունքները:
Նշվում է, որ 2001 թվականի հոկտեմբերին մարդահամարն անցկացնելու պահին Հայաստանում ապրում էր 3213011 մարդ: Նրանցի շուրջ 68000-ն են ոչ հայ՝ 40620 եզդիներ, 14660 ռուսներ, 3409 ասորիներ, 1633 ուկրանիացիներ, 1519 քրդեր, 1176 հույներ և այլ ազգերի 4640 ներկայացուցիչներ:
Վերջին մարդահամարն անցկացվել է Խորհրդային Հայաստանում 1989 թվականի հունվարին: Սակայն դրա արդյունքերի վրա անդրադարձել էին երկրի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժը և բնակչության տեղաշարժը ղարաբաղյան հակամարտության հետևանքով:
«Այն ժամանակ Հայաստանի կառավարությունը և վիճակագիրները դեմ էին մարդահամարի անցկացմանը տնտեսական և քաղաքական պայմանների պատճառով: Այդ արդյունքները օբյեկտիվորեն շուտ կորցրեցին իրենց արդիականությունը: Բնակչության ընթացիկ հաշվառման համար դրանք չէին կարող հիմք հանդիսանալ», ասում է ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
1989 թվականի մարդահամարի տվյալներով Հայաստանի բնակչությունը կազմում էր 3287677 մարդ: Համարվում է, որ իրական թիվն ավելի մեծ էր:
Համեմատելով ստացված տվյալները 1989 թվականի մարդահամարի թերի տվյալների հետ՝ ստացվում է, որ վերջին տասնամյակում երկիրը լքել է 250 հազարից պակաս մարդ: Հայաստանում շատերն այն կարծիքին են, որ երկրից մեկնածների իրական թիվն ավելի մեծ է:
1999 թվականին Ազգային ժողովի ընդունած «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է, որ մարդահամար պետք է անցկացվի 10 տարին մեկ: Սակայն կառավարությունը համապատասխան միջոցներ չուներ մարդահամար անցկացնելու համար:
Կույումջյանն ասում է, որ բնակչության թվի մասին ճշգրիտ տվյալների ունենալու քաղաքական և տնտեսական կարևորությունից ելնելով՝ «բյուջետային սղությունները մի կողմ դրվեցին, և կառավարությունը սկսեց այլընտրանքային աղբյուրներ որոնել մարդահամարի անցկացման համար»:
2001 թվականի մարտին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ՀՀ կառավարության և մարդահամարին օժանդակող դոնոր երկրների և միջազգային կազմակերպությունների միջև: Մարդահամարի անցկացմանը տրամադրվեց շուրջ 1,1 մլրդ դրամ (մոտ 2 մլն դոլար) գումար, որի 80 տոկոսը տրամադրեցին Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը, Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարությունը:
|
Կույումջյանը հավաստում է, որ ճշգրիտ մարդահամարը կարևոր քաղաքական ― տնտեսական նշանակություն ունի երկրի համար. |
Ինչպես նշում է Կույումջյանը,
ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը լրացուցիչ տրամադրեց ևս 1 մլն դոլարին համարժեք օգնություն տեխնիկական և խորհրդատվական ծառայությունների, համակարգչային տեխնիկայի տեսքով: Հանրապետությունում մարդահամարի անցկացմանը մասնակցեց մոտ 15 հազար մարդ:
Մարդահամարի տեղեկագիրքը հրատարկվել է 3000 օրինակով հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:
Ըստ տեղեկագրքի հանրապետության բնակչության ավելի քան 1/3-ը, իսկ քաղաքային բնակչության 53,4 %-ը, կենտրոնացված է Երևանում, որի բնակչությունը 1103000 է: Մարդահամարի անցկացման պահին առկա բնակչության թվաքանակը կազմել է 1091000 մարդ: Մյուսները բացակա են եղել, բայց համարվել են Երևանի բնակիչ: Երևանում բնակչության խտությունը 1 քառակուսի կիլոմետրի վրա կազմել է 4861 մարդ:
Մարդահամարի արդյունքներով Հայաստանում բնակվում է 1542000 տղամարդ և 1671000 կին: Հանրապետության 15 և բարձր տարիքի 1000 բնակչից 621-ն ամուսնացած են, 264-ը երբեք ամուսնացած չեն եղել, 85-ն այրի են, իսկ 30-ը՝ ամուսնալուծված:
Հանրապետության բնակչության կրթական մակարդակը բնութագրվել է հետևյալ կերպ. 15 և բարձր տարիքի 1000 բնակչից 170-ն ունի բարձրագույն կրթություն, 618-ը՝ միջնակարգ, 192-ը՝ ընդհանուր տարրական կրթություն:
Ընդամենը 41600 մարդ չունի անգամ տարրական կրթություն: Նրանց մեկ երրորդը, հիմնականում 50-ն անց տարիքի մարդիկ, տառաճանաչ չեն: |